Վուդրօ Վիլսոնի Իրաւարար վճիռը

Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի վերաբերեալ

Արա Պապեան, Երեւան, 14 Փետրուար 2020

Համաշխարհային քաղաքագիտական միտքը բազմիցս է անդրադարձել Վուդրօ Վիլսոնի քաղաքական ժառանգութեանը, սակայն գրեթէ ոչինչ չի արուել վեր հանելու համար ԱՄՆ նախագահի հետեւողական եւ աննկուն ջանքերը յանուն հայ ժողովրդի դարաւոր իղձերի իրականացման եւ, ամենակարեւորը, արժեւորելու համար այդ գործունէութեան բարձրակէտը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ սահմանը որոշող եւ մէկընդմիշտ ամրագրող իրաւարար վճռի (arbitral award) քաղաքական անանց կարեւորութիւնը մերօրեայ Հայաստանի Հանրապետութեան ներկայի եւ ապագայի համար:

Իրաւարար վճռի նախընթացը.

1920թ. ապրիլի 25-26-ին Դաշնակից եւ ընթերակայ ուժերի Գերագոյն խորհուրդը (Supreme Council of Allied and Associated Powers), բաղկացած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչներից, որոշում կայացրեց դիմել ԱՄՆ նախագահին երկու խնդրանքով.

ա) ստանձնել Հայաստանի մանդատը,

բ) իրաւարար վճռով որոշել Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը (1):

Երկրորդ խնդրանքը նաեւ պաշտօնապէս ամրագրուեց Խաղաղութեան վեհաժողովի նախագահի՝ Ֆրանսիայի վարչապետ եւ արտգործնախարար Ալեքսանդր Միլերանի 1920թ. ապրիլի 27-ի պաշտօնագրով (2): Նույն խնդրանքը 89-րդ յօդուածի տեսքով ներառուեց Սեւրի դաշնագրի մէջ եւ արդէն Հայաստանի ու Օսմանեան Տէրութեան, ինչպէս նաեւ դաշնագիրը ստորագրած գրեթէ 20 երկրի անունից յղուեց ԱՄՆ նախագահին: ԱՄՆ նախագահը, իրաւասու մարմինները (պետքարտուղարութիւնը, պաշտպանութեան նախարարութիւնն ու նախագահի վարչակազմը) եւ համապատասխան աշխատանքային խումբը (պրոֆ. Վեստերմանի գլխաւորութեամբ), մանրազնին ուսումնասիրեցին հայցը եւ կայացրին իրաւարար վճիռը:

Վուդրօ Վիլսոնն իրաւարար վճիռը ստորագրեց 1920թ. նոյեմբերի 22-ին: Այն դեկտեմբերի 6-ին պաշտօնապէս փոխանցուեց Փարիզ՝ Դաշնակից ուժերի Գերագոյն խորհրդին: Սոյն վճռի պաշտօնական եւ ամբողջական անուանումն է. «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դէպի ծով ելքի եւ հայկական սահմանին յարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերեալ», 22 նոյեմբերի 1920թ.:

Իրաւարար վճռի բովանդակութիւնը.

Ըստ իրաւարար վճռի՝ Հայաստանի Հանրապետութեան տիտղոսն ու իրաւունքները ճանաչւում էին նախկին Օսմանեան կայսրութեան Վանի, Բիթլիսի, Էրզրումի եւ Տրապիզոնի նահանգների վրայ՝ ընդհանուր առմամբ 103.599 քառակուսի կիլոմետր: Դա կրկնակի քիչ էր այն տարածքից, որի վրա Մուդրոսի զինադադարի 24-րդ յօդուածով ճանաչուել էր հայկական տիտղոսը: Նման էական կրճատումը պայմանաւորուած էր այն հանգամանքով, որ արդէն այդ ժամանակ ի յայտ էին եկել հայերի մարդկային հսկայական կորուստները՝ Հայոց ցեղասպանութեան հետեւանքով:

Իրաւարար վճռի ներկայ կարգավիճակը.

Իրաւարար վճիռը վերջնական է եւ պարտադիր է կատարման համար (3): Այն չունի ժամանակային սահմանափակում (4), եւ նրա կարգավիճակը կախում չունի վճռի հետագայ ճակատագրից:

Միջազգային իրաւունքը, մասնաւորապէս Հաագայի միջազգայնագրի /կոնվենցիայի/ (1907թ.) 81-րդ յօդուածը, որով ամփոփուել եւ ամրագրուել է իրաւարար վճիռների կարգավիճակը, ընդհանրապէս չի նախատեսում վճռի չեղեալ յայտարարում (5): Ըստ միջազգային իրաւունքի՝ կողմերը, համաձայնուելով իրաւարար որոշմանը ներկայացնել իրենց վէճը, մեկընդմիշտ ընդունում են, որ իրենց կողմից կատարման համար պարտադիր կը լինի իրաւարարի ամէն վճիռ (6): Իրաւարարութիւնն ի կատար ածելու կողմերից մէկի մերժումը չի ազդում վճռի վաւերականութեան վրայ: Ըստ այդմ, քանի որ իրաւարարութեան հայցը ներկայացուել է ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ 16 այլ երկրների կողմից, ուստի վճիռը պարտադիր է բոլոր հայցուորների համար, որոնք ներկայումս հետեւեալ երկրներն են՝ Միացեալ Թագաւորութիւն, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Հարաւային Աֆրիկայի Հանրապետություն, Հնդկաստան, Պակիստան, Բանգլադեշ, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Յունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Չեխիա, Սլովակիա, Սերբիա, Խորվաթիա, Սլովենիա, Բոսնիա-Հերցեգովինա, Մակեդոնիա եւ Չեռնոգորիա: Այն պարտադիր է նաեւ իրաւարարի՝ Ամերիկայի Միացեալ Նահանգների համար, քանի որ ԱՄՆ նախագահի յուրաքանչյուր պաշտօնական դիրքորոշում հանդիսանում է երկրի դիրքորոշումը (7) և իրաւարարութիւնից բխող քայլերը պարտադիր են կատարման համար (8):

Հայաստանը, որպէս ՄԱԿ-ի անդամ երկիր, կարող է ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջոցով (Միջազգային դատարանի կանոնադրութեան 36-րդ յօդուածի 2-րդ կէտի (ա) եւ (բ) ենթակէտերի հիման վրայ) հաւաստել Վիլսոնի իրաւարար վճռի վաւերականութիւնը եւ դրանով իսկ վերահաստատել իր տիտղոսը իրաւարար վճռով Հայաստանին յատկացուած տարածքի վրայ:

Յղումներ եւ ծանօթագրութիւններ.

1. The Treaties of Peace, 1919-1923, vol. I. NY, 1924, p. xxxii.

2. Papers Relating to Foreign Relations of the United States, 1920. Washington, 1936, v. III, p. 780.

3. A Dictionary of Arbitration and its Terms (ed. Seide K.). NY, 1970. p. 32.

4. Wildhaber L., Treaty Making Power and Constitution. Basel-Stuttgart, 1971, p. 98.

5. Sorensen M., Manual of Public International Law. New York, 1968, p. 693-4.

6. A Dictionary of Arbitration and its Terms. ibid, p. 27.

7. Wright Q., The Control of American Foreign Relations. NY, 1922, p. 38.

8. Collier J., The Settlement of Disputes in International Law. Oxford, 1999, p. 265.

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

Հայաստանի տարածքից 42 քառ. կմ թշնամուն հանձնած հայկական զորքը կտրեց Թուրանի գլուխը Ղազախստանում

Արամ Ամրոց, Երևան, 18 Հունվար 2022 Այսօր Եվրախորհրդարանը բավականին կոշտ բանաձև է ընդունել Ղազախսատանում հունվարի 2-ի խաղաղ ցույցերին…
Read More