Ալեքսանդր Թոփչյան, Ֆրանսա, Փետրվար, 2021
(Հովհաննես Չիլինկիրյանի հիշատակին)
1983թ․ հոկտեմբերին էր, ես Ժնևում էի՝ տեղի համալսարանի հայագիտական ամբիոնի հրավերով։ Ժամանելուս երրորդ թե չորրորդ օրն էր, զանգեց Վահե Գոդելի հայրը՝ նշանավոր արևելագետ լեզվաբան, հայագիտական ամբիոնի հիմնադիր-վարիչ Ռոբեր Գոդելը և ասաց, որ ինձ հետ հանդիպելու ցանկություն է հայտնել Ռուբեն Սևակի զարմիկը՝ Հովհաննես Չիլինկիրյանը։ Զարմանալի զուգադիպություն․․․ Արդեն երկու տարի փաստորեն մենք փնտրում էինք իրար, և իմ մտքով չէր անցնի, որ հանդիպելու ենք այդտեղ և ոչ թե Հայաստանում կամ, ի՞նչ իմանաս, Միջերկրականի ափին ընկած Կանյ-սյուր-Մեր փոքրիկ քաղաքում, որտեղ բնակվում էր նա։
Դեռևս 1981թ․, Նիցցայում, Երևանի Դրամատիկական թատրոնի հյուրախաղերի օրերին, Հովհ․ Չիլինկիրյանը հանդիպել էր Անահիտ Թոփչյանին և խնդրել, որ ես Ռուբեն Սևակի երկերի լիակատարը պատրաստեմ, ասելով, թե «Զահրատն ինծի ըսաւ, որ միայն Թոփճեան կրնայ այդ գործը հարկ եղածին պէս ընել»։
Նման պատվավոր անձանց կողմից հնչող առաջարկն, անշուշտ, գայթակղիչ էր և պարտավորեցնող, սակայն «Հայֆիլմի» գլխավոր խմբագրի գերծանրաբեռնված առօրյաս այդ մասին մտածելու հնարավորությունն անգամ չէր տալիս, և միայն մեկ տարի անց, կինոյի աշխարհը լքելուց հետո, կարողացա, ի թիվս այլ խոստումների, զբաղվել նաև այդ մեկով։ Իմ անելիքներն ավելի որոշակիացան, երբ «Սովետական գրող» հրատարակչության դասական գրականության բաժնի վարիչ, իմ ավագ եղբայր, լուսահոգի Ստեփան Թոփչյանը, Ռ․ Սևակի մոտալուտ 100 ամյակին ընդառաջ, պատվիրեց, որ մի ստվար հատոր կազմեմ։
Այս լուրն աննկարագրելի ուրախություն պատճառեց Հովհ․ Չիլինկիրյանին։ Փաստարկներով և առաջարկներով զինված, նա ինձ հրավիրել էր համոզելու, որ ստանձնեմ այն, ինչն արդեն ստանձնել և առաջին քայլերն էի կատարում։
Այդ հանդիպումն ինձ համար կարևոր եղավ մի շարք առումով։ Նախ ես ծանոթացա, այնուհետև մտերմացա մի բացառիկ անձնավորության հետ և, երկրորդ, տարիներ տևած մեր համատեղ աշխատանքը Ռուբեն Սևակի ժառանգության մանրազնին ուսումնասիրման և հանրայնացման գործում առավել քան արդյունավետ եղավ անձնապես ինձ համար։ Բավական է նշել միայն, որ այդ՝ տարիներ տևած պրպտումների արդյունքը եղավ նաև Ռ․ Սևակին նվիրված կենսագրական իմ վեպը՝ «Եվ անգամ մահից հետո․․․», որը բարձր գնահատվեց մամուլում և արժանացավ ՀՀ Նախագահի և Հայաստանի Գրողների միության մրցանակներին։
