Մարիամ Մուղդուսյան, Տորոնտո, 10 Նոյեմբեր 2020
«․․․․Թե մի՞ֆ էիր դու… Եկան երգեցին
Մի հին իրիկուն գուսանները ծեր,
Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՜ն,
Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր:
Եվ հավատացինք, հարբած ու գինով,
Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի՛ –
Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով
Մեր երկիրը հին դարձրին փոշի…
Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր –
Մեր կյանքի հիմներն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ…»։
1916 թ․ Եղիշե Չարենց
Ժամանակին այս տողերը կարդալիս չեմ մտածել, թե սա կարող է իրական լինել, այս ապրումներն այսքան ապրված կարող են դառնալ, պատմությունն՝ այսքան իրական։
Ստեղծված իրավիճակում կուզեի՝ ելքեր լինեին, կուզեի՝ լույսի մի շող լիներ, ու մենք դրանից բռնած՝ ազգով դուրս գայինք խավարից, բայց մեր լույսերը, մեր լույս երեխեքը ռազմաճակատում ծաղիկներ դարձան, որ կտորորվեն արդեն օտարի ոտքի տակ, և հիմա միայն խավար է, անվերջանալի խավար։
Տեսականորեն, այո, գիտեմ, որ հիմա պետք է ապրել, գիտեմ, որ մենք, այնուամենայնիվ, ապրող տեսակ ենք, որ, բոլորովին մոխրացումից հետո փյունիկի պես հառնելու ենք մոխիրներից, բայց գործանակում հիմա գոնե ունենք կարևորագույն գերխնդիր․ ապրել, լինել որպես պետություն, որպես ազգություն, որպես անհատներ։ Անհատական մակարդակով նույնիսկ յուրքանչյուրիս ցավն այնքան սաստիկ է, որ ապրելն ինքնին բեռ է, ծանր բեռ։
Մի բան փաստ է․ Թուրքիան ՌԴ-ի հետ 100 տարի անց վերստին մասնատեցին Հայաստանը՝ պոկելով այն, ինչ մնացել էր երբեմնի Հայաստանից։ Լեռնային Ղարաբաղի պատերազմը հայ ժողովրդի միակ հաղթանակն էր, երբ կարողացել էինք կյանքի գնով ձեռք բերել մեր պատմական հողում ապրելու իրավունքը։
Մեր հողի նկատմամբ սերն այնքան մեծ է, որ դրանով դեռ մեր քթից քարշ են տալիս՝ որպես մխիթարություն առաջարկելով ինչ-որ կասկածելի պայմաններով մի քանի մետր հողակտորում ապրելու կասկածելի իրավունք՝ Արցախ անունով։ Փաստն այն է, որ հիմա մենք գերի ենք Ռուսաստանի ձեռքին, և ըստ էության մի քանի թշնամական երկրներ, այդ թվում՝ ՌԴ, կարողացան հասնել նրան, որ մենք այժմ բարոյալքվենք այնքան, որ ասենք, թե ձեզ լինի, էդ հողում էլ ո՞վ կգա ապրելու․․․․
Մանկության տարիներին Տավուշի մարզում՝ պապական տան բակի մորեղբորս «Երազ» մակնիշի մեքենայում, մենք «կռիվ-կռիվ» էինք խաղում․ թուրքերը գալիս էին, մենք վիրավորվում էինք, փախչում, հետ գալիս, «հաղթում» թուրքերին, հետո նրանց փախուստի մատնում, երբեմն մեզնից մեկը վիրավորվում էր կամ «մեռնում»։ Աստիճանաբար մեր խաղերը փոխարինվեցին գրքերով, ներկապնակով, երաժշտությամբ․․․․ Պատանեկության ու երիտասարդության փոշին մոռացնել տվեցին մեզ մեր մանկական խաղերը, և գուսաններն էլ մեզ համոզեցին, թե մենք անհաղթ ենք, անպարտելի, հզոր, ուժեղ, մինչև մի օր եկան թուրքերը՝ արյունով, հրով, ու մեր երկիրը, կյանքն ու երազանքները դարձրին փոշի։ Վահագն աստվածը, պարզվեց՝ չկա, չի եղել, իսկ իմ երբեմնի խաղընկերներից շատերը, երիտասարդության ընկերներից շատերը, մեր եղբայրները մեկնեցին իրական ռազմաճակատ, մեկնեցին ու չեկան։
