Անցյալի գնահատականներ, ներկայի հիմնահարցեր եւ ապագայի հեռանկարներ

Արա Պապյան, Երեւան, 24 Օգոստոս 2020

Քաղաքական զեկույց

Մեծարգո ներկաներ,

Հարգելի գաղափարակից ընկերներ,

Երեք տասնամյակ առաջ՝ 1990թ.-ի օգոստոսի 23-ին, ընդունվեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը: Փաստաթուղթ, որը հռչակեց ՛՛անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը,՛՛  նախանշեց մեր պետականության վերակերտման ուղենիշները և  հաստատագրեց ինքնիշխան պետություն ունենալու  կամքը:

Անցած երեք տասնամյակի ընթացքում հայ ժողովուրդն անցել է անօրինակ փորձությունների միջով, պայքարել հանուն անկախ և ժողովրդավար պետականության, պատերազմել ու հաղթել զոհողությունների գնով, ազատագրել և պաշտպանել իրենից բռնազավթված ու օտարին հանձնված Արցախը:

Այսուհանդերձ, Հայաստանի անկախության հռչակագրի մեջ նախանշված նպատակների մի զգալի մասը մնացել է անկատար կամ խորապես թերի: Դա մեծապես պայմանավորված է եղել առարկայական և ենթակայական (օբյեկտիվ և սուբյեկտիվ) մի շարք գործոններով:

Առարկայական գործոնները

Ներքին՝ չկային կայուն ժողովրդավարական ավանդույթներ, շատ առումներով գերակայում էր ամբողջատիրական մտածողությունը, չկար տնտեսապաես անկախ միջին խավ: Առաջ անցնելով հարկ է նշել, որ այսօր էլ, թեև որոշակի փոքրաթիվ հանրային կղզյակներում ժողովրդավարական մշակույթի ներդրմանը, թե ժողովրդավարության, և թե միջին խավի կայացումը մնում է որպես չլուծված պրոբլեմ:

Արտաքին՝ միջպետական հարաբերություններում գերակայում էր հետսառըպատերազմյան տրամաբանությունը:

Ենթակայական գործոններից հարկ է նշել քաղաքական ղեկավարության սկզբունքային սխալները, խիստ պակասավոր ու անարդյունավետ, իսկ հետագայում՝ նաև հանցավոր կառավարումն ու վարքագիծը:

Ըստ այդմ, անցած երեք տասնամյակի ընթացքում, առկա որոշ ձեռքբերումների կողքին, շատ են չարդարացված կորուստները: Քանի որ հայոց պետությունը անցած ժամանակահատվածում, ըստ էության, զավթված է եղել իրար հաջորդող վարչախմբերի կողմից, ապա դա հանգեցրել է ազատ շուկայական հարաբերությունների խեղման և էական տնտեսական դժվարությունների, ինչի հետևանքով՝ նաև հասարակական հարաբերությունների և ազգային կենսակերպի անհրաժեշտ արդիականացման կասեցման և եղածի աղճատման: Սրա հետևանքով հայրենաբնակ ժողովրդի մի զգալի հատվածը հարկադրված է եղել լքել հայրենիքը և օտարության մեջ վաստակել առօրյա ապրուստը, ինչպես նաև հեռվից աջակցել իր հարազատներին և հայրենիքին:

Մի խումբ մարդկանց կողմից Հայաստանում իշխանության զավթման թերևս ամենաակնառու դրսևորումը և աններելի  հանցագործությունը Անկախության հռչակագրի յոթերորդ կետում ամրագրված համաժողովրդական սեփականություն հանդիսացող հսկայական հարստության, մասնավորապես՝ ընդերքի և բնական պաշարների, յուրացումն է՝ առավելապես օտար կապիտալի հետ միասին: Ասվածի ամենացավոտ օրինակը Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրն է:

Մեծարգո ներկաներ,

Թեև Հռչկագրում խոսվում է 1-ին հանրապետության ժողովրդավարական ավանդույթները զարգացնելու մասին, ըստ այդմ՝ անուղղակիորեն ընդունելով նաև նրա իրավահաջորդությունը, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին վարչախումբը որդեգրեց Հռչակագրին հակասող իրավաքաղաքական հայեցակարգ, որի վրա մինչ օրս խարսխված է արտաքին և ներքին քաղաքականությունը:

  1. Փոխանակ հստակորեն որդեգրելու ներկա Հայաստանի Հանրապետության և 1918-1920թթ.ին գոյություն ունեցող պետականության իրավահաջորդության սկզբունքը, հետևաբար ստանձնելու և իրավատիրելու Հայաստանի առաջին Հանրապետությանը շնորհված կամ վերապահված իրավունքներն ու տարածքները, ինչպես արել են օրինակ մեր հարևան Վրաստանն ու Ադրբեջանը, 1990-ականների սկզբի մեր երկրի ղեկավարությունն անհասկանալի պատճառներով  հանդես եկավ որպես ՍՍՀՄ կազմում ընդամենը վարչատարածքային միավոր հանդիսացող, բնականաբար որևէ միջազգային կարգավիճակ չունեցող և երբևէ չունեցած, Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության շարունակություն: Այս քայլով Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը օրինականության երանգ է տալիս թուրք-բոլշևիկյան համատեղ ուժերի կողմից մեր երկրի զավթմանը 1920 թ.-ին, սրբագործում է ստալինյան սահմանադրության հայավնաս հետևանքները և զգալապես թուլացնում  մեր բանակցային դիրքերը ինչպես Արցախի հարցում, այնպես էլ Թուրքիայի հետ: Այս սխալ հայեցակարգից է ածանցվում այն փակուղային իրավիճակը, որում ներկայումս հայտնվել են Արցախի կարգավիճակի շուրջ ընթացող բանակցությունները: Պետք է հստակ հասկանալ, որ ներկա բանակցությունների հիմք հանդիսացող ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, այն է ՛՛հող կարգավիճակի դիմաց՛՛ բանաձևը,  չի լուծում հակամարտությունը, քանզի ինքնորոշման սկզբունքը կարող է վերաբերել միմիայն Լեռնային Ղարաբաղի Ինքանվար Մարզի տարածքին և ոչ մի դեպքում հարակից ազատագրված շրջաններին: Սա մի «բուժում» է, որն ավելի վատն է, քան հիվանդությունը:
  2. Չնայած Հռչակագրում ամրագրված ժողովրդավարության զարգացման ուղենիշին, անտեսվեցին 1-ին հանրապետության ժողովրդավարության ավանդույթներն ու դասերը և փոխարենը աստիճանաբար ձևավորվեց կեղծ ժողովրդավարական ավտորիտար կառավարման համակարգ:
  3. Ոտնահարվեց նաև Հռչակագրով սահմանված՝ ինքնիշխանության հաստատման և ամրապնդման հանձնառությունը:

Մեծարգո ներկաներ,

Այս օրերին պետք է ցավով արձանագրել, որ մեր հայրենիքը գտնվում է համակարգային ճգնաժամի մեջ: Այսինքն, երկիրն ունի ոչ միայն լրջագույն խնդիրներ, այլև չի կարողանում դրանց համարժեք արձագանքել և դրանք կառավարել:

Հռչակագրի ուղենիշներից շեղվելու հետևանքով աստիճանաբար առաջացավ համակարգային ճգնաժամ, որի երեք հիմնական դրսևորումները և խթանիչները դարձան.

  1. 2008 թ. մարտի 1-ին Երևանի կենտրոնում ժողովրդավարության գնդակահարումը, ինչը փաստեց հանցավոր համագործակցության վերածված վարչախմբի կողմից ամբողջապես իշխանության յուրացումը, սահմանադրական կարգի տապալումը և պետության զավթումը, այդու՝ բռնապետության վերջնական հաստատումը,
  2. 2013թ. վերջից սկսված Եվրասիական տնտեսական Միությանը հարկադրաբար անդամակցելու գործընթացը, որը էապես սահմանափակեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը՝ մեզ զգալապես զրկելով միջազգային հարաբերություններում ինքնուրույն գործելու կարողությունից,
  3. հիմնականում 1-ին հանրապետության իրավահաջորդությունից հրաժարվելու պատճառով Մադրիդյան սկզբունքների հիման վրա Արցախի հիմնահարցի լուծման փակուղում հայտնվելը, ինչն ի վերջո հանգեցրեց Լավրովյան պլանին և դրանից ածանցվող 2016 թ. Ապրիլյան պայմանավորված պատերազմին:

Մեծարգո ներկաներ,

Վերը նշված, ինչպես նաև այլ գործոններով պայմանավորված համակարգային ճգնաժամի առաջացրած ժողովրդավարության, ինքիշխանության և պետականության ժառանգորդության կորստի վտանգն արթնացրեց բուն ինքնիշխանին՝ ժողովրդին: Ինքնիշխան Ժողովուրդն իր ձեռքը վերցրեց երկիրը պաշտպանելու, զավթված պետությունն ազատագրելու, ինքնիշխանությունը վերականգնելու և ժողովրդավարությունը վերահաստատելու գործը:

Հանուն արդարության պետք է փաստել, որ իր ճակատագրին, իրավունքներին և պետականությանը տեր կանգնելու ժողովրդային պայքարը, որ սկսվել էր 1993թ. և ընդմիջվել էր 2008 թ. մարտի 1-ի մղձավանջով, ըստ էության կանգ չի առել և շարունակվում է մինչ օրս:

Սակայն 2016թ. Ապրիլյան պայմանավորված պատերազմն էր, որ ցնցեց համայն հայությանը, քանի որ բռնապետությանը գումարվեց նաև ազգային դավաճանությունը՝ առաջացնելով ժողովրդի ֆիզիկական գոյության և պետության կործանման իրական սպառնալիք: Այսուհանդերձ, վարչախումբը չհաշտվեց դավադիր Լավրովյան պլանը ժողովրդի և նրա բանակի ձեռամբ խափանելու փաստի հետ:

Դեմ հանդիման կանգնելով Արցախը և պետության ինքնիշխանությունը կորցնելու իրական սպառնալիքին, «Սասնա Ծռեր» խմբավորումն ստիպված զենք վերցրեց ընդդեմ բռնապետության և ազգային դավաճանության: Ժողովուրդը ողջունեց, լեգիտիմացրեց և տեր կանգնեց այդ ապստամբությանը՝ քաղաքացիական անհնազանդության իր անմիջական գործողություններով այն վերածելով համաժողովրդական ընդվզման:

Այս ապստամբությունը մինչև հիմքերը ցնցեց բռնապետական կառավարման համակարգը և նրան էապես զրկեց հետագայում զինված բռնություն կիրառելու հնարավորությունից: Դրա շնորհիվ 2008թ. մարտի 1-ի հետևանքով ստեղծված՝ ժողովրդային ընդվզման դեպքում զինված բռնության անխուսափելի սցենարը, որի պատճառով խափանվում էին քաղաքացիական խաղաղ անհնազանդության բոլոր փորձերը, կորցրեց իր ներուժը և վերջապես հնարավորություն ստեղծվեց 2018-ին զանգվածային քաղաքացիական անհնազանդության միջոցով բռնապետությունը տապալելու համար:

Առնվազն պետք է քաղաքականապես կույր լինել չհասկանալու համար, որ 2018 թ. ապրիլ-մայիսի հեղափոխական իշխանափոխությունը չէր կարող լինել անարյուն, եթե իշխանությունը, ելնելով 2016 թ. հուլիսի փորձից, 2018 թ. ապրիլին ուժի կիրառումը չհամարեր անհեռանկարային: Կամ պետք է ընդունել այս տեսակետը, կամ համաձայնվել օդի մեջ կախված այն վարկածի հետ, որ 2018թ. ապրիլ-մայիսի իրադարձությունները նախապես պայմանավորված բեմականացում էին:  Միևնույն ժամանակ իրավունք չունենք մոռանալու, որ Սասնա Ծռերի ապստամբությունը, բացի 2018-ի համաժողովրդական խաղաղ անհնազանդությամբ իշխանությունը փոփոխելու համար ճանապարհ հարթելուց, փաստորեն վիժեցրեց Լավրովյան պլանի իրագործումը: Այն լուծեց իր առջև դրված հիմնական խնդիրը՝ իշխանություններին և նրանց օտար տերերին ցույց տվեց, որ հայ ժողովուրդը դեռևս վերջնականապես չի կոտրվել և պատրաստ է խափանելու Արցախի հետ կապված ցանկացած դավադիր ծրագիր:

Մեծարգո ներկաներ,

2018-ի հեղափոխական ալիքի վրա պետության կառավարումը ստանձնած քաղաքական ուժը, ցավոք սրտի, նախորդ վարչախմբերի նման շարունակեց Հռչակագրի սահմանած ուղենիշներից շեղված քաղաքականությունը և գործելակերպը, ինչի հետևանքով չարդարացվեցին հեղափոխական սպասումները և չկատարվեցին խոստումները:

Համակարգային ճգնաժամը հաղթահարվելու փոխարեն շարունակում է խորանալ: Իսկ դրան գումարվող կորոնավիրուսի համավարակը և զուգահեռաբար զարգացող համաշխարհային մասշտաբի դարակազմիկ փոփոխությունների հորձանուտում տեղի ունեցող ցնցումները մեր ազգի և պետականության համար ստեղծում են գոյութենական մարտահրավերներ: Ստիպված ենք ցավով արձանագրել, որ ներկայիս վարչախմբի կարողությունները էապես չեն համապատասխանում մեր աչքի առջև ահագնացող այդ մարտահրավերներին:

Մեծարգո ներկաներ,

Համակարգային ճգնաժամի հաղթահարումը պահանջում է համազգային համախմբում և հակաճգնաժամային կառավարման տրամաբանությամբ արտակարգ լուծումներ:

Ստեղծված իրավիճակում, երբ կա նաև բռնապետությունից ժողովրդավարության անցնելու խնդիր, վերը նշված հակաճգնաժամային կառավարումը պետք է իրականացվի անցումային ժողովրդավարության ձևով՝ բռնապետության անվերադարձելիությունն ապահովելու համար:

Այս նպատակով, հաշվի առնելով մեր պատմության ընթացքում պետության զավթման դառը փորձը, անհրաժեշտ կլինի հնարավորինս կիրառել ուղիղ ժողովրդավարության մեխանիզմներն ու գործիքները, իսկ անցումային կառավարման փուլը նախապես սահմանել կարճ և հստակ ժամկետով ու լիազորությունների խիստ սահմանված շրջանակով: Մեր համոզմամբ, այն պետք է տևի առավելագույնը մեկ տարի:

Հակաճգնաժամային անցումային ծրագիրը պետք է հիմնվի հնարավորինս լայն համազգային համաձայնության ու ներառականության, ինչպես նաև ինքնիշխանության ամրապնդման ու Արցախը ներառող միասնական կառավարման համակարգի վրա:

Էական է լինելու արտաքին անվտանգության ապահովման հարցը: Ըստ այդմ՝ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի արտաքին ռազմավարության վերանայմանը, այդ թվում՝ դիվերսիֆիկացմանը (զանազանություն), ինչը պետք է իրագործվի մեր ռազմավարական շահերին համապատասխան տարածաշրջանի դերակատարների հետ հավասրակշված հարաբերությունների ձևավորմամբ:

Ըստ այդմ՝ հատկապես պետք է հաշվի առնվի փոփոխականորեն զարգացող նոր իրավիճակը, որը համաշխարհային անկայունացման համատեքստում պայմանավորված է Թուրքիայի ագրեսիվության և անկանխատեսելիության աճմամբ, հակաթուրքական դաշինքի ձևավորման միտումով, մեզ համար կենսական որոշ հարցերի նկատմամբ Ռուսաստանի անհստակ դիրքորոշմամբ ու պատմության շրջադարձային փուլերում մեր տարածաշրջանից անսպասելիորեն նահանջելու նրա ձեռագրով, ինչպես նաև Ռուսաստանում տեղի ունեցող հարաճուն անկայունությամբ:

Ուստի է՛լ ավելի էական է դառնում Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը: Գաղտնիք չէ, որ ներկայումս դրանք վասալային են՝ ի հաշիվ Հայաստանի շահերի: Հաշվի առնելով Ռուսաստանի ներկայիս կառավարող ռեժիմի կայսերապետական-իմպերիալիստական նկրտումները, նրա օրոք Ռուսաստանի հետ արժանապատիվ և իրավահավասար հարաբերությունների հաստատումը քիչ հավանական ենք համարում:

Միևնույն ժամանակ՝ առարկայական հույսեր են ներշնչում Ռուսաստանում և նրա աշխարհաքաղաքական ազդեցության տիրույթում գտնվող կից պետության՝ Բելառուսում, տեղի ունեցող գործընթացները, որոնք ի վերջո հանգեցնելու են Կրեմլի ռեժիմի փոփոխության: Նման զարգացման դեպքում, եթե որպես արդյունք ձևավորվի ժողովրդավարական հանրապետական Ռուսաստանի կառուցման ուղին որդեգրած իշխանություն, ապա հնարավոր ենք համարում նրա հետ արժանապատիվ և իրավահավասար գործընկերությունը:

Ստեղծված իրավիճակում էականորեն արդիական է դառնում տարածաշրջանի ներկայիս քաղաքական ճարտարապետության հիմքը կազմող ապօրինի փաստաթղթերի՝ Մոսկվայի և Կարսի, այսպես կոչված պայմանագրերի, նկատմամբ դիրքորոշման հստակեցումը, ինչպես նաև զուգահեռաբար՝ Հայաստանի Հանրապետության իրավավատիրության և, առհասարակ՝ Հայկական հարցի լուծման հիմքը կազմող լեգիտիմ (օրինական) միջազգային փաստաթղթերի՝ Ազգերի լիգայի զեկույց-առաջարկի (24 փետրվարի, 1920թ.), Սան Ռեմոյի համաժողովի որոշումների (23-26 ապրիլի, 1920թ.), Սևրի պայմանագրի (10 օգոստոսի, 1920թ.) և Վիլսոնի իրավարար վճռի (22 նոյեմբերի, 1920 թ.) վերարծարծումը:

Հաջորդ տարի՝ 2021 թ.-ին, լրանում է երկու տխրահռչակ ու անօրինական փաստաթղթի, այն է Մոսկվայի և Կարսի, այսպես կոչված, պայմանագրերի հարյուրամյակները: Մինչ այդ չարաղետ հոբելյանները Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը պարտավոր է դատապարտել քեմալա-բոլշևիկյան հակաօրինական գործարքները՝ ամենաբարձր մակարդակով տալով դրանց իրավաքաղաքական գնահատականներ, ինչպես նաև նույնը պահանջել Հայաստանի Հանրապետության դաշնակից համարվող և այդ պայմանագրերի կողմ Ռուսաստանի Դաշնությունից:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության իրավատիրության և Հայկական հարցի լուծման հիմքը կազմող վերը նշված փաստաթղթերի վերարծարծմանը, ապա ցավով պետք է նշենք, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս վարչախումբը համարժեք և պատշաճ անդրադարձ չունեցավ դրանցից երեքին, այդ թվում՝ Սևրի պայմանագրին, ինչպես նաև ոչ մի գործուն քայլ չի կատարում Վիլսոնի իրավարար վճռի հարյուրամյակը ըստ արժանվույն նշելու ուղղությամբ, որը լրանալու է առաջիկա նոյեմբերին:

Մինչդեռ լրջագույն ջանքեր պետք է գործադրվեն Վիլսոնի իրավարար վճիռն արդիականացնելու և արդի քաղաքական դաշտ մտցնելու համար:  Սա մեզ հնարավորություն կտա լծակ ձեռք բերելու Թուրքիայի վրա և կարևոր դիրք զբաղեցնելու միջազգային հարաբերությունների փոփոխվող համակարգում, այդ թվում՝ դիրքորոշվելու ձևավորվող Եգիպտոս-Արաբական Միացյալ Էմիրություններ-Հունաստան-Կիպրոս-Ֆրանսիա հակաթուրքական դաշինքի հանդեպ: Այս անհրաժեշտ պայմաններին զուգահեռաբար՝ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության բավարար մակարդակի հասնելու կենսական անհրաժեշտություն է Ազգ-բանակ համակարգի կայացումը՝ հնարավորինս ինքնաբավ պաշտպանական արդյունաբերությամբ և համազգային մոբիլիզացիայի (զօրահավաք) կարողություններով:

Մեծարգո ներկաներ,

Հակաճգնաժամային անցումային կառավարման արդյունավետության հիմնական անհրաժեշտ պայմանը 1991թ.-ից մինչ օրս ընկած ժամանակաշրջանի իրավաքաղաքական գնահատականն է՝ դրա փուլերի նկատմամբ տարբերակված մոտեցումներով: Իրավաքաղաքական գնահատականից պետք է բխի երկու գործընթաց՝ Անցումային արդարադատություն և նոր Սահմանադրության ընդունում, որին համապատասխան՝ արտահերթ ընտրություններ:

Միևնույն ժամանակ՝ մենք պարտավոր ենք կատարել Հռչակագրով մեզ ավանդված՝ անկախ պետականության հաստատման գործընթացն ամբողջացնելու հանձնարարությունը, ինչի համար էական նշանակություն ունի 1920-1991թթ. ժամանակահատվածի իրավաքաղաքական գնահատականը: Այս խնդրի լուծումը պետք է սկսել զուգահեռաբար, սակայն դրանով չպայմանավորել հակաճգնաժամային անցումային կառավարման գործընթացները:

 

 

Անցումային արդարադատություն

Մեր երկրում իշխանության յուրացման և պետության զավթման պատճառով առաջացել են ամբողջ ժողովրդին և պետությանը պատճառված ծանր հետևանքներ: Նման մասշտաբի ծանր հետևանքների պարագայում, ինչպես նաև պատասխանատվության, փոխհատուցման, հանրային համերաշխության վերականգնման և բռնապետության անդառնալիությունը երաշխավորելու նպատակներով Անցումնային արդարադատությունը պետք է լինի ամբողջական և համապարփակ՝ ներառելով նրա բոլոր բաղադրիչները և գրեթե ամբողջ գործիքակազմը՝ ներառյալ քրեական արդարադատությունը, ինչպես նաև լյուստրացիան՝ քաղաքական, տնտեսական ու գործակալական և, որպես հետևանք՝ նախկին ռեժիմի մաս կազմած կուսակցությունների գործունեության և դրանց պարագլուխների հանրային գործունեության արգելումը:

Նոր Սահմանադրություն և արտահերթ ընտրություններ

Նոր Սահմանադրության ընդունումը և դրա հիման վրա արտահերթ ընտրությունների անցկացումը հակաճգնաժամային անցումային ծրագրի ողնաշարն է:  Դրա անհրաժեշտությունն առաջին հերթին պայմանավորված է լեգիտիմ սահմանադրության բացակայությամբ:

Ըստ այդմ՝ նոր Սահմանադրությունը պետք է լուծի երկու փոխպայմանավորված խնդիր՝ արդյունավետ պետական կառավարման ապահովում և իշխանության յուրացման բացառում: Միևնույն ժամանակ՝ Սահմանադրության մշակման և ընդունման գործընթացը հարթակ և գործիք է դառնում ներազգային երկխոսության և սահմանադրականության ապահովման համար բազմակարծության վրա հիմնված անհրաժեշտ այնպիսի բնական քաղաքական բևեռների առաջացման համար, որոնք հենված են ժողովրդի քաղաքական-գաղափարական պատկերացումների իրական ռելիեֆի վրա և երաշխավորւմ են փոխադարձ հանդուրժողականությունը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև համագործակցությունը: Այդ գործընթացը, մեր պատկերացմամբ, պետք է բաղկացած լինի երեք հիմնական ենթափուլերից՝ նոր Սահմանադրության հայեցակարգի մշակում և ընդունում՝ երկու ամիս, նոր Սահմանադրության տեքստի մշակում և ընդունում՝ վեց ամիս, նոր ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին նոր օրենքի վերջնական մշակում և ընդունում մեկ ամիս, (մեկնարկը՝ նոր Սահմանադրության հայեցակարգի ընդունման պահից՝ դրա հիման վրա) որից հետո արտահերթ ընտրությունների անցկացում՝ երեք ամիս:

Նոր Սահմանադրության մշակման և ընդունման գործընթացը պետք է ներառի դրա հայեցակարգի շուրջ ազգային համաձայնության եկած բոլոր ուժերին և գործիչներին, ինչպես նաև մասնագիտական ու քաղաքացիական լայն շրջանակներին:

Հաշվի առնելով հրապարակի վրա առկա տեսակետները, հնարավոր ենք համարում քննարկել նաև մեկից ավելի Սահմանադրության նախագծեր հանրաքվեի դնելու տարբերակը:

Մենք ընդգծում ենք, որ հակաճգնաժամային անցումային կառավարման, այդ թվում՝ Սահմանադրության մշակման և ընդունման գործընթացի մեջ պետք է ներառվեն 2018թ-ի փոփոխությունները ողջունած և դրանց միացած բոլոր ուժերն ու գործիչները: Միևնույն ժամանակ՝ հակաճգնաժամային անցումային կառավարման ծրագրի մեկամյա ժամկետի ավարտին նախատեսվող արտահերթ ընտրությունների ժամանակ նրանք պետք է ազատ լինեն իրենց գործողությունների ձևաչափն ընտրելու հարցում:

Շատ կարևոր ենք համարում, որ հակաճգնաժամային անցումային կառավարումն իրականացվի կոլեգիալ (գործակցային) կերպով՝ մերժելով ոչ լեգիտիմ (ոչ օրինական), ներկա Սահմանադրության կուսակցապետական-գերվարչապետական կառավարման համակարգով սահմանված միանձնյա կառավարումը:

Վերը նշվածի առումով մեր մոտեցումներին համընկնող և ողջունելի է ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի առաջարկությունը՝ հակաճգնաժամային անցումային տրամաբանությամբ նոր սահմանադրության մշակման գործընթաց սկսելու և դրա առանցքի շուրջ առողջ ուժերի և գործիչների ներազգային համախմբմամբ ստեղծված ճգնաժամի հաղթահարելու վերաբերյալ: Ուստի պատրաստակամություն ենք հայտնում համադրելու և համագործակցաբար կյանքի կոչելու մեր պատկերացումները:

Հակաճգնաժամային ոլորտային ռազմավարական ծրագրեր

Զուգահեռաբար՝ իրավաքաղաքական գնահատականի, Անցումնային արդարադատության արդյունքների, ինչպես նաև նոր Սահմանադրության հայեցակարգային մոտեցումների հաշվառմամբ պետք է մշակվեն և իրականացվեն ռազմավարական ոլորտների հակաճգնաժամային անցումային ծրագրեր:

Մասնավորապես՝ այդպիսի ծրագրեր պետք է մշակվեն և իրագործվեն պետական կառավարման համակարգում, այդ թվում՝ առաջին հերթին՝ նրա դատաիրավական բաղադրիչում, առողջապահության, պաշտպանության, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության, պարենային և էներգետիկ անվտանգության ոլորտներում:  Առանձնակի կերպով պետք է կարևորվի հայրենադարձությունը՝ ըստ այդմ մշակված և իրագործվող ռազմավարությամբ:

Յուրահատուկ վերաբերմունք պետք է լինի Հայաստանի կյանքին արտերկրում բնակվող հայությանը հնարավորինս ներառելու և հայրենադարձության նկատմամբ:

Մինչ օրս գործող արատավոր մոտեցումը, որը հիմնված է Հայաստանը՝ հայաստանցիներին, իսկ Սփյուռքը՝ սփյուռքահայերին, հայեցակետի վրա և որի նպատակն է Հայաստանը բաց սահմաններով  համակենտրոնացման ճամբարի կարգավիճակի բերելու միջոցով հայրենաբնակ ժողովրդին հնարավորինս հեշտությամբ կառավարելը, պետք է օր առաջ վերանայվի: Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է և արտերկրում բնակվող հայերը ևս պետք է հնարավորինս մասնակցեն ՀՀ կառավարմանը: Այդ նպատակով անհրաժեշտ է նաև դյուրացնել երկքաղաքացիության կիրառումը և նրանց քաղաքացիություն տալու մեխանիզմը, ինչպես նաև քվեարկություններին մասնակցելու հնարավորություն ստեղծել արտերկրից դուրս բնակվող քաղաքացիների համար:

Միևնույն ժամանակ՝ պետք է հրատապ կարգով ստեղծվեն անհրաժեշտ հնարավորություններ և պայմաններ՝ հայրենադարձության կազմակերպման համար՝ նախապատվությունը տալով մասնագետների հայրենադարձմանը:

Հայրենադարձության կազմակերպման գործում առաջնային պետք է լինի Մերձավոր Արևելքի փոթորկող տարածաշրջանի երկրներից, այսօր հրատապ կարգով՝ Լիբանանից, հայության բեկորներին Հայաստան բերելը և նրանց ինտեգրումը, ինչը պետք է ներառի նաև համազգային արժեք և նշանակություն ունեցող նրանց ենթամշակութային առանձնահատկությունների հաշվառումն ու պահպանումը, այդ թվում՝ արևմտահայերեն դպրոցական ծրագրերի ներդրումը:

Մեծարգո ներկաներ,

Ազգային-ժողովրդավարական բևեռն անհրաժեշտ է համարում հստակեցնել իր դիրքավորումը քաղաքական գործընթացներում և իշխանության ու այլ քաղաքական ուժերի նկատմամբ:

Ինչպես արդեն նշվեց, գործող վարչախումբը հրաժարվելով ազգային համաձայնության կայացմամբ և համազգային ներուժի համախմբմամբ հակաճգնաժամային անցումային կառավարման անցնելու միակ ելքից, չի կարողանում լուծել գոյութենական մարտահրավերներ ծնող համակարգային ճգնաժամը, ինչը նաև առաջացնում է ժողովրդային մեծ ու աճող դժգոհություն: Դրա հետևանքով իշխանության կենսունակությունը կսպառվի և կարճ ժամանակ անց նա կհեռանա:

Նման իրավիճակում Ազգային-ժողովրդավարական բևեռը պարտավոր է ազգային համաձայնության և հնարավոր լայն ներառականության հիման վրա նախաձեռնել առողջ ուժերի և գործիչների համախմբում՝ գլխավորապես երկու խնդիր լուծելու նպատակով.

  • կազմել հակաճգնաժամային անցումային կառավարություն և իշխանության անկման պահից ստանձնել պետության կառավարման պատասխանատվությունը,
  • բացառել պետության ղեկը նախկին կեղեքիչ խամաճիկներին կամ նրանց դիմափոխված սատելիտներին (արբանյակ) հանձնելը:

Ազգային-ժողովրդավարական բևեռը նկատի է ունենում, որ առկա քաղաքական դաշտը կայացած չէ, ուստի ունակ չէ ձևավորելու ու ներկայացնելու ազգի քաղաքական կամքը, այդ պատճառով առավելապես ձգտելու է հակաճգնաժամային անցումային կառավարության ձևավորման նպատակով համախմբումն իրականացնել վերկուսակցական ձևաչափով՝ բացառելով նախորդ վարչախմբի պարագլուխների կամ ներկայումս նրանց սատարող գործիչների գործակցությունը:

Միևնույն ժամանակ՝ Բևեռը, հիմնվելով ապստամբության բնական իրավունքի գերակայության վրա և հաշվի առնելով զավթված պետությունն ազատագրելու նպատակով զինված ապստամբության և խաղաղ անհնազանդության դիալեկտիկ փոխլրացումը ճանաչելու անհրաժեշտությունը, գործող վարչախմբից պահանջում է վերջ տալ «Սասնա Ծռեր»ի ապստամբության առթիվ քննվող գործի աչառու դատավարությանը, ազատ արձակել դեռևս բանտում գտնվող Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին, հրաժարվել մեղադրանքից, իսկ մահվան ելքով դրվագները քննել անաչառ և անշահախնդիր քննչական խմբի միջոցով:

Մեծարգո ներկաներ,

Ներկայումս մեր հայրենիքը և մենք բոլորս կանգնած ենք բեկումնային  զարգացումների շեմին: Նման իրավիճակներն իրենց մեջ պարունակում են լայն հնարավորություններ և, միևնույն ժամանակ, մեծագույն մարտահրավերներ: Մեզանից յուաքանչյուրից է կախված, թե ինչպես մենք կհաղթահարենք առաջիկա փորձությունները և  ինչպիսի ձեռքբերումներով կամ կորուստներով դուրս կգանք այդ  փուլից: Արդ, կորով վհատվածներին, հաջողություն մեր պայքարին և նվաճումներ մեր հայրենիքին: Ի գործ:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

Փուճ Խոստումներ

Պարոյր Աղպաշեան, Պէյրութ, 30 Նոյեմբեր 2010 Օսմանցի Սուլթանները և Ամերիկացի Նախագահները Իրենց … Փուճ Խոստումներով Հայ ժողովուրդի պատմութեան…
Read More