Ինչու՞ չենք ճանաչում մեզ ու մեր թշնամուն

Մարիամ Մուղդուսյան, Երևան, 22 Հունիս 2021

Մենք՝ հայերս, երբ ուզում ենք նշել որևէ մեկի անմարդկային,  ոչ բարեխիղճ, անճաշակ լինելն ու շատ այլ բացասական հատկություններ ունենալը, մի բառով ասում ենք՝ «թուրք»։ Մեր մտածողության մեջ արմատացած է, որ թուրքերը չունեն բարձր մշակույթ,  բայց երբ քննադատում ենք մի բան, որ չգիտենք՝ ինչ է՝ դրան վերագրելով վատը, անճաշակը, ոչ բարձրը, արդյոք այս մտածելակերպը չի՞ բացառում մեր՝ թշնամուն տեսնելու և ճանաչելու անհրաժեշտությունը։  Այս մտքերն ունեցա, երբ օրերս Երևանում՝ հայկական միջավայրում, ուրախության հավաքույթի էի ներկա։ Փաստացի, հնչում էր թուրքական, իրապես թուրքական երաժշտություն։

Եթե ներկաներից որևէ մեկին այդ պահին ասեիր, որ գիտեք, դուք լսում եք թուրքական երաժշական մտածողությամբ հայերեն, երբեմն ռուսական բառերով, թուրքական կատաարման եղանակով իբրև թե հայկական երաժշտություն, որ ավելի հայտնի է ռաբիս երաժշտության անվանումով, բոլորը միահամուռ կերպով լրջորեն կընդդիմային։ Նրանք համոզված էին՝ հայկական ժողովրդական երգեր են լսում։ Կարող են, իհարկե, եթե ցանկանում են, լսել նաև թուրքական երաժշտություն, բայց  նախ կարելի է ճանաչել առնվազն սեփական մշակույթը։ Մեր ճնշող մեծամասնությունը չի ճանաչում։

Երաժշտությունը կենդանի կատարմամբ էր, և ներկաները պնդում էին, թե ուրիշ ինչ պետք է լսեն ուրախ առիթի ժամանակ․ սա՛ է հայկականը։

Այս երեկույթը տեղով ապտակ էր․ հարյուրից ավելի հայեր Երևանում այդ պահին պարում էին թուրքական երաժշտության ներքո՝ վստահ լինելով, որ հայկական է։  Վստահ էին, որ պարերի շարժումները հայկական էին, այդ տարօրինակ, ագրեսիվ շարժումներով պարել են մեր նախնիները։

Մարդիկ, որ թուրքական երաժշտությամբ, ռուսերեն կամ անհասկանալի հայերեն բառերով երաժշտություն լսելով պարում էին, մեծ հակաազդեցություն ունեն ավանդական երաժշտոթյան, երգի նկատմամբ։ Ասում են՝ ձանձրալի է, շարժումներն էլ չգիտեն։

Եվ ուրեմն մեր մեջ մի բան փոխվել է, ու մենք այլևս անհանդուրժող չենք օտար, այս դեպքում թուրքական, ադրբեջանական երաժշտության նկատմամբ, և եթե մեր մշակույթներն այդքան մոտեցել են, ինչի՞ համար ենք պատերազմում։

Ակամայից հիշում եմ ՆՓ կազմակերպած հանրահավաքներից մեկի ժամանակ մի տիկնոջ հայտարարությունը, թե այո, Շուշին ադրբեջանական է, ու թեև ՆՓ խոսքը բնագրից կտրված էր, այնուամենայնիվ, այդ խոսքը հենց ընդհանուր  խոսքից կտրված էլ մեջբերում էր  տիկինը, և ներկա մյուս անձինք կարծես դրան  շատ վատ չէին վերաբերվում։ Ես սկսում եմ մտածել, որ եթե հայերիս մի հոծ զանգվածի տրվի հարյուր տոկոսանոց երաշխիք, որ չեն սպանվելու և լավ են ապրելու,  ազատորեն կարող են մուտք գործել եկեղեցիներ՝ երկրպագության, մեծ հավանականությամբ դեմ չեն լինի անգամ ձուլվելուն, նույնիսկ ադրբեջանցիներին ու թուրքերին․ կպարեն նույն երաժշտության ներքո, կլսեն նույն երաժշտությունը, ինչ մեր հարևանները, կսովորեն լեզուն․․․ Հայերս հարմարվող ենք, և մեզ կարելի է մեր իսկ երկրում հաղթել՝ նախ վերցնելով, ավելի շուտ տարածելով մշակույթը։

Խորհրդային տարիներին մեզ տվել էին անվտանգության և սոցիալական երաշխիքներ, իսկ ազգային մտածողության մտավորականները, որոնք կայծեր էին համատարած սոցիալիստական գաղափարախոսության մեջ, սկսեցին տարածել ազգային ինքնության գաղափարախոսությունը։ Ու չնայած նրան, որ մենք մեր ազգային ինքնության պահպանության համար նախ  անկախացանք, այնուհետև պատերազմեցինք, անկախության տարիներին մենք ինքնակամ մշակութային գաղութացման գնացինք։ Փաստորեն, երբ  թվում էր՝ պետք է զարթոնք ապրեր հայկական մշակույթը, քանի որ վերացել էր գրաքննությունը, այն խեղճացավ, դարձավ փոքրաթիվ մարդկանց սեփականությունը։

Մի կողմից մենք ցանկացանք անկախանալ, մյուս կողմից մենք չիմացանք՝ինչ անել այդ անկախության հետ։

Անկախացումից հետո Հայաստանը չունեցավ հրետանային մշակութային քաղաքականություն, չունեցավ հրետանային մշակութային գործիչներ, մտավորականներ։ Վերջիններիս նախ ունեզրկեցին, հետո արդեն դարձրին ենթականեր, մենք չգնահատեցինք ու չստեղծեցինք մտավորականներ, և նրանք, որ սովորել էին խորհրդային տարիներին ստանալ պետական աջակցություն, դարձան օրվա իշխանությունների խամաճիկները, օրվա հացի համար պայքար մղող մարդկանց խումբ։ Այսպես, քայլ առ քայլ նրանք նախ հեղինակազրկվեցին, այնուհետև դուրս մղվեցին լայն զանգվածների հասանելի լինելու բոլոր խողովակներից, հետագայում նույն մտավորականները դադարեցին կարծիք ձևավորել, նրանք կտրվեցին բնակչության ճնշող մեծամասնությունից, իսկ հիմա այլևս չունեն հեղինակություն։ Հեռուստատեսությունից ու ռադիոյից վերացավ գրաքննությունը, և եթե կարելի էր այդ ազատ տարածքը լցնել իրապես բարձր մշակույթով, այն լցվեց շահույթ հետապնդող բովանդակությամբ։ Ամեն ոք, որ կարող էր լայն մասսաների գրավել իր անկիրթ  կատարումներով կամ կիսագրագետությամբ, սկսեց ճաշակ ձևավորել, և այն, ինչով պետք չէ կրթեին սերունդներին, եկավ առաջին պլան, դարձավ նորմ, մտավ ամեն տուն, ընտանիք, և հիմա մենք հենց այդ հետևանքներն ենք տեսնում՝ արդեն գրեթե բոլոր ուրախության առիթներին։

Պարզվեց՝ մեր հոգուն մոտ է թուրքականը, ադրբեջանական մշակույթը, ուրեմն ինչի՞ համար է այս ողջ արյունահեղությունը, միայն որ մեզ չսպանե՞ն, փաստորեն, մեր միակ, բացառիկ խնդիրը չբնաջնջվելն է, որովհետև եթե երաշխիքներ լինեն, փաստորեն արագորեն կձուլվենք, և դա է վկայում նաև Հայաստանից վերջին տարիներին օտարության ճամփան բռնած մեր հայրենակիցների կենցաղը։ Օտար, դեմոկրատական երկրներում հայերս մեր ինքնությունը չենք կարողանում պահպանել, մոռանում ենք լեզուն, մշակույթը։ Այստեղից մեկ այլ եզրակացություն․ եթե մեր հարևանները լինեին ժամանակակից Գերմանիան, Իսպանիան, Իտալիան կամ հենց նույն Կանադան, բացառված չէ, որ մենք դեմ չէինք լինի մեր ազգային ինքնությունից հրաժարվել, որովհետև այլ հիմնավոր խոսք, թե մենք ինչու ենք ուզում հայրենիք ունենալ, չձուլվել Թուրքիային կամ ՌԴ, ըստ էության, չունենք կամ առնվազն չենք մտածում, որ չունենք։

Եվ այստեղ է, որ առաջանում են բազմաթիվ հարցեր, այստեղ է, որ մշակութային գաղութացման բոլոր դրսևորումները կարող ես տեսնել Հայաստանում, և այն, ինչ իրապես հայկական է, իրապես մեր հայրենիքի գոհարներն են, արդյոք պե՞տք է, որ լինեն, եթե մեծամասնությունը չի ուզում, և մի՞թե մեծամասնությունը եթե որոշում է մի բան, ուրեմն դա է լավը, ճշմարիտն ու անհրաժեշտը։

Գալով արդեն «թուրք» արտահայտությանը․ կարծում եմ՝ սա՝ ամենավատ հատկանիշները թուրքերին վերագրելն ու դրանով նրանց մասին եղած պատկերացումները ամփոփելը, իրականում ծուղակ է և անիմաստ մեծամտություն, որը մեզ թույլ չի տվել ճանաչել մեր հակառակորդին, ավելի ճիշտ՝ թշնամուն։ Մենք մնացել ենք նույն տեղում ու չենք համեմատել մեզ մեր հարևանների հետ, մենք չենք տեսել՝ ինչ ձևափոխությունների է ենթարկվում Թուրքիան, Ադրբեջանը։ Մեր հայացքը դեպի ներս է եղել, բայց ոչ՝ դեպի մոտալուտ վտանգը, դեպի այս պետություններում տեղ ունեցող փոփխությունները։

Փաստացի, Թուրքիան ու  Ադրբեջանը զորացել են այս տարիների ընթացքում, իսկ մենք՝ թերագնահատել նրանց։ Ճշմարտությունն այն է, որ մեզ հաղթել են պատերազմում, հաղթել են և հաղթում են նաև մշակույթով, ընդ որում, մեր իսկ ցանկությամբ, այլ բացատրություն մեր երկրում այսքան թուրքական, ադրբեջանական մշակույթի առկայությունը հնարավոր չէ գտնել։

Հ․ Գ․․ թեման իրապես ընդգրկուն է, և հնարավոր չէ միանգամից այս բոլոր կողմերին անդրադառնալ, առաջիկայում կարիք կլինի վերստին խոսել այս հարցերի շուրջ։

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like