The Mystery of October 27 (In Eastern Armenian)

By Alexander Varpetian, Payqar, 15 March 2009

"Much has been written and said" about the assassination of Karen Demirjian and Vazgen Sargsian in the Parliament of the Republic of Armenia on October 27, 1999. Speculations and conspiracy theories abound. Alexander Varpetian, an ethnologist, author of Genesis (2000), Essence (1995) and other books, lives in exile in France. He presents a study based on his personal knowledge and investigations about the tragedy. It is an attempt to analyze the preceding events and provide a hypothesis. The text is in Eastern Armenian. Only the first portion of his writing is provided here. Interested readers may follow the rest of the text  and readers’ comments in Payqar.net. For easier reading you may have a printed copy directly from this website.

By Alexander Varpetian, Payqar, 15 March 2009

"Much has been written and said" about the assassination of Karen Demirjian and Vazgen Sargsian in the Parliament of the Republic of Armenia on October 27, 1999. Speculations and conspiracy theories abound. Alexander Varpetian, an ethnologist, author of Genesis (2000), Essence (1995) and other books, lives in exile in France. He presents a study based on his personal knowledge and investigations about the tragedy. It is an attempt to analyze the preceding events and provide a hypothesis. The text is in Eastern Armenian. Only the first portion of his writing is provided here. Interested readers may follow the rest of the text  and readers’ comments in Payqar.net. For easier reading you may have a printed copy directly from this website.

Այս մասին շատ է գրվել ու խոսվել, և թվում է թե այլևս ամեն ինչ բացահայտ է` գոնե բանիմաց շատերի համար, թեև մնում են բավականին մութ ծալքեր: Սույն քննախուզությունը չի հավակնում լիովին լուսաբանել դրանք ու հետաքննչական մանրամասնությունները, այլ միայն հիմնվելով քիչ թե շատ հաստատված տվյալների վրա, դիտարկել պատմական միջադեպը առավել ընդգրկուն իրադարձությունների ու իրավիճակների համայնապատկերում, դրանց զուգորդումներով և էաբանական պրիզմայով` ինչպես նաև անձնական փաստագրումներով: Առավել ևս, որ դրանց հեղինակը եղել է դեպքերի ժամանակակիցը, ճանաչել անձերից ոմանց ու թերևս մասամբ դարձել այդ ոճրագործության անուղղակի զոհը, ինչն էլ դրդեց սույն հետաքննությունը և գուցե մասամբ կպարզվի դրա հրապարակմամբ  (1): Սակայն կա շատ ավելին:

Ըստ մեզ և շատ այլոց, հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը ոչ միայն եղավ պատմականորեն շրջադարձային մի հանգույց, նշանավորվեց նորածին անկախության կորստով, հետագա տասնամյակում դարձավ կործանիչ իրադարձությունների, անբացատրելի թվացյալ խառնաշփոթության ու համատարած ջղաձգությունների դրդապատճառը` այլևս ճակատագրորեն աղճատեց ողջ հայ իրականությունը` վարագուրելով նաև ապագան: 26.10.2007 թ. Ազատության հրապարակի իր ելույթում ՀՀ առաջին նախագահը այն համեմատեց 705 թ. արաբների կողմից ողջ հայ նախարարական ավագանու ողջակիզման, 1915 թ. մտավորականության և 1930-ական թվերի ստալինյան գլխատումների հետ: Դրանց ու պատմական այլ ողբերգությունների զուգահեռմամբ, մենք առավել հակված ենք պետական այդ ոճրագործությունը համեմատելու 374 թ. Հռոմի կողմից Պապ թագավորի դավադրական սպանության հետ, որից հետո Հռոմի և Պարսկաստանի միջև ճզմված ու հազիվ փոքր-ինչ ինքնուրույնություն ձեռք բերած Հայաստանը կորցրեց անկախությունը և վերստին տրոհվեց արևմտյան ու արևելյան հպատակության և ներքին ջլատվածության: Մնացյալը հայտնի է:

Այս առումներով 1999 հոկտեմբեր 27-ի ոճրագործության ըստ էության բացահայտումն ունի նույնքան բախտորոշ ու ազգաբանական նշանակություն` ոչ այնքան լոկ վասն արդարության թե վրեժխնդրության` որքան հավատի ու ինքնավստահության վերականգման, ինքնագիտակցության, ինքնամաքրման և բարոյահոգեբանական ապաքինման: Ուստի, մենք կվազանցենք հայտնի մանրամասները, երևակայելու համար այդ եղերական եղելության բուն էությունն ու խորհուրդը, ինչպես հայտնի թե նույն բառերի վերադասավորմամբ, և անգամ մեկ ստորակետի տեղափոխմամբ ամբողջովին կարող է փոխվել նախադասության իմաստն ու բովանդակությունը: Նույնը նաև բառը այլ նախադասության, նախադասությունը այլ մեկ պարբերության մեջ ընթերցելու պարագայում: Իսկ մնացյալը` յուրաքանչյուրը կարող է լրացնել դեպքերի ու իրավիճակի հետ առնչվող ծովածավալ նյութերով, ինչպես նաև հեղինակի հրապարակված թե դեռևս ոչ արձանագրություններով ( 2):

Ի սկզբանե կուզեինք նաև նշել, որ ոչ մեկ լրատվամիջոց չհամաձայնեց թե չհամարձակվեց հրապարակել սույն քննախուզությունը, ինչը ևս հայ արդի իրականության ախտաբանական մեկ խոսուն հանգամանք է, հավաքական կամա-ակամա մեղսակցության մեկ դրսևորումը և վերլուծության այլ մեկ թեմա: Մինչդեռ, դրա նախորդ տարբերակի սոսկ գոյությունը հեղինակին թանկ արժեցավ, որը հարկ է նույնպես ընդունել որպես ինքնին խոսուն մեղսության փաստ (այդ մասին` իր տեղում):

Այսուհանդերձ, մենք չնչին իսկ կասկած չունենք, որ առաջին անգամ ներկայացվող այս վարկածը ժամանակի ընթացքում կարմատավորվի հայոց գիտակցության մեջ: Առավել ևս, որ ոճրագործությանը հետևած տասնամյակում խնդրահարույց իրադարձություններն արդեն հաստատել են այն և դեռ կամրագրվի գալիք փորձություններում…

1. ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1991 թվականին, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հարկ էր սպասել պատմական “ճոճանակի” դիալեկտիկական վերադարձը պարուրային այլ մեկ աստիճանի վրա` մասնավորապես Կենտրոնում և նրան հարակից «թույլ օղակներում»: Առավել ևս, որ կադրային, նյութական թե սոսկ սոցիոհոգեբանական պաշարները ամբողջովին չէին սպառվել, մասամբ անցել էին ընդհատակ, մասամբ պատեհապաշտորեն այլակերպվել, իսկ ընչազրկված թե հիասթափված զանգվածը սպասում էր նոր վերափոխումների :

– Դրանց առաջին դրսևորման պատճառ հանդիսացան Հայաստանում 1996 թ. նախագահական տարակուսելի ընտրությունները, իրենց հայտնի հետևանքներով: Տկարացած ՀՀ նախագահը սպարապետ Վ. Սարգսյանի նախաձեռնությամբ վարչապետի պաշտոնին է հրավիրում Ռ. Քոչարյանին, իսկ ՆԳ և ԱԱ միացյալ ու կարևորագույն նախարարությունները վստահում է նրա գործընկեր Սերժ Սարգսյանին (երկուսն էլ խորհրդային երբեմնի «կադրայիններ» ) : Եվ անմիջապես սկսվում է գալիք «հեղաշրջման» և դրա առանցքային` «հոկտեմբեր-27» իրադարձության լատենտային գործընթացը (3):

– Ճիշտ նույն 1996 թ., Սանկտպետերբուրգի քաղաքապետ Ա. Սոբչակը կորցնում է վերընտրության ընտրապայքարը, իսկ նրա արդեն «գործազուրկ» տեղակալը` նախկին հետախույզ, փոխգնդապետ Վ. Պուտինը ուղղակիորեն դիմում և դառնում է Կրեմլի վարչական ղեկավար, հայտնի զեղծարար Պ.Բորոդինի տեղակալը, իսկ երկու տարի անց միանգամից նշանակվում ՌԴ ФСБ/ԱԴԾ-ի տնօրեն ( Անվտանգության Դաշնային Ծառայություններ, նախկին ԿԳԲ-ՊԱԿ )…

– Մինչ այդ, 1997 թ. աշնանը թափ է առնում Լ. Տեր-Պետրոսյանի պաշտոնազրկման սքող գործընթացը, իսկ 1998 թ. փետրվարին, արցախյան հիմնահարցի առնչությամբ տեղի տալով Վազգեն Սարգսյան-Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան եռյակի ճնշմանը, նա ներկայացնում է իր հրաժարականը` նախապես այդ մասին տեղեկացնելով դաշնակից երկրներին` այդ թվում ՌԴ նախագահ Բ. Ելցինին ( վերջինս խորհուրդ չի տալիս և նույնիսկ առաջարկում է իր օգնությունը: Բայց այդ ինչպիսի՞…) : Այդպես, «ինքնաբերաբար» Ռ. Քոչարյանը նախ դառնում է ՀՀ նախագահի պաշտոնակատար, իսկ 1998 թ. մարտ 30-ի նախագահական արտահերթ ընտրություններում` արդեն լիիրավ, բնականաբար օգտագործելով իշխանական լծակները, ուժային գործընկերների զորեղ աջակցությունը, այդուհանդերձ սահմանադրական հայտնի խախտումներով և ընտրական զեղծարարություններով, ընդդեմ քաղաքական դաշտ վերադարձած Կ. Դեմիրճյանի: Թվում էր, թե հաղթական եռյակը հասել էր իր նպատակին և առջևում գոնե ներքին հակամարտություններ չկան: Վ. Սարգսյանն ու Ս. Սարգսյանը մնացել էին իրենց ուժային նախարարություններում և փաստացի ողջ իշխանությունը հզոր եռյակի ձեռքերում էր: ՌԴ-ն խճճվել էր ներքին և արտաքին խնդրականներում, Ադրբեջանը` նույնպես, Չեչնիայի առաջին պատերազմը խաղաղվել էր հօգուտ վերջինիս, իսկ Արցախի հիմնահարցը` թեև հրատապ, շարունակում էր մնալ միջազգային ատյանների քննարկման առարկան, մինչդեռ Հայաստանը կարծես կարող էր գոնե առժամյա բևեռվել իր տնտեսա-հասարակական հարցերի վրա:

– Բայց ահա, ներքաղաքական խնդիրների կարգավորումից ընդամենը մեկ քանի ամիսներ անց, սկսվում է խորհրդավոր և ցայսօր չբացահայտված սպանությունների միմյանց հաջորդող շարքը. 08.08.1998 թ.` ՀՀ գլխ. դատախազ Հենրիկ Խաչատրյան, 10.12.1998 թ.` ՀՀ ՊՆ փոխնախարար Վ. Խոռխոռունի, 09.02.1999 թ.` ՀՀ ՆԳ և ԱԱ փոխնախարար Արծրուն Մարգարյան ( իմա` հենց Ս. Սարգսյանի տեղակալը, բայց նաև Ներքին զորքերի հրամանատարը…), 08.03.1999 թ. լրագրող Տ. Հայրապետյանը (4), այլք, և «պատահաբար» բոլորն էլ Վ. Սարգսյանի մերձակիցներից: Արտառոցն այն է, որ այդ սպանությունների մեջ անհաջող փորձ է արվում մեղադրել հենց Վ. Սարգսյանի շրջանակը: Այս ամենը զուգորդվում է նաև «վհուկերի որսով»` հատկապես սպարապետի երբեմնի մտերիմ Վ. Սիրադեղյանի: Եվ այդ` սպանված թե ինքնասպանված (երևի Ա. Մարգարյանի պե՞ս…) ՀՀ գլխ. դատախազի երբեմնի տեղակալ, ապա նրան փոխարինած Աղվան Հովսեփյանի բուռն ջանքերով, բայց նրան նշանակած Քոչարյան-Սարգսյան տանդեմի նույնքան բուռն հովանավորությամբ (խորհրդային ժամանակ նրանք հարաբերվել են Արցախում): Իսկ առավել արտառոցն այն է, որ ՆԳ և ԱԱ միանձնյա նախարարն իր ոչ պակաս կարևոր գործընկերով հանդերձ վերոնշյալ սպանությունները անկարող եղավ բացահայտել` ինչպես նաև չի բացահայտվել ևս մի քանի ամիսներ անց հոկտ.27-ի աննախադեպ ոճրագործությունը: Բայց առայժմ ամեն ինչ հերթով :

– Ըմբռնելով «արալեզների դավադրությունը» և կռահելով այժմ արդեն իր դեմ լարվող որոգայթը, Վ. Սարգսյանը հենվում է «Երկրապահ-Հանրապետական» դաշնության վրա և նախընտրելի Կ. Դեմիրճյանի ՀԺԿ կուսակցության հետ կազմում «Միասնություն» հզոր ու հեռանկարային դաշինքը: 1999 թ. գարնանը այն վստահորեն հաղթում է խորհրդարանական ընտրություններում, Կ. Դեմիրճյանը ընտրվում է արդեն մեծամասնությամբ յուրայիններից կազմված Խորհրդարանի, նախագահ, Վ. Սարգսյանը օրինաչափորեն նշանակվում վարչապետ, ի վերջո տարաբաժանում ՆԳ և ԱԱ նախարարությունները և առաջինը վստահում մերձակից Սուրեն Աբրահամյանին` թեև Ռ. Քոչարյանի համառությամբ և հասկանալի նկատառումներով ԱԱ ծառայությունների տնօրինությունը մնում է Ս. Սարգսյանին ( ըստ ոմանց, այդ Վ. Սարգսյանի հաջորդ, ճակատագրական վրիպումն էր…) : Այսուհանդերձ, փաստացի իշխանությունը հիմնականում «Միասնություն» դաշինքի ձեռքերում էր, իսկ Վ. Սարգսյանը դիտվում էր ՀՀ ապագա նախագահի ամենահավանական թեկնածուն: Նա այդպես էլ ընդունվեց 1999 թ. սեպտեմբերի վերջերին ԱՄՆ իր այցելության և փոխնախագահ Ա. Գոռի հետ սպասվածից ավելի ջերմ ընդունելության ընթացքում:


Քոչարյան-Սարգսյան տանդեմին մնում էր` բացի նախորդ իշխանափոխությամբ Հայաստանում վերականգնված և վրեժխնդրությամբ լի դաշնակցականներից ( ի միջի այլոց արդեն «թունդ» ռուսամետ…), քաղաքական կուռ հենարան, այլ շարունակելիություն և կողմնորոշում որոնել…,

– Մինչ այդ, Կրեմլի շուրջ պայթում է կոռուպցիայի համաշխարհային աղմուկը` մասնավորապես կապված շվեյց. Mabetex ընկերության հետ: ՌԴ գլխ. դատախազ Յ. Սկուրատովը փորձում է բացահայտել գործը, ինչն էլ նրան արժեցավ հեռուստատեսային «սեռական շանտաժն» ու պաշտոնանկությունը: Դրա մեջ իր որոշակի դերն ունեցավ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար և ФСБ/ԱԴԾ-ի տնօրեն Վ.Պուտինը` արժանանալով կրեմլյան «ընտանիքի» առավել վստահությանը, իսկ 09.08.1999 թ.` միանգամից ՌԴ վարչապետի պաշտոնավարությանը (5):

Այդ արդեն ուղիղ ճանապարհ էր բացում դեպի նախագահական բազկաթոռ, ինչն անմիջապես կռահեցին ներքին և արտաքին հեռատեսները…Եվ հիրավի նրանց ակնկալիքները սպասեցնել չտվին: Պուտինն ու թիմակիցները անմիջապես սկսում են նախապատրաստվել նախ Պետդումայի մոտակա և գալիք 2000 թ. նախագահական ընտրություններին` միաժամանակ ամրագրելով Ռուսաստանի ազդեցությունը հետխորհրդային հնարավոր տարածքներում, և բաց չթողնելով կամ ստեղծելով նպաստավոր ցանկացած առիթ :

– Առաջին այդ հնարավորությունը նախ ընձեռեց Շ. Բասաևը` 05.08.1999 թ. Դաղստանում իրռազմական գործողությամբ, որին ՌԴ-ն պատասխանեց ջախջախիչ հարվածով (6): Երկրորդ առիթը ստեղծվեց 09.9.1999 թ. մերձմոսկովյան բնակշենքերի տարակուսելի ահաբեկչությամբ (7) , որն էլ պատճառ ծառայեց չեչենական երկրորդ պատերազմի սանձազերծմանը, իբր ընդդեմ միջազգային ահաբեկչության: 12.09.1999 թ. այդ ծրագիրը Վ. Պուտինը ներկայացնում է Մոսկվա ժամանած ԱՄՆ-ի նախագահ Բ. Քլինթոնին, հավանաբար և նաև ՀՀ նախագահին` նույն սեպտեմբերին երևանյան իր կարճատև այցելության ընթացքում (թերևս վասն թիկունքի ապահովման, բայց դժվար թե նրան չմտահոգեր Հայաստանի ներքաղաքական նոր և ՌԴ-ին ոչ այդքան նպաստավոր իրավիճակը, ինչպես նաև ղարաբաղյան հարցը աշխարհաքաղաքական ենթատեքստում) :

Եվ 1999 թ. չարաբաստիկ հոկտեմբերի 1-ին Չեչնիայի դեմ Ռուսաստանն անցնում է ռազմական լայնածավալ գործողությունների, ապա Վ. Պուտինը հիմնում է հայոց նույն «Միասնություն» անվամբ արհեստական կուսակցությունը: Այն դեկտեմբերին հաղթում է Պետդումայի ընտրություններում, իսկ Ամանորի հենց գիշերը` ի զարմանս բոլորի, Բ. Ելցինը հայտարարում է իր հրաժարականը և Վ. Պուտինի փոխանորդությունը: 26.03.2000 թ. նախագահական արագացված ընտրություններում այն փառավորապես դառնում է լիիրավ (7) …

– Մեկ փոքրիկ, ուշացած` բայց թերևս շատ կարևոր հավելում: 09.02.2008 թ., տասնամյա լռությունից հետո մեծ քաղաքականություն վերադարձած Լ. Տեր-Պետրոսյանը, նախագահական ընտրարշավի առնչությամբ Ազատության հրապարակում արեց ցնցող մի հայտարարություն, հրապարակելով նույն 1999 թ. աշնանը բուռն քննարկվող ղարաբաղյան հարցում «Մեղրիի տարբերակը»: Ըստ այդմ, նախատեսվում էր տարածքների փոխանակում. Արցախի դիմաց` Մեղրիի շրջանը, Լաչինի դիմաց` փոքրիկ մի անցում դեպի Իրան, որի հետ Հայաստանը կորցնում էր 35 կմ ընդհանուր սահմանն ու ինչն ըստ էության նշանակում էր լրիվ մեկուսացում: Ռ. Քոչարյանի առաջարկով, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի մանրամասները մշակել էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, և այն վստահաբար նախապես համաձայնեցվել էր երաշխավորող երկրների` ՌԴ-ի, Ֆրանսիայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ նախագահի կողմից (վավերացումը կցված էր պայմանագրին):

Ըստ հավաստի տեղեկության, այդ պայմանագրի հետ համաձայն չեն եղել Վ. Սարգսյանն ու Կ. Դեմիրճյանը, որոնք ոճրագործության ճիշտ նախօրերին ՀՀ Անվտանգության Խորհրդի նիստում ցասումով լքել են փաստաթղթի վերջնական քննարկումը: Ըստ Լ.Տեր-Պետրոսյանի «Այդ փաստաթուղթն էլ լինելու է հոկտեմբեր 27-ի բացահայտման ամենակարևոր մոտիվներից մեկը», մինչդեռ իշխանությունները ցայսօր դրա կապը հոկտ. 27-ի ոճրագործության հետ շարունակում են բնորոշել որպես պատահական զուգադիպություն… (ԱԶԳ օրաթերթ, #026, 12/02/2008:  Այդ մասին` իր տեղում) :

– Ահա, ներքին և արտաքին այս իրադարձությունների թոհուբոհում էլ այդքան «պատահական» զուգադիպությամբ Հայաստանում իրագործվում է հոկտ. 27-ի աննախադեպ ոճրագործությունը` այն էլ իբր մի քանի «ռոմանտիկ» թափթուկների ավելի քան կատարյալ «ինքնագործունեությամբ» : Վստահ պատահական չէր «Ալֆա» ջոկատի կայծակնային և սքող հայտնությունը միջադեպում (բայց այդ ո+վ էր կանչել, եթե ոչ միմիայն իրավասու ՀՀ նախագահը… ): Իսկ մինչ այդ, Վ. Սարգսյանի առաքելությունն ԱՄՆ և Վ. Պուտինի համարյա միաժամանակ սեպտեմբերյան այցը Երևան, դժվար թե ողջամտությունը որպես զուգադիպություն ընդունի (9) :  Զի, այն պատահականությունը, որը հետևանք է ծնում` ինքնին պատճառ է, իսկ եթե այդուհանդերձ պատահականություն` ապա պարզապես դրա պատճառը չիմանալու պատճառով:

– Մնացյալն այստեղ արծարծելն ավելորդ է: Բոլորին է հայտնի թե ինչպես ոճրագործության հետաքննությունը մտավ փակուղի, իսկ դրա հնարավոր կազմակերպիչների մասը կարճվեց 2004 թ.` հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ  (այն ընդհանուր գործից տարանջատվել էր նույն 2000 թ. ամռանը…): Միայն նշենք մեկ քանի կարևոր հանգամանքներ: Ոճրագործությանը հետևեցին «մեղմացուցիչ» ամիսներ, մինչև 2000 թ. մայիսը, որը նույնպես «պատահականորեն» համընկավ Վ. Պուտինի նախագահական ընտրության հետ: Քոչարյան-Սարգսյան տանդեմի դիրքերն ամրապնդվեցին, և նրանք ձեռբազատվեցին ձևականորեն վարչապետ նշանակված Վ. Սարգսյանի եղբայր Արամ Զ. Սարգսյանից ու Պաշտպանության վազգենական նախարար Վ. Հարությունյանից  ( 10) :

Մնում էր թունդ ընդդիմության ամենաըմբոստ ներկայացուցիչ ու ոճրագործության պահանջատեր Անդրանիկ Մարգարյանը  (11) ` իր Երկրապահ- Հանրապետական զորակցությամբ: Մայիսյան հնարավոր սուր առճակատումից մեկ շաբաթ հետո նա նշանակեց վարչապետ և պաշտոնավարեց մինչև 2006 թ. իր տարօրինակ հանկարծամահը`2007 թ. խորհրդարանական և 2008 թ. սկզբին նախագահական ընտրությանների ճիշտ նախաշեմին… Հեղաշրջումն ավարտված էր, մնում էր աստիճանաբար «ավելել» մնացյալ հետքերն ու անցանկալի անձանց (ոմանք խորհրդավոր մահացան, այլք` արտաքսվեցին, մյուսները`լռեցվեցին, շատերը` առինքնվեցին, իսկ մնացյալը սսկվեց… ), և ոչ մի կերպ բաց չթողնել իշխանության բոլոր լծակները, ինչն էլ այլևս բացեիբաց դրսևորվեց հաջորդ տարիների հարաճուն բռնատիրությամբ, աներևակայելի խարդավանքներով, ընտրությունների լկտի խեղաթյուրումներով և հանցագործ աշխարհի «բարգավաճմամբ», բարոյահոգեբանական զանգվածային անկմամբ, իսկ ամենակարևորը` ռուսական այլևս բացահայտ կողմնորոշմամբ և «Հայաստան` պարտքի դիմաց» քաղաքական գործարքով…

Այս ամենը այլևս բնավ «պատահական» չեն, ոչ էլ «ռոմանտիկ» թափթփուկների ինքնագործունեություն, այլ լրիվ ընդհակառակը` խիստ «պրոֆեսիոնալ» ներքին ու արտաքին շրջանակների և կառույցների «օպերատիվ» արկածախնդրություն:

Այսքանը և դեռ շատ ավելին հայտնի են բոլորին, անհամեմատ առավել` անմիջականորեն ոմանց, և անգամ այլազգի շատերին: Սակայն գիտենալը դեռևս… դատել չէ, որն հայերենում միաժամանակ նշանակում է թե’ դատողություն, թե’ դատաքննություն, թե’ դատավարություն և թե’ դատապարտում :

Շարունակությունը հաջորդ կիրակի:

——————–
1 Միայն այս հրապարակման ազդը արդեն անհանգստացրել է ոմանց
, ավելին վստահաբար առջևում է…


