«Գնա մեռի, արի՝ սիրեմ»

mediafactory.am

Մարիամ Մուղդուսյան, Երևան, 23 Օգոստոս 2021

2020 թվականի պատերազմը բերեց բարոյահոգեբանական, սոցիալական, տնտեսական ծանր հետևանքներ Հայաստանի համար, և հայտնի չէ՝ երբ կկարողանանք վերականգնվել այս աղետից։

Հազարավոր ընտանիքներում մեկընդմիշտ մարեց լույսը, և բազմաթիվ գարուններ այլևս մնացին Եռաբլուրում, մնացին անծայրածիր տարածության մեջ՝ բռնելով հավերժության ուղին։

Հազարավոր մահերից, սուգից ու ողբից անդին, սակայն, ապրողներն են մնացել, որոնք մահվան ու կյանքի ճամփաբաժանին փորձում են ապրեցնել զոհերին, փորձում են հնարավորինս երկար հիշել նրանց՝ վախենալով մոռանալ, վախենալով կորցնել արդեն իսկ կորցրածը․․․

Զոհերին հիշելու, նրանց մտերիմ մնալու, նրանց հարատևորեն ապրեցնելու համար ողջերը հուշարձաններ են կառուցում, չեն խնայում ոչինչ, չեն խնայում անգամ իրենք իրենց։

Օրերս իմացա, որ հայկական սահմանամերձ գյուղերից մեկում գյուղի բյուջեի համար բավականին մեծ գումարով հուշարձան են կառուցում, և հիմնականում դրսի մեր հայրենակիցներն են պնդել ու ներդրում կատարել։ Եվ սա զանգվածային բնույթ  է կրում՝ հաշվի առնելով ողջ Հայաստանին պատուհասած ողբերգությունը։

Սակայն, հնարավո՞ր է արդյոք, օրինակ,  18․000-20․000 դոլարով որևէ նախաձեռնություն հիմնել այդ նույն գյուղերում, որտեղ հուշարձանների համար ոչինչ չեն խնայում, հնարավո՞ր էր արդյոք այդքան գումարով որևէի գյուղի լուսավորության հարցը լուծել, տարածք վերանորոգել հանրային նշանակության, հնարավո՞ր էր կրթական որևէ նախագիծ իրականացնել,  զբաղվածության կենտրոններ բացել, վերջապես, այգիներ, ծառեր տնկել, բնակչությանը վերապատրաստել պատերազմի  ժամանակ գործողությունների և այլն․․․ Հնարավոր էր, իհարկե հնարավոր էր,  բայց  ցաված սրտին երևի թե այլ սպեղանի չեն գտնում։

Բնական է մարդկանց՝ հուշարձաններ կառուցելու մղումը, այդպես մի տեսակ ապրեցնում ես մահացածին, նրա հետ առնչվելու տարածք ստեղծում, մոտենում ես անհայտին, սրբատեղի է դառնում, որտեղ գնում ես՝ հարգելու նահատակաց հիշատակը։

Ուրիշ ինչպե՞ս ողջերի անկարողության դիրքերից կյանքից անդին գտնվողին մեծարեն, վերջիվերջո, պետք է, այո, հարգել մեր զոհերի հիշատակը։

Սակայն կա՞  պատասխան, թե ինչպես են դրանք՝ այդ խաչերը, խաչքարերը, գերեզմանաքարերը, հիշատակաց քարարձաններն ապրեցնելու ողջերին, մնացողաց ինչպե՞ս են պահելու իրենց հայրենիքում, այն հայրենիքը, որի համար գնացել են այս երեխաները։

Ես եղել եմ բազմաթիվ սահմանամերձ գյուղերում, տեսել եմ դպրոցներ, որտեղ արժանապատիվ կերպով դասերի հաճախելը բացառված է, պատերն՝ անցքերով լի, որտեղից երևում է բակը, չկա սանհանգույց, լուսամուտներ, եղել եմ գյուղերում, որտեղ բուժկետն արտաքնոց է հիշեցրել, նախկին մշակույթի  տներն ու գրադարաններն՝ առնետանոց, սակայն այս բոլոր գյուղերն ունեցել են մեկ ընդհանրություն․ լավ գերեզմանոցներ։ Մարդիկ շիրիմների համար գումարը չեն խնայել, բայց իրենց երեխաներն ապրում են վերը նշված միջավայրում, այսինքն ողջերին թողած՝ հանգուցլյալներին ենք ապրեցնում։

