Մեր մտքերը Հայաստանում են․ ռազմական դրությունն ու օտարության մեջ գտնվող հայերը

Մարիամ Մուղդուսյան, Տորոնտո, 27 Սեպտեմբեր 2020

Ադրբեջանի կառավարությունը սանձազերծել է լայնատարած պատերազմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հանրապետության դեմ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, Արցախի կարևոր  ենթակառուցվածքները և ՀՀ որոշ շրջաններ ։ Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն, հայտարարվել է զորակոչ։

Մի քանի ժամվա ընթացքում տեղի է ունեցել զորահավաք․ 10,000-ից ավելի մարդ է մեկնել առաջնագիծ, և այդ թիվը մեծանում է։

Եվ եթե Հայաստանում ապրողներն ամիջական թշնամու թիրախում են և կարող են իրենց ու մեր հայրենիքը պաշտպանել փաստորեն մեզ պարտադրված պատերազմում, նույնը չես ասի նրանց մասին, ովքեր դրսում են ապրում՝ Հայաստանից հեռու, և, այդուհանդերձ, նրանց մտքերը Հայաստանում են։ Այս օրերին հայկական սփյուռքը, թերևս, ցուցաբերում է աննախադեպ համախմբվածություն և աջակցություն հայրենիքին, այդ թվում՝ պատերազմ մղելով տեղեկատվական դաշտում․ մեկը թարգմանում է լուրերը, մյուսը՝ հարցը բարձրացնում քաղաքական մակարդակով տարբեր երկրներում, մյուսները դրամահավաքին են մասնակցում, մնացածները իրենց կարողացածի չափով դիմակայում են տեղեկատվական պատերազմին, շատերն էլ մտադրված են գնալ Հայաստան ու մեկնել  ռազմաճակատ։

Վստահաբար, հայրենիքից դուրս ապրող միլիոնավոր հայերի  համար այս պատերազմն անձնական է։  Անձնական է և ընկալման տեսակետից բավականին սուր՝  հատկապես Հայաստանից նոր հեռացածների համար։ Մեզ համար Հայաստանն անշոշափելի, երազային տարածք չէ, անգամ կարոտ չէ, ավագների պատմածից ձևավորված գողտրիկ մի աշխարհ չէ՝ բացառապես ու միայն ազնիվ և աշխատասեր մարդկանցով։ Հայաստանից նոր ժամանածներից շատերի համար Հայաստանը լուրջ խնդիրներ ունեցող, հոգսաշատ մի տարածք է եղել, որ շատ շատերին խորապես հիասթափեցրել է,  կոտրել, ոմանց հանդեպ խորթ մոր պես եղել։ Հայաստանից վերջին տարիներին հեռացածների մեծ մասը Կանադա և այլ երկրներ են մեկնել  սեփական կամքով, շատերը՝ համակարգային անարդարության, շատերը՝ հիասթափված, ոմանք՝ լավ ապագա ունենալու համար, շատերը, որ կարողանան սոցիալական խնդիրները լուծել։ Այդուհանդերձ, բոլոր նրանք, ովքեր իրենց ազգային ինքնությունը փորձում են պահել, բոլոր հայերը հիմա ապրում են Հայաստանի օրակարգով՝ սպասելով առաջնագծից եկող լուրերին։

Հետաքրքրական, տարօրինակ, անհավանական կեղեքող փորձառություն է պատերազմի, աղետի ժամանակ հայրենիքում չգտնվելը։ Ընտանիքիդ անդամները, ընկերներդ, գործընկերներդ, բոլորը, ում դու գիտես, ում հետ ունես ընկերային (սոցիալական), մշակութային կապեր կամ գոնե հիշողություններ, թիրախավորված են, և նրանցից շատերը մեկնում են ռազմաճակատ։ Հայաստանցի հայերի դեպքում մարդ չկա, որ զինծառայող բարեկամ, ծանոթ չունենա, հետևաբար թեև դրսում ենք, սակայն սա խիստ անձնական տանջանք է մեզ համար։

Հայրենիքից հեռու լինելն ապահո՞վ է

Հայրենիքից հեռու գտնվել և ռազմատենչ հայտարարություններն անելը չգիտեմ՝ որքանով է արդար ու ազնիվ, որովհետև պատերազմի իրական հետևանքներն զգալու համար պետք է մարմնապես ներկա գտնվել պատերազմական տարածքում կամ,գոնե, պատկերացում և հիշողություն ունենալ իրական պատերազմից ու դրա հետևանքներից։ Մյուս կողմից, կյանքի ամենատարբեր հանգամանքները մեզ ստիպում են երբեմն չլինել այնտեղ, որտեղ կուզեինք, կարող էինք կամ պետք է լինեինք։ Եթե քո ընկերային (սոցիալական) կապերը Հայաստանի հետ իսկապես ամուր են,  հոգեկան անհանգստության այնքան մեծ չափաբաժին ես ստանում, այնքան  խորը անհանգստություն ընտանիքիդ անդամների,  հարազատներրիդ, ընկերներիդ համար,  որ անհասկանալի է՝ ո՞ր տարբերակում քեզ ավելի հանգիստ կզգայիր։

Ունենում ես նաև որոշակի մեղքի զգացման բաժին, որ հիմա այնտեղ չես, ու դադարում ես լինել այնտեղ, որտեղ որ գտնվում ես,  հատկապես, որ Հայաստանում վախի մթնոլորտ չկա։ Մեր բոլոր հարազատները, մտերիմները շատ վստահ են և հաղթական տրամադրված։

Սա ոչ խանդավառության (պաթոսի), ոչ ամպագոռգոռ  հայրենասիրության հետ կապ չունի, այլ՝  ինքնապաշտպանության, կյանքի, ապրելու իրավունքի հետ, որն իրացնելու մարմնական (ֆիզիկական) հնարավորությունից այս պահին զրկված ենք՝ գտնվելով մարմնապես հեռու։  Ու թեև ապահով ես, սակայն զգացողության առումով այս հեռավորությունը կեղեքիչ է, և մարմնական ապահովությունը փոխարինվում է հոգեկան անհանգստությամբ։

Եվ չնայած այս անհանգստությանը, Հայաստանը մարտունակ բանակ ունի,  ՀՀ պետական նախահաշիվի (բյուջեի) հսկայական   տոկոս,  այնուամենայնիվ, ուղղվել  և ուղղվում է ռազմական կարիքները հոգալուն և զինամթերք (զինտեխնիկա) ձեռք բերելուն, Հայաստանն ունի խիստ մարտունակ բանակ, իսկ  մենք պայքարում ենք մեր պատմական հայրենիքի սահմանները պահելու համար, մենք վարձկաններ չունենք, ռազմաճակատ են մեկնում մեր ընկերները, եղբայրները, հայրերը, հետևաբար, պատերազմի հաղթական ելքը կասկածելու տեղ չի տալիս։ Դրսում ապրողների մասին․ չնայած նրան, որ շատերն են Հայաստանից հեռացել հիասթափության պատճառով, այդուհանդերձ, կասկած չկա, որ համահայկական զորահավաքի դեպքում հարյուր հազարավոր հայեր կմեկնեն Հայաստան՝ գերադասելով հոգեկան հանգստությունը մարմնապես (ֆիզիկապես) ապահով լինելուց։

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like