ԲԵՐԴԱՎԱՆ ԿԱՄ Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Մարիամ Մուղդուսյան, Երևան, 9 Ապրիլ 2021

Մեկնել էի Տավուշի մարզի Բերդավան գյուղ։  Այն Ադրբեջանի հետ սահմանից 2 կմ. է հեռու, սահմանակից է նաև Վրաստանին։ Գյուղն ամբողջությամբ ներկայացնում է Հայաստանի անցնող տարիների իրական պատկերը․  գյուղի նկատմամբ վերաբերմունքի, պետական հոգացածության բացակայության իրական պատկերը։

Գրեթե 50 տարի անց վերջերս ասֆալտապատել են  գյուղի կենտրոնական փողոցները, և վերջապես կարելի է գոնե գյուղամեջ հասնել առանց մեքենան վնասելու, մինչդեռ կողքի փողոցներում կարելի է մնալ ճանապարհի կեսին։ Մեր պապական տուն գնալը գյուղամիջից տևեց մոտավորապես 30-40  րոպե, ոտքով կարելի է հասնել 10 րոպեում։ Երբ ադրբեջանցիներն սկսում են ռմբակոծել, գյուղացիներից շատերը ժամանակավորապես լքում են գյուղը՝ գնալով հարևան Կողբ կամ Հաղթանակ և այլ գյուղեր, որտեղ ավելի ապահով է։ Մինչ մեքենան հաղթահարելով դարուփոսերը՝ մոտենում է մեր պապական տանը, ես մտածում եմ՝ ինչպես կարող են մարդիկ այստեղից թեկուզ դուրս գալ կամ ինչ արագությամբ կարող են գնալ հարևան գյուղեր, եթե ճանապարհներն այսքան անմխիթար են, և ինչքան պետք է չսիրես քո ժողովրդին, որ չապահովես ապաստարաններով, չապահովես արագ տարհանման պայմաններով, և արդյոք կհասցնե՞նք արագ հեռանալ, եթե Աստված մի արասցե, մի օր նման անհրաժեշտություն առաջանա։

Գյուղի կենտրոնում են գտնվում Մշակույթի տունը, գյուղապետարանը,  Երաժշտական դպրոցը, փոստային ծառայությունը։ Այստեղ՝ հենց մշակույթի տան բակում, փոքրիկ այգի կա, որտեղ երեխաներ են խաղում, և առաջին հայացքից ոչինչ չի հիշեցնում գյուղերի նկատմամբ պետական համակարգային կերպով դրսևորած հանցավոր անտարբերության ու պատերազմի մասին։

Հետո, երբ սկսում ես շփվել մարդկանց հետ, ավելի ուշադիր ես զննում միջավայրը, սկսում ես զգալ պատերազմի բերած աղետի ողջ ծավալը, մարդիկ դեռ ուշքի չէին եկել արցախյան առաջին պատերազմից, և ահա երկրորդ պատերազմը։ Ու մարդիկ պատմում են՝ ովքեր են զոհվել, պատմում են ընտանիքների մասին, ու հասկանում ես՝ իրեն հայ համարող յուրաքանչյուր ոք ճակատագրով քույրեր, եղբայրներ ենք․․․

5 զոհ, 2 անհայտ կորած ունի գյուղը։ Սա իրապես մեծ կորուստ է Բերդավանի համար, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, և մեկի վիշտը մյուսինն է։

Զրույցի ընթացքում լռություն է իջնում, և հասկանում ես՝ այս պատերազմի հետևանքները շատ ավելի խորն են, քան կարելի է պատկերացնել։ Դրա խորը, երկարատև հետևանքներն արդեն իսկ զգացվում են, և եթե հետպատերազմական տրամադրությունները փոխարինվեն գյուղը, հետո երկիրն արագորեն լքելոււ տրամադրությունները, ուրեմն մենք որպես ժողովուրդ ավելի մեծ պատերազմ ենք տանուլ տալու․ մենք գոյության պայքարում չենք հաղթելու, որովհետև դատարկվում են երկիրը պահող հենասյուները։ Այսպիսի տրամադրությունները, ցավոք, գյուղում գերակշիռ են, և ես չեմ մեղադրում ոչ մեկին։

