Մարիամ Մուղդուսյան, Տորոնտո, 14 Դեկտեմբեր 2020
Ես ուզում եմ հավատալ, կուրորեն հավատալ, որ ահա, ինչ-որ տեղ գաղտնի հայկական նոր ուժեր են ձևավորվում, որ ահա սփյուռքում հաստատ ինչ-որ ուժեր կան, նորագույն տեխնոլոգիաներով ինչ-որ նոր գործիք են հնարելու, օգնելու են, որ Հայաստանը փրկվի, ու մենք բոլորս սրբագույն սարի՝ Արարատի ստորոտում անպարտելի պետություն ենք ունենալու Սիոն լեռան ստորոտի պետությունից էլ հզոր։ Ուզում եմ հավատալ սփյուռքին, քանի որ Հայաստանն այլևս վիրավոր է, մահացու վիրավոր․․․
Հետո սթափվելով՝ նկատում եմ, որ սփյուռքը նաև ես եմ, և որքան թույլ եմ ես, որ նոր եմ եկել այստեղ, որ իմ տունն եմ թողել հեռվում, որից ինձ կտրված չեմ զգում, և հետևաբար դեռևս սփյուռք էլ չեմ, հայաստանցի եմ, երևանաբնակ հայաստանցի։ Մինչդեռ գիտակցությունս պնդում է միայն մի բան՝ «Զորացի՛ր, զորացի՛ր ինչպես կարող ես, զորացի՛ր, որ օգնես, այլապես մեռի՛ր, մեռի՛ր, մեռի՛ր»։ Եվ ինչպե՞ս եմ ես ապրել մինչ այս (7 ամիս) այստեղ՝ առանց այս նպատակի, առանց զորանալու նպատակի։ Բայց ինչպե՞ս այս մեծ երկրում, որ և՛ շատ հնարավորությունններ ունի, և՛ ոչինչ չունի քեզ համար, դու նման ես քայլել սովորող մանկան, մինչև զորանաս, և արդյոք մեկ կյանքը բավակա՞ն է, որ այնքան զորանաս, որ քո երկրին մի օգուտ տաս, ոչ թե սոսկ գոյատևես։

Հասկանում ես, որ մենակ ես, անսահման, անչափելի, կանադական երկնքի պես ու դրանից շատ տրտում ես, այս մեծ աշխարհում դու քո երկրի պես ես՝ քո տեղը չես գտնում և քո երկրի պես էլ տոկուն ես, փյունիկ․ քեզ հազար տեղից խոցում են, իսկ դու դեռ ինչ-որ կերպ, ինչ-որ հրաշքով կաս, կաս ու դեռ ապրում ես։ Այդպես ես արթնանում արդեն շուրջ 80 օր, արթնանում ես 1,5 մլն նահատակի 100-ամյա հիշողությամբ, 5000 զոհի սուգով, 5000 անդամահատված երիտասարդի, անտեր, գխլիկոր մնացած հայրենիքը փրկելու հոգսով, որբ մնացած ընկերներիդ, եղբայրներիդ ընտանիքների հոգսը ուսերիդ առավոտներն այնքա՛ն ծանր են, և կոպերդ հավերժորեն փակելու մեծ ցանկությամբ սկսում ես օրդ, և առավոտն այնքա՛ն ծանր է, այնքա՛ն ցավոտ, ու չգիտես՝ սա ի՞նչ ճակատագիր է հայ ծնվելը։ Կանադացի լինելն ի՞նչ է, անցավ հայրենիք ունենալն ի՞նչ է, և տեսե՞լ են արդյոք նրանք՝ օտարները, 30-ամյա զառամյալ ծերունու, որի ճիտին պարտքն իր հայրենիքն է, իր ո՛րբ հայրենիքը։
Այս օրհասական պահերին սկսում եմ մտածել, որ այլևս նոր օրակարգի խնդիր է առաջ գալիս, որ թեև այսքան անուժ, բայց ինձ նման մարդիկ շատ կան, որ նոր են եկել, ու մենք քիչ չենք։ Մեզնից ոմանք երբեմն հավաքվում են, միասին սգում, լաց լինում, գրկում իրար, ծիծաղում, կարոտում, ելքեր փնտրում, պատեպատ տալիս մեզ, հետո ասում՝ լավ կլինի։