Հովհ․ Չիլինկիրյանի մասին շատ ուշագրավ և հետաքրքիր բաներ կարելի պատմել, ներկայացնել նրան որպես ներհուն մտավորական, հանուն ազգային ճշմարիտ գաղափարների մարտնչող հրապարակախոս, անսասան բարոյականի տեր հայրենասեր անձնավորություն, հայ մամուլն ու գրականությունը խրախուսող բարերար, վերջապես հայ կերպարվեստի հմուտ գիտակ-հավաքորդ, սակայն այսօր ես կսահմանափակվեմ միայն երկուսիս անքակտելիորեն միավորող Ռուբեն Սևակով։
Կարելի է ասել, որ նրա ազգային-հասարակական գործունեությունը ծավալվում էր հենց այս լույսի ներքո, և չենք սխալվի, եթե նաև ասենք, որ նա իր կյանքն ամբողջությամբ նվիրեց մեր գրականության այդ լուսավոր դեմքին։ Եվ ոչ թե որ նա իր հորեղբայրն էր, այլ որ մեր մշակույթի այն բացառիկ դեմքերից էր, որ կարողացավ ստեղծագործական հանճարին միավորել բարոյական հանճարը և իր հերոսական «մահով հաղթել մահը»։
Նա համոզված էր, որ Ռուբեն Սևակին իր արժանի տեղը չի հատկացվել հայ մշակույթի պանթեոնում և ընդհանրապես մեր պատմության մեջ։ Ուստի ջանք ու միջոց չէր խնայում այդ սխալը շտկելու համար։
Ե․ Չարենցի անվ․ Գրականության և Արվեստի թանգարանում ես պիտի համոզվեի, որ Հովհ․ Չիլինկիրյանն իրավունք ուներ այդպես կարծելու։ Ռ․ Սևակի՝ Ցեղասպանության զոհ դարձած մյուս հեղինակների նյութերի հետ համեմատած, ծավալուն արխիվը պարզապես կուսական վիճակում էր։ Անտիպ էջերով լեցուն տետրակներ, բանաստեղծություններ, թարգմանություններ, արձակ էջեր, որ շուրջ քառասուն տարի առաջ մուտքագրվել էին և պարզապես մոռացվել։ Հատկապես ուշագրավ էին բանաստեղծի և նրա գերմանուհի կնոջ՝ Յաննի Ապելի՝ ֆրանսերեն գրված շուրջ երեք հարյուր նամակները․․․ Եզակի երևույթ մեր գրական էպիստոլարում։ Այդ ամենն առնվազն երկու հատոր անտիպ կկազմեր։ Նման վիրավորական անուշադրություն անկարելի է գտնել որևէ եվրոպական երկրում՝ իրենց դասականի անտիպների հանդեպ։
Իսկ բանաստեղծի կիսատ-պռատ հրապարակված գործերն ինչպե՞ս էին գնահատվում։ Հիշում եմ, ինչպես սփյուռքի հեղինակներից մեկը գրեթե ողբում էր, որ Ռ․ Սևակն ընդամենը «երեսուն տարի ապրեցաւ և չկրցաւ լրիւ կենսագործել ու լիարժէք արդիւնաւորել իր կոչումն ու առաքելութիւնը»։ Նույն հեղինակը, մեկ այլ առիթով Ռ․ Սևակին համարել էր ընդամենը «խոստմնալից» բանաստեղծ, բնորոշում, որը վերջին անգամ կարդացել եմ «Պիոներ Կանչ»-ում, մոտ կես դար առաջ․․․
