Լիլիա Ապրեսյան, Ամալիկ Բաղդասարյան
Մարզերի երեխաները մարզերում (MEM), 6 Սեպտեմբեր 2021
Գիտակցական տարիքում մարդը սկսում է բախվել հոգեբանական, ֆիզիկական, զգացական և մտավոր խնդիրների հետ։ Այդ ժամանակ է, որ առաջ են գալիս հանրույթում ունեցած դերերը, խնդիրները, ինչպես նաև այն, ինչ մենք կոչում ենք հաջողություն։
Մենք սկսում ենք վերլուծել տարբեր երևույթներ, խնդիրներ, գտնել դրանց արմատները և ազդեցությունը թե՛ մեզ, թե՛ մեր շրջապատի վրա։ Այս ամենին մենք հասնում ենք՝ ունենալով գիտելիքի որոշակի մակարդակ, որը կա՛մ մեզ բավարարում է այդ պահի համար, կամ մենք զգում ենք պակաս և փորձում լրացնել դա։
Դեռևս երեխա ժամանակ մենք ձգտում ենք դեպի լավագույնը։ Մենք մարզվում ենք, կարդում ենք, հաճախում տարբեր խմբակներ և փորձում բարձրանալ կյանքի աստիճաններով։ Բայց արդյո՞ք մենք մեր կյանքում եղած գիտելիքի պաշարը լցնում ենք բոլոր գործոններից ստացած գիտելիքներով։ Իրականում, մեր ուղեղը մագնիսի պես ձգում է այն, ինչ մեզ հետաքրքրում է, հետևաբար մենք ձեռք ենք բերում նախասիրություններ և նախընտրում ենք այս կամ այն թեման ու մասնագիտությունը։
Սկսվում է ինքնակրթության շրջանը։ Որքան էլ դպրոցը, համալսարանը կամ առհասարակ որևէ ուսումնական հաստատություն մեզ տալիս է որոշակի գիտելիք, մեզ կյանքում առաջ մղողը ինքնակրթություն է։
Հիմա դիտարկենք մեկ օրինակ․
Ես գիտեմ, որ կա օվկիանոս և կան ձկներ։ Դա ինձ սովորեցնում են դպրոցում։
Երբ ես բացում եմ համակարգիչը և տեսնում եմ որևէ ձկան նկար, փնտրում եմ անունը և ամենաքիչը կարդում եմ երկու տող նրա մասին։ Սա ինքնակրթություն է։
Կարելի է ասել, որ ուսումնական հաստատությունները մեզ ապահովում են հիմնական (բազային) գիտելիքով կամ պարզապես առաջարկում են «սովորել՝ ինչպես սովորել» մեթոդը, որի միջոցով էլ մենք գնում ենք առաջ և հարստացնում մեր իմացության պաշարը այս կամ այն թեմայի շուրջ։
Երբ խոսքը վերաբերում է կյանքում մեծ հաջողությանը, մենք չենք կարող դա անել առանց կրթության։ Որքան էլ որ հետևյալ միտքը ճիշտ է, կրթությունը ոչ միշտ է նշանակում սովորական (ֆորմալ) հաստատություն հաճախելը։ Մեր օրերում կան բազմաթիվ ոչ սովորական կրթական հաստատություններ, դպրոցահասակ երեխաների համար՝ արտադասարանական զբաղվածության կենտրոններ, տարբեր կազմակերպություններ, ի իհարկե, համացանցը, որոնց միջոցով կարելի է անվերջ կրթվել։
Ինչպես նշում էր Ալբերտ Էյնշտեյնը` «կրթությունը այն է, ինչ մնում է դպրոցում սովորածը մոռանալուց հետո»։ Չափահաս կյանքում չկա ուսումնական ծրագիր, որը պարտավորեցնում է մեզ սովորել և առաջադիմել կյանքում կամ գործի ասպարէզում (կարիերայում)։ Ուստի մենք սկսում ենք ծախսել մեր սեփական ժամանակը և աղբյուրները կամ միջոցները (ռեսուրսները) մեր ոլորտում լավագույնը դառնալու համար։ Այս դեպքում ամեն բան կախված է միայն մեզանից։
Ինքնակրթությունը ենթադրում է ընդունել այն, ինչ գիտենք և շարունակենք սովորել այն ինչ չգիտենք։ Բայց երբեմն ինքնակրթության ճանապարհին հանդիպում ենք սեփական անձի հետ կապված խնդիրների՝