Օրերս ասում եմ՝ երանի գերմանացի ծնվեի, հետո հարազատս ասում է․ «Գերմանացի լինեինք, 1945 թվականին էինք ծնված լինելու»։ Ծիծաղում ենք․ հայի բախտ, էլի, մեկ է, բախտներս չէր բերելու։
Դասական սփյուռքի հետ շփումը քիչ է, կապեր չկան գրեթե։
Դասական սփյուռքն ինձ համար միշտ Գրիգոր Զոհրապի, Զապէլ Եսայեանի, Սիամանթոյի, Կոմիտասի և այլ փայլուն, տաղանդավոր մարդկանց մշակութային ժառանգության ուղիղ կրողն է եղել, գրքային, ռոմանտիկ։ Չգիտեմ ինչու՝ միշտ մտածել եմ, որ արևմտահայերենով չեն հայհոյում։ Երևանյան իմ փոքրիկ, սոցիալական թեքման, իրապես հանրօգուտ աշխատանք կատարող արվեստի կենտրոնը փակվելուց «փրկվել է» ոչ թե ՀՀ-ի կողմից, այլ սփյուռքահայ ազնվագույն մարդկանց շնորհիվ։
Եկա Տորոնտո՝ բոլոր արևմտահայերի մասին ազնվագույն լինելու պատկերացումներով։
Այստեղ հասկացա, որ հայաստանցի հայը պետք է պայքարի, որ ընդունվի ոչ միայն դասական սփյուռքի ներկայացուցիչների, այլև նույնիսկ 15 տարի առաջ այստեղ ժամանած հայաստանցի հայերի շրջանում։ Անտեսանելի հազար պատեր կան, և մենք՝ «նոր եկածներս», մեխանիկորեն ձևավորում ենք նոր համայնք, նոր խնդիրներ, նոր հարցեր ենք բարձրացնում, և որոշ դեպքերում պատերի հանդիպելով՝ մեկուսանում, ստեղծում մերը, նորը։
Պատերազմն արագացրեց այդ գործընթացը, և էլ չենք նայում համավարակին, մենք միմյանց հետ լինելու կարիքն ունենք, մենք հայ լինելու, հայ մնալու, հայերեն խոսելու, շփվելու կարիքն ունենք։
Զգացողությունների մասին
Անկեղծ, անկեղծ լինենք, հայրենիքից դուրս հայ մնալը արևմտյան երկրներում այնքա՛ն բարդ է։ Ցեղասպանությունը վերապրածների 4-րդ, 5-րդ սերնդի համար հայրենիքի ցավն արդեն ֆիզիիկակական չէ, տեղահանված, սպանված հայի ծոռան որդու ցավն արդեն նույնքան սուր ու ծակող չէ, բառապաշարը հայկական չէ շատ դեպքերում, Հայաստանն էլ ամառն այցելելու վայր է, Մասիս սարը՝ դիտելու տեղ։ Մի՛ նեղացեք, սիրելի, թանկագին հայրենակիցներ, բոլորը չէ, բայց շատ են արդեն մոռացողները։
Մի աղջկա հյուր գնացի պատերազմի ընթացքում։ Նախնիներն Արևմտյան Հայաստանից են եղել։ Շքեղ, իրապես շքեղ տուն, հյուրասիրություն, հայկական երաժշտություն, մի քիչ հուզմունք՝ աչքերի գեղեցկությունն ընդգծելու համար․ «Տղաքը կ՛զոհվին», և վերջ, ամենօրյա հարցեր, անցանք առաջ։ Իմ ցավն ու նրանը նույնը չէին, մենք այդ վայրկյանին անջատվեցինք, երբ ինքն անցավ իր ամենօրյա հոգսերին և լիաթոք սկսեց ծիծաղել, ես սոսկացի, որ իմ ծոռան որդին նույնպես կարող է հպանցիկ ցավալ իր հայրենիքի համար։

