Վերքերը չեն սպիանում

Մարգարիտա ԿրտիկաշյանԵրևան, 28 ապրիլ 2025

1915 թվականից մինչ այսօր՝ 110 տարի անց, հայությունը շարունակում է կրել ցեղասպան քաղաքականության հետևանքները։ Հայոց ցեղասպանությունը չի ավարտվել, այն միայն ձևափոխվել է՝ շարունակվելով այլ գործիքներով, նոր տարածքներում և նոր ռազմավարությամբ։ Հայ ժողովրդի պատմության մեջ տեղի ունեցող ողբերգական դրվագները, որոնք հաճախ մեկնաբանվում են իբրև առանձին փաստեր, իրականում ուղղված են միևնույն, շարունակվող նպատակին՝ հայերի բնաջնջում և հայկական ներկայության ջնջում հայոց հայրենիքից։

2023 թվականին Արցախի ամբողջական հայաթափումը, ավելի քան 120․000 մարդու հարկադիր տեղահանումը, հոգեբանական և նյութական ահասարսուռ ճնշումները՝ 9 ամսյա շրջափակումով, բժշկական ու պարենային մարդկային աղետով, ընդամենը այդ ցեղասպան շարունակական քաղաքականության նոր դրվագներն էին։ 1915-ին Օսմանյան պետությունը արդարացրեց հայերի տեղահանումը ռազմական իրավիճակի անհրաժեշտությամբ։ Այսօր Ադրբեջանն ու Թուրքիան հայերին դուրս են մղում իրենց բնիկ հողերից՝ ահաբեկչության դեմ պայքարի շինծու նշանաբանով։

Այս ամենի զուգահեռ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «խաղաղության» օրակարգը հանգեցնում է ազգային հիշողության մոռացման, պատմական արդարության ժխտման և անվտանգության փաստացի թուլացման։ Երբ խաղաղություն է առաջարկվում մի կողմի, որը դարերով ձգտել ու այսօր էլ ձգտում է հայ ազգի վերացմանը, այդպիսի խաղաղությունը հնարավոր չէ անվանել արդար կամ արժանապատիվ։ Դա հստակ անձնատվություն է՝ քողարկված դիվանագիտական եզրերով։

Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն պատմական արդարության հարց չէ։ Դա Հայաստանի անվտանգային համակարգի հիմնասյուներից է։ Իր պատմության չսպիացած վերքերը գիտակցող ազգը միայն՝ կարող է պաշտպանվել նոր սպառնալիքներից։ Բայց երբ այդ գիտակցությունը լուսանցք է մղվում քաղաքական «նոր տեսլականի» անվան տակ, դա ոչ թե առաջընթաց է, այլ` բաց դուռ նոր ցեղասպանության։

Թուրքիայի ու Ադրբեջանի հռետորաբանությունն այս առումով շատ հստակ է։ Ալիևը պարբերաբար հայտարարում է, թե Սյունիքից մինչև Երևանը ներառյալ «Արևմտյան Ադրբեջան» է։ Էրդողանը շարունակում է գովերգել Էնվեր փաշայի նմանների «ձեռքբերումները»։ Իսկ երկուսի պաշտոնական կարգախոսը՝ «Մեկ ազգ, երկու պետություն», ոչ թե եղբայրության նշան է, այլ ռազմաքաղաքական միասնություն՝ ընդդեմ Հայաստանի և հայության։

Միջազգային կառույցները տարիներ շարունակ անտեսում են Ցեղասպանության իրավական, պատմական ու մշակութային շարունակականության բոլոր փաստերը։ Իսկ երբ ՀՀ-ի իշխանությունը հրաժարվում է ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից, իսկ դեսպանատները հրահանգ են ստանում միջոցառումներում Թուրքիային չհիշատակել, սա այլ բան չէ, քան թուրք-ադրբեջանական քարոզչության ներթափանցում պետական մակարդակ։

2025-ին չես կարող խոսել ազգային արժանապատվությունից, եթե համակերպվում ես այն մտքի հետ, որ 1915-ը պատմություն էր ու այսօր այլ ժամանակներ են։ Այսօր 1915-ի շարունակությունն է։ Այսօր հետապնդվում է նույն նպատակը՝ տարբեր մեթոդներով։ Եվ եթե այդ նպատակին դիմակայելու փոխարեն՝ այն հարմարեցվում է քո արտաքին քաղաքական օրակարգին, դու պարզապես վերացնում ես սեփական ազգի դիմադրողականությունը։

Հայաստանի ապագան չի կարող կառուցվել մոռացության հիմքի վրա։ Ընդհակառակը, նա պետք է հիմնված լինի հիշողության, հստակ պահանջների, արդարության վերականգնման և ազգային պաշտպանված ինքնության վրա։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խաղաղություն։

Վերքերը չեն սպիանում։ Եվ մենք պարտավոր ենք հիշել ոչ թե վրեժով, այլ՝ ապրելու, գոյատևելու և աղետներ այլևս երբեք թույլ չտալու գիտակցությամբ։

«Ցեղասպանություն» եզրը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, Ռաֆայել Լեմկինը: Նրա ընտանիքը Ողջակիզման զոհերից էր։ Այս եզրով նա ցանկանում էր սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաեւ 1915թ. Օսմանյան պետությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:

1948թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» համաձայնագիրը (կոնվենցիան), ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են դա կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

