Հայերեն խոսող կարպետներ՝ Մոնրեալում

photo by: Hrair Hawk

Մարիամ Մուղդուսյան, Տորոնտո, 9 Սեպտեմբեր 2021

Իմ խորին համոզմամբ մենք սփյուռքին լավ չենք ճանաչում, ինչպես սփյուռքը հայաստանցուն լավ չի ճանաչում, այս տեսակ ակնարկները միմյանց ճանաչելու քայլերից են, և թերևս հայրենիք-սփյուռք կամուրջներից կարող է լինել։

photo by: Hrair Hawk

Գունավոր, ասեղնագործ կարպետների կախարդական  աշխարհում կարելի է հայտնվել Կէօնճեանների տանը։ Մի պահ կարելի է կարծել, թե գտնվում ես հայկական որևէ հեքիաթում․ ամեն անկյունից հայկական նախշազարդերի գույներ են երգում, թվում է՝ այս գունավոր աշխարհում հայկական լեգենդներ են ապրում։ Տասնյակ կարպետներից ոչ մեկը մյուսին չի կրկնում, սակայն կարծես միմյանց լրացնող, անվերջ պատմություն լինեն։

Այս բոլոր կարպետների հեղինակը Շաքէ Կէօնճեանն է ( օրիորդական ազգանունը՝ Պէնօհանեան)։  Նրա ստեղծած կարպետները թվում է՝ ձեռագործ չեն, դրանք կարծես  երևակայական  աշխարհում են հայտնվել, հետո առանց մարդկային միջամտության հենց երևակայությունից էլ տեղափոխվել են իրական աշխարհ՝  շոշափելի, տեսանելի։ Կարելի է ձեռք տալ դրանց ու շոշափելով՝ զգալ գույների սառը և տաք լինելը, լսել զրույցների ձայնը։

Շաքէ Կէօնճեանի մեջ   ձեռագործի նկատմամբ սերը  թերևս ընտանեկան է, ասում է՝ մայրը գործել է դեռ 13 տարեկանից, սակայն ինքն իր հայրական տանը չի գործել, սկսել է շուրջ 35 տարի առաջ, երբ Եգիպտոսից տեղափոխվել են Կանադա։

Հենց այստեղ էլ՝ Մոնրեալի նրա տանը, հանդիպեցի նրան։

Մեկ կարպետ՝ մեկ տարի

photo by: Hrair Hawk

«Օրական 5-6 ժամ աշխատելու դեպքում մեկ տարում մեկ աշխատանք է ստեղծվում։
Ոովհետև մեկ գորգի վրա մի քանի ամիս են գործում մի քանի հոգի, իսկ ես մենակ եմ գործում, դրա համար էլ մեկ տարի է տևում։  Ամեն մեկն իմ մեկ տարվա կյանքն է», – ասում է Շ․Կէօնճեանը ։

 

Տեխնիկական առումով այս կարպետները ստեղծելը պարզ բան չէ․ բոլոր աշխատանքները հաշվելով պետք է անի, և եթե որևէ տեղ սխալվում է, ապա պետք է  քանդի,  կրկին գործի,  քանի որ փոքր սխալն անգամ հետո աչք է զարնում։

photo by: Hrair Hawk

Աշխատանքային ընթացքին իրապես նման է հրաշքի․ լրիվ ճերմակ կտորին հանկարծ հայտնվում է գունազարդ պատկեր՝ ճիշտ կտավի նման․ ճերմակ ոչնչին հայտնվում է հեքիաթ։

Շուրջ երեք տասնյակ կարպետներից շատերը Շաքէ Կէօնճեանը նվիրաբերել է հայկական կազմակերպություններիին՝ հայկական նախագծերին  աջակցելու համար։ Ըստ էության դրանցից շատերը ծառայել են հայապահպանության զանազան ծրագրերի՝ հետագայում շարունակելով իրենց ուրույն կյանքը։

Ինչպե՞ս

photo by: Hrair Hawk

էօնճեանների տան ամեն անկյունը հայակական գույներ են, խոսքը՝ մաքուր, գրական հայերեն։ Ինչպե՞ս է ստացվել, որ ծնված չլինելով Հայաստանում, այնուամենայնիվ, այսքան ամուր կապ է զգում հայկականության նկատմամբ, հատկապես, որ իր հայրական կողմը՝ Պէնօհանեանների ընտանիքը, Ցեղասպանությունը վերապրածներից են՝ Արևմտյան Հայաստանից՝ Մարզվանից, իսկ տինին Շաքէի մայրական մեծ պապը 1800-ականներին է գնացել Ակնից Մանսուրա (Եգիպտոս)։

Հաստատվելով Եգիպտոսում՝  նրանք պահպանել ու սերնդեսուրնդ են փոխանցել հայկական սովորույթները,ավանդույթներն ու լեզուն՝ հայերենը։  Շուրջ երկու դար չապրելով հայրենքում՝ այնուամենայնիվ, Պէնօհանեանների, ապա նաև Կէօնճեանների ընտանիքները  կարողացել են պահպանել իրենց ազգային ինքնությունը։

«Հայկական շունչը հայրիկիս մեջ էր,  դա ինձ վրա ազդեց շատ։ Եգիպտոսում շատ ակտիվ համայնքային գործունեություն էր ծավալում, նրան գաղութի հայրիկ էին ասում», -պատմում է Շ․ Կէօնճեանը, հետևաբար կարծում է, որ սփյուռքում հայ մնալու առաջին նախապայմանն ընտանիքն է։

Լուսանկարը ՝ Նորա Կէոնճեան

Հարցնում եմ՝  ինչպես են շուրջ երկու դար կարողացել պահպանել մշակույթն ու լեզուն, ինչպե՞ս է պատահել, որ չեն ձուլվել, և արդյոք հայ մնալը բարդ չէ՞ Կանադայում։  «Գիտես, Եգիպտոսում ավելի դյուրին էր ազգային ինքնության պահպանումը, քան Կանադայում է, քանի որ այնտեղ  կրոնի ու լեզվի պատ կար։ Այստեղ պատեր չկան, այդ իմաստով ձուլումն ավելի դյուրին է Կանադայում։ Հետևաբար,   Կանադայում ծնված երեխայի կապը Հայաստանի հետ խիստ կարևոր է։ Սա էլ, իհարկե,  կախված է ընտանիքից․․․»։

Շ․ Կէօնճեանի խոսքով, սակայն, հայ մնալու, երեխային հայրենիքը սիրել տալը բառի մակարդակով չէ, որ իրականացվում է։ Եթե ծնողն ինքը հոգևոր կապ է ունենում հայրենիքի հետ, եթե այդ կապն իրոք կա, իր երեխան էլ է սիրելու, անկախ ամեն ինչից, և ձգտելու է անպայմանորեն դեպի իր ակնունքները, հայկական ակունքները։

Գաղտնագիր խաչեր

photo by: Hrair Hawk

Սկզբունքայի՞ն է  արդյոք  հայկական զարդանախշեր գործելը, թե ոչ,  չէ՞ որ կարելի է պարզապես սիրել ասեղնագործ կարպետներ ստեղծելու արհեստը։ Տկն. Շաքէն  ասում է, որ իր համար կարպետները սոսկ ձեռագործ չեն,  դրանք  առաջին հերթին հայկական նախշեր են,  հետո նոր կարպետներ։ «Ես ամենուրեք հայկական նախշեր եմ փնտրում։  Անգամ այն գորգերում, կարպետներում, որոնք ներկայացվում են թանգարաններում որպես թուրքական, ես տեսնում եմ հայկական հետքեր․ փոքրիկ խաչեր, որոնք ոչ մեկը չի նկատում, բայց դրանք հայկական են, կան նաև գաղտնի հայերեն գրեր։ Օրինակ «Յ» գիրը կա, որ Յիսուս է նշանակում, հետևաբար դրանք հայեր են ստեղծել, հայկական են արդեն իսկ, գաղտնագրված գորգեր ու կարպետներ են»։ Տիկին Շաքեն նաև պատմում է, որ մահմեդականները կենդանիներ չեն պատկերում իրենց նախշերի մեջ, իսկ հայերը պատկերում են կենդանիներ, և դրանք կարելի է տեսնել գորգերում, կարպետներում։  Դրանք մեր ժողովրդի պատմության մի մասն են, մշակութային առանձնահատկությունները։

Իզուր չէ, որ հայկական գորգերից ամենատարածվածը հենց վիշապագորգն է, որի ակունքները նախաքրիստոնեական ժամանակներ են հասնում՝ ընդհուպ մինչև հնագույն աստվածներից Վիշապաքաղ Վահագն  աստծո պաշտամունք։ Վիշապի պատկերներով գորգերն ու կարպետները խորհուրդ են ունեցել հին հայերի համար․ հավատացել են, թե պաշտպանված են չար ուժերից․․․

Այս լեգենդներին չհավատալը դժվար է Շ․ Կէօնճեանի ստեղծած աշխարհում նույնպես։

Պահպանում, զարգացում, փոխանցում

Լուսանկարը ՝ Նորա Կէոնճեան

Տեխնոլոգիաների արագ զարգացող աշխարհում արդյոք այս արհեստով հետաքրքրվողներ կա՞ն, հայ երիտասարդները ցանկանու՞մ են արդյոք սովորել, այն էլ Մոնրեալում, որտեղ այնքան շատ են գայթակղությունները հայկական կրթական, մշակութային կանոնավոր կյանք չունենալու համար։ Վերջիվերջո, կիրարական արվեստի այս տեսակը պահպանելը, զարգացնելն ու սերունդներին փոխանցելը կարևոր առաքելություն է, այն էլ սփյուռքում, որտեղ ուծացման գործընթաց է տեղի ունենում, իսկ ձեռագործի այս տեսակը դատապարտված է, եթե երիտասարդներն այն չսովորեն՝ հետո իրենց երեխաներին փոխանցելու նպատակով։

Նախքան համավարակի խստացումները, Շաքէ Կէօնճեանը  ՀՕՄ-ի երիտասարդ աշակերտուհիներին է սովորեցրել ասեղնագործ կարպետի տեխնիկան, սովորեցրել է գործել, փոխանցել է  իր գիտելիքները՝ հույս ունենալով, որ այս արհեստը, այս արհեստի հայկական մեկնաբանությունները կփոխանցվեն սերնդե սերունդ։ Նրանց աշակերտների մեջ է նաև իր դուստրը՝ Նորան, որ թերևս  կշարունակի այս՝ արդեն ավանդական դարձած ավանդույթը՝ սերնդե սերունդ փոխանցելով հայկական ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության առաքելությունը։

Լուսանկարը ՝ Նորա Կէոնճեան
photo by: Hrair Hawk
Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like