Մեծամտության ու կիսագրագիտության գինը․ Շուշիի մշակութային արժեքների կորուստը

Մարիամ Մուղդուսյան, Տորոնտո, 28 Հունվար 2021

Դպրոցական տարիներին թելադրության ձեռնարկում (ուղղագրութեան դասագիրք) մի հատված կար, որը պատմում էր, թե ինչպես են հնում մեր ձեռագրերը «փրկվել» զավթիչներից: Մանկական երևակայությանս մեջ ծաղկողներն ինչ-որ առասպելական կիսաստվածներ էին, որ տառերին թռչել են սովորեցնում, տառերն էլ ինչ-որ ոսկեգույն թռչուններ էին, որոնց ցանկացել են մեր թշնամիները ոչնացնել, ու անձնազոհ մեր նախնիները փրկել են դրանք կրակից, հրից, սրից, ջրից, ու ժառանգել մեզ։ Պատկերացնում էի՝ ինչպես են այրվող եկեղեցուց դուրս բերում ձեռագրերը, ոսկեգույն տառ-թռչունները, մարդ-գրերը, ինչպես են դրանց համար մեռնում, որովհետև մարմինն անցողիկ է, մշակույթը՝ ոչ․․․․

Մեզ հավատացնում էին մանկուց, որ Հայաստանն ունի հնամենի մշակույթ, որ մենք հազարամյա մշակույթ ունենք, որ մենք բացառիկ ենք մեր մշակույթով․․․

* * *

Արցախյան պատերազմն ավարտվեց, ու պարզվեց՝ Շուշիի պետական թանգարանից  արվեստի որևէ գործ չի փոխադրվել։ Հայկական մշակութային հսկայական ժառանգություն մնացել է բորենիների ձեռում՝ նվեր՝ սկուտեղի վրա։

Եթե այսօրվա ՀՀ ԿԳՄՍ նախարարության ղեկավար կազմն ապրեր 1000 ու ավելի տարի առաջ, Թորոս Ռոսլինի, Պիծակի, Մոմիկի ու այլ ծաղկողների որևէ ձեռագիր մեզ չէր հասնի, քանի որ այսօր իշխանությունների գլուխ կանգնած մարդիկ այս պատերազմի քննությունը չանցան ու ցույց տվեցին նաև, որ չեն սիրում, պարզապես չեն սիրում հայկական մշակույթը և/կամ գուցե չեն համարում, որ Շուշիում որևէ արժեքավոր նմուշ է եղել։ Եթե հակառակը համարեին, ապա Շուշիի թանգարանի նմուշները ոչ թե ռմբապաստարաններ կտանեին, այլ կփրկեին։ Այս իշխանությունների համապատասխան պաշտոնյաները բավականաչափ գրագետ չեն, նույնիսկ այնքան կարդացած չեն, որ հասկանան՝ պատերազմող երկրներում ինչ պետք է անել։ Ողջ նախարարությունում որևէ մեկը չգտնվեց պետականամետ, մշակութասեր, հայասեր, սրտցավ այնպիսի պաշտոնյա, որ ասեր՝ ես իմ մարմնով կփրկեմ նմուշները, ինչպես դարեր առաջ արել են նվիրված հայրերը մեր, ես գնում եմ՝ բերելու դրանք, ես պետք է փրկեմ այդ նմուշները․․․

Պատերազմի ավարտին որպես արդարացում իշխանամետ շրջանակները շրջանառում էին լուրեր, թե այնտեղ լուրջ գործերր չեն թողել, մինչդեռ հիմա պարզվում է՝ հրաշալի գործեր են մնացել։ Շուշիի պետական թանգարանում մնացած կորուստն ահռելի է, 800-ից ավելի կտավներ, գրաֆիկական գործեր, Մինաս Ավետիսյանի, Ժանսեմի, Հակոբ Հակոբյանի և այլ գեղանկարիչների աշխատանքներ, այլ արժեքավոր նմուշներ՝ կարևոր մշակութային նշանակության, այդ թվում՝ հնագիտական պեղածոներ և այլն։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանն ասում է՝ ինչ-ինչ խնդիրներ են եղել, և նմուշները չեն տարհանվել՝ չմասնավորեցնելով, թե կոնկրետ ինչ խնդիրներ։ Նաև ասել է, որ Արցախի տեղական իշխանություններն են մեղավոր։ Նրանք էլ իրենց հերթին թանգարանի տնօրենին են մեղադրում, նա էլ՝ Արցախի Մշնախին, Արցախի մշնախն էլ ասում է՝ Շուշիի հանձնումն անհավանական էր, և սրա մեջ կա տրամաբանություն, հատկապես, որ ողջ հանրությանը վերին իշխանությունը պահել է կեղծիքի մեջ պատերազմի ողջ ընթացքում։ Եթե Արցախում կարող էին իրավիճակը ճիշտ չգնահատել, ապա Երևանում իշխանությունն իմացել է իրական պատկերը, հետևաբար ՀՀ ԿԳՄՍ-Ն պարտավոր էր քայլեր ձեռնարկել։

Հատկանշական է, որ հոկտեմբերի 25-ին թանգարանից դուրս են բերվել ՀՀ Ազգային պատկերասրահին պատկանող երեք քանդակ, սակայն մնացածը թողել են ռմբապաստարաններում։ Հիմա հարց ՀՀ ԿԳՄՍՆ-ին․ ինչո՞ւ են դուրս բերվել ՀԱՊ-ի ցուցանմուշները, Արցախինը՝ ոչ։

Սա միտումնավո՞ր է արվել, թե՞ հանցավոր անգիտության, տգիտության, ոչ պրոֆեսիոնալիզմի (արհեստավարժութեան) հետևանք է։

Հատկանշանական է նաև, որ ոչ մեկը իրեն մեղավոր չի զգում այս մշակութային կորստի համար։ Արդեն նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, փոխնախարարներ Նարինե Թուխիկյանը, Արա Խզմալյանը և այլոք, բոլորը պետք է գիշերեին Շուշի ռմբապաստարաններում, պետք է իրենց մարմնով պահպանեին ու դուրս բերեին արվեստի գործերը, մենք այդ ակնկալիքով էինք նաև արել հեղափոխությունը, որ անձնուրաց մարդիկ գային, որովհետև եթե այդպես անտարբեր պետք է լինեին մեր մշակութային ժառանգության նկատմամբ, թող Արմեն Ամիրյան մնար, թող Արմեն Աշոտյանը մնար, թող Հասմիկ Պողոսյանը մնար, ի՞նչ տարբերություն նրանց ու այս նոր եկածների միջև, ինչու՞ էինք մենք մեր մարմինները զոհում այս արժեքներով մարդկանց իշխանության բերելու համար։ Թե՞ այս մարդկանց սկսել է թվալ, որ կարող են հիշեցնել նախկին իշխանությունների հանցագործությունները, և կներվեն իրենց հանցանքները։

Այդ ո՞ր բարոյական իրավունքով են այս պահին մարդիկ, ում հանցավոր անգործության պատճառով թանգարանի նմուշները չեն տարհանվել, մինչև հիմա պաշտոնավարում, հանդիպումներ ունենում, ինչ-որ հարցազրույցներ տալիս, ցուցահանդեսների, համերգների գնում, աշխատավարձ ստանում։

Հայաստանի աղետը դա՛ է․ թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների ժամանակ որևէ մեկը չի կրում պատասխանատվություն արած կամ չարած քայլերի համար․ ինչ ուզում ես արա, ունես հովանավորչություն, և դու անպատժելի ես։

Ընդհանրապես, այս սոսկալի փորձառությունից հետո թերևս, անգրագիտությունն ու մեծամտությունը պաշտոնյաների շրջանում պետք է քրեորեն պատժելի լինի։

Ժամանակին բաց նամակ էի գրել՝ ուղղված վարչապետին՝ պատմելով ՀՀ ԿԳՄՍ Նախարարությունում տեղի ունեցած անարդարության մասին։ Այն ժամանակ վստահում էի Ն.Փ.-ին։ Համավարակի պայմանները չթողեցին, որ (*) հրապարակեմ նամակը, իսկ հիմա չեմ վստահում Ն.Փ.-ին և իր կառավարությանը, բայց ուզում եմ պատմել այդ նամակի բովանդակության մասին։

Երբ հեղափոխության օրերին մենք մեր մարմիններով փողոցներն էինք փակում, բոլորս մեծ ակնկալիքներ ունեինք։ ՄԵր փողոցային պայքարի ընկերներից ոմանք, որ ավելի «բարձր» քայլեցին, դարձան պաշտոնյաներ, մեր սոցիալական դիրքից էին, իրականությունից չկտրված, և մենք վստահում էինք։ Այնինչ ականատեսն եղանք մարդու՝ կոստյումին սերտաճելուն, և հասկացա, որ նախկին իշխանություններից շատերն էլ հենց այսպիսին են եղել՝ երազկոտ հայացքներով, երբեմն խեղճ, իսկ ներսում՝ կարիերիստ, իշխանության ու պաշտոնի տենչող։ Դա ունենալուց հետո՝ անհավանական մեծամիտ ու իրականությունից կտրված։ Թե՛ նախկինները, թե՛ նորերը երբեք չհասկացան Իկարիսի պատմությունը, հասան արևին ու այրվելով վայր ընկան, ոմանք արդեն ընկան, մյուսներն էլ անպայման ընկնելու են։

2014 թ․ Երևանում հիմնել եմ արվեստի կենտրոն, որտեղ արվեստի անվճար կրթություն են ստացել արդեն շուրջ 300 երեխա։ Միաժամանակ, կենտրոնում գործում է Նաիրյան վոկալ համույթը (անսամբլ), որի հիմնական առաքելությունը հայ ազգային դասական երաժշտության հանրահռչակումն է ու կանանց զորացումը՝ դասական երաժշտության միջոցով։ Համույթը նաև տարածաշրջանում միակն է, իսկ աշխարհում եզակի խմբերից մեկը, որ երգում է բազմաձայն, ակապելլա ստեղծագործություններ՝ զուգահեռաբար թարգմանելով դրանք շարժումների (ժեստերի) լեզվով։ Կենտրոնն ու համույթը չունեն ֆինանսավորում (նյութական օժանդակություն), մեր համաքաղաքացիների նվիրատվությունների ու մեր աշխատանքի շնորհիվ է այն դեռ դիմակայում, թեև իրապես կյանքեր փոխող նախագծեր է իրականացրել։ Հետևաբար, մեր հարկերից գոյացող պետական դրամաշնորհային մրցույթները հույժ կարևոր նշանակության են եղել։

Ողջ գործունեության ընթացքում համույթն ու կենտրոնն առաջին անգամ դրամաշնորհ են ստացել 2019 թ՝  ժեստերի լեզվով երգելու նախագիծը շարունակելու համար։  Ապշած էինք, անհավանական բան էր տեղի ունեցել։ Ազատորեն քննադատելով նախկին իշխանություններին՝ իմ կենտրոնը երբեք չի ստացել դրամաշնորհներ, և մենք իսկապես ապշած էինք, նոր իշխանությունները դրամաշնորհ են հատկացրել մեր մշակութային նախագծին։

2020 դիմեցինք նախագծի օժանդակութեան շարունակության համար, գնացինք նաև հարցազրույցի փուլին։ Չեմ ուզում պատմել խայտառակ ոչ-արհեստավարժութեան (պրոֆեսիոնալիզմի) 1,5 ժամ ոտքի վրա սպասեցնելու մասին, մեծամիտ, վերևից խոսելու փորձառության մասին, չեմ  ուզում պատմել, թե որքան կասկածելի պայմաններում են որոշում ՀՀ քաղաքացիների հարկերից գոյացած մշակութային նախագծերին տրվող  դրամաշնորհների չափերը, կասեմ միայն, այդ հարցազրույցից հետո մեր նախագծի նյութական օժանդակությունը կրճատել էին ․․․ 95 %-ով։ Նախարարությունում համարում էին, որ 9 հոգանոց թիմը կարող էր աշխատել 8 ամիս և ստանալ ամսական․․․ 3000 դրամ։

Իրականում մենք որևէ մտերիմ ընկեր չունենք այնտեղ, դու-ի հարաբերություններ չունենք նախարարի ու փոխնախարարների հետ, չենք ուզել երբեք և չենք էլ ուզում։ Հեղափոխությունից մեկ տարի էր անցել, և այնտեղ արդեն ավելի ինքնավստահ էին։

2020 թվականին մենք դիմեցինք ևս 8 ծրագրի օժանդակութեան համար, բոլորն էլ մերժվեցին, իմ խորին համոզմամբ՝ անհիմն։ Մեր երկրում, որտեղ նյութական աղբյուրներն (ռեսուրսներ) այնքան սուղ են, համավարակի պայմաններում ինքնազբաղ մշակութային կենտրոնների համար մահվան դատավճիռ էր, ու մենք վերստին համոզվեցինք՝ մեր երկրին մեզ նման մարդիկ, նախաձեռնություններ պետք չեն։

Չփարատվող կասկածներ ունեմ և դրանք ողջ տարվա ընթացքում հայտնել եմ, որ դրամաշնորհ տրամադրելու կարգի մեջ կան կոռուպցիոն ռիսկեր (ապականութեան առիթներ)։ Քանի որ դեռ երկու կոպեկից զրկվելու հավանականություն կար, մարդիկ՝  շատ մշակութային գործիչներ, չէին /չեն/ բարձրաձայնում․ խոսեն՝ դրանից էլ կզրկվեն։

Հայաստանում առողջ դատողությունը, քննադատական միտքը մեռցրել են հեղափոխությունից հետո՝ ասելով «բա լա՞վ էր՝ ՍՍ օրոք․․․», «ինչքա՞ն փող են տվել, որ էդպես ասես» և այլն։ Այս տեսակ «լռեցումները» ձեռնտու են եղել իշխանություններին, կարևորը իրենց չքննադատեն։

Մինչդեռ եթե ժամանակին նրանք, ովքեր տուժել են այս նախարարության ոչ արհեստավարժությունից, արժանի տեղը ցույց տային իրենց տեղում չգտնվող պաշտոնյաներին, գուցե այսօր Շուշիի ժառանգությունը կորցնելուց հետո, այս մեծամիտների բանակն ավելի խոնարհ լիներ, էլ չեմ ասում, որ գուցե որոշ բաներ առհասարակ կարող էին փրկվել․․․

Իսկ հիմա՞։ Հիմա ողջ համակարգում մի վստահելի մարդ չի մնացել, և ընդամենը ուսերդ ես թոթվում՝ ասելով՝ հե՛րն անիծած։

4 comments
  1. Subject: Church properties in Artsakh

    I recently read an article which, I believe, said that ALL church properties in Artsakh would remain church property; ie., can not be confiscated by law. I am aware that the Russians have agreed to protect the historic vanks, but the other properties, while not having guarded protection, will still be church property. The reason for my inquiry, is that a mission with whom I work has property in Berdzor which they would like to donate to the Armenian Apostolic Church, as opposed to just walking away from it. Any help you may offer will be deeply appreciated. Any help, suggestions or direction you may offer, will be deeply appreciated. Hachoghutyuner, Haroutoun Moorachian, Tega Cay, SC, USA

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like