Keghart.org Խմբագրական, 14 Ապրիլ 2021
Սեղմէք այստեղ արեւելահայերէն պատճէնը ընթերցելու համար:
«Ահաւոր բան մը այնտեղ կը կատարուի մութին մէջ»
Վահան Թէքէեան
Վերջին պատերազմին հայկական կողմին համար նուաստացուցիչ ելքէն քիչ օրեր անց հայութեան ճամբարին մէջ գլուխ բարձրացուցին եւ ջրի երես դուրս եկան բազմաթիւ լուրջ խնդիրներ:
Կարծես թէ բաւարար չէին Սիւնիքի եւ Սեւանի շուրջ անդադար շրջագայող ազերի բարձրաստիճան անձնաւորութիւններու ծաւալողական եւ սադրիչ յայտարարութիւնները, քանի մը շաբաթէ ի վեր կ’ուրուագծուին նաեւ հայ-թրքական, միջազգային տարանցիկ ճանապարհներու բացման եւ շահագործման մասին տարաբնոյթ յայտարարութիւններ, որոնց ետին դժուար չէ նշմարել թաքնուած միտքեր, որոնք աւելի քան բաւարար են գլխու պտոյտ յառաջացնելու համար: Տուեալ ալեկոծութեան մէջ տարածաշրջանէն ներս տիրող նոր զարգացումներու եւ հին երազներու զարթնումները հայութենէն կը պահանջեն առաւելագոյն աչալրջութիւն եւ արհեստավարժ մօտեցում:
Մեր դիմակայած լարուածութիւններուն վրայ աւելցաւ նաեւ Ցեղասպանութեան ոգեկոչման օրուան նախօրէին մեզ ամէնէն շատ յուզող զարգացում մը եւս՝ ՀՀ-Թուրքիա-ԱՄՆ յայտարարութիւնները եւ ՌԴ-ի պապանձումը՝ ծաւալուող նիւթին շուրջ: Պէտք է համապատասխան եզրակացութիւններ հանել, երբ ՌԴ-ը տակաւին լուռ կը մնայ, բայց լրջօրէն կը հետեւի զարգացումներուն, քանի որ իր սեփական խնդիրները ունի Թուրքիոյ, Ազրպեյճանի, ԱՄՆ-ի եւ ՀՀ-ի հետ անջատաբար:
Դժուար չէ նկատել թէ ինչո՞ւ Թուրքիա, որ մեծ դեր խաղցաւ վերջին պատերազմին ի նպաստ Ազրպեյճանին, կը փորձէ խիստ, բայց կշռադատուած դիւանագիտական դաւադրական հնարամտութիւններու լեզուով խօսիլ նախագահ Պայտընի հետ: Թուրքիա կրկին անգամ կը փորձէ խաղալ տասնամեակ մը եւ աւելի առաջ իր փորձուած խաղաքարթը, որ հաճելի թուացեր էր ԱՄՆ-ի ատենուան վարչակազմին եւ Հայկական Ցեղասպանութեան ճանաչման խնդիրը օրակարգէն հանուեր էր՝ իբր առիթ տալով կողմերուն (Թուրքիա, Հայաստան) շարունակելու «մերձեցման ջանքերու իրականացում»ը: Ի վերջոյ Թուրքիա յաջողեր էր ճանաչումը յետաձգել եւ ժամանակ շահիլ: Այսօր Թուրքիա այդ խաղաքարթը խաղալու բազմաթիւ պատճառներ ունի, մինչ կը նկատենք ՀՀ իշխանութիւններու կողմէ անխոհեմ՝ եթէ ոչ աղէտաբեր բարեխառն արտայայտութիւններ, որոնք կը լսուին բարձրագոյն ատեաններէ:
ՀՀ իշխանութիւններուն կողմէ կը հնչեն դրացի երկիրներու հետ (յատկապէս Թուրքիա եւ Ազրպեյճան) մերձեցման, թշնամական ելոյթներու եւ հռետորաբանութիւններու դադրեցման, սահմաններու բացման, արեւմուտք-արեւելք տարածաշրջանային զարգացման «նոր հեռանկարներու» մասին նոր երանգով մը հրապարակ նետուած արտայայտութիւններ՝ կարծես թէ հայութիւնը ըլլար խոչընդոտը ազգերու միջեւ փոխահասկացողութեան մը յանգելու ճամբուն վրայ:
Ուղղակի կարելի է ապշիլ փաշինեանական արտաքին քաղաքականութեան այս վարքագծին վրայ: Կը ստիպուինք հարց տալ՝ պատմութենէն երբեւիցէ որեւէ դաս առա՞ծ են մեր պետական նորելուկ այրերը: Պէտք կա՞յ յիշեցնելու թէ Թուրքիոյ կողմէ նետուածը սոսկ խայծ մըն է մէկ կողմէն «զարգացման նոր հեռանկարներու» յոյսերով օրօրելու ՀՀ-ի շուարած ու անճրկած իշխանութիւնն ու անոր հաւատացող զանգուածները, միւս կողմէն թրքական «նրբախոհութեամբ» եւ սուլթանական խորամանկութեամբ պատգամ ուղարկել ԱՄՆ-ին հասկցնելու թէ՝
ա) պէտք չէ խանգարել Թուրքիա-Հայաստան (իբր թէ) բարեխառնուող յարաբերութիւնները կամ մերձեցման փորձերը,
բ) Թուրքիան խիստ զգայուն է, երբ ԱՄՆ-ի պէս դաշնակից մը կը ճանչնայ Թուրքիոյ վերագրուած ցեղասպանութիւն մը, փորձելով հակա-ապացոյցներով ժխտել իրագործուածը,
գ) Ցեղասպանութիւնը ճանչնալով ԱՄՆ-ը լուրջ վտանգի տակ կը դնէ ՆԱԹՕ-ի ամէնէն զօրաւոր դաշնակցի հետ իր յարաբերութիւնները:
Ցեղասպանութեան ճանաչումը «հայկական հարցի» կամ մեր երազներու իրականացման ճամբուն վրայ կարեւոր հանգրուան մըն է, բայց ոչ վախճանակէտը: Մեր գերագոյն նպատակն է այս արեւուն տակ ունենալ այն ինչ որ մերն է եղած դարերով, ստեղծած ենք քաղաքակակրթութիւն, նպաստած ենք տարածաշրջանին մէջ ժողովուրդներու մերձեցման, մշակութային եւ այլ ասպարէզներու մէջ զարգացման, որ բրտօրէն կասեցուեցաւ սելճուք-մոնկոլական ցեղերու յետնորդներ Օսմանեան թուրքերու ջարդերով ու ցեղասպանութեամբ:
Հետեւաբար, Հայաստանի գոյութիւնը, պատմական հողերու հանդէպ մեր ունեցած արդար պահանջատիրութիւնը սակարկութեան եւ քաղաքական հաշիւներու նիւթ չեն կրնար ըլլալ: Սփիւռքի հայութիւնը, այնքան ատեն որ կը շարունակէ իր ապրած երկրին մէջ զգալ նաեւ հայ եւ ցեղասպանուած ժողովուրդի մը յետնորդները, մեր սրբազան պարտականութիւնը կը նկատենք գձուձ հաշիւներէ ելլելով զիջումներու չերթալ: Հոս կ’արժէ մէջբերել պատմաբան Աշոտ Մելքոնեանի խօսքերը այդ զիջումներու առթիւ, ուր կ’ըսէ. «… ատոնք պիտի ըլլան բացառապէս հայ ժողովուրդի ազգային շահերու հաշուին, փոխանակ Թուրքիա դէմ առ դէմ բերէ ինքզինք իր պատմական անցեալի հետ»:
Մենք տակաւին ի՞նչ զիջումներ պէտք է ընենք անպատմելի ու անհաշուելի կորուստներէ ետք՝ հայրենի հող, շարժական եւ անշարժ կալուածներ, մշակութային եւ հոգեւոր կառոյցներ, միլիոնաւոր մարդկային զոհեր, մանաւանդ՝ ի՞նչ օգուտ կայ (իբր թէ) դիւանագիտական դարձդարձիկ լեզուով «փոխադարձ հասկացողութիւններու» վերաբերեալ պատգամներ ղրկել թշնամիին: Ո՞վ որուն կ’ուզէ հաճոյանալ կամ սիրտը շարժել: Բաւարար չէի՞ն մեր նախկին դառն փորձառութիւնները դեռ 1908-ի Երիտթուրքերու անարիւն «յեղափոխութենէն» ետք, որմէ միայն հինգ-վեց տարի անց այդ յեղափոխութեան մասնակից ամբողջ հայ քաղաքական միտքն ու մտաւորականութիւնը ոչնչացուեցաւ քանի մը ամսուայ մէջ: Հարիւր տասնեւհինգ տարի ետք մի՞թէ վէրջին պատերազմը դաս չեղաւ:
ՀՀ-ի իշխանութիւնները եթէ միամիտ կը կարծեն այսօրուան թուրքը եւ ենթադրութիւններ կ’ընեն թէ մի գուցէ Էրտողանի Թուրքիան իր քաղաքականութիւնը կը փոխէ հայերու հանդէպ, պարզապէս կարելի է կոչել անհեռանկար ու քանդիչ քաղաքականութիւն: Արդեօք չե՞ն տեսներ թէ ահաւոր դաւ մը կը հիւսուի մեր դէմ մութին մէջ:
Սփիւռքը իր դատը պիտի՛ շարունակէ՝ անկախ այն տխուր փաստէն, որ այսօրուան հայ իշխանութիւնները կը փորձեն այլ պատկերացմամբ ճամբայ ելլել:
ՄԻ ՆՈՐ ԴԱ՞Վ ԱՊՐԻԼԻ 24-Ի ՆԱԽՕՐԵԻՆ
«Ահաւոր բան մը այնտեղ կը կատարուի մութին մէջ»: (Վահան Թեքէեան)
Սեպտեմբերյան պատերազմում հայկական կողմի համար նվաստացուցիչ ելքից քիչ օրեր անց հայության ճամբարում գլուխ բարձրացրին ու ջրի երես դուրս եկան բազմաթիվ լուրջ խնդիրներ:
Կարծես բավարար չէին Սյունիքի, Սևանի ու Երևանի շուրջ պտըտվող ազերի բարձրաստիճան անձնավորությունների և անձամբ Ալիևի ծավալողական և սադրիչ հայտարարությունները, մի քանի շաբաթ է ինչ ուրվագծվում են հայ-թրքական միջազգային տարանցիկ ճանապարհների բացման և շահագործման մասին տարաբնույթ հայտարարություններ, որոնց ետին դժվար չի նկատել թաքնված մտքեր, որոնք ավելի քան բավարար են գլխապտույտ առաջացնելու համար: Տվյալ ալեկոծության մեջ տարածաշրջանից ներս տիրող նոր զարգացումների և հին երազների զարթնումները հայությունից պահանջում են առավելագույն աչալրջություն, զգոնություն և արհեստավարժ (պրոֆեսիոնալ) մոտեցումներ:
Մեր դիմակայած լարվածությունների վրա ավելացավ նաև Ցեղասպանության ոգեկոչման օրվա նախօրեին մեզ ամենից շատ հուզող ևս մի զարգացում, դա մի կողմից ՀՀ-Թուրքիա-ԱՄՆ հայտարարություններն էին և մյուս կողմից ՌԴ-ի պապանձումը՝ ծավալվող նյութի շուրջ: Պետք է համապատասխան եզրակացություններ հանել, երբ ՌԴ-ը դեռևս լուռ է մնում, բայց լրջորեն հետևում է զարգացումներին, քանի որ իր սեփական խնդիրներն ունի Թուրքիայի, Ադրբեյջանի, ԱՄՆ-ի և ՀՀ-ի հետ անջատաբար:
Դժվար չի նկատել, թե ինչ պատճառով Թուրքիա, որը մեծ դեր խաղաց վերջին պատերազմին ի նպաստ Ադրբեյջանին, փորձում է խիստ, բայց կշռադատված դիվանագիտական դավադրամիտ հնարամտությունների լեզվով խօսել նախագահ Բայտդընի հետ: Թուրքիա կրկին անգամ փորձում է խաղալ մի տասնամյակ և ավելի առաջ իր փորձված խաղաքարտը, որը նպատակահարմար էր թվացել ԱՄՆ-ի այդ ժամանակվա վարչակազմին, որի հետևանքով էլ Հայկական Ցեղասպանության ճանաչման խնդիրը հանվել էր օրակարգից՝ իբր առիթ տալու կողմերին (Թուրքիա, Հայաստան) շարունակելու «մերձեցման ջանքերի իրականացում»ը: Ի վերջո Թուրքիային հաջողվել էր հետաձգել տալ ճանաչումը և ժամանակ շահել: Այսօր նմանապես Թուրքիան այդ խաղաքարտը խաղալու բազմաթիվ պատճառներ ունի, մինչ նկատում ենք, որ ՀՀ իշխանությունների կողմից անխոհեմ՝ եթե ոչ աղետաբեր, բարեխառն արտահայտություններ են լսվում բարձրագույն իշխանական ամբիոններից:
ՀՀ իշխանությունների կողմից հնչում են հարևան երկրների հետ (հատկապես Թուրքիա և Ադրբեյջան) մերձեցման, թշնամական ելույթների և հռետորաբանութիւնների դադրեցման, սահմանների բացման, արևմուտք-արևելք տարածաշրջանային զարգացման «նոր հեռանկարների» մասին մի նոր երանգով հրապարակ նետված արտահայտություններ՝ կարծես թե հայությունը լիներ խոչընդոտը ազգերի միջև փոխահասկացողության հանգելու ճանապարհին:
Ուղղակի կարելի է ապշել փաշինյանական արտաքին քաղաքականության այս վարքագծին վրա, որով ստիպվում ենք հարց տալ՝ պատմությունից երբևիցե որևէ դաս առե՞լ են մեր պետական նորելուկ այրերը: Պետք կա՞ հիշեցնելու, թե Թուրքիայի կողմից նետվածը սոսկ խայծ էր մի կողմից «զարգացման նոր հեռանկարների» հույսերով օրօրելու ՀՀ-ի շվարած ու անճրկած իշխանությունն ու նրան հավատացող զանգվածները, մյուս կողմից թրքական «նրբախոհությամբ» և սուլթանական խորամանկությամբ պատգամ ուղարկել ԱՄՆ-ին՝ հասկացնելու, թե՝
ա) պետք չէ խանգարել Թուրքիա-Հայաստան (իբրև թե) բարեխառնվող հարաբերությունները կամ մերձեցման փորձերը,
բ) Թուրքիան խիստ զգայուն է, երբ ԱՄՆ-ի նման մի դաշնակից ճանաչի Թուրքիային վերագրված մի ցեղասպանություն՝ փորձելով հակա-ապացույցներով ժխտել իրագործվածը,
գ) Ցեղասպանությունը ճանաչելով ԱՄՆ-ը լուրջ վտանգի տակ է դնում ՆԱԹՕ-ի ամենից զորավոր դաշնակիցներից մեկի հետ իր հարաբերությունները:
Ցեղասպանության ճանաչումը «հայկական հարցի» կամ մեր երազների իրականացման ճանապարհի վրա մի կարևոր հանգրուան է, բայց ոչ վախճանակետը: Մեր գերագույն նպատակն է այս արևի տակ ունենալ այն ինչ որ մերն է եղել դարերով, մասնակցել ենք քաղաքակակրթության զարգացման, նպաստել ենք տարածաշրջանում ժողովրդների մերձեցման, մշակութային և այլ ասպարեզների զարգացման, որը բրտորէն կասեցվել է սելճուք-մոնղոլական ցեղերի հետնորդների՝ օսմանեան թուրքերի ջարդերով ու ցեղասպանությամբ:
Հետևաբար, Հայաստանի գոյությունը, պատմական հողերի հանդեպ մեր ունեցած արդար պահանջատիրությունը սակարկության և քաղաքական հաշիվների նյութ չեն կարող լինել: Սփյուռքի հայությունը, այնքան ժամանակ որ շարունակում է իր ապրած երկրում զգալ նաև հայ և ցեղասպանված մի ժողովրդի հետնորդները, մեր սրբազան պարտականությունն ենք նկատում գծուծ հաշիվներից ելնելով զիջումների չգնալ: Այստեղ արժի մեջբերել պատմաբան Աշոտ Մելքոնյանի խոսքերը այդ զիջումների առթիվ, ուր ասվում է. «… զիջումները պիտի լինեն բացառապես հայ ժողովրդի ազգային շահերի հաշվին, փոխանակ Թուրքիա դեմ առ դեմ նստի իր պատմական անցյալի հետ»:
Տակավին ի՞նչ զիջումներ պետք է անենք անպատմելի ու անհաշվելի կորուստներից հետո՝ հայրենի հող, շարժական և անշարժ կալվածներ, մշակութային և հոգևոր կառույցներ, միլիոնավոր մարդկային զոհեր, մանավանդ՝ ի՞նչ օգուտ կա (իբր թե) դիվանագիտական դարձդարձիկ լեզվով «փոխադարձ հասկացողությունների» վերաբերյալ պատգամներ ուղարկել թշնամուն: Ո՞վ ու՞մ է ուզում հաճոյանալ կամ սիրտը շարժել: Բավարար չէի՞ն մեր նախկին դառն փորձառությունները դեռ 1908-ի Երիտթուրքերի անարյուն «հեղափոխությունից» հետո, որից միայն հինգ-վեց տարի անց այդ հեղափոխության մասնակից ամբողջ հայ քաղաքական միտքն ու մտավորականութիւնը ոչնչացվեց մի քանի ամսվա ընթացքում: Հարյուր տասնեւհինգ տարի հետո մի՞թե վերջին պատերազմը դաս չեղաւ:
ՀՀ-ի իշխանությունները եթե միամիտ են կարծում այսօրվա թուրքին և անում են ենթադրություններ, թէ մի գուցե Էրդողանի Թուրքիան իր քաղաքականությունը կփոխի հայերի և Հայաստանի հանդեպ, պարզապես կարելի է կոչել անհեռանկար ու քանդիչ քաղաքականություն: Արդեո՞ք չեն տեսնում, որ մի ահավոր դավ է հյուսվում մեր դեմ «մութի» մեջ:
Սփյուռքը իր դատը պետք է շարունակի՝ անկախ այն տխուր փաստից, որ այսօրվա ՀՀ-ի իշխանությունները փորձում են այլ պատկերացմամբ ճանապարհ ելնել:
2 comments
Excellent editorial. Ayo ahavor pan me ayndegh ge gadarvi moutin mech, inchbes esadz e Vahan Tekeyan.
Bravo to this editorial.
Any initiatives by the elite in Armenia to compromise recognition of the Genocide will be met by strong opposition of the Diaspora like it stood in unity during the negotiations of the infamous “Protocols” in 2009.
As the editorial says, recognition of the Genocide is not an end in itself. However, the more countries acknowledge it — specially USA and Israel — the more Turkey potentially will be dissuaded from causing more harm than it already has done.