Սոյն թիւով «Գեղարդ» կը ներկայացնէ վաղ երիտասարդութեան սեմին գտնուող հայրենաբնակ սկսնակ գրասէրներէն երկրորդ նմոյշը: Առաջինը ծանօթացուած էր «նոր սերնդի ներակայացուցչի կարծիքը գործառնությունների (բիզնես) մասին» խորագրի տակ: Յաջորդիւ կը հրատարակենք երրորդը՝ քաջալերելով երիտասարդ ձայները:
Երևան, 6 Մայիս 2022
Բարի օր։ Մեր հերոսուհին 17ամյա Սուսաննա Գևորգյանն է՝ Շիրակի մարզի Բագրավան գյուղից։ Այժմ դպրոցում է սովորում, սակայն արդեն արել է իր առաջին քայլերը ապագա մասնագիտության՝ բեմադրության (ռեժիսուրա) մեջ։ Սիրում է նկարել, պարել, գրքեր կարդալ, դիտել շրջապատի եռուզեռը։ Զբաղվում է նաև ձեռագործ աշխատանքների դիզայնով, և աշխատանքներից մի քանիսն էլ վաճառել է։ Այս տարբեր հետաքրքրությունների մեջ իր ուրույն տեղն ունի ստեղծագործելը, որը համարում է և՛ զբաղմունք (հոբբի), և՛ ապագա մասնագիտության մի մասը։ Սուսաննան նշում է, որ իր կյանքում ունեցած խոշոր հաջողությունները կապված են ստեղծագործելու հետ։ Այդ փոփոխություններից մեկը Հայաստանի Գրողների Միության կազմակերպած մրցույթում հաղթելն ու երեք անմոռանալի օր անցկացնելն էր ժամանակակից գրողների հետ։ Նա նաև «Ի հիշատակ հերոսներին» երգի բառերի հեղինակն է։
Նշում է, որ ընտանիքի անդամները լավ են վերաբերվում իր այս գործունեությանը, և ոգևորում են նրան, սակայն մղման (մոտիվացիայի) աղբյուրը քույրն է։
Հարցին, թե արդյո՞ք չի վախենում հասարակության քննադատություններից, նա պատախանեց, որ հարգում է յուրաքանչյուրի կարծիքը, սակայն նա գրում է այն, ինչ նա է զգում, ու չի վախենում քննադատություններից։ Նշում է, որ քննադատություննեը հաճախ հնարավորություն են տալիս տեսնել քո սխալները, և չգործել հետագայում։
Իրեն ամենաշատը տեսնում է չափածո ոճում, սակայն արձակ ստեղծագործություններում էլ իրեն վատ չի դրսևորում։ Շուտով նա կավարտի իր գիրքը, և կկիսվի հասարակության հետ։
Հարցին, թե արդյո՞ք նա իր գրածները նմանեցնու՞մ է հայտնի աշխատանքների հետ, նա պատասխանեց, որ յուրաքանչյուրը ստեղծագործում է յուրովի, և իր գրածները չի կարող համեմատել այլ աշխատանքների հետ, սակայն ընկերները ասում են, որ իր ստեղծագործությունները նմանեցնում են Վահան Տերյանի աշխատանքներին։ Վահան Տերյանին Սուսաննան իր իդեալն է համարում, և շատ ուրախ է, որ իր բառերը նմանեցվում են մեծ բանաստեղծի գրվածքներին։
Հեզլիթի այն մտքին, թե կանոններն ու օրինակները կործանում են հանճարն ու արվեստը, նա համաձայնեց, ասելով, որ իր ստեղծագործություններում սահմաններ ու օրենքներ չկան, ու ձգտում է գրել այն, ինչ տեսնում է։
Վերջում հավելեց, որ սիրում է, երբ մարդիկ գնահատում են իր արվեստը, ասմունքում, կամ երգում են իր ստեղծագործությունները։ Իսկ հիմա առաջարկում ենք վայելել մի քանի ստեղծագործություն։
Ե՜կ սպասում եմ…
Ե՜կ սպասում եմ
Դողում է նազող վարդենին կապույտ
Քո կանաչ այգում։
Կույր պատուհանս նայում է ճամփիդ
ուր երազել է սիրո վառ գարուն…
Ե՜կ սպասում եմ
Սուտն օտար է ինձ, ինչպես լուսինը հավերժ հոլովվող
քո ճանապարհին։
Ե՜կ սպասում եմ,
Որպես նվիրյալ ու խենթ մի գերի,
որպես անբաժան, հավերժող անցորդ
Քո ճանապարհի…
Ե՜կ սպասում եմ
Նույն հայացքով շանթող ու պերճ,
որ լոկ մեկ աստղ շողա մոլուցքով
Երկնային ուժի…
Ե՜կ սպասում եմ…
***
Աշխարհն առանց քեզ, դատարկ է որդի՛ս,
Իմ սիրտն առանց քեզ, էլ չի բաբախում,
Արևն էլ չի ջերմացնում,
Կյանքի գույները մարել են որդի՛ս….
Ժամանակ կանցնի….
Սրտիս վերքերը կփորձեմ բուժել,
Բայց սպիները հավերժ կմնան,
Դրանք չեն բուժվի ինչքան էլ փորձեմ…
Կյանքը անարդար գտնվեց որդի՛ս,
Նա խլեց ինձանից իմ լույսի շողը,
Քամուց քշված տերևի պես,
Հեռու տարավ քեզ ինձանից….
Պայքար է կյանքը….
Ամեն վայրկյան, ամեն ակնթարթ,
Պայքար՝ հանուն սիրո,
Հանուն բարության ու արդարության,
Հիմա չկաս դու, չկամ նաև ես,
Դու իմ հերոսն ես՝
Լույսի, արդարության ու խաղաղության….
Իսկ ես քո մայրը՝
Սպասումի, կարոտի ու հավերժության…..
***
Եվ կարոտ է հոգիս
Տիեզերքի պես անսահման այս լեռների հովին։
Եվ համր է լեզուս,
Որ ձուլվել է ուզում
Լույսի և խավարի այդ լուռ մշուշում։
Եվ կարոտ է հոգիս
Լեռների ծփոցին ծովերի նման,
որտեղ քամին է ահարկու ձայնով անվերջ շառաչում
Ահռելի թափով փարվում է սարի ու քարի կրծքին
Հրաշք, որ տեսանելի չէ այլոց։
Դու՜ք հրաշք եք իմ հայոց լեռներ
Ցնորք՝ իմ երազներից դարձած իրական,
Որտեղ կա հեքիաթային մի անհաս աշխարհ,
Եվ ամեն քայլի հետ թողած`
Անգին հիշողություն….
1 comment
Բազմատաղանդ հայուհի: Մաղթանքս է յաջողութիւն եւ յարատեւ վերելք: Երրորդ բանաստեղծութիւնը շատ սիրեցի: