Ընթերցողի ուշադրությանն ենք հանձնում նոր սերնդի ներակայացուցչի տեակետն ու կարծիքը գործառնությունների (բիզնես) և նոր ձեռնարկումների մեջ հաջողության հասնելու համար։ Երիտասարդի պատասխանները մեզ ոգևորում և հույս են ներշնչում, որ ահավասիկ մեր հայրենիքում հասակ է առնում մի նոր սերունդ, որին կարել է և պետք է վստահել ու սատար կենալ։ (Խմբ.)
ՀԱՐՑՈՒՄ.-ՊԱՏՄԵՔ ՄԻ ՓՈՔՐ ՁԵՐ ՄԱՍԻՆ։ ԻՆՉՈՒ՞ ՈՐՈՇԵՑԻՔ ՍԿՍԵԼ ՁԵՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹԻՒՆԸ, Ո՞ՐՆ ԷՐ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆ-ՈԼՈՐՏ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՁԵՐ ՇԱՐԺԱՌԻԹԸ։
ՊԱՏԱՍԽԱՆ.- Ես Լևոնն եմ, 27 տարեկան, մասնագիտությամբ տնտեսագետ եմ ու MYbookstore հարթակի հիմնադիրը։
Գործառնությամբ զբաղվելը կանխամտածված չի եղել։ Մագիստրատուրայի (BA) առաջին լսարանում փորձում էի աշխատանք գտնել մասնագիտական ոլորտում, բայց մերժում էին, ասելով, որ փորձ չունեմ, չեմ տիրապետում անգլերենին և այլն։ Մի օր որոշեցի. իսկ ինչու՞ չզբաղվել սեփական գործառնությամբ։ Այսպես էլ հիմնվեց MYbookstore-ը։
Հ.- Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՋՈՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ։
Պ.- Նախ առհասարակ հաջողելու համար, լինի Հայաստանում, թե Հայաստանից դուրս, համակարգ է պետք` բաղկացած թիմից, գաղափարից, կամքից, չհանձնվելու ունակությունից, գաղափարակից ընկերներից, ճիշտ միջավայրից, ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելու կարողությունից և այլն։ Հենց այս ամբողջ համակարգն է, որ օգնում է հաջողել, իսկ դրանցից անգամ մեկ-երկուսի բացակայությունը բերելու է մասնակի հաջողության։
Հ. ԻՆՉՊԵ՞Ս ԿԳՆԱՀԱՏԵՔ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։
Պ.- Բնականաբար Հայաստանում գործառնության ոլորտում հաջողելը մի փոքր ավելի բարդ է, քան շատ այլ երկրներում։ Եթե հաշվի առնենք երկրի քաղաքական, տնտեսական, ռազմական իրավիճակը, բնակչության փոքրաթիվ լինելը, ապա դու գործառնություն ես անում 2-ից 3 միլիոն մարդու համար, այնինչ այլ երկրներում գործարարները մի քանի հարյուր միլիոնանոց շուկաներ ունեն։ Հայաստանյան գործառնության ոլորտի ամենամեծ խնդիրներից մեկը հենց սա է` շուկայի փոքրությունը, բայց բացի այդ՝ կան հարկային և օրենսդրական որոշ բացեր ևս, որոնք գործառնությունը երբեմն դեպի փակուղի են տանում։
Հ. ԸՍՏ ՁԵԶ, ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՃՅՈՒՂԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ։
Պ.- Կարծում եմ` չկա որևէ ճյուղ, որը կարելի է առանձնացնել։ Եթե դու գիտես, թե ինչով ես զբաղվելու, գիտես, թե ովքեր են քո հաճախորդները, ապա բոլոր ճյուղերն էլ ունեն հնարավորություն զարգանալու, բացի այդ, դու կարող ես Հայաստանում ապրելով զբաղվել գործառնությամբ, որի հաճախորդները կլինեն ամբողջ աշխարհից։ Այս դեպքում ավելի հեռանկարային է գործառնությունը։
Հ.- ԵԹԵ ՈՉ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ, ԱՊԱ ՈՐՏԵ՞Ղ ԵՔ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ՁԵԶ։
Պ.- Անկեղծ ասած այս պահին չեմ կարող ասել, թե որտեղ կպատկերացնեի, բայց ամեն դեպքում 9-ից 6-ը կամ 10-ից 7-ը աշխատանքային կանոնակարգով աշխատելիս չեմ պատկերացրել ինձ, որովհետև բնավորությամբ այնպիսի մարդ եմ, ով անընդհատ պետք է շարժման մեջ լինի։ Եթե հիմա չզբաղվեի գործառնությամբ, ապա հետագայում էի անելու դա, որովհետև դա իմ տարերքն է, այն, ինչով ես ապրում եմ։ Գործառնությունը չունի կայունություն, այստեղ դու անընդհատ մարտահրավերների մեջ ես, որը քեզ ավելի շատ է հաճույք ու բավականություն պատճառում, քան կայուն կյանքը։
Հ. ՀԱՐԳԵԼԻ ԼԵՎՈՆ, ԲԱՎԱԿԱՆԻՆ ՄԵԾ ԹԻՄ ՈՒՆԵՔ. Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ՄԵԾ ԹԻՄԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ։
Պ.- Թիմի հետ աշխատելու իմ մոտեցումներից մեկն այն է, որ երբ որևէ անդամ ունենում է նոր գաղափար, այն քննարկում ենք ամբողջ թիմի հետ, լինի վարչարար (manager), SMM-շիկ, գրախանութի աշխատակից, թե այլ անդամ։ Մենք ամեն ինչ անում ենք թիմային։
Ես սկսել եմ մենակ, այժմ ունեմ մեծ թիմ և կարող եմ ասել, որ մեծ խմբի հետ աշխատելն ավելի արդյունավետ է, քան փոքր թիմով լինելը, սակայն մեծ թիմն էլ ունի իր մարտահրավերները. պետք է այնպես անել, որ թիմում ստեղծվի ընտանեկան մթնոլորտ, որ թիմակիցները միմյանց ընտանիքի անդամի պես վերաբերեն։ Այստեղ ամենակարևորն այն է, որ կենտրոնում լինի մեկ միասնական գաղափար, որի շուրջ կհամախմբես մարդկանց։
Հ. ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԻՆՉ-ՈՐ ՆՈՐ ԲԱՆ ՍԿՍԵԼՈՒ ՎԱԽՆ ՈՒ ԱՆԵԼ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ։
Պ.- Ռիսկի կարելի է դիմել, եթե այն խելամտության սահմաններում է։ 6+ տարի գործ զբաղվելու ընթացքում ռիսկի դիմելիս ես հասկացել եմ, որ տարբեր իրավիճակներում ռիսկի դիմելով շատ բան եմ ձեռք բերել, անգամ կորուստները (դրամական եվ այլն), ինձ մեծ փորձ են տվել, ուստի այն մարդկանց, ովքեր ինչ-որ բան են ուզում սկսել, խորհուրդ կտամ սկսել հիմա, քանի որ հետո կարող է ուշ լինել։ Նոր բան անելու ճիշտ ժամանակն այն է, երբ ունես գաղափար և ցանկություն, իսկ վախերը կվերանան ընթացքում։
Հ.- ՆՇԵՔ 3 ՍԽԱԼ, ՈՐ ԱՐԵԼ ԵՔ ՁԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՎ ՈՐՈՆՔ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԵՔ ՏԱ ԱՆԵԼ։
Պ.-Ամենամեծ սխալը, որ գործել եմ ու հետո հասկացել, այն է, որ շատ փոքր եմ մտածել, մտածել եմ միայն Հայաստանի սահմանների ներսում, երազել եմ փոքր, ուստի խորհուրդ եմ տալիս երազել մեծ, սահմանել մեծ նպատակներ, անգամ այնպիսիք, որոնք, թվալու են, թե անիրականանալի են, որովհետև տիեզերքը նպաստելու է մեր երազանքների իրականացմանը։
Երկրորդ սխալն այն է, որ նոր նախագծեր երբեմն սկսել եմ շրջապատի կարծիքին հետևելով։
Երրորդ սխալը ժամանակի անիմաստ վատնումն է։ ժամանակը մեր ունեցած ամենաթանկ աղբյուրն է, այն պետք է ճիշտ գնահատել։
Հ.- ՄԱՐԴ ԿԱՄ ՄԻՏՔ, ՈՐԸ ՁԵԶ ՈԳԵՇՆՉՈՒՄ Է ԵՎ ՏԱՆՈՒՄ ԱՌԱՋ ։
Պ.– Մարդիկ, ովքեր տարիների ընթացքում սկսել են հավատալ մեր գաղափարին ու մեր թիմին, այն բանի գիտակցումը, որ չունես չհաջողելու տարբերակ, որովհետև շատ մարդիկ քեզանից են ոգևորվել, շատերն են քեզ վրա հույս դրել, քեզանից մեծ սպասումներ ունեն։ Հենց այդ միտքն ու մարդիկ են ինձ առաջ մղում։
Հ.- ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԵՔ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ 10 ՏԱՐԻ ԱՆՑ։
Պ.- Ավելի բարեկեցիկ, ավելի կայուն ու հզոր։
