Պատմության քառուղիներում որոնվող վաղվա օրը

Լուսինե Սահակյան, Երևան, Դեկտեմբեր 2021

(խոնարհումի խոսք` 44-օրյա պատերազմում ընկածներին ու հաշմանդամներին)

2021 թ.-ի սեպտեմբերի 22-ին Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի» ներկայացումով տրվեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 90-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը: Դեռևս տարեսկզբին, թատրոնի գեղարվեստական խորհրդում թատրերգության (պիեսի) քննարկման ժամանակ, միաձայն հավանություն էր տրվել այս գործի բեմադրությանը, որովհետև, սա գեղարվեստական պայմանականությունների միջոցով առերեսվում է թե՛ Բագրատունյաց ժամանակաշրջանի Հայաստանին, թե՛ ներկային և թե վաղվա օրվան:

Երկիր հայրենիի պահպանության, փրկության հարցը դրված է բոլոր ժամանակների հայկական իրականության զոհասեղանին, և երկրի տերերը պետք է կարողանան ժամանակի և իրադարձությունների հորձանուտում կողմնորոշվել ու ապրել այնպես, որ համաշխարհայնացման շիկացող կրքերում տուժողը երկիր հայրենին չդառնա: Զենոն ռամիկի շուրթերով բարբառվում է ճշմարտությունը՝ վերջը կմնա էլի հող, կմնա ռամիկ հող չերթար, ռամիկ չերթար․․․ և ապա՝

– Հո՞ղ․․․ Էսքան արքա, խալիֆա, կայսրեր եկան, հող վերցրի՞ն․․․ Իրենք գնացին, հող մնաց։ Հող ծանդր է․․․

Սա շարունակվող պայքար է՝ հանուն հայրենիքի, սա դիմհար կանգնելու առաքելություն է՝ հանուն սերունդների վաղվա խաղաղ լուսաբացների:

Ներկայացումը նվիրվել է ինչպես ՀՀ անկախության 30-ամյա հոբելյանին, այնպես էլ խոնարհումի խոսք է արցախյան 44-օրյա գոյամարտում ընկածներին ու հաշմանդամներին:

Միայն բեմադրության հեղինակն չէ, որ համոզված է՝ այս ներկայացումը երկար է ապրելու․ ասելիքն առավել քան այժմեական է․ կորսված հայրենիքի ամեն մի պատառիկը նորովի և նորից է արժևորել տալիս ներկան, որպեսզի գալիքը կաղկանձող զառանցանք չդառնա։

Իրադարձությունների ընթացքը հանդիսատեսին մղում է մտածելու միայն մեկ բանի մասին՝ թե ինչքան օրախնդիր է լինել միասնական ու միակամ՝ դիմհար լինել հին ու նոր, ներսի ու դրսի՝ անընդհատ նորոգվող թշնամիներին։

– Մոռանա՛լ ամեն բան, միաբանվե՛լ, մոռանա՛լ ամեն բան, միաբանվե՛լ, մոռանա՛լ ամեն բան, միաբանվե՛լ․․․,- Գագիկ արքայի հորդորն է, որին ականջալուր լինելու համար սրտի դողով է պետք սիրել հայրենիքը։ Գագիկ արքայի դերում հանդես է գալիս հրավիրված դերասան Վարդան Գևորգյանը՝ Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնից։

Ներկայացման ռեժիսորը ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանն է։ Բեմադրության մեջ զբաղված են հիմնականում թատրոնի դերասանները, կան նաև հրավիրված դերասաններ՝ մայրաքաղաքից։

Բրաբիոնի մուտքը հենց սկզբից դրամատիկ ու լարված է․ նա Հովհաննես Սմբատ արքայի՝ գերեզմանից եկող ձայնն է լսելի դարձնում՝ կարծեք թե նախապատրաստելով իրադարձությունների հետագա ընթացքը։

– Անին Հայաստանի սիրտն է, Անիի արվեստը Անիի ուժն է, Անիի պատիվն է,- Բրաբիոնի ցավագար դառնալու պատճառը Կրակե իշխանն է, որ նախ վառում է շինականների տները, իսկ հետո պիտի դառնա հանցավոր դաշինքի մասնակիցը․․․ Հենց Բրաբիոնի շուրթերով է բարձրաձայնվում պատմական ճշմարտությունը, թե Հովհաննես Սմբատ արքան ծախեց Անին հունաց կայսեր․․․

Կերպարը մարմնավորում է թատրոնի երիտասարդ դերասանուհի Անի Աբրահամյանը։ Ինչ խոսք, նա դեռևս բազմաթիվ փորձություններ պետք է հաղթահարի՝ այս կերպարն առավել հասունացնելու, առավել շահեկան և իսկապես կրակե կերպար դարձնելու համար։

Արքայամայր Փառանձեմի կերպարը, ինչպես արդեն ավանդույթ է Վանաձորի պետական դրամատիկական թատրոնում և հատկապես՝ Վ․ Շահվերդյանի բեմադրությունների մեջ, մարմնավորում է թատրոնի առաջատար դերասանուհիներից Ալլա Դարբինյանը։ Այս կերպարում բեմադրիչը հատկապես շեշտել է երկրի ցավերով ապրող թագուհու սկզբունքայնությունը, ամեն գնով Անին պահելու հաստատակամությունը։

Սպարապետի կերպարում ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանն է։ Չնայած առաջացած տարիքին՝ նա կարողանում է առինքնել բեմական կեցվածքով և վստահվածի արժանապատվության խորքային գիտակցումով։ Ամեն ինչից վեհ, ամեն ինչից վեր հայրենիքն է․ այս կերպարը գիտի հայրենիքը պաշտպանելու գինը։

Իհարկե, պատմական իրողությունների գեղարվեստական մեկնաբանության մեջ թե՛ Դեմիրճյանի և թե՛ Վ․Շահվերդյանի մոտ որոշ կերպարների նկատմամբ վերաբերմունքային ընդգծված տարբերություններ կան, մասնավորապես կաթողիկոս Պետրոս Գետադարձի կերպարի մասին է խոսքը (մարմնավորում է ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյանը), սակայն ակնհայտ է մի բան, որ հայրենադավությունը չի ներվում, որքան էլ պատմագիտության մեջ որպես դիվանագիտական առաքելություն ներկայացվի քրիստոնյա Բյուզանդիայի հետ հայրենիքը կողոպտող դաշինքը։

Կաթողիկոսը վստահ է և փորձում է բոլորին համոզել, որ ինքն Աստծո ծառան է և մտահոգ է երկրի ճակատագրի համար։ Կարծում է՝ դիվանագետ է ինքը, և միայն իր «երկնառաք» դիվանագիտության օգնությամբ է հնարավոր Անին փրկել վերահաս վտանգից՝ Անիի բանալիներն անվերապահորեն վստահելով կայսերը, մինչդեռ, Գագիկը պատռած երդմնագրով է դիմավորում դեսպանին։ Գագիկ արքան, ինչպես և հատկանշական է պատանեկան տարիքի համար, պետք է լիներ ընդվզող ու հանդուգն, և բոլորովին էլ պատահական չէ, որ ի տես և ի գիտություն բոլորի՝ պատռում է Անիի համար ստորագրված երդմնագիրը՝ Բյուզանդիո վռնդվող դեսպանի խոսքերով՝ արհավիրք բերելով հայոց աշխարհին․․․ Գագիկի դերակատարը՝ Վարդան Գևորգյանը, սկզբում շատ ավելի մոտ է պատմական կերպարին՝ դեռևս չգիտի ինչ անել, որտեղից սկսել․․․ դեռևս պիտի հուսա խնամակալի օգնությունը՝ թեկուզ ենթագիտակցորեն, մինչդեռ խնամակալը նույն այն Կրակե իշխանն է, նույն այն դահիճը, որ համերկրացիների տներն էր այրում՝ դատարկված թողնելով շեներն ու մարդկանց հոգիները։ Իրադարձությունների զարգացման հետ զուգահեռ՝ հասունանում է նաև արքայի կերպարը՝ պատանեկան հանդգնության փոխարեն ձեռք բերելով շեշտակիորեն ընդգծված համարձակություն, որոշակի վստահություն է նկատվում սեփական խոսքի նկատմամբ, և հստակեցվում են նաև անելիքները։ Գագիկի այսօրինակ փոփոխությանը նպաստում է նաև Փառանձեմը․ «Չի լինի իմ որդին իր հոր արժանի զավակը, եթե երկաթով քեզ նմաններից (կաթողիկոսին է դիմում) չմաքրի Անին»։

Մագիստրոս իշխանը դեռևս երկմտանքի մեջ է, կաթողիկոսին անարգելը համարում է Աստծուն ընդդիմանալ, մինչդեռ Գագիկը հակադարձում է․ «Մինչ դու լուսավորում ես մեր հոգիները, այստեղ ծախում են հոգին և դրամ վաստակում»։

Մագիստրոսի կերպարն, ի դեպ, բավականին հակասական է, մի կողմից նա համոզված է, որ արքային և իշխաններին «վայել չէ սիրել ռամիկը», մյուս կողմից արքային ընդդիմանալ չի ուզում կամ պատրաստ չէ․ Գագիկ արքան համոզված է, որ ռամիկը զորք է, տերություն է, երկրի հիմքն է։

Պալատական խարդավանքներում բոլորը մեղադրում են բոլորին, բոլորը ուզում են երևալ անդավաճան ու մաքուր, և գրեթե բոլորն են համոզված, որ միայն իրենց պատվելի կարծիքն է երկրի փրկության երաշխիքը։ Գագիկը դեռ պետք է կարողանա զատորոշել ճշմարիտն ու սուտը, կեղծն ու շիտակը։ Նա դժվար ճանապարհ է ընտրել․ ազատ է արձակում խնամակալ Վեստ Սարգիս Կրակե իշխանին, որպեսզի կարողանա հասկանալ-բացահայտել դավաճան-համագործակցողների շրջանակը․․․

Ներկայացման մեջ հատկապես դիպուկ ընտրված կերպարներից են Գրիգոր Մագիստրոսն ու Վեստ Սարգիս իշխանը։ Երկու դերասաններն էլ՝ Էլֆիք Զոհրաբյանը և Էդգար Քոչարյանը, հրաշալի կարողանում են լուծել իրենց առջև դրված խնդիրները։ Էդգար Քոչարյանը հիանալի մտնում է տարբեր վիճակների մեջ, երբ անհրաժեշտ է, սիրող եղբայր է, երբ հարկավոր է լինում՝ դառնում է հոխորտացող դահիճ, ապա հավատարիմ, իսկ երբեմն էլ զղջացող, և կարող է անգամ թվացյալ ինքնազոհաբերում խաղալ՝ թեպետ գերխնդիր ունենալով Մագիստրոսին պարսավելը ․․․

Ինչպես պիեսում, այնպես էլ ներկայացման մեջ, ընդգծված է շինականի դերը։ Ռամիկն է երկրի համար դիմհար կանգնող ուժը արտաքին ու ներքին թշնամիների դեմ։

Ներկայացումն աչքի է ընկնում նաև բեմանկարչության վարպետությամբ։ Կարեն Գրիգորյանին հաջողվել է բեմում ստանալ այնպիսի գեղարվեստական պայմանականություն, որի օգնությամբ երևակվում են թե՛ ժամանակը, թե՛ տարածությունը․․․ Սայլի պտտվող անիվների մեջ ժամանակային եռամիասնության փոխներթափանցումներ կան, իսկ սայլն ամբողջության մեջ՝ իբրև գեղարվեստական տարածք՝ Հայաստան աշխարհն է՝ ամենօրյա փորձությունների միջով աստվածավայել մենությամբ և քրիստոնյա խոնարհությամբ անցնող Երկիրը հայրենիՆ:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published.

You May Also Like
Read More

ԴԷՊԻ Ո՞ՒՐ

 Ռուբէն Յովակիմեան, Սեն Ռաֆայել, 23 Հուլիս 21  «Դէպի արեւն էին գնում ամբոխները խելագարուած»: Եղիշէ Չարենց Օրհասական ժամանակներ ենք…
Read More