Դոկտ. Հարություն Մարության, Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրեն, Երեւան.
Դոկդ. Յարութիւն Մարութեանի ներքեւի գրութիւնը վերցուած է ընդարձակածաւալ «Ռուսաստանի Դաշնութեան Հայկական Սփյուռքը» միջազգային գիտաժողովի զեկուցումներու ժողովածուէն: Տրուած առաջարկները կը վերաբերին նաեւ արեւմտեան սփիւռքին: Գիտաժողովը տեղի ունեցաւ 2016-ին Երեւանի Պետական Համալսարանի նախաձեռնութեամբ եւ աջակցությամբ՝ Գալուտ Կիւլպէնկեան հիմնարկութեան: Այն ընթերցողները որոնք կը փափաքին PDF օրինակ մը ունենալ կրնան դիմել [email protected] հասցէին: Վերեւի նկարը վերցուած է հայերէն դասընթացքներու aspirantum կայքէջէն: Խմբ.
Նախ նկատենք, որ լեզվի իմացության մակարդակը չէ, որ խիստ որոշիչ է հայկական ինքնություն կրելու պարագայում: Ոչ «գետտոյական» սկզբունքով գոյատևող այլ սփյուռքների պատմական փորձը ցույց է տալիս, որ երրորդ-չորրորդ սերնդում մայրենի լեզվի իմացությունը արմատապես նվազում է, ամենաշատը կարող է գտնվել «կենցաղային» մակարդակում: Թեև այսօր ականատեսն ենք այն իրողության, որ հայերենը տարբեր հաճախականությամբ շարունակում է օգտագործվել սփյուռքահայության տարբեր շերտերում, դա չի նշանակում, թե հայերենի կիրառման հարցում Սփյուռքում նման զարգացումներ չեն սպասվում: Սփյուռքում նեղացել և շարունակում են նեղանալ հայերենի գործածության ոլորտները, իսկ գործածվելու պարագայում գերիշխում է «կենցաղային, խոհանոցային հայերենը»: Դրա պատճառների թվում են՝ լեզվական շփումները սահմանափակվում են կենցաղով, հասարակական վայրերում ելույթների ժամանակ գերապատվությունը տրվում է տվյալ երկրի պետական լեզվին, գիտական հայերենը գրեթե իսպառ բացակայում է, հայալեզու գիտական պարբերականներ չկան, հայերեն մամուլում գերազանցապես տեղեկատվական և հրապարակախոսական հոդվածներ են, համացանցային հայերենը չի փոխարինում գիտական պարբերականներին, իսկ համեմատաբար բարդ մտքեր արտահայտելու համար անցում է կատարվում մայրենի դարձած օտար լեզվին: Շատ դեպքերում՝ լեզվամտածողությունը հայերեն չէ, իսկ այն ազգային ինքնության բաղադրիչներից է: Հայերենը սփյուռքյան վերնախավի լեզուն չէ այսօր:
Ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել հայերենի կարգավիճակը բարձրացնելու համար: Այս հարցում մեր մոտեցումները հենված են սոցիալական գիտություններում հայտնի այն դրույթին, որ առավել արդյունավետ են լինում ոչ թե կամավոր-պարտադիրի տիրույթում գտնվող ձեռնարկումները (նույնիսկ եթե դրդված են ազնիվ, հայրենասիրական մղումներով՝ ի մասնավորի Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության վերջերս հռչակած ռազմավարությունը հայոց լեզվի բնագավառում), այլ նրանք, որոնց շարժիչ ուժը հեղինակությունն է (պրեստիժայնությունը): Այս մոտեցումն առաջին հերթին ուղղված է մտավորականներին: Սփյուռքի վերնախավը խնդրի գիտակցման պարագայում (ինչը կարծես թե առավել ակնհայտ է երևում վերջին տարիների զանազան հավաքների քննարկումներում) կարող է գնալ հայերենի հեղինակության բարձրացմանը՝ դիմելով մասնավորապես հետևյալ քայլերին.
– հայտարարել հայերենի տիրապետման հեղինակությանն ուղղված նպատակադրություն՝ առնվազն առաջիկա տասը-քսան տարվա համար,
– հայերենի տիրապետման մակարդակի բարձրացմանն ուղղված մրցույթների կազմակերպում ու հաղթողներին պարգևներով խրախուսելու քաղաքականության վարում, այդ թվում՝ վճարելով թանկ համալսարաններում ուսման վարձը կամ դրա զգալի մասը, կազմակերպելով անվճար կամ էական զեղչերով ուղևորություններ Հայաստանի Հանրապետություն կամ Արևմտյան Հայաստան, անընդհատ ուշադրության կենտրոնում պահելով այդ երիտասարդների գործունեությունը, ձեռքբերումները, նրանցից պարբերաբար հարցազրույցներ վերցնելով և այլն,
– Ստեղծել TOEFL-ին (Test of English as a Foreign Language) համարժեք համացանցային քննական ծրագիր ու դրա հաջողությամբ հաղթահարումը առաջարկել որպես միակ պայման վերը նշված արտոնությունների: Հայտնի է, որ TOEFL-ն ունի տարբեր աստիճաններ: Սփյուռքահայերի համար կարելի է համեմատաբար ավելի ցածր գնահատականները համարել ընդունելի:
– Որոշ երկրների Սփյուռքի ու Հայաստանի համար՝ TOEFL-ին համարժեք համացանցային քննական ծրագիրը կարող է լինել արևմտահայերեն ու արևելահայերեն: Քննությունը բարձր գնահատականներով հանձնած երիտասարդներին տրամադրել մեծ արտոնություններ ուսման և աշխատանքի բնագավառներում:
– TOEFL-ի հայերեն տարբերակում ներառել հարցեր ոչ միայն հայոց լեզվից ու գրականությունից, այլ նաև հայոց պատմությունից և Հայաստանի աշխարհագրությունից:
– TOEFL-ի հանձնած-չհանձնած լինելը դարձնել պարտադիր պայման գաղութային-համայնքային կյանքում, կուսակցական-քաղաքական ասպարեզում առաջընթաց ունենալու, համայնքի աջակցությունն ստանալու համար: Այսինքն՝ հայերենին տիրապետող մարդկանց թվի բարձրացման, հայերենի վերստին կենդանի լեզու դառնալու առաջնահերթ պայմանը դրա տիրապետումը հեղինակավոր դարձնելն է:
Գրական մեկ լեզվի ճյուղերը՝ արևելահայերենը և արևմտահայերենը, տարբեր կարգավիճակներ ունեն, հետևաբար պահանջում են դրանց պահպանությանն ուղղված տարբեր ռազմավարություններ: Սփյուռքում երկուսն էլ վտանգված են յուրովի: Եթե այսօր արևմտահայերենի պարագայում դրան տիրապետողների թիվն է տարեցտարի քչանում (ինչի հաղթահարմանն ուղղված է Գյուլբենկյան հիմնարկության վերոնշյալ ռազմավարությունը), ապա արևելահայերենի կրողները շատ արագ դադարում են այն օգտագործել: Այս պարագայում էլ կամավոր-պարտադիր տարաբնույթ (մեկօրյա, ամենօրյա, այլ) հայկական դպրոցների թվի ավելացումը հազիվ թե բերի հարցի լուծման: Ահա ա՛յս հանգամանքով է պայմանավորված, որ հայերենի տիրապետման հեղինակության բարձրացման վերը նշված ձևը վերաբերի երկու լեզուներին էլ:
TOEFL-ի հիմամբ վերոբերյալ առաջարկը գերազանցապես ուղղված է երիտասարդներին՝ Սփյուռքի ապագա մտավորականներին: Հայերենի առցանց ուսուցման ՀԲԸՄ-ի ֆինանսավորած ծրագիրը՝ «Հայկական առցանց համալսարանը» ուղղված է առավելապես միջին ու բարձր տարիքի մարդկանց, նրանք են ծրագրի հիմնական շահառուները: Ուսուցման մեթոդաբանությունը փոխելու ճանապարհով, երբ սովորողը համակարգչի էկրանին տեսնի ուսուցչին, այլ ոչ թե միայն ինքն ու «մկնիկը» լինեն գործողները, կարելի է հասնել նրան, որ առցանց ծրագրով հայերեն սովորեն նաև հայկական դպրոց հաճախելու հնարավորություն չունեցող երեխաները: Այսինքն՝ դասերն ու հանձնարարությունները լինեն մոտավորապես այնպես ու այն ժամաքանակով ու հաճախականությամբ, ինչպես ամենօրյա դպրոցում է: Կրկնենք, սովորողը համակարգչի էկրանին պետք է տեսնի ուսուցչին, որը սկզբնական շրջանում աշակերտի հետ կհաղորդակցվի նրա համար առավել հարազատ լեզվով՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և այլն, ու ժամանակ անց միայն, համապատասխան միջանկյալ քննությունը հանձնելուց հետո, արդեն արևմտահայերենով կամ արևելահայերենով: Այս մոտեցումն օգտակար կարող է լինել նաև հայերեն սովորել ցանկացող միջին և բարձր տարիքի անձանց համար:
Սփյուռքի հայագիտական կենտրոններին կարելի է առաջարկել իրենց գիտաժողովների լեզուն աստիճանաբար փոխել հայերենի: Միայն այդ կերպ կարելի է դաստիարակել հայերեն լեզվամտածողություն ունեցող նոր վերնախավ: Սկզբնական շրջանում, գիտաժողովները կարող են ուղեկցվել անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ՝ հյուրերի և գաղութի օտարալեզու անդամների համար: Սրա ուղիղ հետևանքներից մեկը կլինի այն, որ հայաստանյան և հայալեզու գիտական պարբերականների վարկանիշը կբարձրանա, կբավարարվի ՀՀ Բարձրագույն Որակաւորման Կոմիտեի որոշումը՝ ատենախոսության պաշտպանության համար պարտադիր հրապարակումներ ունենալ գիտական բարձր վարկանիշ ունեցող արտասահմանյան պարբերականներում (որոնք ներկայումս գերազանցապես անգլալեզու են):