(Վասն բազմաչարչար հայերենի)
Ալեքսանդր Թոփչյան, Հոկտեմբեր, 2007թ.
Ժյուլ Վեռնի վեպերից մեկում այսպիսի տեսարան կա. Ժակ Պագանելը, հեռավոր Ավստրալիայի տափաստաններում հանդիպում է մի պատանու, որը կարծում է, թե աշխարհում գոյություն ունի ընդամենը մեկ լեզու՝ անգլերենը, որ երկրագունդն ամբողջությամբ պատկանում է Մեծ Բրիտանիային, և որ անգամ լուսինն է անգլիական տարածք: Պատանուն հատկապես զարմացնում է այն փաստը, որ աշխարհում խոսում են նաև ուրիշ լեզուներով:
Որքան էլ չափազանցված թվա այդ տեսարանը, այնուամենայնիվ հարազատորեն ներկայացնում է XIX դարի երկրորդ կեսի բրիտանական գաղութատիրության ոգին, անշուշտ, ֆրանսիացի գրողի աչքերով: Եվ ընդգծենք՝ մշակութային, լեզվակա՛ն գաղութատիրությունը:
Բայց այն, ինչ հասկանալի էր XIX դարի՝ հաղորդակցության միջոցներից զերծ հեռավոր Ավստրալիայի համար, որտեղ քաղաքակիրթ մշակույթի ոչ մի ավանդ չկար և իրոք անգլիացիք էին տիրապետողը, կատարելապես անհեթեթ է հնչում այսօրվա Հայաստանի պայմաններում, ուր արդեն տասնվեց տարի է, ինչ ամերիկյան անգլերենի աղետալի մի հաղթարշավ է գնում գրեթե բոլոր ասպարեզներում: Կուզեինք առանձնապես խոսել երկուսի՝ ամենից շատ տեսանելիի ու ամենալսելիի մասին, այն՝ ինչից պրծում չունես, ստիպված պիտի լսես ու տեսնես ամեն օր. փողոցը և զանգվածային լրատվության միջոցները՝ հատկապես հեռուստատեսությունը:
Խորհրդային շրջանում, մշակվել էր օտար տեղանունների, անձնանունների, գիտական եզրաբանությունների և այլ՝ առանց թարգմանության գործածվող օտար բառերի տառադարձման մի սկզբունք, որն առավել մոտիկ էր արևելահայերենի ուղղախոսությանը, կառուցված էր գերազանցապես արևելյան հատվածի մամուլի, գրական-լեզվաբանական ավանդների վրա և կիրառվում էր ամենուր: Ասենք, որևէ խմբագրի մտքով չէր անցնի եվրոպական քաղաքի անվան գրության երկու-երեք տառադարձում օգտագործել: Հ2-ով հեռարձակված միևնույն ռեպորտաժի մեջ հաղորդավարն ասաց ՙՆիս՚, Երևանի քաղաքապետը` ՙՆիցցա՚: Ճիշտը քաղաքապետն էր: Արևելահայերենում գործածվում է վերջին ձևը, քաղաքի իտալական անվանումը: Չէ՞ որ այն ժամանակին Իտալիայի մի մասն էր, Գարիբալդիի ծննդավայրը…
Անկախությանը հաջորդած ավերների շարքում պետք է դասել նաև լեզվական-ուղղագրական անարխիան, որ շարունակվում է մինչև այսօր, ամրապնդվում և նույնիսկ խորանում: Այն վաղուց թափանցել է պետական մարմիններ, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, հրատարակչություններ, կրթական համակարգ, թատրոն և վերջապես հաստատուն տեղ գրավել ամենուր, ամեն քայլափոխին աչքդ ծակող ցուցանակների վրա: Ի դեպ, ոչ բոլորի: Դրանց մեջ կան ճաշակով, բարեհնչուն և տեղին ընտրված անվանումներ: Սակայն մե՜ծ մասը…
Ցուցանակի հիմնական նպատակն է գրավել հաճախորդին, մատչելի լինել նրա համար և, վերջապես, նպաստել առևտրին: Հայկական ցուցանակներից շատերը տեսնելով, կարելի է կարծել, թե այդ հաստատությունների տերերը ճիշտ հակառակն են հետապնդում. հնարավորին չափ արագ և վերջնական հեռու վանել ամենահավանական հաճախորդին՝ հայերին, նրանց առջև դնելով կտրուկ պայմաններ. պիտի անգլերեն հասկանաս (ըստ որում՝ ամերիկյանը, ավելի ճիշտ՝ գլենդելյանը), իսկ եթե չես հասկանում, ռադդ քաշի՛ր և գնա շուտ սովորիր:
Համոզված եմ՝ նրանցից ոչ մեկը չի ընդունի, որ այդպես է մտածում, ընդհակառակը, երազում են բազմահազար գնորդների մասին, բայց, ըստ էության, իրենց արածով, հեռու են վանում նրանց: Ասես, այդ հաստատությունները բացել են հատկապես յանկիների կամ անգլերեն իմացող այցելուների համար, նրանք էլ քսակները փողով լցրած, գլխապատառ գալիս են Երևան, որ այստեղ վերջապես իրենց ուզած առևտուրը, այսինքն, ներողությո՜ւն, շոպինգն անեն:
Եթե որևէ մեկը փորձի այդ ցուցանակներով կարծիք կազմել մեր ժողովրդի մասին, պիտի նկատի նախևառաջ երևակայության բացակայությունը և ողբալի աղքատամտությունը: Անգրագիտությունը երրորդ տեղում է, իսկ չորրորդում առաջին երեքից անմիջականորեն բխող տրամաբանության կատարյալ բացակայությունն է: Ազգային արժանապատվության մասին էլ չենք խոսում:
Օրինակ՝ Բժշկական համալսարանի դիմացի մայթին, նկուղային հարկում, այսպես ասած, սննդի մի ՙօբյեկտ՚ կա, որ կնքել են ՙԹեսթի թաուն՚ անունով: Այո, անգլերենի կողքին այդպես է գրված մաշտոցյան տառերով: Դրա տերն, ամենայն հավանականությամբ, հայերեն գիտի: Բայց առանց կասկածելու կարող ենք ասել, որ կատարելապես զուրկ է հումորի զգացումից և, մանավա՛նդ, հայերեն չի լսում: Այլապես, ոչ մի դեպքում այդ բառը, գոնե բառի առաջին երեք տառերը չէր թողնի իր հաստատության ճակատին: Քանզի պիտի մտածեր, որ այնտեղ, ուր մարդիկ մտնում են ուտելու, համի և բույրի (եթե ոչ գարշահոտության) տհաճ, զուգորդումներ չպիտի լինեն: Բիզնես բառն անպայման ծանոթ է նրան, բայց բիզնեսի օրենքները հավանաբար՝ ոչ: Մնում է մի Գիքոր կանգնեցնի առջևը, որ հաճախորդ կանչի. ՙԹեսթի համեցե՛ք՚:
Սակայն նա միակը չէ, որ այդ բառը հայերեն չի լսում: Մամուլի էջերում և եթերում գնալով ավելի հաճախակի է հանդիպում և մանավանդ հնչում թեստ, թեստավորում բառերը: Եվ այնպիսի համառությամբ, որ քիչ է մնում քիթդ բռնես: (Թող ներող լինի հայերեն լսելու կարողությունը չկորցրած ընթերցողը՝ առաջին երեք տառերն ընդգծելուս համար): Անգամ ացտեկների արքային չխնայեցին, հիմա նրա անունը գրվում է այսպես. Մոնթեսումա: Մեղա, Տեր Աստված, բայց ի՞նչ կարող եմ անել, իմ ականջն այդպես է լսում:
Աբովյան փողոցի վրա հանդիսավորությամբ բազմած ՙՏեռռանովայի՚ տերերն էլ հայերեն չեն լսում: Կրկնակի ՙՌ՚-ն կացությունը չի փրկել, ավելի է բարդացրել՝ եղբայրացնելով ՙԹեսթիթաուն՚-ին:
ՙՍթար՚ բառն էլ ականջ ծակողներից է: Անգլերեն, իրոք, այդպես է արտասանվում star-ը: ՙԸսթաաա ՜րրրր՚, – էքստազի մեջ ըմբոշխնում են մեր հեռուստադշխոները: Բայց արդյո՞ք գիտեն, որ ՙսթար՚ հայերեն նշանակում է ձիու ծածկոց, ինչն աստղի հետ շատ հեռավոր կապեր ունի:
ՙՄենթալիտետի՚ մասին արդեն խոսվեց մի քանի անգամ, բայց դարձյալ պիտի ուշադրություն հրավիրենք լեզվական այդ անհեթեթության վրա՝ ոչ միայն որ ուղղակիորեն զուգորդվում է խոսակցական ռուսերենից հայերեն մտած ՙմենթ՚` ոստիկան, բառի հետ, այլև վկայում բառն ընդհանրապես գործածողների (ՙթ՚-ով կամ ՙտ՚-ով, միևնույն է) մտավոր ծուլությունը: Բառը փոխառնված է ռուսերենից, այդ է վկայում բառավերջի ՙտ՚-ն (менталитет), ռուսներն էլ, իրենց հերթին, վերցրել են ֆրանսերենից (mentalité): Ֆրանսիացիք էլ ընդունում են, որ փոխառել են անգլիացիներից (mentality): Բոլոր դեպքերում բառի հիմքը միտքն է, մտայինը: Ուստի, եթե չծուլանային, ապա դյուրությամբ կգտնեին հայերեն հարյուր տոկոսանոց համարժեքը. մտայնություն: Ի դեպ, ֆրանսերենում բառը նշանակում է նաև գաղափարախոսություն, հոգեբանություն, հոգեվիճակ:
Բայց այս դեպքում էլ երաշխիք չկա, որ բառը չի աղավաղվի և չի դառնա ՙմթայնություն՚, քանզի արևելահայերենի մի համատարած, մի անտրամաբանական, մի ավերիչ ՔԹՓացում է ընթանում: Թող ներողամիտ լինեն լեզվաբանները մեր նորամուծության համար, բայց դժվարանում ենք՝ մեր գրական լեզվի հանդեպ կիրառվող այս դավադրությունը (գիտակցված թե՝ ոչ, միևնույն է) ուրիշ կերպ անվանել: Բառացիորեն պայթեցվում են մեր բոլոր պայթականները: Մանավանդ օտար բառերի անսկզբունք, անգրագետ տառադարձման մեջ: Որտեղ ՙտ՚ են տեսնում՝ դարձնում են ՙթ՚, ՙպ՚-ն՝ ՙփ՚, ՙկ՚-ն՝ ՙք՚: Առանց մտածելու, առանց հաշիվ տալու՝ տեղին է, թե ոչ, մոռանալով (ավելի շուտ չիմանալով) գրաբարի արտասանական համակարգին առավել մոտիկ մնացած արևելահայերենի տառադարձման սկզբունքները:
Օրինակ՝ կարո՞ղ են բացատրել, թե Ալբեր Կամյուի ազգանունն անկախացումից հետո ինչու սկսեցին ամենուր գրել Քամյու: Նույնիսկ այնտեղ, ուր խորհրդային տարիներին գրում էին առաջին տարբերակով: Հավանաբար գտան, որ դա ևս բոլշեվիկյան ժառանգություն է, որից պետք է անմիջապես հրաժարվել: Բանիմաց մարդկանց խորհուրդները, հորդորներն ու տարրական գրագիտության պահանջները մնացին ձայն բարբառո հանապատի: Իսկապես ապշեցնող մի համառություն: Եթե սկզբունք են ընդունում բնագրի արտասանությունը, ապա չարաչար սխալվում են. ֆրանսախոս բոլոր երկրներում և մանավանդ Ֆրանսիայում այդ ազգանունն արտասանվում է առավել քան ընդգծված ՙԿ՚-ով: Երկրորդ բացատրություն. տառադարձումն արվում է արևմտահայերենի սկզբունքներով: Այդ դեպքում, այսուհետ, հավատարիմ մնալով նոր սկզբունքին, սկսենք գրել (և մանավանդ արտասանել, եթե կարող ենք) Թոլսթոյ, Տոսթոյեվսքի, Փուշքին, Պալզաք, Պայրըն, Կյոթե, Փութին, Պուշ, Պըլեյր, Մոսքվա, Պեյրութ, Գահիրե, Քասապլանքա… Այսինքն՝ արդեն սկսել են. Սեգոլեն Ռուայալի անունը դարձավ ՙՍեկոլեն՚:
Մնում է երրորդ բացատրությունը՝ ավստրալիացի տղայի պարագան. աշխարհում ընդամենը մեկ օտար լեզու կա՝ ամերիկյան անգլերենը, ուստի դրսից եկող բոլոր անվանումներն ու բառերը պիտի արտասանվեն այդ լեզվի արտասանական-ուղղախոսական օրենքներով: Հայկական հեռուստածրագրերի հաղորդավարները գերազանցապես այս կերպ են արտասանում օտար բառերը: Իտալական ՙԼա Ռեպուբլիկա՚ թերթը դառնում է ՙրիփաբլիքա՚, իսպանական ՙԷլ Պաիսը՚՝ ՙիլփեյս՚, ֆրանսիական UDF կուսակցությունը ներկայացվում է ամերիկյան ՙյուդիէֆ՚ արտասանությամբ, նույն երկրի մեկ այլ՝ UMP կուսակցությունը՝ ՙյուէմփի՚: Որտեղ լատինական տառ են տեսնում, արտասանում են միայն անգլերեն: Օրինակ` CD-ն և DVD-ն արտասանվում են միայն ՙսիդի՚ և ՙդիվիդի՚: Մի քանի տարում հայ ժողովրդին դյուրությամբ սովորեցրին լատինական տառերի անգլիական անվանումները, սակայն մեր հեռուստահաղորդավարները մինչև այսօր մեսրոպյան ՙայբ՚, ՙբեն՚, ՙգիմ՚-ի փոխարեն ասում են` ա, բը, գը… Եվ ոչ միայն նրանք: Հեռուստահաղորդավարներից ոմանք չեն կարողանում ՙԼ՚ հնչյունը նորմալ արտասանել. ՙլյավ՚, ՙբոլյոր՚, ՙկլյոր՚, ՙլյուր՚, – անմեղսունակ դեմքով, էկրանից ճռվողում են սիրունատես աղջիկները, իսկ օրը մի քանի անգամ, բոլոր ծրագրերով, մետաղական մի ձայն գովերգում է ՙԿրեդիտ-Ագրիկոլյ՚-ը: Ի դեպ, պետք է լինի ՙկրեդի՚:
Խորհրդային տարիներին արդեն գործածության մեջ էր Eurovision-ի հայերեն բացարձակապես ճշգրիտ և բարեհնչուն թարգմանությունը. ՙԵվրատեսիլ՚, սակայն Հ1-ի՝ Սփյուռքի համար հեռարձակվող լրատվության մեջ հնչեց ՙյուրովիժն՚՝ անգլերեն: Հաղորդավարը հավանաբար միայն անգլերեն գիտի: Սակայն եթե միայն ֆրանսերեն իմանար պիտի ասեր ՙեողովիզիո՞ն՚: Իսկ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի (Fillon) ազգանունը նույնպես արտասանվեց ՙամերիկերեն՚. Ֆայոն: Իտալիայի վարչապետն էլ դարձել է Փրոդի, երբ իտալերեն գրվում է Prodi և արտասանվում ՙՊ՚-ով:
Նույն ՙսկզբունքներով՚ մեր լեզվում ու կենցաղում արմատակալել է ՙքոլեջը՚: Ձեռքը կոտրվեր այդ բառը բերողի, կարծես չէր կարող դպրոց, ուսումնարան, վարժարան, վարժատուն և այլն գործածել: Չէ՛, պիտի անպայման ՙքոլեջ՚ գրվի, այդպես ավելի տպավորիչ է, ավելի լուրջ… Ահա չտեսի, քաղքենու, ՙբիրդանաղայի՚ տրամաբանությունը:
Անհեթեթությունն առավել ցցուն է դառնում, երբ այդ բառը՝ վերոնշյալ արտասանությամբ, գրվում և հնչում է ֆրանսերենից թարգմանված տեքստերում: Հ1-ով ցուցադրված ֆրանսիական ֆիլմում (գլխավոր դերում Պիեռ Արդիտին), աշակերտուհին իր հորը հայտնում է, որ մտադիր է ՙդուրս գալ քոլեջից՚: Կկամենայի՞ն արդյոք կրկնօրինակման պատասխանատուները (թարգմանիչ, խմբագիր, ռեժիսոր, դերասանուհի, ընդունող մարմին) բացատրել, թե ինչու պիտի ֆրանսիացի աղջիկը, ֆրանսիական միջավայրում, իր ֆրանսիացի հոր հետ խոսելիս, հատկապես այդ բառի համար անգլերենի արտասանական օրենքները կիրառեր և ՙկոլեժ՚-ի փոխարեն ՙքոլեջ՚ ասեր:
Որովհետև այդ բառն աջ ու ձախ, օրնիբուն աչք ու ականջ խոթվելով այնքան սովորական է դարձել, որ անգամ հայերենը մասնագիտական առումով գործածող պատասխանատու անձինք այլևս չեն մտածում՝ տեղի՞ն է արդյոք, թե ոչ: Ինչպես ՙյողուրթը՚, ներողությո՜ւն, ՙյոգուրտը՚, որը ռուսերենի ճամփով, դավադրաբար, առանց որևէ դիմադրության հանդիպելու նախ թափանցեց Հայաստանի ապազգային, իսկ որոշ դեպքերում հակազգային, առևտրի ցանց, իսկ հաղթական մուտքից որոշ ժամանակ անց, ՙԱշտարակ-կաթ՚ գործարանի բարձր հովանավորությամբ մտավ լայն սպառման ապրանքների ցանկի մեջ: (Մենք արդեն այդ բառի ժողովրդական ստուգաբանությունն ունենք. ՙյոբուրթ՚, որը Գուրգեն Խանջյանի թեթև ձեռքով մտել է նույնիսկ գրականություն, իհարկե, տեղին հնչելով մարգինալացված պերսոնաժի բերանում):
Ազգային նկարագիրը կորցրած մի հայ, ժամանակին ՙմածուն-յողուրթը՚ տարավ Ֆրանսիա, որպեսզի այնտեղից եվրաթրքացած գա և հաստատվի Հայաստանում: Պատմա-մշակութային առումով ավելի մեծ զավեշտ դժվար է պատկերացնել, երբ նախկինում քոչվոր ցեղն, ուրիշի ձեռքով, աստիճանաբար դուրս է մղում հազարամյակների պատմություն ունեցող տոհմիկ, առարկայի էությունը ճշգրիտ ներկայացնող բառը, որն աշխարհում գործածում են միայն հայերն ու վրացիները:
Մենք ավելի քան հարյուր վաթսուն տարի հայտնվեցինք ռուսերենի և ռուսականի ուժեղ ազդեցության ոլորտում, սակայն մեր լեզվում և մեր մշակութային գիտակցության մեջ այսպիսի աղետալի ավերներ չեղան, ինչպես անցած տասնվեց տարում` (խմբագրական շեշտադրում) ՙամերիկերենի՚ և ամերիկյան ենթամշակույթի հարձակողական, նպատակամղված գործունեության հետևանքով:
Շարունակ ասվում է, թե Մոսկվան (ցարական, թե կոմունիստական) ռուսականացման քաղաքականություն էր վարում: Չենք ժխտում: Բայց եթե անում էր, ապա բարձր մշակույթով, որն, ի դեպ, գաղութացված ժողովուրդներին խթանում էր ստեղծել սեփական, ազգային մշակույթը: Վերջին հարյուրհիսուն տարվա մեր գիտության, արվեստի և գրականության պատմությունը դրա անժխտելի ապացույցն է:
Ռուսերենի բացասական ազդեցության հետքեր կային նաև կենցաղում, բայց ոչ մեկի մտքով չէր անցնի (որովհետև իշխանությունները թույլ չէին տա) քնձռոտ դուռումանոցի վրա հայերեն գրել ՙՆոմեռ աձին՚, սակայն հիմա, մետրոյի ՙԵրիտասարդական՚ կայանի կողքին կարդում ենք ՙՆամբըր Ուան՚: Ծախածն էլ ի՞նչ է, ընդամենը ՙսենդվիչ՚ կոչվածը: Իսկ ինչպիսի՜ գանձեր կարող ենք տեսնել Երևանի կենտրոնական փողոցներում…
Լեզվաստրկացման այս երևույթը նոր չէ մեր պատմության մեջ: XIX և նույնիսկ XX դարում գործածվել է ՙհայատառ թուրքերենը՚: Հայերենը մոռացած թրքախոս հայերի համար Կոստանդնուպոլսում, թուրքերեն, բայց մեսրոպյան տառերով գրքեր են լույս տեսել, պարբերականներ: Նշանավոր ՙՄանզումեի էֆքյար՚-ը գոյատևեց կես դարից ավելի:
Սակայն դա տեղի էր ունենում մի երկրում, որը վարում էր բռնի ուծացման, մահմեդականացման հետևողական քաղաքականություն: Մինչդեռ, հայատառ անգլերենը ծնվեց բառացիորեն մի քանի տարում, սահմանադրականորեն ազատ և անկախ հանրապետությունում, որը պարտավորվում է տեր կանգնել իր լեզվամշակութային ժառանգությանը և ապահովել նրա անխաթար գոյությունն ու զարգացումը: Բայց իրո՞ք այդպես է…
Անշուշտ, մենք առաջինը չենք և վերջինը չենք: Մեր և ուրիշ ժողովուրդների պատմությունը լեզվազդեցության բազմաթիվ օրինակներ է բերում: Ուշագրավ է հատկապես, երբ ազդեցության վնասակար հետևանքներից բողոքում են հզոր պետականություն ունեցող ազգերը: Նշանակում է, փոքր պետությունները պետք է ավելի զգոն լինեն: XVIII դարի վերջում, իսպանացի Խոզե դե Կադալսոն բողոքում էր իսպաներենի ֆրանսացումից, Անրի Էտյենը` ֆրանսերենի իտալացումից, Ջորջ Մուրը, 1924թ.` անգլերենի ֆրանսացումից, 1964թ. ֆրանսիացի լեզվաբան Էտիամբլը ստվարածավալ մի ուսումնասիրություն տպագրեց` ՙԽոսո՞ւմ եք ֆրանգլերեն՚ պերճախոս վերնագրով, իսկ կանադացի ֆրանսախոս մի քահանա, 1960թ. կանադական ֆրանսերենն ամերիկյան անգլերենի ուծացնող ազդեցությունից փրկելու համար պահանջում էր կտրուկ միջոցներ ձեռնարկել. ՙԿացնի, կացնի պետք դիմել, – գրում էր նա: Պետք է`
ա. բացարձակ հսկողություն սահմանել ռադիոյի և հեռուստատեսության վրա: Մահվան սպառնալիքի տակ արգելել խոսել փողոցային լեզվով:
բ. ոստիկանությունը մի գիշերվա ընթացքում ոչնչացնի անգլերեն կամ գռեհիկ լեզվով գրված ցուցանակները:
գ. իրավունք տալ, երկու տարվա ընթացքում, տեղնուտեղը սպանել բոլոր այն պաշտոնյաներին, նախարարներին, ուսուցիչներին և քահանաներին, որոնք կխոսեն անգլերենախառն լեզվով՚:
Դանակը երևի իսկապես ոսկորին էր հասել, որ Աստծո սպասավորն այսպիսի դաժան միջոցներ էր պահանջում հանուն իր մայրենի լեզվի պաշտպանության:
Ապացուցված է. ստրկությունը չի կայանա, եթե մարդն ինքը չի ուզում ստրկանալ: Հայատառ անգլերենն ստեղծեցինք մե՛նք, մեր ստրկահաճո, ազգային (հետևաբար և մարդկային) արժանապատվությունից զուրկ, անգրագետ, անկիրթ, ընչաքաղց նորօրյա փորսուղինավագների ու զիմզիմովների համատեղ ջանքերով: Սրանց կողքին են, անշուշտ, ազդեցության զանազան գործակալները: Մնում է ավելացնել ազգային իշխանության անտարբեր ու հանդուրժող հայացքը, իսկ, ավելի ճիշտ, հայացքի բացակայությունը:
Ուշագրավ երևույթ. Գլենդեյլում հաստատված հայը կարող է այնտեղ ապրել առանց անգլերենի գիտության: Հայաստանում արդեն դյուրին չէ ապրել առանց անգլերեն հասկանալու, և եթե այսպես գնաց, ապա առաջիկա տարիներին, յուրաքանչյուր հայ, սեփական հայրենիքում լիարժեք կյանքով ապրելու համար պարտադիր պիտի սովորի այդ լեզուն: Նաիրյան ուզվորների սինդիկատն արդեն յուրացրել է այս դասը. ՙՊլիի՜զ, միստըր, ուան դոլլար՚, – լալահառաչ մուրում են նրանք աստղազարդ հյուրանոցների մերձակայքում: Տասը-քսան դրամով օձիքդ չես ազատի, օտար լեզվի իմացության համար շոշափելի հավելավճար է հասնում:
Բոլորովին վերջերս, լեզվամշակութային աղքատամտության հերթական օրինակը մատուցեցին մեր կինեմատոգրաֆիստները: Նրանք Հայաստան էին հրավիրել Տոնինո Գուեռռային: Լավ էին արել: Բայց ինչո՞ւ էին աֆիշների վրա անգլերեն գրել. ՙTonino Guerra & his friends՚: Քեռի Սեմն ի՞նչ գործ ունի մեր և իտալական մշակութային ուղղակի հարաբերություններում: Այդ նախադասությունը պիտի գրվեր հայերեն, կամ իտալերեն: Թերևս վերջինը: Դրանով հարգանքի տուրք կմատուցեինք մեծ մշակույթին, սքանչելի լեզվին: Չեմ կարծում, թե Տոնինո Գուեռռային հրճվանք է պատճառել երրորդ լեզվով գրված այդ ազդը: Ազգային մշակույթի զորավոր գիտակցությունն ունեցող եվրոպացի արվեստագետները չափազանց զգայուն են անգլերենի նման` կատարելապես անտեղի միջամտության հանդեպ: Սակայն համոզված չեմ, թե իմ պահանջները հասկանալի և ընդունելի կլինեն մեր կինոգործիչների համար: Չնչին բացառությունները չհաշված, նրանք միշտ եղել են ՙտիրոջ՚ լեզվի հարկատուները: Երեկ ռուսերենն էր, այսօր` ՙամերիկերենը՚:
Պե՞տք է, արդյոք, ընդգծել, որ մենք դեմ չենք անգլերենի, ինչպեսև ուրիշ լեզուների տարածմանը Հայաստանում: Խոսքն ինքնակամ լեզվաստրկացման, սեփականն օտարով ճնշելու, աղավաղելու և, ի վերջո, ոչնչացնելու մասին է:
Դեմ չենք նաև, որ Հայաստանում, հայկականի կողքին նաև օտարանուն հաստատություններ լինեն, ինչպես հայանուն հաստատություններ կան Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում կամ Լիբանանում, բայց չափավոր, և հետո, օտար լեզվով գրելիս, հաճեցեք, տիարք և տիկնայք, պահպանել տվյալ լեզվի ուղղագրության տարրական պահանջները, և ոչ թե ՙRendez-vous՚-ի փոխարեն գրեք ՙRandevou՚, ինչպես կարդում ենք Տերյան և Թումանյան փողոցների անկյունում` Առնո Բաբաջանյանի հրեշակերպ արձանի դիմաց կամ ՙMademoiselle՚-ի փոխարեն` ՙMadmazel՚ (Մաշտոցի պողոտա): Կարելի՞ է մեկ բառի մեջ վեց տառասխալ թույլ տալ…
Այսպիսի գրագիտությամբ նրանք ոչ մի երկրում ավարտական վկայական չէին ստանա, բայց նշյալ և ուրիշ բազմաթիվ աղաղակող անգրագիտությունները կարողացել են հաստատել մեր պետական մարմիններում և իրավունք ստացել փակցնել շենքերի պատերին ու տեռորի ենթարկել գրագետ հասարակությանը:
Երաժշտական կեղծ հնչյունը կարող է նաև մարմնական տառապանքի պատճառ դառնալ լսողություն ունեցող մարդու համար: Ամենօրյա և ամենժամյա նույնպիսի կտտանքների է ենթարկվում նաև հայերեն լսելու կարողությունը չկորցրած և մայրենիի, ինչպես և մյուս լեզուների ուղղագրությունը հարգող քաղաքացին:
Սրանից կարելի է պարզ հետևություն անել. այս անգրագիտությունները հաստատողների գրագիտության մակարդակն ավելի բարձր չէ (եթե չասենք` ավելի ցածր է, չնայած անկարելի է դրանից ավելի ցածր պատկերացնել), այլապես ՙկեղծ հնչյունը՚ կծակեր նրանց ականջը և տեղնուտեղը կարգելեին: Կամ գրագետ են, բայց թքած են ունեցել, սակայն սա արդեն ուրիշ, ավելի տխուր խոհերի առիթ է տալիս: Եթե իրոք այդպես է: Բոլոր դեպքերում կարող ենք անվարան ասել մի բան. կիրթ, գրագետ, արժանապատվություն ունեցող մարդը չէր հանդուրժի այս վիճակը: Իսկ չհանդուրժողները բաժանվում են երկու խմբի. նա, ով ուժ և կարողություն ունի դրությունը շտկելու և նա, ով չունի: Ունեցողը շտկում է, չունեցողը` տառապում կամ, ի վերջո, դառնում անգրագետ: Դատելով առկա վիճակից, ունեցողների թիվը գնալով նվազում է, չունեցողներինը` շատանում:
Ինչ որ է, հեռուստաէկրանից հնչող և ցուցանակներին հայտնվող հայերենը ոչ միայն առիթ է տալիս ասելու, որ այս ընթացքը չի հսկվում, այլև որ էկոլոգիական բազմաբնույթ ագրեսիային (փոշի, աղմուկ, աղտոտված օդ, չդադարող ծառահատումներ) ավելանում է ևս մեկը` անգրագիտությունը:
Այո, գոյություն ունի նաև մշակութային էկոլոգիա: Ճիշտ է, մենք դեռևս չենք անցել անշտկելիի սահմանագիծը, բայց վտանգավոր արագությամբ մոտենում ենք դրան: Մեզանում շատերն արդեն դադարել են հայերեն լսել, մանավանդ նրանք, ովքեր (ոչ միայն հեռուստաէկրանից) հայերենը խոսում են ՙամերիկերենի՚ պես: Անգլագիտությունը դառնում է անգրագիտություն, և եթե այս ամենի դեմը չառնվի պետականորեն, մեզ բոլորիս սպասվում է ավստրալացի տղայի ապագան…
Հ.Գ. Հոդվածն արդեն ավարտված էր, երբ ՙԵրկիր Մեդիա՚ հեռուստաընկերության գովազդներից իմացանք, որ ցուցադրվելու է ՙՀերուվիմ՚ բազմասերիանոց ֆիլմը: Մոտավորապես կռահելով թարգմանական աղետը, այնուհանդերձ, մասնագիտական պարտքի մղումով որոշեցինք մեր ունեցած մի քանի բառարանները նայել: Մեր փնտրտուքներն իզուր էին: Գիտեինք, որ այդպես է և համոզվեցինք, որ այդ վերնագիրը ռուսերենի ձախավեր թարգմանությունն է: Ֆիլմի վերնագիրը պետք է լիներ ՙՔերովբե՚, գոնե ՙՀրեշտակ՚: Երևույթն առավել քան տագնապալի է: Լրատվական հիմնարկում, որտեղ գրագիտությունը և լեզվական պատասխանատվությունը պետք է լինեն պարտադիր պայման, չի գտնվել մեկը, որն զգուշացներ գործընկերներին և թույլ չտար, որ իր հաստատությունն ամեն օր, օրը մի քանի անգամ տգիտություն սփռի հանրապետությունով մեկ… Ֆիլմը դեռ չենք նայել, սակայն պատկերացնում ենք, թե այնտեղ թարգմանական ինչպիսի՜ ՙմարգարիտներ՚ են լինելու:
2 comments
Diaspora Armenians who don’t speak Armenian but do speak English, French, Italian, or Spanish should not worry about having difficulty communicating with Armenians when they visit our homeland. I learned this comforting development after hearing Armenia bureaucrats, journalists, analysts, politicians, military leaders, etc. on television during the coverage of the war. Thus, I learned the following words are part of the Armenian vocabulary now:
Informatsia, logistic, route, verificasion, mekhanism, broblem, nuants, oberador, aviatsya, figoor, resoorse, anecdotes,fabricia, ombudsman, agdeev, serjand, aggressive, local, gontext, potentsyal, regional, meetings, derrorism, dext, globilatsya, message, legitim, maximum, minimum, balance, cordoner, knock out, totalitarian, stress, tone, catastrophic, normal, objective, protsetsner, reactsia, agtivstnenk, cadre, financagan, tekhnika, total, intensive, gonfigd, diversyon, hospital, reportage, arsenal, tema, element, evectdive, humanitaryan, sotsyal, genoceed, risk, emisar, facts, veerus, energia, mandat, organism, seminar, bragdig…
Dear Vache,
Unfortunately the words you mention come across to the non-Armenian speaker as genuine ‘Armenian’ words. But far from it. We in the Diaspora may use foreign words in our day-to-day conversation, whether English, Arabic, Greek or French, to mention but a few, but when it comes to the media and literature, we do not use any of those foreign words. This has been a pain to watch and read Armenian media coming out of Armenia and these words are being used as a matter of fact, as though they were part of the Mother language. No!! They are not!
I remember when PM Pashinyan went to Beirut where he gave a speech at the Catholicosate of the See of Cilicia in which he did not use any of these words – I am sure he was instructed not to use such foreign words because: 1) the Lebanese Armenians would not understand them, 2) they would find it hard to swallow that an Armenian PM is using such foreign words. He, in fact, read his speech rather than deliver it unprepared in which I must agree he is quite good. I could see he was actually having a hard time delivering his speech probably because he had rarely used those words before.
When I raised this question with an Armenian in Armenia, I was told “But you use foreign words too.” We do, but we do not include them in our media and official language, unless it was absolutely necessary by way of conveying an exact meaning, most probably in the case of a technical term.
And, if we use foreign words in the Diaspora, a country where Armenian is only spoken with our family members and in Armenian schools and daily newspapers, are we to be blamed for that? What excuse do our compatriots have in Mother Armenia for using foreign words?