Արտագաղթ․ մնա՞լ, թե՞ գնալ

Keghart.org Խմբագրական, 25 Հուլիս 2021

2021 թ․ առաջին եռամսյակում Հայաստանը լքել ու չի վերադարձել ավելի քան 55 հազար մարդ։ 2020 թվականին 11 հազար է եղել այս, իսկ 2019-ին՝ ընդամենը 3000։ Տարեվերջին այս թվերը թերևս ոգևորիչ չեն լինի։

Այո, շատերը մեկնում են ՌԴ՝ արտագնա աշխատանքի, իսկ ձմռանը հետ են գալիս, սակայն ակնհայտ է, որ Հայաստանից հիմա շատ են մեկնում ոչ միայն արտագնա աշխատանքների։ 2020 թվականին Հայաստանին պատուհասած պատերազմի պատճառով Հայաստանից մեկնողները քիչ չեն այս ժամանակաշրջանում, իսկ երբ համավարակի հետ կապված խստացումները թույլ տան նաև արևմտյան երկրները, պատկերն ավելի տխուր կլինի։ Մարդիկ հեռանում են Հայաստանից ներկայումս կամ մոտ ապագայում հնարավոր պատերազմից խուսափելու, ինչպես մեր շատ հայրենակիցներն են ասում, «երեխեքի կյանքը փրկելու համար»։  Մի՞թե հնարավոր է մեղադրել, չէ՞ որ 2020 թվականին մեր զինվորները չունեին համապատասխան զինտեխնիկա, գուլպաներ անգամ չունեին, վրաններ չունեին, ստացվեց՝ տղաները գնացին պատերազմի առանց համապատասխան զենքի։

Մեր հակաօդային պաշտպանությունը,  ժամանակակից զինտեխնիկան, դիվանագիտությունը երեսուն տարվա ընթացքում դարձել էին դղյակներ, ապարանքներ, դարձել էին օտար երկրներում ներդրումներ՝ առանձնատներ, բիզնեսներ, դարձել էին օտար ծովեր հոսող աղբյուրներ․․․ Վերջին 2,5 տարին քաղցր թմբիրում էինք, երբ մտածեցինք ամեն ինչի մասին, բացի ՀՀ անվտանգությունից, երբ երկրի ղեկավարը «գիժ» էր ձևանում՝ խնդիրները լուծելու, ազնվորեն իրավիճակը ներկայացնելու փոխարեն։ Այս պատերազմն աղետալի էր ՀՀ համար, այն խորը հետևաքներ է ունենալու, դրա թողած հետքերը դեռ երկար տարիներ են իրենց զգացնել տալու, և առաջին արձագանքներից մեկն էլ Հայաստանից հեռանալն է։

Երկրում ստեղծված բարոյահոգեբանական, սոցիալ-տնտեսական ծանր վիճակն ընդհանուր առմամբ հատկապես տղա երեխա ունեցող մեր հայրենակիցների շրջանում առաջացրել է վախ, մարդիկ չեն ցանկանում իրենց որդիները պարտադիր զինվորական ծառայության մեկնեն, հատկապես, երբ այս պահին գոնե ՀՀ չի երաշխավորում անվտանգությունը, և Հայաստանի անառիկ դարպասներն այլևս գոցված չեն։ Բայց եթե ազնիվ լինենք, ապա պետք է նշենք, որ Հայաստանից արտագաղթում էին նաև մինչև պատերազմը, և եթե անգամ այն չլիներ, միևնույնն է, արտագաղթը միշտ էլ եղել է մեր աքիլլեսյան գարշապարը։

Առհասարակ, մեր մշակույթում նորմալացված է պանդխտությունը, այն արտահայտվում  է մեր երգերում, արվեստում, մենք անընդհատ գնում ենք օտար ափեր՝ հաջողություն, անվտանգություն, ապահովություն գտնելու։ Կա՞ էլի աշխարհում մի ժողովուրդ, որ պանդխտության մասին այսքան երգեր, այսքան կարոտներ ունի հյուսած, կա՞ էլի ժողովուրդ, որ այսքան հողին կապված լինելով հանդերձ, անվերջ օտար ափերում է փնտրում իր հաջողությունը, անվերջ օտարության է մեկնում։

****

1900-ականներին Բաքվում հայերը բնակչության մոտ կեսն են եղել, Թիֆլիսում հայերը նույնպես մեծ թիվ են կազմել, այնտեղ նրանք ստեղծել, կառուցել են եկեղեցիներ, դպրոցներ, կրթարաններ, հուշարձաններ, և դրանք բոլորը հետագայում կործանվել են, կորցրել իրենց ազգային մշակութային դիմագիծը, որովհետև մեր հարևանները վերաբերվել են հայերին քաղցրահամ մրգի պես․ կերել են մրգի քաղցր մասը,կորիզը՝ թքել կամ ջարդել, որ արմատներ չտա իրենց հողում։ Մենք այդ քաղաքներին սեփականի պես ենք վերաբերվել, ծաղկեցրել ենք, նոր գույն ու ոգի ավելացրել, հետո թողել ենք դրանք, հետո վտարել են այնտեղից հայերին կամ յուրացրել ստեղծածը։

Հիմա էլ ենք իրականում նույնն անում։ Մենք կրկին մեր մտավոր, ֆիզիկական, տնտեսական ներուժը դուրս ենք բերում մեր երկրից, մենք վերստին օտար ափերն ենք ծաղկեցնում, հայրենիք ենք կառուցում այնտեղ, որտեղ ապրում ենք և դրանով ամոքվում, մենք օտար ափերում Հայաստան ենք կառուցում՝ մոռանալով, որ կառուցելու միակ վայրը մեր երկիրը պետք է լինի, մնացած ամեն ինչ իրականում միջոց պետք է լինի ու չպետք է երբեք փոխարինի միակ, անփոխարինելիին։

Հայաստանն էլ իր զավակներին վերաբերվել է խորթ մոր պես․ անվերջ տարել է, վերցրել, պահանջել, երբեմն նույնիսկ վտարել․․․ Այդպես են արտագաղթել և դեռ արտագաղթում է մտածող ու տաղանդավոր հսկա զանգված․ համակարգային անարդարության, կաշառակերության պատճառով գոնե վերջին երեսուն տարվա ընթացքում որքա՞ն մարդ է մեկնել երկրից ու չի վերադարձել։ Հետևաբար արտագաղթը կանգնեցնելու կարևոր գործոններից է լավ կառավարումը, արդարության հաստատումը, կաշառակերության վերացումը․․․

****

Գլոբալացող աշխարհում, երբ համացանցը տալիս է հնարավորություն արդեն տեսնել այլ աշխարհներ ևս, որտեղ չկա պատերազմ, կյանքն ավելի ապահով է, որտեղ չկան հանպատրաստից գլխիդ ընկնող դրոններ ու արկեր, որտեղ կարելի է պարտադիր զինվորական ծառայության չուղարկել որդուդ ու չիմանալ՝ կգա՞ մինուճարդ, թե ոչ, որտեղ գայթակղություններն այնքան շատ են ապահով կյանքի, մարդիկ անվերջ փորձում են ազատվել փակ սահմաներից։ Նրանք տեսնում են, որ կա մեկ այլ աշխարհ, որտեղ սահմաններ չկան, ու քեզ չեն ուզում բնաջնջել քո ազգության համար, որտեղ կա իրավիճակ, երբ կարող ես առանց ծանոթության նաև աշխատանք ունենալ, ունենալ շատ սովորական, կենսական պայմաններ ապրելու համար, ու ահա հայերը գնում են, որովհետև այս կարճ, իրապես կարճ կյանքը չեն ցանկանում անցկացնել տառապանքի ու ցավի մեջ։

Այնուամենայնիվ, նրանք, ովքեր մնացել են Հայաստանում, որովհետև չեն ուզում գնալ և պատրաստ են ՀՀ համար զոհել կյանքը, նրանք են, որ դարեր շարունակ պահել են Հայաստանը։ Այս գիտակցված ընտրությունն է, երբ հասկանում ես, որ այս կարճ, իրապես կարճ կյանքը ոչինչ է, եթե չկա այն հողակտորը, որ մեզ համար հայրենիք է, ծննդավայր։

Այո, մարդիկ կան, որ հետ են գնում, սակայն եկողների ու մեկնողների համեմատությունը եկողների օգտին չէ։

Այո, արտագաղթն անկասելի է, բայց արդյոք այն խոռոչը, որ գոյանում է հայերիս ներսում երկրից հեռանալով, երբևէ լցվու՞մ է, ի վերջո, հեռացողներից շատերը,  առաջին սերունդը գոնե, լիարժեք երջանիկ չի կարող լինել, հնարավոր չէ, որովհետև անընդհատ կիսատությունը, կարոտը չի լցվում, սակայն, այնուամենայնիվ, խզումը կատարվում է։  Սկզբում դու մեծ դատարկություն ես զգում, հետո աստիճանաբար սովորում ես, հարմարվում, սկսում ես մտածել օտար լեզվով, հետո․․․ Հետո գալիս է առանց երգի նահանջելու պահը, և խզումն այլևս անկասելի է, հետևաբար երկրից գնալը, դրսում ապրելն իրականում ընտրության հարց է։ Լավագույն տարբերակում Հայաստանի համար հայերին իրենց երկրում պահելն է, այն երկրում, որտեղ ստիպված չես լինի կյանքի ու մահվան ընտրություն կատարել, որտեղ հնարավոր է զարգանալ, կայանալ, որտեղ ապագա իրոք կա, ոչ թե նախընտրական կարգախոս է միայն․․․