Իմ ողբը, ցավը այնքան ֆիզիկական են, հարազատիս կորցնելն՝ այնքան զարհուրելի, իսկ նրա ցավը հիշողություն է, անցյալ է, և չգիտեմ՝ նա և ես ընդհանուր ապագա ունե՞նք, մեր երկուսի հայրենիքը ո՞րն է: Արևմտյա՞ն, թե՞ Արևելյան Հայաստանը, և մի՞թե մենք չենք կարող ունենալ մեկ ընդհանուր հայրենիքի տեսլական։ Բայց սա արդեն ուրիշ թեմա է։
Հայաստանցի հայերից շատերի որդիներն արդեն իսկ հայերեն չգիտեն։ Մարդիկ գիտեմ՝ 4-5 տարի է, ինչ եկել են Հայաստանից, երեխաներն արդեն հայերեն չեն խոսում, բոլորովին չեն խոսում։ Իհարկե, կան նաև հայ մնացող տեսակներ, և հենց նրանք են հայկական սփյուռքը, ու մենք բոլորով շատ չենք։
Ի՞նչ անել․ կցկտուր մտքեր
Չգիտեմ ինչ անել, դեռևս շոկի մեջ ենք, ամեն օր ավելի վատ լուրեր են գալիս Հայաստանից։
Կանադական սառնությունը, տեմպն ու ռիթմը մեր՝ ինքներս մեզ մոռացող տեսակին հակասում են, և մենք պետք է գործենք, առնվազն ազգային ինքնությունը չկորցնենք։ Մենք, փաստորեն, վատ գիծ ունենք, մենք հայ չենք կարողանում մնալ, պետք է հայ մնալ, հայությունը պահել, միմյանց նեցուկ լինելու զորացնելու միջոցով։
Ինչու՞, օրինակ, հնաբնակները թող ասեն, միմյանց աջակցելու, կուրորեն աջակցելու մշակույթը չկա, ոչ թե նրա համար, որ գեղեցիկ աչքեր ունի, այլ նրա համար, որ մեկ զորեղ հայը մեր երկրի անվտանգության երաշխիքներից է։ Ցանցի նման․ ես քեզ եմ ձեռք մեկնում, դու՝ հաջորդին, այդպես այնքան ժամանակ, քանի դեռ որոշներս շատ ամուր չենք կանգնել, այլ հարց է, որ ամրանալուց հետո գուցե էլ ազգային ինքնությունը կարևոր չի լինում։ Ամուր, կայացած հայերի էլ տեսա, որ այլևս հայ չէին, և ուրեմն ի՞նչ իմաստ՝ յան վերջավորությամբ ազգանվան։

Հայերս իրար կարող ենք չսիրել, մենք-դուք անել, չընդունել միմյանց, ու սա գալիս է մեկ ընդհանուր ազգային գաղափարախոսություն չունենալուց։ Տեսլական ունե՞նք 100-200 տարվա համար, կա՞ պատմական ճանապարհային քարտեզ, որով հայերը պետք է գնան։
Մենք նավթային դոլարներ չունենք, բայց սփյուռք ունենք։
Նկատենք, սակայն, որ ամեն տարի համահայկական հիմնադրամով մոտ 10-15 մլն է հավաքվում, մինչդեռ մենք պետք է ամեն տարի հավաքենք առնվազն 1 միլիարդ դրամ, և սա է, որ ցույց է տալու, թե որքան ենք մենք ուզում հող ունենանք, իսկ ՀՀ պետք է վստահելիության երաշխիք տա։
Թող որ կոչվի ուտոպիստական, բայց ես հավատում եմ, որ դրսում ապրող հայերս պետք է տանք «ազգության հարկ»։ Հուսահատության, մոլագարության հասնող ցավի մեջ ես երեխայի պես միայն ուզում եմ, որ մենք որպես ազգություն չվերանանք, որ մենք որպես պետություն չվերանանք։