Չեմ հիշում, թե 17 տարի և 9 ամիս ապրած Հերանուշ Արշակյանի, 21 տարի ապրած Պետրոս Դուրյանի կամ 22 տարի ապրած Մեծարենցի առիթով որևէ մեկը ողբա՞ց, թե խեղճ «խոստմնալից» աղջիկ, խեղճ «խոստմնալից» տղաներ «չկրցան լրիւ կենսագործել ու լիարժեք արդիւնավորել իրենց կոչումն ու առաքելութիւնը», հապա 31 տարի ապրած Դանիել Վարուժանը կամ 30 տարի ապրած Մատթեոս Զարիֆյանը․․․ որևէ մեկը կհանդգնե՞ր նրանց «խոստմնալից» համարել և ասել, թե չկարողացան իրենց կոչումն ու առաքելությունն արդյունավորել․․․ Նման դեպք ես չեմ հիշում, սակայն Ռ․ Սևակի առիթով գրում են, և ոչ մեկը չի ասում դրանց, թե հարգելի Տիարք, չափներդ ճանաչեք․․․ Ավելին, դեռափթիթ մի լրագրողուհի, ի լուր աշխարհի, Ռ․ Սևակին որակեց որպես «թրքասեր», իսկ մեկ այլ կիսագրական գործիչ գրեց, թե բանաստեղծի նահատակության պատմությունն ապոկրիֆ է, ասել է թե պարականոն, հորինովի, սուտ․․․ Ասել է թե Ռ․ Սևակը ոչ թե կյանքի գնով մերժեց իսլամ ընդունելու առաջարկը, այլ իսկապես թլպատվեց, միայն թե դրանից հետո անհասկանալի է, թե ինչու թուրքերն իրենց նպատակին հասնելուց հետո մորթեցին բանաստեղծին․․․ Գիտական մի հեղինակություն էլ որոշեց Ռ․ Սևակին համեմատել իր ժամանակի արևմտահայ մեծանուն բանաստեղծների հետ, և Ռ․ Սևակը շարունակ «պարտվողի», լավագույն դեպքում նրանց ուշիմ աշակերտի դերում էր․․․ Հայ մեծ բանաստեղծին, ազգային հերոսին շարունակաբար ստորադասելու, նվաստացնելու և արժեզրկելու այս զազրելի և հետևողական միտումին մենք անդրադարձանք ժամանակին «Գրականագիտական սադիզմ» վերնագրված մեր հոդվածում։
1985թ, Ռ․ Սևակի հարյուրամյակի առթիվ տպագրված հինգհարյուրէջանոց հատընտիրի վաթսուն տոկոսը կազմում էին անտիպները, իսկ մոտ տասը տարի անց լույս ընծայած երկհատորյակի երկրորդ հատորը գրեթե ամբողջությամբ անտիպ նամակագրությունն էր՝ ֆրանսերենից թարգմանված արևմտահայերեն։ Գրականության և արվեստի թանգարանի անտիպներին Հովհ․ Չիլինկիրյանն աշխարհի տարբեր անկյուններից հայտնաբերում և ավելացնում էր նոր նյութեր։ Արժե հիշատակել հատկապես բանաստեղծի աշակերտական տետրակները, որոնք ներկայացնում էին Ռ․ Սևակի առաջին քայլերը որպես բանաստեղծ և, այսպես կոչված, «կանադական տետրակը»՝ ծայրեծայր լեցուն նորահայտ քերթվածներով և թարգմանություններով։ Տետրակ, որն ավելի քան ութսուն տարի սպասել էր լույս ընծայվելուն, և հավանաբար երկար կմնար անհայտության մեջ, եթե չլինեին Հովհ․ Չիլինկիրյանի անխոնջ պրպտումները՝ բառացիորեն աշխարհով մեկ։ Եվ այսպես, շուրջ քսան տարվա ընթացքում տասը գիրք հրապարակվեց, որոնցից երկուսը բանաստեղծի ռուսերեն և ֆրանսերեն ժողովածուներն էին։
Այսքանով հանդերձ, Հովհ․ Չիլինկիրյանի սևականպաստ գործունեության գլուխգործոցը եղավ «Ռուբեն Սևակի մշակութային հիմնարկ» գրական-մշակութային հաստատությունը, որը մի քանի տասնամյակ շարունակ աշխույժ գործունեություն ծավալեց Ֆրանսիայում և սփյուռքահայ մի շարք գաղութներում։ Նիցցայից քիչ հեռու ընկած Կանյ-սյուր-Մեր փոքրիկ քաղաքի շենքերից մեկում մի ընդարձակ հարկաբաժին ամբողջությամբ հատկացված էր այդ հաստատությանը։ Դա փաստորեն մշակութային կենտրոն էր՝ իր առանձնահատուկ գրադարանով, Ռ․ Սևակին և արևմտահայ գրականությանն առնչվող փաստաթղթերով, մամուլով և այլ նյութերով։ Այդտեղ էր գտնվում նաև հայ ծովանկարիչների հավաքածոն․ ավելի քան 300 յուղաներկ և գրաֆիկա, այդ թվում Այվազովսկու, Ջիվանյանի, Մախոխյանի, Ալխազյանի, Գառզուի և այլ հայազգի կերպարվեստագետների աշխատանքներ։ Հավաքածո, որի նմանը չի եղել և հազիվ թե լինի հայ իրականության մեջ։
Այդ հավաքածոն 2013թ, Հովհ․ Չիլինկիրյանը մյուս նյութերի հետ նվիրաբերեց Մայր Աթոռ Ս․ Էջմիածնին։
Այդ հաստատության հետ կապված մի պատմություն կա, որը կուզեինք ներկայացնել այստեղ։ 90-ական թվականներին ես և Անահիտ Թոփչյանը պարբերաբար տպագրվում էինք Փարիզում գտնվող «La Pensée Russe» հեղինակավոր շաբաթաթերթում։ Մի առիթով խմբագրության պատասխանատու քարտուղարին պատմում էինք Ռ․ Սևակի և նրա հիշատակի տան մասին։ «Դա փաստորեն նահատակ բանաստեղծի տուն-թանգարանն է օտարության մեջ», – ասաց նա, անչափ տպավորված այդ պատմությամբ, և խնդրեց, որ անպայման և մանրամասնորեն գրենք այդ եզակի երևույթի մասին։ Կարճ ժամանակ անց թերթը մի ծավալուն հոդված տպագրեց՝ «Айвазовский в гостях у Рубена Севака»(«Այվազովսկին հյուր Ռուբեն Սևակին»), իսկ մեկ ամիս անց Ռ․ Սևակ մարդու և բանաստեղծի դիմանկարը տպվեց թերթի մի ամբողջ էջի վրա։ Այդ նույն տեքստն ավելի ուշ զետեղվեց բանաստեղծի ռուսերեն ժողովածուի մեջ՝ որպես առաջաբան։
Հարյուր երկու տարի ապրած բանաստեղծի դուստրը՝ Շամիրամ Սևակը մի անգամ ասաց․ «Իմ հայրն իր չապրած տարիները տվեց մեզ, և մենք պետք է լավ գործերով իմաստավորենք այդ շքեղ պարգևը»։ Հովհ․ Չիլինկիրյանը, որ ապրեց իննսունվեց ու կես տարի, իր ազգօգուտ անսպառ գործունեությամբ ապացուցեց, որ իրոք իմաստավորեց այդ պարգևը։
1 comment
Իսկապէս շատ մեծ է Ալ. Թոփչեանի ներդրումը Ռուբէն Սեւակի կեանքի եւ գրականութեան ուսումնասիրութեան եւ հանրայնացման գործին մէջ: Իսկ «Եւ անգամ մահից յետոյ»-ն նորագոյն շրջանի հայ վիպագրութեան լաւագոյն նմուշներէն մէկն է: Միակ վէպն է որ մէկ տարուան մէջ երկու անգամ կարդացած եմ: Առաջինը՝ յափշտակութեամբ, երկրորդը արդէն՝ աւելի խորաթափանցութեամբ: