30 Մարտ 2021
Հարցազրույց Մուղդուսյան արվեստի կենտրոնի հիմնադիրներ, գեղանկարիչ Մարիամ Մուղդուսյանի և երաժիշտ, Նաիրյան վոկալ անսամբլի գեղ․ ղեկավար Նաիրա Մուղդուսյանի հետ։
Գեղարդ.- Խնդրում ենք պատմել մեզ Մողդուսյան արվեստի կենտրոնի մասին։ Ինչպե՞ս է այն ստեղծվել։
Մարիամ, Նաիրա (ՄՆ).- Մուղդուսյան արվեստի կենտրոնը հիմնվել է 2014 թվականին։ Հիմնական նպատակն է եղել արվեստի նախաձեռնությունների համար տարածք հիմնելը, արվեստի կրթության հնարավորություն ստեղծել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համար (հաշմանդամություն ունեցող, փախստական, ծանր սոցիալական պայմաններում ապրող երեխաների համար)։
Ոչ պակաս կարևոր նպատակներից մեկն էլ եղել է ազգային մշակույթի պահպանումն ու փոխանցումը սերունդներին։ Մեզ համար առաջնային ուղղություններից է նաև կանանց և աղջիկների զորացումը՝ արվեստի միջոցով։
2015 թվականին Նաիրան հիմնեց Նաիրյան վոկալ անսամբլը, որի առաքելությունը ազգային դասական, ժողովրդական երաժշտության հանրահռչակումն է, կանանց և աղջիկների զորացումը՝ ազգային, դասական երաժշտության միջոցով։
2014 թվականից իվեր Մուղդուսյան արվեստի կենտրոնում արվեստի անվճար կրթություն է ստացել շուրջ երեք հարյուր երեխա։ Նրանցից ոմանք այսօր արդեն արվեստի բուհերի ուսանողներ կամ շրջանավարտներ են։
Գեղարդ.- Ինչու՞ է կարևոր Մուղդուսյան արվեստի կենտրոնն ու Նաիրյան վոկալ անսամբլը։ (Հայաստանոմ կան նաև կենտրոններ, որտեղ երեխաներն անվճար արվեստի կրթություն են ստանում, և կամ կան երաժշտական խմբեր։)
ՄՆ.- Մուղդուսյան արվեստի կենտրոնը գոնե Երևաննում գործող եզակի կենտրոններից է, որտեղ երեխան բազմակողմանի կրթություն է ստանում, որտեղ չի ձևավորվում խարան, այսինքն այստեղ հաճախում են նաև երեխաներ, ովքեր որևէ առողջական խնդիր չունեն, չունեն նաև սոցիալական խնդիրներ։ Այսինքն այստեղ իրապես ներառական միջավայր է և ապացույց է, որ լիարժեք ներառականությունը գոյություն ունի, և այս իմաստով մեր կենտրոնն իրապես եզակի է։
Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ երբ մենք ասում ենք՝ անվճար կրթություն ենք ապահովում, հաճախ այդ կրթության որակն այնքան չի լինում, որ երեխան կարողանա նաև բուհ ընդունվել կամ մասնագիտական հմտություններ ձեռք բերել այնքան, որ կարողանա նաև աղքատության շեմը հաղթահարել։ Սա մեր առաջնահերթություններից է։ Մենք բուհերում սովորող, արդեն ավարտած սաներ ունենք, մեր տված մասնագիտական կարողությունների շնորհիվ երեխաներ էլ կան, որ իրենց օրվա հացն են վաստակում՝ արդեն որպես երիտասարդ մասնագետներ։
Գեղարդ.- Ինչու՞ Նաիրյան վոկալ անսամբլը:
ՄՆ.- Բացի այն, որ անսամբլն իսկապես հավատարիմ է իր որդեգրած սկզբունքներին երաժշտական առումով, այն նաև լուրջ սոցիալական արժեքներ է ներկայացնում, փոխում սոցիալական նորմեր, կոտրում կարծրատիպեր։
Անսամբլը տարածաշրջանում միակն է, իսկ ողջ աշխարհում իրապես եզակի խմբերից մեկը, որ երգում է ակապելլա, բազմաձայն ստեղծագործություններ՝ դրանք զուգահեռաբար թարգմանելով ժեստերի լեզվով։
Միաժամանակ, այն պարբերաբար արվեստային, կրթական, երաժշտական նախագծեր է իրականացրել՝ նվիրված կրծագեղձի քաղցկեղի դեմ պայքարին, կանանց զորացմանը։ Անսամբլը նաև ելույթներ է ունեցել քրեակատարողական հիմնարկներում, հիվանդանոցներում, տուն-ինտերնատներում, մարզերում․․․
Գեղարդ.- Ի՞նչ խնդիրներ կան, որոնց բախվում է կենտրոնը:
ՄՆ. Կենտրոնն իր կրթական ծրագրերն իրականացնելիս, 300 երեխայի արվեստի անվճար կրթություն է տվել, այս մասով երբեք պետական որևէ աջակցություն չի ստացել։ Նաիրյան վոկալ անսամբլը 6 տարվա գործունեության ընթացքում ստացել է աջակցություն 3 անգամ 4-6 ամիս տևողությամբ։ Հանրագումարով նույնիսկ 2 տարվա աջակցություն չի ունեցել։ Այս իմաստով այստեղ երգող բոլոր աղջիկներն իրապես իրենց գործի նվիրյալներն են, ովքեր հավատում են, որ «ոչ միայն հացիվ, այլև բանիվ» է։(Նաիրա)
Բնականաբար, մեզ համար ամենալուրջ խնդիրը ֆինանսականն է։
Մեկ այլ, իրապես կարևոր հարցն այն է, որ մինչև երեխան դուրս գա տնից, որ հասնի որևէ կրթօջախ, պետք է կարողանա ճանապարհածախս ունենալ, հագուստ և սնունդ։
Այսինքն միայն կրթությունը բավական չէ, դու պետք է կարողանաս նաև հոգալ երեխայի հագուստը, սնունդը, ճանապարհածախսը, ինչը և փորձում ենք անել։
Ուզում եմ ասել, նման կենտրոն պահելը դոնկիխոտություն է, մյուս կողմից, սա իմ, մեր ընտանիքի կյանքի գործն է, և եթե այս ֆանատիզմը չլինի, այն պարզապես չի լինի։ -Մարիամ
Գեղարդ.- Պետական աջակցության մասին:
ՄՆ.- Նախկինում նույնիսկ փնտրում էինք համագործակցություն, ինձ համար, որպես կենտրոնի հիմնադիր ու հիմնական գաղափարները գեներացնող (ընդհանրացնող, տարածող) անձ, կարևոր է եղել նույնսիկ ոչ նյութական աջակցությունը, այն է՝ թեկուզ մի լավ խոսքը, համագործակցությունը, հատկապես, որ հավատացել եմ հեղափոխության սահմանած արժեքներին։ Հիմա, երբ հասկացել եմ՝ որքան միամիտ եմ եղել՝ կարծելով, թե համակարգային փոփոխություն է լինելու, արդեն ես չեմ ուզում ոչ նյութական, ոչ էլ ոչ նյութական աջակցությունը։ Իրենք գիտեն։ Մենք այն ծավալի աշխատանք ենք կատարել և այնպիսի արդյունքներ ենք ունեցել մեր հնարավորությունների հետ համեմատ, որ արդեն կոնկրետ ՀՀ ԿԳՄՍ նախարարության խնդիրն է մեզ չճանաչելը, մեզ հետ չաշխատելը, մեզ մերժելն ու անտեսելը։
2020 թվականին անսամբլի և կենտրոնի գաղափարների համար փոքր ֆինանսավորում ստանալու համար դիմել ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարություն 8 գաղափարով։ Բոլորը մերժվել են՝ իմ խորին համոզմամբն բացարձակ անտարբերության, անտեղյակության ու սուբյեկտիվ տրամաբանությամբ։ (Մարիամ)
Հայաստանում մշակութային քաղաքականությունը շրիշակի մակարդակից ներքև է իջած, նրանք միայն իրենց նեղ ընկերային շահերին են սպասարկում, ինչպես եղել է նախկինում, և մի իշխանություն, որը չի դողացել, իրենց կյանքերի գնով չեն փրկել Շուշիի մշակութային ժառանգությունը, ինչպե՞ս կարող են հասկանալ ահա այս փոքր կենտրոնի կարևորությունը, արվեստագետների հետ աշխատելու մոտեցումն ու ձևը, ինչպե՞ս կարող եմ ակնկալել, թե այս մարդիկ սեփական շահերից այն կողմ կարող են որևէ այլ բան էլ տեսնել։ Ես սա համարում եմ աղետ երկրի զարգացման ու կայունացման տեսակետից, իսկ անհատի տեսակետից ուղղակի չեմ նկատում, ջնջել եմ նրանց, թեև չեմ բացառում, որ Նաիրյան վոկալ անսամբլի ղեկավարը, որն, ի դեպ, իմ քույրն է՝ Նաիրան, կարող է ավելի ճկուն է ու կարող է հետագայում նաև փորձել պետական ֆինանսավորման համար կրկին դիմել՝ հաշվի առնելով, որ, այնուամենայնիվ, դրամաշնորները գոյանում են մեր հարկերից, և ոչ թե պաշտոնյաների անձնական նվիրատվությունն է։
Գեղարդ.- Ինչպե՞ս է կենտրոնը շարունակում իր գոյությունը և ինչպե՞ս եք պատկերացնում նրա ապագան:
ՄՆ.- Միշտ ասում եմ՝ մեր կենտրոնն ու անսամբլը գոյատևում են սիրով ու հրաշքով, նաև մեր անձնական միջոցների ու երբեմն հայտարարվող հանրային դրամահավաքների շնորհիվ։
Չնայած եղած դժվարություններին՝ կենտրոնը մեծ տեսլական ունի․ այն անպայման մի օր մեծ տարածք է ունենալու, և իմ գրքային պատկերացումները սոցիալական արդարության մասին անպայման իրականանալու են։
Բնականաբար, այս նախաձեռնություններից շատերը մեծ ցանկություն ունեմ իրականացնելու նաև Տորոնտոյում․ Զապէլ Եսայեանի , Տյուսապի, Սիրան Սեզայի և այլ համարձակ, հայ հայտնի կանանց ֆոտոմանեկենները մեծ ցանկություն ունեմ անել նաև Տորոնտոյում, բայց եթե Երևանում ես գիտեմ՝ որտեղ կարելի է անել, ում դիմել աջակցության, նույնիսկ ինձ են առաջարկում,ես նույնը չեմ կարող ասել Տորոնտոյի համար։ Իրականում բավականին բարդ է։ Գրել եմ շատերին, ովքեր կարող էին գոնե հուշել՝ որտեղ անել այս շարժական ցուցադրությունը, ի վերջո, նպատակը հայկական մշակութային ժառանգության ներկայացումն է, ցույց տալը, որ դեռևս 20-րդ դարում հայ կանայք շատ արժեքավոր մշակութային, գրական ժառանգություն են թողել, կին դեսպան ու խորհրդարանի պատգամավորներ ենք ունեցել դեռևս 20-րդ դարի սկզբում։
Մյուս կողմից, Կանադայի հնարավորություններն անտարակույս ավելին են, քան Հայաստանն ունի այս պահին։ Բոլոր դեպքերում Հայաստանին է ուղղված գոնե իմ հայացքը։ Կանադան այս պահին միջոց է կամ պետք է դառնա, որ Հայաստանում մեր հիմնած այս փոքրիկ, բայց շատ տաքուկ անկյունը կարողանա գոյատևել ու հաղթահարել պատերազմի, համավարակի հետևանքները։
Մենք հասկանում ենք, որ մեր սոցիալական դիրքն իրականում թույլ չի տվել սա բացել, աշխատացնել ու սա պահել, մյուս կողմից, մի՞թե չենք կարող երազել, և ինչու՞ չի կարելի հոսանքին հակառակ գնալ, հաջողության հասնել, ինչու՞ չի կարելի լինել Դոն Կիխոտ, ինչու՞ չի կարելի ապրել ու ստեղծագործել մեր երկրում։ Ամեն դեպքում փորձելու ենք, անելու ենք ամեն ինչ՝ կենտրոնը չփակելու, չկոտրվելու համար։
Շրիշակ – Փայտի երկայն, նեղ ու բարակ շերտ, որ կպցնում են դռների, պահարանների եւն փակվող փեղկերի եզրերին, փեղկերի միջի արանքը գոցելու համար եւ որին դէմ է առնում միւս փեղկը՝ փակվելիս (Հայերէն բացատրական բառարան, Ստեփան Մալխասեանց, 1944)