2020 թվականին, Թուրքիայի ռազմական անմիջական մասնակցությամբ, Ադրբեջանը սկսեց լայնածավալ պատերազմ Արցախի դեմ։ Թուրքիայի մատակարարած Բայրաքտար TB2 անօդաչու սարքերը և Սիրիայից ներգրավված վարձկանները կարևոր դեր ունեցան այդ հարձակման մեջ։

Սակայն առավել ցայտուն էր 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական հարվածը։ Արցախից տեղահանվեց 120.000 հոգի։ Դրան նախորդել էր 9-ամսյա շրջափակում-մարդասիրական աղետը։ Սրանք էթնիկ զտման ժամանակակից ձևեր են, որոնց վերջնանպատակը նույնն է՝ հայերի հեռացումը նրանց հայրենի տարածքներից։

1915-ից Թուրքիայում ոչնչացվեցին հազարավոր հայկական եկեղեցիներ, վանքեր ու մշակութային կոթողներ։ 2008-ի աշնանը Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արք. Աթեշյանը ամերիկացի դիվանագետների հետ զրույցում նշել էր. «1910-ին այսօրվա Թուրքիայի տարածքում հայկական 2200 գործող եկեղեցի կար: Այժմ մնացել է 45-ը»:

Նույն քաղաքականությունն է կիրառվել նաև Ադրբեջանում։ 1970-ական թվականներին Ջուղայի գերեզմանատանը դեռևս մնացել էին մոտ 3000 խաչքար և 1000 տապանաքար։ 2005-ին ադրբեջանական իշխանությունները գետնին հավասարեցրին գերեզմանատունը։ Նման գործողություններ գրանցվեցին նաև Արցախում՝ Գանձասարի ու Շուշիի Ս․ Ամենափրկիչ եկեղեցիների դեմ հարձակումների, արձանագրությունների վերացման ու մշակութային տեղագրության խեղման տեսքով։ 2023 թ․ «Կովկասյան ժառանգության դիտորդ» (Caucasus Heritage Watch) կազմակերպության զեկույցում փաստագրվեցին հայկական հուշարձանների միտումնավոր ձևափոխման ու ոչնչացման դեպքեր, ինչը հաստատում է մշակութային ցեղասպանության շարունակական բնույթը։

Թուրքիայի և Ադրբեջանի առաջնորդների՝ «Մեկ ազգ, երկու պետություն» նշանաբանով վկայակոչվող ռազմավարական միասնությունը հիմնված է հակահայ գաղափարախոսության վրա։ Նրանք Արցախից հայերի հեռացումը չեն դիտարկում որպես վերջնակետ, այլ նախապատրաստում հաջորդ փուլին՝ ուղղված ՀՀ-ի ինքնիշխան տարածքների դեմ։

Միջազգային դատարանների և կազմակերպությունների արձագանգը եղել է ոչ միայն անբավարար, այլև ժամանակավրեպ։ Թեև ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հայերի իրավունքների խախտման կապակցությամբ զգուշացումներ է արել Ադրբեջանին, սակայն դրանք որևէ գործնական հետևանք չեն ունեցել։

Այս տարվա ապրիլի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ուղերձը եղավ ամենանվաստ և ամենախայտառակ ելույթներից մեկը։ Ուղերձում գործածվել էր «Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած» ձևակերպումը՝ շրջանցելով ցեղասպանության համար պատասխանատվությունը։ «Ցեղասպանություն» բառը նշված էր միայն մեկ անգամ. նախընտրվել էր «Մեծ եղեռն» պատմական անունը՝ որպես փափուկ ձևակերպում։

ՀՀ իշխանությունները բացահայտ հրաժարվել են ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարից, իսկ Թուրքիային այլևս չեն դիտարկում որպես մեղավոր։ Սա ոչ միայն դիվանագիտական վտանգավոր թուլություն է, այլև պատմական արդարության դավաճանում։

Այս պարտվողական քաղաքականության դեմ պայքարը պահանջում է ազգային միաբանություն, գաղափարական հստակություն և պատմական գիտակցություն։ Ցեղասպանությունը փաստ է, ոչ թե բանակցության թեմա։ Այն, ինչ տեղի ունեցավ ու շարունակում է տեղի ունենալ Արցախում՝ բռնի տեղահանություն, մշակութային ժառանգության ոչնչացում, սրբավայրերի պղծում, շուրջ 130 տարի առաջ սկսված ցեղասպանական քաղաքականության նոր դրսևորումն է։

Այս ամենը հնարավոր է կանգնեցնել միայն միջազգային ճնշմամբ, համազգային համախմբմամբ և պատմության նկատմամբ անկոտրում հավատարմությամբ։ Մոռանալը նշանակում է դադարել լինել թե՛ ազգ, թե՛ պետություն։

*****

Մարգարիտա Կրտիկաշյանը Երևանի Պետական Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի թուրքագետ ասպիրանտ է։ Նրա գիտական ուսումնասիրությունների շրջանակը ներառում է մշակութային քաղաքականությունը, երաժշտության դերը դիվանագիտության և քաղաքականության մեջ, թուրք-հայկական հարաբերությունները, Թուրքիայում ապրող հայերի խնդիրները և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունը։  Նա հետաքրքրված է նաև կրոնով, մշակույթով և երաժշտությամբ։ Էլ. փոստ` [email protected]

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like