1․ Մղում (կամ շարժառիթ) (Մոտիվացիա)
Ամենամեծ խնդիրը ինքնակրթության ճանապարհին մղումի պակասն է։ Որոշ դեպքերում ինքդ քեզ համոզելը և նոր բան սկսելը նմանվում է իսկական լաբիրինթոսի։ Մենք անընդհատ փորձում ենք ինքներս մեզ համոզել, վեր կենալ ու մեկ ժամ տրամադրել ընթերցանությանը, որևէ տեսահոլովակի դիտմանը։
Այս դեպքում օգնության կարող են գալ օրվա ծրագրավորման գործիքները։ Երբ նախօրոք կազմված գործողությունները ավարտելուց հետո ինքդ քեզ պարգևատրում ես մի կտոր կարկանդակով, մեկ ժամ հանգստով և այլն, մղումը սկսում է գործել։
2․ Ժամանակի կառավարում
Սա ևս ինքնակրթության ճանապարհին հանդիպող ամենամեծ խնդիրներից է։ Երբ մենք սկսում ենք որևէ բան անել, կորցնում ենք ժամանակի զգացումը։
– Մեկ ժամից կհասնեմ տուն ու կկարդամ գիրքը։
– Այս մեկն էլ նայեմ ու կվերջացնեմ։
– Մի անգամ նայեմ ինչ կա համացանցում ու շարունակեմ։
– Մի բաժակ սուրճ խմեմ ու վերադառնամ։
Կարևոր է հասկանալ ինչն է առաջնահերթ։ Օրվա գործերը ծրագրավորելիս կարելի է առաջնորդվել հետևյալ դասակարգմամբ՝
**** Շատ կարևոր
*** Կարևոր
** Պակաս կարևոր
* Կարելի է հետաձգել:
Այսպես դուք կհասկանաք, թե ո՛ր գործը պետք է նկատել առաջնահերթ։
3․ Ճկունություն
Այս դեպքում հիմնականում ժամանակի և տարածության մեջ ճկունության գաղափարը իր մեջ ներառում է վերոնշյալ երկու կետերը։ Ճկունությունը ենթադրում է կարողանալ արագ կողմնորոշվել, գտնել անհրաժեշտ նյութը, կառավարել փափուկ հմտությունները։ Վերջերս ճկունություն է նաև առցանց կամ ոչ առցանք մասնակցությունը տարբեր միջոցառումների և նախագծերի։
Հատկապես համավարակի պայմանները մեզ ցույց տվեցին, որ աշխարհը պարզապես կդոփեր տեղում առանց համացանցի գոյության։ Մի շարք ընկերություններ, ուսումնական հաստատություններ անցան հեռավար ձեվաչափի ամբողջ աշխարհում։ Աշխարհի լավագույն համալսարաններից համարվող Հարվարդը, Լոնդոնի համալսարանական քոլեջը, Մասսաչուսեթի տեխնոլոգիական ինստիտուտը և բազմաթիվ այլ հաստատություններ այսօր էլ դեռ շարունակում են առաջարկել առցանց դասընթացքներ, որոնք կարելի է անցնել աշխարհի ցանկացած կետից։
Ի վերջո, համացանցը լիքն է տեսադասերով, գրքերով, որոնք ինքնակրթության ճանապարհին պետք կգան բոլորին։ Պարզապես պետք է երեխաներին, և երիտասարդներին օգնել, թե ինչպես ճիշտ օգտվեն 21-րդ դարի միջոցներից, տնօրինեն իրենց ժամանակը խելամիտ կերպով։ Իրականում, հաջողակ մարդկանց մեծ մասը պարզապես գերազանց ընթերցողներ են: Ինչպես ասում են, լավագույն առաջնորդները հավատարիմ ընթերցողներ են։
Այս ամենին հասնելու համար պետք է պատասխանատվություն վերցնել այն հանրույթի հանդեպ, որի մի մասը մենք ենք։ Թեկուզ օգնելով մեր ընկերներին, հարազատներին՝ մենք կարող ենք փոխել մշակույթ, բարձրացնել պատասխանատվությունը և մեր միջավայրը դարձնել ավելի խելացի, գիտելիքահեն և գիտական միտք արտադրող, նպատակասլաց և բարձունքի ձգտող։
Ինքնակրթությունը նախևառաջ սկսվում է ինքդ քո հանդեպ պատասխանատվությունից։