Եթե մեր երկրում խաղաղ, մեր երկիրն արդար լինի, ղեկավարները՝ հայասեր, հայրենասեր ու խելացի, միլիոնավոր հայեր պիտի տուն դառնան, մեր երկիրը կա, պիտի մեր հողում խաղաղ ու երջանիկ ապրենք․․․ Մինչդեռ մեր երկիրն այսօր երազի նման է, հոսող աշխարհի պես․ կա, հանկարծ կարող է չլինել։
Այս դառնությանը միակ մխիթարանք կարող է լինել ամբողջական նվիրումը հայրենիքին, զինվորագրումը, որովհետև պիտի գա՛ մի օր, երբ մենք հարատևորեն խաղաղ պիտի ապրենք, բայց քանի դեռ երկու թուրքական պետոթյունները վավաշոտությամբ միմյանց են ձգտում, մեր գոյությունը որպես պետություն, որպես ազգություն վտանգված է լինելու։ Կկարողանա՞նք դիմակայել, թե՞ պատմության գիրկը կանցնենք, և Հայաստանը կդառնա կարոտի երկիր, տուրիստական մի վայր մեր հետագա սերունդների համար․․․
Գեղանկարիչ՝ Մարիամ Մուղդուսյան
5 comments
Յարգարժան տիկին Մուղդուսեան, շատ ճիշտ մտքեր ու զգացումներ էք փոխանցել: Սակայն կարծում եմ որ ճիշտ չէք արել, Հայաստանը լքելով: Երկիրը Ձեր նման մարդկանց կարիք ունի: Պէտք է երջանիկ Հայաստանի համար հէնց Հայաստանում պայքարել: Եւ դրանով սեփական հայկականութիւնը պահպանել: Իսկ նոր առողջ, նուիրեալ ազգասէր ուժեր Հայաստանում կան՝ օրինակ Ազգային Ժողովրդավարական Բեւեռը («Սասնայ Ծռեր» + Հայաստանի Եւրոպական Կուսակցութիւն): Պէտք է նրանց գործուն կերպով աջակցել, հնարաւորութիւններ դրա համար կան: Եթէ Ձեր նման շատ երիտասարդ ու տաղանդաւոր մարդիք լքեն Հայաստանը, երկիրը իրօք կը կործանուի: Մաղթում եմ Ձեզ շուտափոյթ վերադարձը Հայրենիք: Ալեքսանդր Բրինքեն, ոչ-Հայ, Շվեյցարիա: http://www.brincken.ch [email protected]
Յարգելի տիկին Մուղդուսեան, շատ ճիշտ մտքեր ու զգացումներ էք փոխանցել: Սակայն կարծում եմ թէ ճիշտ չէք արել, Հայաստանը լքելով՝ երկիրը Ձեր նման երիտասարդ ու տաղանդաւոր մարդկանց կարիքը շատ ունի: Եթէ գնալով շատերը լքեն երկիրը, ապա նա իրօք կը կործանուի: Երջանիկ Հայաստանի համար պէտք է պայքարել հէնց Հայաստանում, այդ պարագայում նաեւ Ձեր հայկականութիւնը կը պահպանէք ու Ձեզի միայնակ, մեկուսացուած չէք զգայ: Իսկ առողջ, ազգանուէր եւ ձեռնհաս ուժեր Հայաստանում կան՝ օրինակ Ազգային Ժողովրդավարական Բեւեռը («Սասնայ Ծռեր» + Հայաստանի Եւրոպական Կուսակցութիւն), պէտք է նրանց գործուն կերպով աջակցել: Յարգանքներով՝ Ալեքսանդր Բրինքեն, ոչ-Հայ, Շվեյցարիա: http://www.brincken.ch [email protected]
Շատ խորունկ միտքեր՝ իսկապէս իրապաշտ եւ ազդեցիկ: Կարող է սփիւռքի նախարարութեան տեղեկատվական հիմք դառնալ:
Մարիամ ջան, սփյուռքում բնակվող բազմաթիվ հայերիս միանշանակ տեսանկյունն արտահայատեցիք ամեն մեկ բառով։ Ես, ապրելով Տորոնտոյում ավելի քան 11 տարի, դեռ բախվում եմ նույն պատնեշներին։ Մարդկանց՝ հայ մարդկանց, գիտակցությունն այստեղ այլևս չի ընդունում միասնականության որևէ նոր, ոչ 100 տարի շարունակվող կաղապարներից դուրս սլացող գաղափար։ Նույնիսկ համայնքում կազմակերպվող միջոցառում-ձեռնարկներն անպայման նպաստում են ինչ֊որ անհատների անձնական շահերին։ Նույնը կատարվում է նաև մեր արնաքամ հայրենիքում։ Երևի դա մեր “փչացած” գենն է, որ տեղ-տեղ ավելի վառ է դրսևորվում՝ անկախ նրանից, թե մենք տանն ենք կամ՝ դրսում։
Շնորհակալություն Ձեր ազգանվեր ներդրման համար։
Յարգելի Տիկին Մարիամ,
Ձեր յօդուածը շատ դիպուկ է իր ախտաճանաչմամբ: Հարցը սակայն, ըստ ինծի, իր պարզագոյնին կը վերածուի եթէ այսպէս մտածենք: Սփիւռքները չե’ն ճանչնար Հայաստանն ու անոր բնակիչները: Հայաստանն ու հայաստանցիները չեն ճանչնար Սփիւռքներն ու անոր բնակիչները: Ճանաչումը շատ աւելի խոր բան մըն է քան գրականութիւնը կամ նախակրթարանի մակարդակի հայոց պատմութիւնը: Ինչպէս միշտ, ասոր հանցաւորը մենք ենք ազգովին եւ ո’չ ուրիշները: Միացեալ ազգային տեսիլք ստեղծելու ճանապարհին վրայ մենք շա՜տ ուշացած ենք: Նամանաւանդ, առիթը ունէինք այդ ընելու անկախացաումէն ետք, եւ ուրիշ ձախորդութիւններու կողքին՝ նոյնպէս անտեսեցինք մէկ ազգի տեսիլք ստեղծելը: Միացեալ ազգային տեսիլքը կը կառուցուի ո’չ թէ բարձրագորգոռ լոզունգներով եւ Հայաստան-Սփիւռք համագումարներով որոնց մասնակցութիւնը միմիայն ծառայած է երկրին զբոսաշրջիկութեան, այլ յստակ քայլերով օրինակ ա) միացնելու մեր լեզուն վերացնելով ստալինեան ոճիրը մեր լեզուին ուղղագրութեան դէմ, բ) պետական զօրաշարջի ենթարկելով Հայաստանի կարողութիւնները փրկելու համար արեւմտահայերէնը, գ) ստեղծել միացեալ ուսումնական համակարգ սփիւռքներու եւ Հայաստանի միջեւ դ) ստեղծել օրինական հիմքեր քաջալերելու կազմակերպուած եւ թիրախաւորուած հազարաւորներու ներգաղթ մը (ո’չ թէ Հայաստանը վերածել թոշակառուներու հանգստեան վայրի) ե) ստեղծել քաղաքացի դիւանագիտութեան ուժեղ ցանցեր հիմնուելով Սփիւռքներու ամբողջական մարդուժին վրայ (եւ ո’չ անոր բաժնուած ու պատառ պատառ եղած կուսակցական եւ միջ հատուածային հակասութիւնները քաջալերող մասնիկին վրայ) եւլն. եւլն.
Այսօր երբ այս բոլորին անհրաժեշտութիւնը այլեւս պարտադրաբար մեր կոկորդէն վար զոռով կը մտցուի պատմութեան ծանր դասին պատճառաւ, կրկին մեզի կը մնայ այդ դառն դեղահատը կուլ տալ եւ որոշել ապրիլ որպէս մէկ ազգ: Այլընտրանքը դուրս գալն է պատմութեան բեմահարթակէն:
Բարեկամօրէն՝
Վիգէն Լ. Ադդարեան