Դիմում եմ հատկապես ՆԻԿՈԼԻՆ ու ՎԱԶԳԵՆԻՆ․ «Եթե իրոք թանկ է ձեզ համար ՀԱՅՐԵՆԻՔԸ, ուրեմն…»

Պրոֆ. Աշոտ Տէր-Մինասեան դասախօս է Երեւանի Պետ. Համալսարանի Բանասիրական բաժնէն ներս։ Ան հեղինակ է գրականագիտական աշխատութիւններու եւ ուսումնասիրութիւններու։ Որպէս աւագ սերունդի անկախ մտաւորական, քաջութիւնը կ՚ունենայ ներհայաստանեան անհեռանկար պայքարի մէջ ընկղմած երկու կողմերուն կոչ ընել զգաստանալու։ Խմբ.

Պրոֆ. Աշոտ Տեր-Մինասյան, Երևան 5 Փետրվար 2021

Բավական է, համբերությունն էլ սահման ունի։ Ամեն կերպ աշխատեցինք առանց որևէ մկին վիրավորելու, բարեկրթության սահմաններում հորդորել, կոչ անել՝ երկիրը վերջնական կործանումից փրկելու համար ժամանակավորապես հրաժարվել առճակատումներից, համախմբվել ու միասնական ու ժերով դիմագրավել սպասվող նոր արհավիրքներին։

Սակայն ու՞մ ես ասում․․․ Այդ կոչ-հորդորներին չարձագանքեցին նույնիսկ պատերազմի օրերին․․․ Արդեն իսկ կայացած անասելի աղետի ու անդառնալի կորուստների մեղքը իրար վրա գցելով, հազարավոր զոհերի եւ վիրավորների հանդեպ իբրև թե հոգատարության եւ կարեկցանքի իրավունքը միայն իրենց վերապահելով՝ իրականում կենաց-մահու կռիվ են տալիս, այո՛, ԱԹՈՌԱԿՌԻ՛Վ են տալիս երկու կողմերն էլ։

Եվ նողկալին այն է, որ այդ ամենը թմբկահարվում է որպես ժողովրդի պահանջ, իբրև թե ժողովրդի անունից։ Ժողովրդին պառակտել, հանել են իրար դեմ հատկապես ՖԲ-ի էջերում, քանի որ հեռուստաեթերը գերազանցապես պատկանում է հակակառավարական ուժերին։ Իսկ միակ ազատ հարթակ ենթադրվող ՖԲ-ի էջերը, բացառությամբ մի քանի տասնյակ իրոք մտավորականների գրառումների, նույնպես առլեցուն են մերկապարանոց նիկոլական և մերկապարանոց հականիկոլական անմակարդակ, գռեհիկ, սակայն ամեն ինչի «գիտակ» հաճախագրություններով։

ՈՒստի դրանց չնմանվելու համար խոսքս ուղղում եմ երկու կողմերի պարագլուխներին և այս անգամ ոչ թե որպես հորդոր, այլ ՊԱՀԱ՛ՆՋ։ Ձեզանից ոչ մեկը այնքան միամիտ չէ, որ չհասկանա օրհասի պահին համախմբման անհրաժեշտությունը։ Ով ինչ սխալներ է կատարել, ով ինչի համար պետք է պատասխան տա՝ թողե՛ք ապագային […]: ժամանակավորապես մոռացե՛ք ձեր փառասիրությունները և վայրկյան առաջ սեղանի շուրջ նստեք՝ որոշելու, թե ինչ «շերեփով» եք ներկայանալու մեր ինքնության փրկության դիվանագիտական մարտին։

Դիմում եմ հատկապես ՆԻԿՈԼԻՆ և ՎԱԶԳԵՆԻՆ․ եթե իրոք թանկ է ձեզ համար ՀԱՅՐԵՆԻՔԸ, առանց նախապայմանի, առանց դիմացինի կարծիքը նախապես իմանալու՝ առաջինը համախմբման ձեռք մեկնե՛ք։ Քաղաքական խաղերի կամ ինքնասիրահարվածության ժամանակը չէ՛․ վեհանձն և հայրենասեր մարդը նա է, ով առաջինը կառաջնորդվի այս գիտակցությամբ։ Հակառակ դեպքում ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, որի անունից սիրում եք խոսել, և ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ձեզ երբեք չե՛ն ների։

ՀԳ Այն լրատվամիջոցները և ՖԲի իմ ընկերները, ովքեր համամիտ են գրությանս, խնդրում եմ սրտիկներ դնելու փոխարեն արագ տարածեք այն, որպեսզի վայրկյան առաջ որևէ կերպ հասնի հասցեատերերին։

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like