2 «ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉԲԱՌ կամ ո՞ւմ է խանգարում Ալեքսանդր Արորդի Վարպետյանը» (Երևան-2003), «Վտարում» (անտիպ), «ԷՈՒԹՅԱՆ ոդիսականը», (անտիպ, խոսքը վերաբերում է համանուն գիտահետազոտական միաբանությանը, որի հիմնադիրն ու նախագահն է` 2002 թվականից Հայաստանից արտաքսված, սույնի հեղինակը), այստեղ արդեն հրապարակված «Հոկտեմբեր 27 և Թուրքիան» ակնարկը:

Տե’ս նաև հոկտեմբեր 27-ի առնչությամբ շրջանառության մեջ գտնվող բազմաթիվ նյութեր, հետաքննության N°62207199 քրգործից քաղվածքներ 18000 էջ արձանագրություններից, ընթացիկ հղումները թե հարակից աղբյուրները և ինտերնետային ծով ինֆորմացիաները: Ուստի, մենք այստեղ կվազանցենք հայտնի մանրամասնությունները: Առավել ևս, որ, գեղանկարը թե խճանկարը չեն ընկալվում ակնապիշ, երաժշտությունը` «չռված» ականջներով, իսկ երևույթների տակ ընկած էությունները` ակնհայտ մանրուքներով, որոնք հաճախ ուռճացվում են հենց աչքակապության միտումով :


Ինչ վերաբերում է հետաքրքրասեր թե մասնագետ հետաքննիչներին, ապա նրանք խնդիր չեն ունենա ստուգելու այստեղ առաջին անգամ ներկայացվող որոշ տեղեկությունները, ուղղելու, հարստացնելու թեվերիմաստավորելու այլերը` ինչը ի վերջո հիմնականում կլուսաբաներ ոճրագործությունը, վասն գալիք սերունդների փորձառության, ինքնագիտակցության և գոնե հոգևոր անկախության :


3 Այդ մասին հանգամանալից տես ՉԻ- «Չորրորդ Իշխանություն» թերթի N°N° 353-364 համարներում` «ՀԵՂԱՇՐՋՈՒՄ. ԳԱՂՏՆԱԶԵՐԾՄԱՆ ՊԱՀԸ» խորագրի տակ, ավելին` «ՎԵՐՀԻՇԵՆՔ» խորագրով N°N° 546-695, իմա`17.03.06-27.10.2007 թթ,
blogpost կայքը և այլուր:


4 1997թ. աշնանից ի վեր մամուլով բազմիցս զգուշացրել է Վ. Սարգսյանի դեմ սպասվող մահափորձի վերաբերյալ, իսկ նրա հետ անձամբ հանդիպման փորձից 3 օր անց, դարձել խորհրդավոր ավտովթարի զոհ…


5 Վ.Պուտինի կտրուկ վերելքն ապահովեց կրեմլյան օլիգարխիան` մասնավորապես Բ. Բերեզովսկին, նկատի առնելով նրա մասնագիտական փորձն ու «լոյալ» ծառայությունը իրենց նկատմամբ: Այդ նախ վասն ինքնաապահովության, ապա ընդդեմ 1998-1999 թթ վարչապետ Ե. Պրիմակովի (նույնպես հին չեկիստ ու դեռ երբեմնի ԿԳԲ-ի տնօրեն) : Նրանցից շատերը դեռ չէին կռահում իրենց «գլխի գալիքը»…Այս և նման այլ տվյալները` միջազգային ԶԼՄ-ներից: Անշուշտ, կարելի էր տարակուսել դրանց իսկության վրա, եթե միայն չլինեին գլխավոր դեմքերի կենդանի հարցազրույցները, դեպքերի տեսագրությունները, իսկ ամենակարևորը` ամենատարբեր աղբյուրներում հիմնավոր փաստերի համապատասխանությունը, ինչն էլ սույն քննախուզության արմատական սկզբունքն է :


6 Ըստ Դաղստանում ՌԴ զինուժի հրամանատար գեներալ Շամանովի կենդանի խոստովանության, ԱԴԾ-ն նախապես տեղյակ էր այդ ծրագրից, որը նախատեսված էր իրագործել սեպտ.-հոկտեմբեր ամիսներին: Սակայն, վասն պուտինյան ընտրարշավի կտրուկ հաջողության, ԱԴԾ-ն Բասաևի շրջապատում իր գործակալների միջոցով կարողացել էր արագացնել այդ գործողությունը: Հոկտ. 27-ի հետ առերևույթ կապ չունեցող այս իրադարձություններն արծարծում ենք Վ. Պուտինի գործելակերպն ու միջոցները ուրվագծելու և զուգահեռներ ապահովելու միտումով:


7 Ըստ Յ. Սկուրատովի, արդեն հանգուցյալ Ա. Լիտվինենկոյի ու այլոց, այստեղ ևս ենթադրվում է ФСБ-ի ձեռքը: Առավել ևս, որ դրանք չբացահայտվեցին, իսկ ռուս բնակչությանը տրամադրեցին չեչենների դեմ:


8 Սույն նյութին կից, այս բոլորի վերաբերյալ, տարբեր աղբյուրների ծաղկաքաղմամբ պատրաստված է երկու տեսանյութ 36 և 52 րոպե տևողությամբ: Դրանք հագեցած են կենդանի վկայություններով և անհերքելի փաստագրություններով, որոնք անուղղակիորեն առնչվում են հայաստանյան իրադարձությունների հետ, մասամբ լուսավորում դրանք և շատ ավելի ընդգրկուն ամրագրում սույն քննախուզությունը:


9 Ըստ տարբեր աղբյուրների, Վ.Սարգսյան-Ա.Գոռ և այլ հանդիպումների ընթացքում ձեռք էին բերվել տնտեսաքաղաքական որոշ համաձայնություններ: 2005 թ. ՊՆ Ս. Սարգսյանի այցը ԱՄՆ նույնպես բորբոքեց ՌԴ իշխանությունների խիստ դժգոհությունը և նրանց համար նա այլևս դիտվեց 2008 թ. նախագահական ընտրությունների համար անցանկալի թեկնածու` տարբեր միջոցներով հենց Հայաստանում արժանանալով նախազգուշական հետապնդումների («հակակրիմինալ շարժում» ևն) …


10 Անհրաժեշտ այդ կառույցն անցավ մինչ այդ «արմենիկումով» խիստ զբաղված Ս. Սարգսյանին, իսկ ԱԱԾ վերանվանված ծառայությանը վստահվեց ` ըստ լրատվության, «հոկտեմբեր 27-ի առանցքային ֆիգուր» Կ. Պետրոսյանին: Բայց երբ 2004 թ. կարճվեց ոճրագործության «ծրագրավորողների գործով» տարանջատված մասը, նրան այդ պաշտոնում փոխարինեց գեներալ-մայոր Գորիկ Հակոբյանը` հայտնի «27-ի Գորիկ» մականվամբ : Զի այդժամ հենց նա էր համակարգում «ահաբեկչության դեմ պայքարը» , իսկ թե ինչպե՞ս` հայտնի է հենց հետևանքներից: Մինչդեռ, ավելի ուշ Ռ. Քոչարյանի անվտանգության գծով խորհրդականի պատվին արժանացավ` ըստ չար լեզուների, «երեք ծառայությունների անհաջող գործակալ» Գառնիկ Իսագուլյանը (գուցե շատ հաջո՞ղ, նախ ԿԳԲ-ի, ապա դաշնակցական, հետո…) :


11 Մինչ այդ առինքնվել էր այլ մեկ «ծանր հրետանի» և նշանակվել ՆՊ փոխնախարար` ԵԿՄ-ի ապագա նախագահ, վազգենական գեներալ Մանվել Գրիգորյանը: Գերիշխող «Միասնության» դաշտը շարունակում էր ականազերծվել անգամ գլխատվելուց հետո…

 

2 comments
  1. Powerful

    Powerful article.  So many assassinations and deaths "by natural causes" could not have been a coincidence.  It’s not difficult to imagine a "food supplement" that causes cardiac arrest after a few hours.  I wish that someone could translate it into English for people who can’t read Armenian well….

  2. …And convenient that Serge

    …And convenient that Serge Sargsyan was minister of national security at the time of Markarian’s death (as well as in Oct 1999)

Comments are closed.

You May Also Like