Դառնահամ մտորումներ օտարության մեջ

Art by Mariam Mughdusyan

Մարիամ Մուղդուսյան, Տորոնտո, 18 Հունվար 2021

30 տարի շարունակ Հայաստանի քաղաքացիներն արտագաղթել են Հայաստանից, գյուղերը՝ դատարկվել։ Մարդիկ՝ և՛ լավ և՛ վատ ապրողները գնացել են Հայաստանից ոչ միայն սոցիալական, այլև համակարգային անարդարության պատճառով։ Հեղափոխությունը հույս արթնացրեց, թե ավելի լավ կլինի, համակարգային անարդարությունը կվերանա, այնինչ մի թայֆան փոխարինվեց մեկ այլ թայֆայով, վերջում էլ  աններելի, անարդար պատերազմ եղավ, ու դառնությամբ հասկացանք, որ խնդիրը անձերը չեն, խնդիրը համակարգն է, որը «փչացած» է։

90-ականների սերունդը մանկություն չունեցավ, թե պատերազմ էր։ Այն ժամանակվա երիտասարդներից շատերը որպես փախստական հեռացան, որ «փրկվեն»։  Շատերն էլ, որ մնացին, նրանցից ոմանք՝ պրոֆեսորներ, անցումների տակ գրքեր սկսեցին վաճառել։ Ես առաջին անգամ Շիլլերի ստեղծագործություններից մեկից մի քանի էջ կարդացի վառարանը վառելիս․ հյուր էինք գնացել ծեր պրոֆեսորին մի կտոր մոմով ու մի քիչ սալակտորով։ Ես վառում էի գրքի էջերը, ինքն՝ արտասվում․․․․

Մեզնից ոմանք անհայր մեծացան,  չունեցանք կարգին պատանեկություն, կիսատ-պռատ՝ երիտասարդություն, մեզնից ոմանք, այո, ինչ-որ արդյունքների հասան Հայաստանում, բայց ինչ արեցինք, մեր առողջության, մեր կյանքի ու կյանքի որակի հաշվին արեցինք, և իրականում մեր ամեն օրը եղաւ պայքար, պայքար շատ տարրական բաներ ունենալու համար։

Վերջում էլ այն, ինչի համար այդքան զրկանքներ կրեցինք, մեզնից վերցրին, տվեցին չգիտեմ ում։

Ցավոք, երբ իրավիճակը թույլ տա, Հայաստանից հսկայական արտագաղթ է լինելու։ Միայն վերջին 1 ամսվա ընթացքում առանց չափազանցնելու անձամբ ինձ են հարցրել, թե ինչպես կարող են մեկնել Կանադա թվով 10-15 հոգի։ Հարցնողներն էլ մտավորականներ են, կայացած, մեր երկրում ճանաչում ունեցող մարդիկ, որ երբեք չէի կարծի՝ կցանկանան լքել երկիրը։ Այժմ մտադիր են անպայման հեռանալ Հայաստանից, և ես չեմ կարող ոչ մեկին մեղադրել․․․ Դրա բարոյական իրավունքը չունեմ։

Ու սա դեռ Երևանում։

Գիտե՞ք ինչ է նշանակում ձմռանը տանը վերարկուով անցկացնել, գիտեք, չէ՞, որ  շատ սովորական, տարրական բաները շատ ՀՀ գյուղերում դեռևս չկան։ Գառնիում տներ կան, ու այդ տները քիչ չեն, որ զուգարան չունեն, Գառնին, որ զբոսաշրջության կենտրոններից է, պատկերացնու՞մ եք մյուս գյուղերի վիճակը։  Գյուղերը դատարկվում են այս շատ տարրական բաների բացակայության պատճառով, որ 30 տարի մեր ամոթի խարանն է․ հայ գյուղն աղքատ է ու թշվառ։

Իմ արվեստի կենտրոնում, որը սոցիալական թեքվածության է, ես քաղցից ուշաթափվող աշակերտ եմ ունեցել, ձմռանը շապիկով դասի եկող երեխա ունենք, այս հրաշք երեխաները բոլորը համակարգային անարդարության զոհերն են, և նրանք շատ են, և անհնար է բոլորին օգնելը, հիմա՝ այս անարդար պատերազմից հետո, գրեթե բացառված․․․

Պատկերացրեք, հայաստանցի ես, ավարտել ես Անգլիայի համալսարաններից մեկը  Անգլիայի կառավարության կրթաթոշակով։ Գիտես 3 օտար լեզու գերազանց, քո մասնագիտությանը հոյակապ տիրապետում ես,  և մտածում ես՝ այս կրթությունը քո հաղթաթուղթն է Հայաստանում աշխատանք գտնելու համար, բայց  քեզ չեն ընդունում աշխատանքի, ոչ մի տեղ, քանի որ ծանոթ չունես և ոչ էլ կաշառքի գումար։ Իհարկե, այստեղ  ծանոթի ինստիտուտը կոչվում է «նեթվորք», բայց ՀՀ-ում դա թայֆայից մի կողմ չանցավ։ Հետո գալիս ես Կանադա և 3 ամիս անց ընդունվում աշխատանքի՝ քո իսկ մասնագիտությամբ, այն էլ առանց նեթվորքի։ Կամ, պատկերացրեք՝ բժիշկ ես, միայնակ մայր, և ստանում ես․․․ 200 $ կանադական աշխատավարձ, նաև ապրում ես վարձով տանը։ Կամ, դասախոսում ես տարբեր բուհերում, և քո աշխատավարձերի հանրագումարը չի գերազանցում 100 կանադական դոլարը։ Ո՞րն ասես։

Եվ սա դեռ ոչինչ․ քեզ խաբում են, թե քո երկիրն անվտանգ է, ամեն ինչ առած-դրած է, ու դու քո աչքի լույսի պես պահած-փայփայած երեխային, դեռ նոր 18 տարեկան, ուղարկում ես պատերազմի․․․ Պարզվում է՝ առանց զենքի։ Հետո աչքալուսանք են քեզ տալիս, դիակը գոնե՛ բերում են։

Սրանք մի քանի օրինակներ են միայն, մինչդեռ դրանք համատարած են, և այնքան շատ են ցավեցնող օրինակները․․․

Այստեղ նախքան պատերազմն աշակերտներ ունեի, նկարչության և խեցեգործության դասեր էի տալիս։ Երեխային մեքենայով բերում են 30 րոպե, երեխան արդեն հոգնել է, ուզում է քնել, 1 ժամ դասի ընթացքում երեխան “have fun” պետք է անի, և դա հրաշալի է, բայց ես համեմատում եմ, որ Երևանի իմ արվեստանոց Վարդենիսից, Աբովյանից, Արարատի մարզից շոգին ու ցրտին երեխաներ կան, որ գալիս են շաբաթական 2 անգամ, 2,5-3 ժամ, 2-3 տրանսպորտ փոխելով, կռացած, մի կերպ, որ նկարեն ու հետ գնան նույնքան երկար ճանապարհը։ Ճանապարհածախսն էլ հանրային դրամահավաքով ենք հավաքում։

Հիմա Կանադայում 30 րոպեում մեքենայով դասի գնացող-եկող, “having fun”-ով կրթություն ստաց­­­ող ապագա երիտասարդի փորձառությունն ու ապրումները նույնը չեն լինելու հետագայում, ինչ իմ սաների ապրումները և առհասարակ հայաստանցի երեխաներինը։ Նրանք բոլորն ունեն արդեն տրավմա, և ապագայում, երբ նրանք ուզենան դուրս գալ երկրից, “having fun”- ով մեծացած այս հրաշք փոքրիկները պիտի չասեն, չեն կարողանա ասել՝ ինչու՞ եք լքում երկիրը, քանզի իրենց մանկությունը սառը, բայց ապահով ու խաղաղ Կանադայում է անցնում, իսկ նրանցը՝ կացարաններում, ցրտի մեջ, որբ ու վշտի մեջ։ Համարյա այնպես, ինչպես մեր մանկությունն անցավ 90-ականներին։

Փոխարենը այստեղի հրաշք երեխաները վաղը պետք է անեն ամեն ինչ, որ Հայաստանն էլ Կանադայի պես տաք տներ ունենա։ Հայ կմնա՞ն այս սիրուն փոքրիկները, որովհետև հայ մնալը, հայասեր լինելը շատ բան կարող է փոխել մեր երկրում։ Սփյուռքը հարյուրամյա ի՞նչ գործիքակազմ ունի ժամանակակից երեխայի պահանջմունքները բավարարող, որ կարող է հայ երեխային հայ պահել․․․․

Բայց չշեղվեմ թեմայից։

Ասպիրանտուրայում սովորելիս պետք է աշխատեի 12 ժամ, հետո, հասցնեի կարդալ անգլալեզու գրականություն, թարգմանեի դրանք, վերլուծեի, ինքս էլ հոդվածներ գրեի․․․․ Եվ դա ծայրահեղ ծանրաբեռնվածություն էր, անբնական մի վիճակ։ Գիտությամբ զբաղվելու համար դու պետք է կողքից այլ աշխատանք էլ կատարես։  Իմ մտերիմ ընկերներից գրեթե բոլորը դրսում սովորեցին, բոլորը՝ օտար պետությունների կամ մասնավոր հայկական հիմնադրամների կրթաթոշակներով։ Ոմանք կարողացան ՀՀ-ում աշխատանք գտնել, ոմանք էլ մեկնեցին երկրից՝ 10 անգամ ավելի լավ պայմաններով աշխատանքային հրավերներով։ Հիմնականում խնդիրն այն է, որ պետությունն այս մտավոր ռեսուրսը չի գնահատում, ավելի շատ թայֆան է գնահատում, քան պետության շահը։

Տորոնտոյում մի պատկառելի մարդ ինձ մեղադրական տոնով ասաց, թե ինչու՞ ես եկել Կանադա, գնա՛ քո երկիր։  Ես, իհարկե, ուզում էի ասել, որ, անշուշտ, գնալու եմ հետ, հանգամանքների բերումով եմ մնացել, ուզում էի ասել նաև վերը բերվածը, բայց ի պատասխան հարցրեցի, թե այդ դեպքում ի՞նչ գործ ունի ինքն այստեղ, թող ինձ հետ միասին գնա Հայաստան։ Պատասխանը չեմ գրի։

Այս մեղադրական տոնն արդար չեմ համարում, թանկագին, սիրելի հայրենակիցներ, քանի որ արդար չէ որևէ բան պահանջել այստեղից, որտեղ եթե մի քիչ բարձր խոսեն, կարող են “oh, I am in a shock” (Օ՛Հ, ցնցուած եմ…) վիճակում հայտնվել ու հոգեբանի այցելել։ Ուզու՞մ ենք, որ Հայաստանում մարդ ապրի, ուրեմն մենք պիտի չուտենք-չխմենք, հայրենիք պահենք։ Եթե ուզում ենք հայրենիք ունենալ, պետք է մենք ինքներս էլ պայմաններ ստեղծենք, եթե չենք կարողանում անել, ուրեմն մեղադրելն արդյոք ազնի՞վ է։

Աշխարհում ամենաշատն այս պահին կուզեի Հայաստանում լինել, բայց ինչպե՞ս պետք է սոցիալական թեքման իմ կենտրոնը պահեմ, մեր կենտրոնի՝ մաքրամաքուր երգեր երգող անսամբլն ո՞վ պետք է պահի, որովհետև համավարակը, պատերազմն ու կառավարության թայֆայական մտածելակերպը բացառել են մեր կենտրոնի գոյությունը, իսկ այնտեղ հարյուրավոր երեխաներ են արվեստի անվճար կրթություն ստանում։ Ուրեմն այստեղ ես պետք է դառնամ այն մեկը, որին նայում են բազմաթիվ մարդիկ, և մի՞թե սա երջանկություն է՝ այսպես այստեղ ապրելը, և ո՞վ կարող է գուշակել՝ դրսում գտնվող հայաստանցու սրտում որքան մեծ անհանգստություն, ցավ, հոգս ու դառնություն կա, թե ինչու՞ է եկել, և ու՞մ կարող ես սիրտդ բացել, ասել, որ քո տնից լավ տեղ աշարհում չկա՛, որ ընկերներիդ ես կարոտում, ծնողիդ մայրամուտի ամեն վայրկյանն ուզում ես կիսել․․․ Ու դու ապրում ես լարված, կյանքն արագ ապրելու մոլուցքով, որովհետև եթե չկարողանաս կայանալ, ուրեմն քեզ նայող մարդկանց ապագան նույնպես վտանգված է։ Սա նորագույն իրողություն չէ, հայերս այդպես՝ իրար մտերիմներին, ընտանիքներին աջակցելով ենք ապրում, բայց պատերազմից հետո քեզ նայող անձանց թիվն անհամեմատ մեծացել է։

Մինչ այս կասկած չունեի՝ մեկնում եմ Հայաստան, վերջապես 12 տարի և ավելի քրտնաջան իմ աշխատանքը վայելելու․ ճանաչում են քեզ, ունես տուն, հանգրվան, աշխատանք սիրելի, բայց այլևս փոխված է ամեն ինչ, այլևս բոլորս ձեռնունայն ենք, ու դու ունես ավելի շատ պատասխանատվություններ․ մենք տվեցինք ամե՛ն ինչ հայրենական այս պատերազմին, և հիմա պետք է 0-ից սկսել։ Ու դու նմանվել ես ծառի, որի արմատներն այնտեղ են՝ հայրենիքում, սաղարթներդ այստեղ՝ կանադական ցուրտ երկնքում․․․

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like