Վերջիվերջո, նահատակաց հիշելու, հարգելու ամենաճիշտ ձևը, կարծում եմ, ողջերին ապրեցնելն է, և այս պատերազմի արհավիրքին ի պատասխան մենք պետք է ապրողաց տներ բացեինք, մենք պետք է ողբերգությանն ի պատասխան ինքնապաշտպանական բնազդ արթնացնեինք, զորացնեինք մնացողներին, պահեինք նրանց մեր իսկ երկրում, իմաստ ու գույն հաղորդեինք իրենց կյանքին, որովհետև գյուղում ապրող մարդուն պետք է գյուղում պահել ոչ թե հուշարձաններով, մահարձաններով, այլ կյանքով,  ապրելով, նախաձեռնություններով ու վերջապես պարզապես մարդկանց փրկելով։ Անշուշտ, ոչինչ չանել էլ չի կարելի, բայց կարելի է նաև զուսպ անել։

Տավուշի մարզի շատ անտառներում,  օրինակ, կարելի է տեսնել աղբյուրներ, որոնք  կրում են որևէ հանգուցյալի անունը։

Հարազատները բարեկարգել են տարածքը, տեղադրել նստարաններ և տաղավար՝ ի հիշատակ իրենց հարազատի։ Մարդիկ այնտեղ հանգստանում են, ժամանակ անցկացնում, իրենց առիթները նշում։ Հիմա կարծես այլևս նոր աղբյուրներ չեն կառուցվում, եղածների աղբյուրները հիմնականում ցամաքել են։   Երևանում էլ ցայտաղբյուրներ էին կառուցում, դեռ մինչև հիմա էլ կա այդ սովորությունը։ Հազար աղբյուրների, ջրերի երկիր է Նաիրին, որի մարդիկ այդ աղբյուրների փոխարեն այժմ անվերջ խաչեր են կանգնեցնում, աղբյուրները ցամաքեցնում, կյանքը ջրի պես այլևս չի երկարում մեր երկրում։

Ի իմիջիայլոց, ստեղծվող հուշարձանների ճնշող մեծամասնությունը ուրջ գեղարվեստական, արվեստական, մշակութային որևէ արժեք չեն ներկայացնում, որովհետև հատկապես մարզերի հուշարձանները լուրջ գեղարվեստական խորհրդի կազմը չէ, որ հաստատում է։

Արևմտյան  մշակույթում այգիներում,  լճերի աձերին կարելի է տեսնել նստարաններ, որոնց վրա գրված է լինում՝ ում հիշատակին է նվիրված․ «․․․-ին՝ սիրող ընտանիքից», օրինակ։ Սա հրաշալի  սովորություն է, այն կենսունակ է՝ ողջերն է, որ հիշում են հանգուցյալներին, և  որևէ պարզ,  բայց գործառական բան անելով՝ հանգուցյալները կարծես մնում են ողջերի աշխարհում թեկուզ անվան հիշատակմամբ, անցորդների կողմից անունները կարդացվելով, իսկ մեր երկրում ողջերս ենք ապրում հանգուցյալների աշխարհում։

Մենք «սիրող ընտանիքից» միայն շիրմաքար ենք դնում, Հայաստանում շատ քչերի մտքով է անցնում նույն նստարաններ տեղադրել որևէ հանրային վայրում, մի փոքր բան անել իրենց համայնքի համար, չգիտեմ, անգամ մեծ ծառ տնկել, բայց մի գործողություն, որ ապրողների համար է, կյանք է, ապրել է։ Մի՞թե սա մտածողության հարց չէ, որ պետք է, պարտավոր ենք առնվազն վերանայել։

Այս 18-20 տարեկան երեխաներից շատերը, որ զոհվեցին պատերազմի ընթացքում,  ապրում էին վերևում նկարագրած գյուղերում ու միջավայրում։ Դեռ մի քանի տարի առաջ հաճախում էին դպրոց՝ գուցե մրսելով, զրկանքներով, անցքեր ունեցող պատերով դպրոցներում, ապրում էին՝ հետագայում «խոպան» գնալու տեսլականով, ու իրենց կողքին էլ հանգուցյալներին շքեղ շիրմաքարեր էին կառուցում։ Պետք էր նրանց սիրել ողջ եղած ժամանակ, պետք էր նրանց համար պայմաններ ստեղծեին ապրելու, պայքարելու հենց այն ժամանակ, պետք էր նրանց սեր տալ հենց ողջ եղած ժամանակ, նրանց հուշարաձաններ պետք չէր, նրանց ու մեզ կյանք էր պետք․․․

Կա՞ ավելի տխուր խոսք, քան մեր իսկ լեզվամտածողության մեջ մտած մեզ իսկ բնորոշող  ամենատխուր արտահայտություններից մեկը․ «Գնա մեռի, արի՝ սիրեմ»։

Հիմա այլ երեխաներ են գնում այդ նույն դպրոցները, իսկ իրենց կողքին շիրմաքարեր, խաչեր ու հուշարձաններ են կառուցում։ Այնինչ այս երեխաներին է պետք այլևս փրկել, զորացնել, սիրել, որ վաղը նորից հուշարձաններ չսարքենք։

 

1 comment
Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like