Բերդավանում կարելի է տեսնել արդեն վաղուց լքված տներ, որտեղից է՛լ ծուխ դուրս չի գալիս, արդեն մարել են այս օջախները։ Արտագաղթն, ըստ էության, մահվան պես մի բան է․ սկզբում քեզ կարոտում են, քեզ հիշում են, հետո քիչ-քիչ մոռացվում ես, և քո տարածքը լցվում է  դատարկությամբ, ու տունը դառնում է ընդամենը անշունչ տարածք, ինչ-որ հողատարածք։ Այստեղ մարդիկ կարծես և՛ ապրում են, և՛ չեն ապրում, բոլորի, բոլորի աչքերը թաց են, և հայրենասիրական երգերն անպայման հետո լաց են դառնում։

Այնուամենայնիվ, նրանք, ովքեր դեռևս ապրում են մեր սահմանամերձ գյուղերում, միակ հույս ներշնչող, միակ լուսավոր կետն են այս մռայլ իրականությունում։

Մշակույթի տանը հանդիպեցինք նաև երեխաներին։ Անհավանական էներգիա և սեր կա այս երեխաների մեջ։ Մաքրության, բարության, լույսի, պարզության, սիրո խտացում են սահմանամերձ գյուղի այս երեխաները, և չգիտես՝ ինչ անես, որ նրանց խաղաղ երկիր ժառանգություն թողնես։

Բերդավանի գյուղամեջից ձախ քայլելով՝ կարելի է հասնել գյուղի գերեզմանատանը։ Ննջեցյալներն ասես հսկում են ողջերին՝ այլևս անհաղորդ մարդկային վշտերին, ցավերին, արցունքներին, կարոտներին։ Գերեզմանատանը թարմ հողաթմբեր կան, որոնց մոտով անցնելիս կարծես քավարանի երկար ճանապարհով ես անցնում, և մեղադրում ես ակամայից ինքդ քեզ ողջ լինելու, առհասարակ ապրելու համար։ Մեղադրում ես, որ այս անարդար պատերազմում մենք մեր ապագան թաղեցինք, որ զորեղ չենք, որ 30 տարում չզորացանք, և վախենում ես ողջերի համար․․․

Ի՞նչ անել

Չգիտեմ, սրան մեկ պատասխան կա։ Մի բան հաստատ է․ մարդիկ պետք է  մնան այստեղ, մնան ու արժանավայել ապրեն, քանի որ չի կարելի մեղադրել մարդուն, որ նա չի ուզում զոհվել, ուզում է արժանապատիվ ապրել, ուզում է տաք տուն, տաք ջուր, առհասարակ ջուր ունենալ։ Այո, թվում է՝ ինչ է որ, տաք տուն է, էլի, բայց չէ՞ որ դա քիչ չէ,  և երբ գնում ես Կանադայի պես մեծ երկրից, հասկանում ես՝ որքան խեղճ, որքան աղքատ է մեր երկիրը։  Հնարավոր չէ մեղադրել նրանց, ովքեր լքում են գյուղը, եթե մենք չենք տալիս մարդուն իրեն  ապրելու հնարավորություն, պաշտպանվելու միջոց, ինչպե՞ս կարող ենք  պահանջել, որ որևէ մեկն այստեղ մնա, հողը պահի, տունն ու երկիրը շենացնի։

Գյուղում աշխատանք չկա երիտասարդների համար, զբաղվածություն նույնպես։ Մարդիկ այստեղ ծույլ չեն․ աշխատում են օրնիբուն, այնպիսի անհավանական երիտասարդություն կա, այնպիսի ներուժ, բայց պայմաններ չկան ապրելու, ստեղծագործելու, արարելու։

Ընդհանրապես, ես կարծում եմ, որ, վերջիվերջո, հայերը պետք է ապրեն Հայաստանում, ես սա սուր կերպով գիտակցեցի՝ Հայաստանից 10000 կմ և ավելի հեռու գտնվելու պայմաններում։ Բայց նաև հասկանում եմ, որ անչափ կարճ, մեկ անգամ տրվող կյանքն այնքան քիչ է այսքան մեծ դժվարությունների, հիվանդությունների, ցավի ու դառնության դիմաց։ Արդա՞ր է արդյոք Կանադայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից քննադատելը գյուղը լքողներին։ Կասկած չունեմ, որ եթե մարդիկ ունենան հնարավորություն արժանապատիվ ապրելու, չեն հեռանա գյուղից, չեն հեռանա երկրից, և ուրեմն պետք է նախ պայմաններ ստեղծվեն։  Մենք հասկացանք նաև, որ պետությունը սոսկալի կազմակերպիչ է, որ մեր հավատը կոտրվեց, գնաց, և հենց դա է պատճառը, որ արժե՝ ակտիվ երիտասարդներին, մարզի, գյուղերի ակտիվ երիտասարդներին անհատապես աջակցել՝ որևէ նախաձեռնություն իրականացնելու համար։ Ընդ որում, սկսում եմ կարծել, որ ներդրումները պետք է արվեն անհատապես՝ առանց պետական միջորդների, քանի որ  նույն Համահայկական հիմնադրամին ուղղված միջոցներն ու դրանց տնօրինման ձևը շատերիս վստահությունը սասանեց, էլ չասած, որ նախկինում եղած փորձառությունը նույնպես մեծ կասկածների տեղիք է տալիս։

Մյուս կողմից, ամենահեշտը նույն պետական համակարգին չվստահելն է և այդ պատճառաբանությամբ որևէ աջակցություն չտրամադրելն է, բայց կարելի է սկսել մանր քայլերից․ օրինակ, փոքր նախաձեռնությունների աջակցելուց, անհատական կապեր ձևավորելուց։ Իսկ Հայաստանն իրոք տաղանդավոր երիտասարդներ ունի, այստեղ մարդկային ներուժը շշմեցնող է․ կիրթ, գրագետ, ճամփորդած, հրաշալի երիտասարդներ կան նաև ԲԵրդավանում, և նրանք են մեր երկրի միակ հարստությունը, և փաստորեն, մեր պետական այրերին դա չի հետաքրքրել և չի էլ հետաքրքրում։

Այս մեծ եռանդը, մեծ ավյունը, սերն ու հաստատակամությունն առանց խթանի կորչելու է գյուղի առօրյա հոգսերում և բախվելով անարդարության բետոնե պատին՝ հետո արտագաղթ է դառնալու։

Բերդավանում է գտնվում գյուղի պարծանքն ու իսկապես եզակի հնամենի բերդ-ամրոցը 12-րդ դարի, որի պատճառով էլ հենց գյուղը կոչվում է Բերդավան։ Բերդ այցելելիս անմիջապես ադրբեջանական նշանառուների տակ ես հայտնվում, բայց բերդն ամենասիրելի վայրն է բերդավանցիների, և երբ զբոսաշրջիկներ են գալիս, անմիջապես այնտեղ են ուղղորդվում։ Այստեղ է նաև հնամենի խոնարհված եկեղեցին ու  գյուղի հին գերեզմանատունը՝ խաչքարեր, հնամենի քարեր։ Հայկական կողմը բերդի համար շատ է պայքարել, այն հայկական կողմում է։ Բերդը հայկականն է, այս տարածաշրջանում հայերիս դարավոր ներկայության ավերակվող վկան։ Մյուս վկաները մարդիկ են, մեր կողքին, մեզ հետ նույն ժամանակում ապրող մարդիկ են, և եթե նրանք չլինեն, այլևս այնտեղ ոչինչ կմնա հայկական, և եթե մենք չկարողանանք զորանալ, այս բերդ-ամրոցն ու եղեկեցին հանկարծ վտանգենք, ուրեմն մենք արժանի չենք երկիր ու պետականություն ունենալուն։

2 comments
  1. Յօդուածագիրը չի յաջողիր ծածկել այն ամբողջ թոյնը, որ կը կրէ իր մէջ ներկայ իշխանութեան հանդէպ, որուն ուսերուն կը բեռցնէ երեսուն տարուան դաւաճանութիւններուն ամբողջ բեռը: Լաւ կ’ըլլայ, որ նմանները վայելեն իրենց Քանատաները եւ բնաւ չմիջամտեն Հայրենի իրականութեան: Աւելի օգտակար կ’ըլլան այդպէսով:

  2. I am surprised at Armenag Yeghiayan’s remarks. With all due respect, I found nothing in the article which lays the blame of treachery on the shoulders of the present authorities. Moreover, I saw nothing close to what he says “poisonous”. The essay is a depiction of how the author has seen the village Բերդավան, and I found it very informative, fresh and thought provoking. My suggestion is to look at other articles where the author Mariam Musdughyan is featured and the patriotic work that she carries in the Republic of Armenia.
    Ashot

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

«Մենք Ենք, Մեր Նախագահը»

Սամվել  Հովասափյան, Բեռլին, Սեպտեմբեր 2012 Վերջերս  հայկական տարբեր կայքէջերում կարելի է դիտել Հայաստանի Հանրապետության նախագահի և կառավարության ամբողջ…
Read More