Մեր Վահագնին քարշ տվեցին որ ոհմակներին կեր նետեն, ու մենք ոչինչ, ոչինչ չկարողացանք անել, և փլվեց ամենակարևորը՝ մեր հավատը, մենք տեսանք Վահագն անպարտելի աստծո հոշոտվելը, ու մենք տեսանք, թե ինչպես մեր կյանքի բոլո՛ր հիմները անդունդը ընկան, ու մենք պատժվեցինք թշնամական երկրների կողմից ազատություն տենչալու ձգտման պատճառով։
Այո, մենք պետք է վերստին հառնենք մոխիրներից, այլ տարբերակ չունենք, բայց այլևս ո՛չ մի գուսանի, ո՛չ մի միֆի, հեքիաթի, անպարտելի վահագներին, օգնող ուժերի հավատալու իրավունք չունենք. մենք կուռքերի, հրաշքների, աստծուն հավատալու ժամանակ, իրավունք, ցանկություն անգամ չպետք է ունենանք։ Ազգային գաղափարախոսություն, ազգային պահանջի կայուն, երկարատև, հեռահար նպատակներ, ձևավորված միասնական պահանջ պարտավոր ենք ունենալ։ Այս ձևակերպումների ժամանակն էլ կգա, իսկ մինչ այդ պետք է առերեսվենք իրականությանը, և այն սոսկալի է, մենք փախչելու տեղ չունենք, սա դեռ պետք է վերապրել․․․
Սևերի և սպիտակների ջրբաժանում
Այս օրերին ՀՀ ներքաղաքական կյանքում հասունանում են կրքեր, որոնք կարող են լուրջ հետևանքներ ունենալ առանց այն էլ բզկտված ՀՀ վրա։
Չէ՞ որ մենք հիմա չունենք ոչ զավակ, ոչ հայրենիք, և բնական է, որ մարդիկ՝ որդեկորույս, որբ, վիրավոր, խեղճ մարդիկ, իրավունք ունեն զայրույթ արտահայտել և իրավունք ունեն բարկանալ, իրավունք ունեն գոռալու, ցավից ողբալու, այո, նաև ջարդելու, կոտրելու, հարցեր տալու։
Բնականաբար, այս առիթից կօգտվեին նաև պղտոր ջրում ձուկ որսացողները, և ինչպես միշտ, կլինեն նաև մարդիկ, ում ներկայությունը միայն կարող է ամոթի զգացում առաջացնել։ Այո, եղան և թրքաբարո մարդիկ, ովքեր բռնության ենթարկեցին ԱԺ նախագահին, բայց պետք է խուժան անառակին տարբերակել խելագարված ծնողից։ Որդի կորցրած մարդն ուրիշի որդուն չի ծեծում, այն էլ զավակի ներկայությամբ։ Եվ Նիկոլ Փաշինյանը պետք է իմաստուն լիներ, հասկանար սա, կենտրոնանար ոչ թե իր առանձնատնից օծանելիք ու շոր գողացող խուժանի վրա, այլ որդուն կորցրած մոր վիշտը մեղմելու վրա։
Հասկանու՞մ եք, ստացվում է, որ ինչ է, թե մի երկու խուժան են եղել, մի երկու անհայրենիք անբարոյական, բոլոր նրանք, ովքեր դեմ էին Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում մնալուն, նույնացվեցին։ Սա ՀՀ վարչապետի ամենամեծ սխալն է եղել կառավարման ողջ ընթացքում․ մարդկանց բաժանել կա՛մ սևերի, կա՛մ սպիտակների՝ անտեսելով մյուս երանգները։ Չկա՞ երրորդ տարբերակ։ Օրինակ, դու չե՞ս կարող քննադատել Ն․ Փաշինյանին և չլինել գող, խուժան, ինչպես հայկական միջավայրում են ասում, «պիցցայակեր»։ Չե՞ս կարող ցասումից ոռնալ, ցավից գոռալ ու չլինել խուժան։ Ըստ այս տրամաբանության՝ ոչ։
Հենց սրանում է խնդիրը։ Նախորդ երկու տարիներին ցանկացած քննադատության, առանց չարության ասած խոսքն անգամ քաղաքական մեծամասնությունը չի ընդունել, չի լսել, մերժել է ու սևացրել։ Մինչդեռ լայնախոհ ղեկավարը պետք է ասեր․ «Դու էլ ես ՀՀ քաղաքացի, ասա՝ ի՞նչ ես ասում, և կառուցենք երկիր՝ բոլորիս համար»։ Նույնիսկ այսօր Նիկոլ Փաշինյանը նորից կոչ է անում պայքարի, նորից կոչ է անում ասֆալտներին փռել նախկիններին։ Եղբա՛յր, մուրճն էլ էր քո ձեռքին, մեխն էլ, ումի՞ց ես նեղանում, ո՞ւմ է ուղղված քո տեքստը, դու այլևս ընդդիմություն չես, դու ես երկրի ղեկավարը։ Բա թողել ենք, աշխատեիք, հիմա հայտարարում եք, թե պետականացնելու եք դղյակները։ Անեի՜ք․․․Ո՞վ էր ձեզ բռնել։ Ես գիտեմ, որ այս հարցերը տալով՝ գուցե շատ արագ «սևանամ», բայց նույնիսկ աստված զերծ չէ քննադատությունից, մենք ինչու՞ չպետք է քննադատենք մի երկրի ղեկավարի, որի փաստացի ստորագրությունն այս պահին պայմանագրի տակ է։
Անկեղծ ասած, ես գիտեմ, որ փաստաթուղթ չստորագրելն ուղղակի անհնար էր։ Մենք պայքարում ենք 100 մլն գումարած ՌԴ շահերի դեմ, և մենք, պետք է այդ պայմանագիրն ստորագրեինք։
Ով ուզում է, լիներ, ստիպված էր ստորագրել այն։ Հարցն այն է, թե ե՞րբ պետք է ստորագրվեր, չէ՞ որ պատերազմը 20 օր շուտ ավարտելու դեպքում թեկուզ նույն պայմաններով մենք ավելի քիչ կկորցնեինք, գոնե մեր զավակներին չէինք կորցնի։ Հենց դա է կոչվում հեռատեսություն, մարդկանց լսելու կարողություն։ Ասում է՝ չէիք համաձայնվի։ Այո, պարոն վարչապետ, գուցե չհամաձայնվեինք, գուցե քեզ սպանեին դրա համար, բայց դու պետք է լայնախոհ լինեիր, պատրաստ լինեիր սպանվելու՝ հանուն հայոց զավակների, այո, չհարցնեիր մեզ, ի վերջո, չէ՞ որ չհարցրեցիր մեզ։ Ուրեմն իմ ընտրած վարչապետը ո՛չ հաշվել գիտի, ո՛չ ռազմական հաշվարկ անել գիտի, ո՛չ լսել գիտի, ո՛չ էլ այնքան ողջամտություն ունի, որ հանուն նրա, որ իրեն «չբզկտեն», աններելի պատերազմով տվեց տրվելիքը։ Այդպես է ստացվում, և ես խորը հիասթափություն ունեմ, և չեմ վստահում այլևս ՀՀ կառավարությանը, այլևս չեմ հավատում, որ ՀՀ վարչապետն ի վիճակի է իմ երկրի համար ճիշտ որոշում կայացնել, որքան էլ չկասկածեմ նրա ազնվությանը։ Այո, ես չեմ կասկածում նրա ազնվությանը, բայց ես կասկածում եմ, որ նա ատակ (կոմպետենտ) է։
Հընթացս մեկ այլ վտանգավոր թեզ է առաջ քաշվում․ վարչապետը մարդկանց է մեղադրում դավաճանության մեջ, ինչ-որ օլիգարխների՝ Շուշին հանձնելու մեջ, զինվորական համազգեստով մարդիկ Հանրային հեռուստաընկերության եթերով ասում են, թե բոլորը դավաճան են եղել։ Հասկանու՞մ են գոնե իշխանությունները և Նիկոլ Փաշինյանն ինքը, թե ինչ սոսկալի, վտանգավոր բան է անում․ ստացվում է, որ հայերս նախ օծանելիք գողացող խուժաններ ենք, հետո, որ մեր թշնամին ոչ թե թուրքն է եղել, այլ մենք ինքներս, բայց մենք այնքան բարոյալքված ենք, մենք հիմա այնքան հուսահատված ենք, և մենք այնքան հերոս որդիներ ենք կորցրել, ինչպե՞ս կարելի է անարգել այս վշտացած ժողովրդին։ Գիտե՞ք դավաճանների, գնացեք, բռնեք, ցմահ բանտարկեք, ո՞վ է բռնել ձեր ձեռքը, թե՞ մենք անենք, ինչի՞ն ես դրդում մեզ, ինքնադատաստանի՞։
Մարդիկ փախել են ռազմի դաշտից։ Իսկ ի՞նչ էիք ուզում։ Իմ լավ, ազնիվ ընկերներից մեկի պատմելով իրենք «կալաշնիկով»ով կռվել են F16-ի, ԱԹՍ-ի, «սմերչի» ու էլ չգիտեմ ինչի դեմ։ 30 րոպեում ողջ վաշտից 6 հոգի են մնացել։ Ո՞վ չէր փախչի, մարդիկ թշնամուն շատ դեպքերում չեն էլ տեսել, և իր ողջ մնալը սոսկ պատահականություն է եղել։ Պատմում է, որ դավաճանություն էլ է եղել։ Եկել, Երևանում ասել էր, ոչինչ չէր արվել, թեև անուններով նշել էր։ Ասել էին՝ կզանգենք, դեռ զանգում են։ Տորոնտոյից մեր ընկերոջը ճանապարհեցինք Երևան, որ մեկնի ռազմաճակատ։ Նրան էլ են դեռ զանգում, մեկ օր անգամ չի մասնակցել պատերազմին, թեև գնացել էր հենց դրա համար։ Եվ ո՞վ է մեղավոր այստեղ։ Ո՞վ պետք է զանգեր, ո՞ւր գնային, ինչպե՞ս գնային կամավորները։ Գոնե այս հարցերը տվե՞լ է ինքն իրեն վարչապետը։ Գիտի՞ արդյոք, որ մոբիլիզացիան պետության գործառույթն է և ոչ մի դեպքում՝ հասարակության։
