Մարինե Մարտիրոսյան, Հետք, 19 Հոկտեմբեր 2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեական մեղադրանքը՝ ուղղված Ռուսաստանին հայ-ադրբեջանական հակամարտության հարցում, պատահական չէր: Ըստ ֆրանսաբնակ արեւելագետ, լրագրող Տիգրան Եկավյանի՝ 44-օրյա պատերազմի արդյունքից Ֆրանսիան դժգոհ է մնացել: Մյուս կողմից՝ քանի որ Մինսկի խումբն էլ չեզոքացավ կամ հոգեվարքի մեջ է, Ֆրանսիան փորձում է որեւէ ձեւով լծակ պահել: Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումից հետո Ֆրանսիան դիվանագիտական ջանքերով իր ձայնը փորձեց լսելի դարձնել՝ առաջին հերթին Ռուսաստանին փոխանցելով հատուկ ուղերձ: Սակայն այդ ջանքերն, ըստ Եկավյանի, ապարդյուն էին, քանի որ Ֆրանսիայի դիրքը, կեցվածքը մեկուսացած է Եվրամիության մեջ:
«Եվրամիության մեջ Ֆրանսիան կղզիացած է, չունի աջակցություն: Դա հիշեցնում է Լիբանանի դեպքը, երբ Մակրոնը գնացել էր Լիբանան՝ Բեյրութի նավահանգստի պայթումից հետո այն փրկելու համար: Նա կամեցողություն ցուցաբերեց եւ փորձեց ամբողջ քաղաքական համակարգը փոխել»,– նկատում է Տիգրան Եկավյանը՝ հավելելով, որ երբ լիբանանյան այցից հետո Մակրոնը հասկացավ իր առաքելության սպառված լինելը, սկսեց խոսել ոչ դիվանագիտական լեզվով: Ըստ «Հետքի» զրուցակցի՝ Մակրոնը լավ հաղորդակցող ու լավ ախտորոշող (դիագնոստիկ) է, սակայն հաճախ շտապում է, համբերություն չունի: Մինչդեռ, ըստ Տիգրան Եկավյանի, դիվանագիտությունը երկար ժամանակ ու առաջին հերթին համբերություն է պահանջում:
«Ռուսները չեն թողնում, որ Ֆրանսիան միջամտի Հարավային Կովկասի հարցերում,– նշում է արեւելագետը:– Եթե Մակրոնը լծակ չունի, ապա չգիտեմ, թե ինչպես պիտի ծրագրային դրույթներ փոխի գետնի վրա: Ֆրանսիական բանակն ի վիճակի չէ համագործակցության պայմանագիր կնքել Հայաստանի բանակի հետ, եւ ֆրանսիական դիվանագիտական միջոցները սահմանափակ են»:
Դեռ 2020 թ․ նոյեմբերի 13-ին Տիգրան Եկավյանը «Հետքի» հետ զրույցում ասել էր, որ Ֆրանսիան կորցրեց իր քարտերն այս շրջանում եւ այս խաղի մեջ: Հարցին, թե պատերազմից երկու տարի անց աշխուժանալու Ֆրանսիայի ջանքերն ինչով են պայմանավորված, արեւելագետն ասում է․ «Ֆրանսիան դժգոհ է Մինսկի խմբի՝ օրինաչափությունից դուրս գալուց եւ փորձում է իր տեղը պահել: Պետք չէ կենտրոնանալ միայն Հայաստանի եւ Հարավային Կովկասի վրա, պետք է հասկանալ, որ Ֆրանսիան մրցակցության մեջ է Ռուսաստանի հետ Աֆրիկայում եւ ուրիշ երկրներում, նաեւ՝ Թուրքիայի հետ: Եվ սա մեծ խաղի մաս է»:
Եկավյանի խոսքով՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան փոխհամաձայնեցված գործեցին՝ Ֆրանսիայի ազդեցությունը չեզոքացնելու համար նաեւ աֆրիկյան ֆրանսախոս երկրներում: Այդտեղ թե՛ ռուսների, թե՛ թուրքերի ազդեցությունն սկսել է մեծանալ: Դրան զուգահեռ այդ երկրների ֆրանսախոս զանգվածային լրատվամիջոցները տարածում են հակաֆրանսիական քարոզչություն:
Արեւելագետն ասում է, որ Ֆրանսիայի՝ Ադրբեջանի վրա ազդելու կարողությունները սահմանափակ են, եւ Ֆրանսիայի դերակատարումը Հայաստանում սահմանափակվում է մշակութային ու մարդասիրական թեմաներով:
Փոխարենը ռազմական համագործակցությունը Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ շատ ցածր մակարդակի վրա է: Օրինակ՝ ռազմարդյունաբերության ոլորտի ֆրանսիական ընկերություններ մեր երկրում չկան: «Ես ոչինչ չեմ տեսնում այս գծով: Միայն տեսնում եմ, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը համաձայն է Հայաստանին օգնել արտակարգ դրությունների ժամանակ»– նկատում է ֆրանսաբնակ լրագրողն ու հավելում, որ գուցե նաեւ Ֆրանսիան դասընթացներ կազմակերպի հայ սպաների համար, ինչպես անում է Հունաստանում:
Տիգրան Եկավյանը հիշեցնում է Ֆրանսիայի դիրքորոշումը՝ ինքը ՆԱՏՕ-ի կազմում է, իսկ Հայաստանը՝ ՀԱՊԿ-ի, այսինքն՝ ազդեցության տարբեր գոտիներում են: Այդ պատճառով, ըստ նրա, ֆրանսիացիների համար դժվար է մի կողմից հայերին հուսախաբ չանելը, մյուս կողմից՝ պատրանքներ չստեղծելը: «Հետքի» զրուցակիցը շեշտում է, որ պետք է իրատես լինել ու հարցին զգացական (ռոմանտիկ) չմոտենալ: Բայց նաեւ նկատում է՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները հնարավոր է զարգացնել, մանավանդ որ Ադրբեջանի եւ Ֆրանսիայի կապերը դյուրաբեկ ու խաբուսիկ են, իսկ ադրբեջանցիները հիմա ավելի հարձակողական (ագրեսիվ) են:
Այդուհանդերձ, Եկավյանն այսպիսի դիտարկում է անում՝ պետք է հաշվի առնել, որ ֆրանսիական դիվանագիտությունը թրքասեր է 19-րդ դարից սկսած, մինչդեռ ֆրանսիական բանակը միշտ հայասեր է եղել, չնայած ժողովրդավար երկրներում բանակը ազդեցություն չունի քաղաքական որոշումների վրա: Ըստ նրա՝ ֆրանսիական դիվանագիտության թրքասիրությունը շարունակվում է մինչ օրս: Բացի դրանից՝ Ֆրանսիան կախում ունի ՆԱՏՕ-ից, որտեղ վճռորոշ դերն ԱՄՆ-ինն է: «Դրա համար մտահոգված եմ Ֆրանսիայի եւ իշխանության ապագայով, որովհետեւ գնալով ավելի շատ են կախման մեջ ընկնում ամերիկացիներից»,– նկատում է «Հետքի» զրուցակիցը:
«Թուլացած Ռուսաստանը շատ ավելի վտանգավոր է Հայաստանի համար»
Անդրադառնալով Հարավային Կովկասում ԱՄՆ-ի վերջին աշխուժությանը՝ Տիգրան Եկավյանն ասում է, թե քանի որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանը թուլացավ, հարմար առիթ կա թուլացնելու թե՛ այդ երկիրը, թե՛ Իրանը: «Նենսի Փելոսին Հայաստանում խոսեց ժողովրդավարության մասին, բայց ընդհանրապես չխոսեց ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին: Դրա համար մտահոգություն ունեմ, որ ավելի շատ նման է կրակի վրա յուղ լցնելուն: Ամերիկացիները Ղրղզստանում ռազմախարիսխ (բազա) ունեին, չե՞ն կարող Հայաստանում էլ բացեն․ չեն ուզում»,– նշում է ֆրանսաբնակ արեւելագետը:
Եկավյանի դիտարկմամբ՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի հապշտապ դուրս գալը վնասակար կլինի մեր երկրի համար, չնայած որ ռազմական դաշինքը չի օժանդակում իր անդամին: «Կարծում եմ՝ հայերը պետք է լուռ մնան եւ կամաց-կամաց դուրս գան այդ դաշինքից: Եվ այդ ընթացքում հասկանան, որ ՀԱՊԿ-ն հայերին ուշադրություն չի դարձնելու, զորք չի ուղարկելու»,– ասում է մեր զրուցակիցն ու մասնավորեցնում, որ ՀՀ իշխանությունները խելոք կլինեն, եթե Հայաստանի անվտանգության համար դեր չխաղացող ՀԱՊԿ-ից հեռանան առանց աղմուկ հանելու, քանզի թուլացած Ռուաստանը շատ ավելի վտանգավոր է Հայաստանի համար:
Ի՞նչ է կատարվում տարածաշրջանում
Տիգրան Եկավյանն ասում է, որ մեր տարածաշրջանում ականատես ենք Ռուսաստանի ու Թուրքիայի վարած նորկայսերապաշտական (նեոիմպերիալիզմի) աշխարհաքաղաքականության, որտեղ չկա Արեւմուտքը: Բացի դրանից՝ արեւելագետը նկատում է, որ կայսրությունը (իմպերիան), որպես այդպիսին, սահման չունի, այլ միայն ճակատ: Սա նշանակում է, որ Թուրքիան ու Ռուսաստանը մրցակցության մեջ կլինեն, բայց երբեմն կհամագործակցեն, ինչը շատ խաբուսիկ ու փոփոխական է: «Ռուսաստանն ու Թուրքիան շահեր ունեն Սիրիայում, Լիբիայում, Միջին Արեւելքի տարբեր երկրներում: Մրցակցության մեջ են, բայց երկուսի համատեղ շահն այն է, որ Արեւմուտքին ընդհանրապես դուրս թողնեն այդ խաղից: Իսկ Հայաստանը մեծ նշանակություն չունի նրանց համար, ու պատրաստ են զոհել: Թուրքիան ու Ռուսաստանը գործընկերներ են, բայց դաշնակից չեն: Դրա համար այս խաղը շատ ավելի վտանգավոր է»,– ասում է արեւելագետը:
Ի՞նչ պետք է անի Հայաստանը
Տիգրան Եկավյանը կարծում է, թե Հայաստանը պետք է շարունակի երկխոսությունը Թուրքիայի հետ եւ առանց միջնորդի, դեմ առ դեմ խոսի Ադրբեջանի հետ, որպեսզի հասկանա, թե ո՛րն է նրանց խաղը:
Մյուս կողմից՝ Հայաստանը պետք է մերձենա այն երկրների հետ, որոնք ռազմավարական շահ ունեն մեզ հետ՝ Հնդկաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եգիպտոս, Հունաստան, Չինաստան, Իրան, որոնք կարող են աջակցել Հայաստանին, բայց միաժամանակ դեմ չեն Ռուսաստանին:
«Հայերը պետք է հասկանան, որ Արեւմուտքի մաս չեն կազմելու: Դա գիտակցելը շատ կարեւոր է: Ընդհանրապես, Արեւմուտքից բան չկա սպասելու՝ ո՛չ ամերիկացիներից, ո՛չ ֆրանսիացիներից, ո՛չ Եվրամիությունից: Անհեթեթություն է երեւակայել, որ Արեւմուտքը կօգնի: 1920 թ․ պատմությունը կրկնվում է, երբ թուրքերը մտածում էին, թե ինչպես են Կարսն ու Արդահանը գրավելու, իսկ հայերը մտածում էին Արեւմուտքի օգնության մասին: Նույն պատրանքները հիմա են: Մենք քրիստոնյա ենք, բայց Արեւմուտք չենք: Մենք պետք է հասկանանք, որ մեր ապագան դեպի Արեւելք է»,– եզրափակում է արեւելագետը: