Ռուսական զորքերը խաղաղապահներ չեն, դրանք ինքնակոչ զորքեր են

Արա Պապեան, Lragir.am, 5 Հուլիս 2021

Քննարկուող նիւթի այժմէականութիւնը նկատի ունենալով կ’արտատպենք սոյն հարցազրոյցը: Դիւանագէտ Արա Պապեան անծանօթ անուն մը չէ keghart.org-ի ընթերցողներուն համար: Ան յաճախ երեւցած է մեր թերթին մէջ իր գրութիւններով կամ իր հետ կատարուած հարցազրոյցներով: (Խմբ.)

Ռուսական զորքերը խաղաղապահներ չեն, դրանք ինքնակոչ զորքեր են, Հայաստանի համաձայնությամբ են, բայց միջազգային կարգավիճակ չունեն

ՀԱՊԿ պատասխանից հետո Հայաստանը պետք է նոր դաշնակիցներ որոնի՝ փորձելով լուծել անվտանգային խնդիրները։ ՀԱՊԿ ու Ռուսաստանի վրա հույս դնելու որևէ հեռանկար չկա։ Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։ «Մենք պետք է տեսնենք, թե որ երկրների շահերն են այս փուլում համընկնում մեր հետ, փորձենք նրանց հետ դա բերել պայմանագրային հենքի, փաստաթղթային ձևակերպում տանք»,- հավելեց նա։

Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, անդրադառնալով ադրբեջանական զորքերի՝ ՀՀ տարածք ներխուժման հարցին, ասել է, որ այն «սահմանային միջադեպ» է, ոչ թե ներխուժում և չի համապատասխանում կազմակերպության հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին: «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն»,- հայտարարել է նա։

ՀԱՊԿ-ին դիմելու մասին հայկական կողմը հայտարարել էր մայիսի 13-ին։ Դրանից մեկ օր առաջ՝ մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել էին ՀՀ տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր և մինչ օրս շարունակում են մնալ մի շարք բնակավայրերի վարչական տարածքներում։ ՀԱՊԿ-ին ուղղված դիմումը համապատասխանում էր Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը՝ համաձայն որի «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը, իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»:

Արա Պապյանի խոսքով՝ ՀԱՊԿ այս պատասխանը նշանակում է, որ մեր և ՀԱՊԿ անդամ երկրների շահերը հակոտնյա են։ «Այդ կառույցը մեռելածին է, չէր կարող գործել, քանի որ անդամներից շատերը՝ Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը ունեն իրենց շահերը, և միշտ գերակշռել են Ադրբեջանի հետ իրենց շահերը։ Ռուսաստանը ևս՝ որպես հիմնական միջուկ, ցույց է տվել, որ ինքը հավատարիմ չի մնում իր դաշնակցային հարաբերություններին՝ զենք է վաճառել, օգնել է Ադրբեջանին։ Հետևաբար, ձևականորեն կա ինչ-որ կառույց, բայց իրականության մեջ դա որևէ կապ չունի դաշնակցային որևէ համագործակցության հետ»,- ասաց Պապյանը։

Ադրբեջանական զորքերը մայիսի 12-ից մինչ օրս շարունակում են մնալ ՀՀ տարածքում։ Հայտարարվել է, որ սահմանին՝ Սոթքից մինչև Խոզնավար, կանգնելու են ռուս սահմանապահներ։ Արա Պապայանն, անդրադառնալով այս հարցին, ասաց․ «Երբ Նիկոլ Փաշինյանն իր ընտրվելու հաջորդ օրը խոսում էր Հանրապետության հրապարակում, նա ասաց, որ զորքերը պետք է հայելանման հետ քաշվեն, դրանց մեջտեղում տեղակայվեն ռուս սահմանապահներ։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը, որը որոշ հատվածներում մինչև 9 կմ խորացել է ՀՀ տարածք, դրա զգալի մասը շարունակելու է պահել իր վերահսկողության տակ։ Պայմանական ասած՝ եթե ինքը 5 կմ խորացել է, 1 կմ հետ կգնա, 4 կմ-ն կպահի։ Մենք էլ մեր կողմից 1 կմ հետ կգնենք, այսինքն՝ այս հաշվարկներով, պայմանական, մենք 6 կմ տարածք կկորցնենք՝ 2-ը՝ որպես չեզոք գոտի, 4-ն էլ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Իսկ ամերիկյան կողմն առաջարկում էր, որ նախ ադրբեջանական զորքերը պետք է հեռանան ՀՀ տարածքից, վերադառնան իրենց դիրքեր, հետո նոր տեղակայվեն խաղաղապահ ուժեր»։

Արա Պապյանի խոսքով՝ այստեղ առաջին պայմանն այն է, որ Ադրբեջանի ռազմական ներկայությունը չպետք է լինի ՀՀ տարածքում։ «Ինքն անօրինական եկել մտել է սովետական Հայաստանի տարածք։ Երկրորդ, երբ արդեն Ադրբեջանը կվերադառնա իր դիրքեր, այստեղ պետք է դիտարկվի խաղաղապահների հարցը։ Ռուսական զորքերը խաղաղապահներ չեն, դրանք ինքնակոչ զորքեր են, Հայաստանի համաձայնությամբ են, բայց միջազգային կարգավիճակ չունեն։ Եթե պետք է լինեն միջազգային խաղաղապահներ, բնականաբար, հարցը պետք է մտնի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ։ Եթե ՄԿ-ի անվտանգության խորհուրդը կորոշի, որ միայն ռուսական զորքեր կլինեն, կլինի այդպես։ Բայց քիչ հավանական է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նման որոշում կայացնի, ինքը պետք է աշխատի, որ այդ զորքը միջազգային կազմ ունենա»,- նշեց Արա Պապյանը։

2 comments
  1. «Իսկ ամերիկյան կողմն առաջարկում էր, որ նախ ադրբեջանական զորքերը պետք է հեռանան ՀՀ տարածքից, վերադառնան իրենց դիրքեր, հետո նոր տեղակայվեն խաղաղապահ ուժեր»։
    Աղէկ, սակայն այս առաջարկը ո՞վ իրականութեան վերածել յանձն պիտի առնէ եւ ինչպէ՞ս:
    Արա Պապեան քիչ մըն ալ այս ուղղութեամբ չի՞ կրնար լուսաբանել:

  2. Արա Պապեանի պէս անձէ մը իրապաշտ, անաչառ և հայանպաստ քաղաքական ելոյթ ակնկալել՝ աքլորէն հաւկիթ սպասելու համազօր ինքնախաբէութիւն է: Ամէն հայ պէտք է անայլայլ հասկնայ, եթէ տակաւին որևէ երկմտանքի մէջ է, որ Ղրաբաղի հայկական զօրքերու և առ հասարակ ղարաբաղի հայ բնակչութեան ամբողջական բնաջնջումը կասեցուց Ռուսատանը՝ փրկարար զօրքերու «ինքնակոչ» միջամտութեամբ: Այս իրականութիւնը չարափոխել անհիմն և իմաստազուրկ ձաբռտուքներով՝ աղաղակող ռուսաատեացութիւն է: Աւելի ճիշդ պիտի ըլլար ըսել ազգադաւութիւն: Բայց կը խնայեմ յանուն Հայաստանի վերականգնումին:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like