Թուրքերի հայավախութիւնը – «Թուրքերի համար՝ գոյության պայմանը հայերի չգոյությունն է» 

Մանվել Սարգսյան Արցախցի հանրածանօթ քաղաքական փորձագէտ, 24 ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ տարբեր երկրներ զինում են Հայաստանին, որ դա արվում է Ադրբեջանի դեմ և որ Ադրբեջանը դա չի հանդուրժի, անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկի:

Ալիեւի այս հայտարարությունը (ի դեպ, առաջին անգամ չի արվում) կարելի էր տարբեր կերպ բացատրել: Բայց, կարծում եմ, շատերի համար կարող է համոզիչ լինել մեկ բացատրություն՝ հայկական պետության հզորացման ու զարգացման համար արվող ամեն ինչ ընկալվում է որպես սպառնալիք Ադրբեջանին:

Ադրբեջանի հասարակության և իշխանությունների մեջ կախված է հատուցման ինչ-որ խորհրդավոր (միստիկ) վախ: Եվ դա հիմա տեղի չունեցավ: Հիշում եմ խորհրդային ժամանակները, երբ Ադրբեջանի շրջաններից մեկում հայկական ճարտարապետությունն ուսումնասիրելիս հանդիպեցի ադրբեջանցիների մի խմբի: Հարցրին՝ ինչո՞ւ են մեր պապերը միշտ ասում, որ մի օր հայերը կգան այստեղ և մենք բոլորս կգնանք այստեղից:

Նրանք բացատրություն չխնդրեցին, նրանք ժպտացին և ասացին, որ իրենք էլ գիտեն ինչու: Ինձ համար բացահայտում էր, թե հայերի կողմից հատուցման վախը որքան խորն է նստած այս մարդկանց մեջ: Ինչպես մեր հայերից շատերը չեն կարողանում ազատվել պատմության վախից, այնպես էլ հայերի հատուցման առեղծվածային վախը նստած է ադրբեջանցիների մեջ: 1990-ականների մեր պատմության մեջ մենք տեսանք վախի այդպիսի դրսեւորումներ:

Ուսումնասիրելով Թուրքիայի իշխանությունների վարքագիծը՝ կարելի է նկատել, որ նույն վախի համախտանիշն առկա է թուրք ազգի մեջ: Կարելի է զարմանալ, թե այս պետությունը որքան միջոցներ է ծախսում Ցեղասպանության ժխտման քաղաքականության վրա: Թվում է, ինչո՞ւ պետք է վախենան փոքրիկ Հայաստանի Հանրապետությունից: Բայց, ըստ երեւույթին, միայն իրենք գիտեն, թե ո՛րն է այս վախի պատճառը: Ալլահի՞ց են վախենում, գերտերությունների՞ց, թե՞ էլի վախենում են հայերի հատուցումից:

Հայաստանի և թուրքերի ու ադրբեջանցիների հարաբերությունների կարգավորման խնդրով զբաղվողները պետք է լավ գիտակցեն իմ նկարագրած երևույթը: Առանց այդ փոխադարձ վախը վերացնելու նպատակաուղղված աշխատանքի, դժվար թե հնարավոր լինի բարենպաստ պայմաններ ստեղծել հարեւան ժողովուրդների բնականոն համակեցության համար: Ոչինչ կիրագործվի միայն միամիտ կոչերով՝ վարվել ջանասիրաբար, մոռանալ Արարատի համայնապատկերը, Ադրբեջանին հաճոյանալու համար փոխել Սահմանադրությունը և, ընդհանրապես, ամեն ինչում ծառայել թուրքերին: Այդ ամենն անիմաստ է: Որովհետև, նրանց համար, դա կյանքի՛ հարց է:

Հայտնի թուրք գիտնական Թաներ Աքչամը ասել է. «Թուրքերի համար՝ գոյության պայմանը հայերի չգոյությունն է»: Ինչո՞ւ են այդպես մտածում՝ միայն իրենք կարող են հասկանալ: Եվ միայն իրենք գիտեն, թե որտեղի՞ց է գալիս կյանքի այս խորհրդավոր (միստիկական) տրամաբանությունը: Մեր գործն է լավ իմանալ բոլոր (պարտադրաբար՝ մեզ հարևան – ԳԵՂԱՐԴ) ազգերի հոգեբանական առանձնահատկությունների պատճառները՝ նրանց հետ մեր հարաբերությունները ճիշտ կառուցելու համար: Տարածաշրջանի ժողովուրդների դարավոր թշնամանքի պատճառների մասին մեզ չենք կարող խաբել պարզունակ հորինվածքներով: Խնդիրները պետք է ճիշտ ձևակերպվեն, այլապես մենք ստիպված ենք լինելու ապրել հոգեբանական այս թակարդում ևս հարյուր տարի:

ԳԵՂԱՐԴ-ի խմբ. ծանօթ.– Խնդիրները եթէ մենք ճիշդ չձեւակերպենք եւ ճիշդ չհասկնանք, աւելի որոշակի՝ չհասկնանք, թէ թուրքերը ունին հայութիւնը առհասարակ վերացնելու ազգային ծրագիր, շատ հաւանական է, որ հարիւր տարի տեւելիք թակարդ ալ չըլլայ, քանզի հայը կրնայ մինչ այդ վերանալ իբրեւ պետականութեան տէր ազգ:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like