Արտագաղթը կանգնեցնելու, այնուհետև հայրենադարձության համար ամենակարևոր նախապայմանն անվտանգությունն է, հետո՝ սոցիալ-տնտեսական-իրավական համակարգի բարելավոււմը, դրանց կայացումը։

Անշուշտ, հնարավոր չէ դրան միանգամից հասնել, սակայն  հնարավոր չէ նաև առանց դրա, մենք գոնե պետք է ճանապարհային քարտեզ ունենանք դրանց հասնելու համար, և սփյուռքն այդ քարտեզը գծագրողներից մեկը պետք է լինի, որովհետև բոլոր նրանք, ովքեր իրենց ազգային ինքնությամբ հայեր են իրենց համարում, նրանք բոլորը Հայաստանն իրենց տունն են համարում, ու պետք է անվերջ, անդադար Հայաստանը զորացնելու, ապագա ունեցող երկիր դարձնելու լուծումներ ու միջոցներ փնտրեն։

Հակառակ դեպքում օտար ափերում շարունակելու ենք հայրենիք փնտրել, կառուցել եկեղեցիներ, դպրոցներ, հուշակոթողներ, պանդխտության մասին երգեր ստեղծել, այնքան, մինչև կա՛մ երկիր չունենանք, կա՛մ մենք մեր ունեցածին տեր լինենք։

Այլ լուծում դեռևս չկա։

Մարիամ Մուղդուսյան

2 comments
  1. Տրամաբանակա՞ն յօդուած թէ աւելիով դժբախտութի՛ւն ներշնչող: Յիշենք նաև այն իրողութիւնը որ Հայ ժողովուրդը ընդհանրպէս վախկոտ, անձնասէր, անմիաբան, և աննպատակ եղած է:

    Բոլորիս ծանօթ է, ազերի թուրք և հրեայ ազգերու 2020 թուականի յարձակումներուն նպատակներէն մին էր շարունակել 1915ի ջարդը և հայ ազգի ազնուական մշակոյթը, լեզուն, ճարտարապետութիւնը, պատմութիւնը, մէկ խօսքով ազգային ինքնութիւնը վերջնականապէս ոչնչացնել: Յետին ոյժերու ”բարեսիրական” ծրագի՞րը: Հայուն բեկորները և յաջորդող սերունդները ցուլել անգլիական, աւստրալիական, ամերիկեան, գերմանական, ռուսական, գանատական և այլ նոր երկիրներու տնտեսական վիճակները յառաջացնելու:
    նորութիուն չէ:

    նորութիունը այն է թէ հայաստանի վերջին ընտրութիուններուն նոյն ներկայիս փախուստի ճամբայ փնտրողները, ազգի ղեկավար ընտրեցին երկու չարեաց փոքրագոյնը: Ոչ աւելին:

  2. The above is a good analysis of the pain the Armenian nation is facing. In the early 1990s, at the Paris Charles De Gaulle airport, I witnessed the unfortunate scene of Armenian citizens, under armed guard, led back to the Yerevan bound Aeroflot. They were a group numbering around 20-25, desperate to flee to freedom, mentioned in the above article.

    In the seventeenth century, merchants and traders abroad, concluded that a strong motherland was necessary to protect them. Unfortunately, that day has not arrived. I beg to differ from the above writer’s point of view: first, we need to create the social economic conditions to give security to those who wish to return or live in Armenia. The past thirty years, are a testament of my point. As long as people don’t feel free to lead a safe, secure and prosperous life, the green grass abroad will always be their focus. And… we should not blame those who leave.

    If the past thirty years will be a leitmotif for the future, that makes me believe that our nation does not deserve a country of its own. The geopolitical situation doesn’t bid well, on the other hand, a continued lack of diplomacy will lead the nation’s decline.

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

ՄԻԱԿՈՒՌ

«․․․Օ՜, խաղատուն դարձած հայրենական մեր տուն, Ցեխերի մէջ ընկած մագաղաթեայ մատեան, Կախաղանի սիւնից կախուած անկախութիւն, Մեր յոյս երազների…
Read More