Նիկոլ Փաշինյանն ուներ ընտրության հնարավորություն՝ հաշվարկել, հասկանալ իրադրությունը, և նույնիսկ մեկ օր շուտ ավարտելը պատերազմի կփրկեր հարյուրավոր կյանքեր, ճակատագրեր, և վերջապես, եթե քո սխալ հաշվարկի պատճառով զոհ են գնացել հազարավոր երեխեք, հազարավոր կյանքեր են խորտակվել, բարոյակա՞ն է արդյոք նույն ոճով շարունակելը կամ բարոյակա՞ն է առհասարակ ղեկավարելն այս պարագայում։ Թեև, այո, քաղաքականության մեջ բարոյականությունը տեղ չունի։
Նախկին իշխանությունների մասին
Պատերազմի ընթացքում մենք տեսանք, որ մինչ մենք մնացել ենք 90-ականներին, աշխարհն առաջ է գնացել, նորագույն տեխնոլոգիաները որոշեցին մարդկանց, հազարավոր մարդկանց, հազարամյա երկրի ճակատագիրը։
Նախկին իշխանությունները սոսկալի վարվեցին մեզ հետ: նրանք կառուցեցին դղյակներ, ապարանքներ, հարստություն դիզեցին, ձեռքի հետ նաև Արցախը շենացրին, այդ թվում՝ սփյուռքի, պետական միջոցների հաշվին, և այն պահելու որևէ միջոց նորմալ չձեռնարկեցին։ Չձեռնարկեցին ու Արցախը տվեցին թշնամիներին։ Մեզ պահեցին ստի ու կեղծիքի մեջ, պահեցին աղքատության ու անգրագիտության մեջ, իրենք՝ դղյակների ու առանձնատների մեջ, մենք երբեք առանց պարտք-վարկ օր չունեցանք, ձմռանն ապրեցինք ցուրտ տներում, հոգսի տակ կքած, մենք աշխատեցինք զօրուգիշեր, մեր զինվորներին գոմեշի միս ու փտած սնունդ տվեցին, մենք պահեցինք մեզ էլ, մեր զինվորին էլ, իրենց էլ։ Մեզ չնախապատրաստեցին նաև «փոխզիջումների», մեզ խաբեցին, և ստացվում է՝ Լավրովը ճիշտ էր, մենք՝ սխալ։
Ու այնքան, այնքան շատ խաբեցին մեզ նախկին իշխանությունները, այնպես ավարեցին ու ավիրեցին, այնքան չիմացան չափ-սահման, որ հիմա իրենց ասած ճիշտ խոսքն էլ խիստ բացասական է ընդունվում, որ հիմա իրենց վախից Նիկոլ Փաշինյանը, ով պատասխանատու է հազարավոր զոհերի համար, ում ստորագրությունն առկա է անձնատրության (կապիտուլյացիայի) փաստաթղթի տակ, այսօր դեռևս պաշտոնավարում է։
Նկարը՝ Տավուշի մարզ
4 comments
I have a dream:
War stops, Artsakh remains populated by Armenians, borders open, Armenia thrives, we come and go to Van, Ararat, Kilikia, Shushi without issues, Turkbaijan democratize, Turkey recognizes the genocide, the region becomes similar to present-day western Europe, where boundaries have no meaning. Today’s catastrophe will be seen as the day the future unlocked.
Սակայն քանի փորձեր ըրաւ պատերազմը դադրեցնելու ու չյաջողեցաւ:
Քանի որ թշնամին ինքզինք զօրաւոր կը զգար ու որոշած էր անպայման ճզմել մեզ:
Որքա՜ն ճշմարտութիւն և իմաստութիւն և արդար ցաւ կայ այս գրութեան մէջ:
Թող մեր ցավն ու ցասումը, վիշտն ու արտասուքը մեզ ամրացնեն ու միավորեն……
Շնորհակալություն……