Հ. ՀԱՐԳԵԼԻ ԼԵՎՈՆ, ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼՈՒՆ ԶՈՒԳԱՀԵՌ ԴՈՒՔ ՈՒ ՁԵՐ ԹԻՄԸ ԱՆՈՒՄ ԵՔ ՁԵԶՆԻՑ ԿԱԽՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐԸ։ ԸՍՏ ՁԵԶ, ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՅՆ ՔԱՅԼԵՐԸ, ՈՐՈՆՔ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ՁԵՐ ՆՇԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ։ Ո՞ՐՆ է ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ։
Պ.- Դեպի հզոր Հայաստան ճանապարհին յուրաքանչյուր մարդ պետք է լինի իր տեղում, առավելագույն նվիրվածությամբ զբաղվի իր գործով և առավելագոյն չափով ինքնակրթվի։ Պիտի լավ կրթություն ունենանք, հաղթահարենք հանրային ալարկոտությունը, չսպասենք «խոշոր շահումների»` ինչ-որ նոր բան սկսելու համար։ «Խոշոր շահումը» կյանքն է, այն, որ մենք ապրում ենք, կանք, ունենք հնարավորություն ինչ-որ բան ստեղծելու։ Լավ Հայաստան ունենալու մյուս կարևոր կետն էլ համախմբված լինելն է, մեկս մյուսի հաջողություններով ուրախանալը, միմյանց ցավը կիսելը։ Ընդհանրացնելով կարող եմ ասել, որ ամեն ինչ գալիս է մեզնից, մեր ներսից, պետք է ինքներս մեզ փոխենք, ընդունենք մեր սխալները, ուղղենք դրանք, հաճախ շնորհակալություն հայտնենք ու ներողություն խնդրենք, եթե կա անհրաժեշտությունը։
Հ. ԱՄԲՈՂՋԱՑՐԵՔ, ԽՆԴՐԵՄ, ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։
Պ.– Լավ գործարարը… չի վախենում սխալվելուց և համարձակ է։
Ուժեղ պետության հիմքը… ուժեղ ընտանիքը, ուժեղ հանրությունը և ուժեղ ժողովուրդն են։
Ես Հայաստանում հաջողեցի, որովհետև… երբեք չմտածեցի, թե Հայաստանում հնարավոր չէ հաջողել։
Հայաստանը ինձ համար… ամենամեծ մարտահրավերն է, այստեղ, ի տարբերություն խաղաղ երկրների, շատ խնդիրներ կան, սակայն հենց այս մարտահրավերներն ու խնդիրներն են, որ մեզ ավելի արկածախնդիր և նպատակասլաց են դարձնում։
Երեք հմտություն, որ օդ ու ջրի պես անհրաժհեշտ են 21֊-րդ դարում։ Ամենակարևոր կետերը, որոնք կառանձնացնեմ, հետևյալներն են.
- networking և հաղորդակցման հմտություններ,
- փնտրելու և գտնելու ունակություն,
- ինքնակրթվելու, ուսումնասիրելու, անընդհատ նորը սովորելու կարողություն։
Հ. Ո՞ՐՆ Է MYbookstore-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ։
Պ.- MYbookstore-ի առաքելությունն ի սկզբանե եղել է հասարակությանը գրքին ավելի մոտ դարձնելը, առհասարակ գիրքն ավելի հասանելի դարձնելը հասարակության համար, գիրքն առաքելը այնտեղ, որտեղ ձեռք բերելու հնարավորություն չկա, սակայն տարիների ընթացքում ընթերցասերների պահանջներին համընթաց մեծացավ MYbookstore-ի առաքելությունը, հիմա տարբեր նախագծեր, տարբեր միջոցառումներ ենք իրականացնում, որոնք մարդկանց ավելի են մոտեցնում գրքին, խթանում են ընթերցանության տարածումը։ Այժմ մեր առաքելությունն է դարձել այն բանի ցուցադրումը, որ Հայաստանում հնարավոր է հաջողել նաև մշակութային ոլորտում։
Հ. ԱՐՏԵՐԿԻՐ ԳՐՔԵՐ ԱՌԱՔՈՒ՞Մ ԵՔ, ԿԱՐՈ՞Ղ Է ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԸ MYbookstore-ԻՑ ԳԻՐՔ ՊԱՏՎԻՐԵԼ։
Պ.- Մենք առաքումներ իրականացնում ենք մինչև տիեզերք (ժպտում է)։ Մեզանից կարող են պատվիրել գիրք՝ աշխարհի ցանկացած կետից և մենք կառաքենք փոստի միջոցով։
Հ. ԵՎ ՎԵՐՋՈՒՄ, ՁԵՐ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՅՍ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԿԱՐԴԱՑՈՂԻՆ։
Պ.- Երբեք չվախենալ, երբեք չհանձնվել, անընդհատ ինքնակրթվել և հավատալ, որ այս պարագայում հաջողությունը ուղղակի չի կարող ձեր դուռը չթակել։
1 comment
Շատ խիզախ, խրախուսիչ, քաջալերող եւ մղիչ ոյժ առթող
միտքեր ու թելադրանքներ: