Մկրտիչ Ուռումյան, Տորոնտո, 6 Փետրվար 2021
Պատերազմում կրած պարտությունից հետո մեր երկիրը հայտնվել է ծանր տնտեսական և հոգեբանական ճգնաժամի մեջ։ Հեղափոխության ընթացքում ծնված ոգևորությունը, վստահությունն ու վաղվա օրվա նկատմամբ հավատը վատնվել են այս երկուսուկես տարվա ընթացքում, սրան գումարվել է նաև տարածքային ու մարդկային կորուստները՝ բոլորիս գցելով խորը ընկճախտի մերջ։ Քաղաքական կյանքը որոշակի փակուղի է մտել ներկայիս և նախկին իշխանությունների լարված պայքարի պայմաններում։ Այս իրավիճակում կենսականորեն կարևոր է նոր մտքերի, զարգացման նոր ուղիների և տեսլականների առաջ բերումը մեր հայրենակիցների կողմից։ Առաջին հայացքից, նոր գաղափարների մեջ այսօրվա մեր առօրեական խնդիրների լուծումը կարող է հեռավոր կամ ոչ կիրառելի թվալ, բայց մարդկությունը և նրանում ապրող հասարակությունները առաջ են տանում գաղափարները։ Գաղափարների պայքարում է ծնվում առաջխաղացումը և կեցության պայմանների բարելավումը բոլորիս համար։ Պատմությունը հուշում է, որ այն երկրները, որոնք ձևակերպում և կիրառում են ավելի մրցունակ գաղափարներ, միևնույն ժամանակ, պատրաստ են վերափոխվել ժամանակին և գիտատեխնիկական առաջընթացին համապատասխան, առավելություն են ստանում։ Այս կապակցությամբ կուզենայի քննարկել մեր հայրենակցի կողմից առաջ քաշած «Ցանցային պետություն» գաղափարը և տալ հարցեր այդ գաղափարի հետ կապված։ Վստահ եմ, որ քննարկումների և ուսումնասիրությունների այս մթնոլորտում էլ հենց կարող են ծնվել և զարգանալ իսկական մրցունակ գաղափարներ, որոնք կօգնեն հաղթահարել մեր առջև ծառացած գոյաբանական խնդիրները։
Ստորև բերված վերլուծությունում սկզբում փորձեցի կետ առ կետ քննարկել առաջարկության դրույթները, բայց կարծում եմ հակիրճ լինելու համար ավելի նպատակահարմար կլինի քննարկել առաջարկի հիմնական միտքը, նպատակները և որոշ հիմնական կետեր։
Հեղինակն առաջարկում է ստեղծել ցանցային վիրտուալ համակարգ (տեսա-լսողական, virtual), որը կկապի աշխարհով մեկ սփռված հայերին՝ լուծելու համար Հայաստանի և ընդհանրապես հայ ազգի դեմ ծառացած օրհասական խնդրիները։
Մանրամասնորեն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։ Ցանցային Պետություն․ Նոր Հայաստանի տեսլականը․
Ընդհանրապես, ապակենտրոնացված համակարգերը դժվար է ոչընչացնել՝ դրանց բնությունից ելնելով, միևնույն ժամանակ այդ նույն բնությունը դժվարացնում է նմանատիպ համակարգերի արդյունավետ կառավարումը և վերահսկումը։
Նախ, փորձենք հասկանալ, թե ինչ չափանիշներով են ընտրվելու ցանցային պետության անդամները։ Արդյոք մուտքն ազա՞տ է լինելու։ Ի՞նչ հիմքերով են տրվելու արտոնագրերը և հասանելիությունը տեղեկատվության նկատմամբ։ Չէ՞ որ նմանատիպ կառույցներում կարող է կուտակվել զգայուն (գաղտնի) տեղեկատվություն կատարվելիք ծրագրերի մասին, մանավանդ, եթե խոսքը վերաբերվում է ռազմարդյունաբերության, գիտության կամ լոբբինգի հետ կապված ծրագրերի մասին։ Այս հարցերը առաջ են բերում ևս մեկ խնդիր։ Ինչպե՞ս կարելի է պաշտպանել նմանատիպ բաց, ցանցային կառույցը, այլ ուժերի կողմից ներթափանցման և խափանարարման (սաբոտաժ) փորձերից և խուսափել արտաքին ազդեցություններից։ Հետաքրքիր կլիներ նաև հասկանալ կառույցը համակարգող (կոորդինացնող) մարմինների կառուցվածքը։ Այս դեպքում, մենք կարող ենք ենթադրել, որ պետք է ստեղծվեն կառավարման հիերարխիկ մարմիններ, սակայն այս մարմինների ստեղծումը իր հերթին առաջ է բերում այլ բնույթի, բայց նույնպես բարդ խնդիրներ։ Հաշվի առնելով կառույցի սփռվածությունը աշխարհով մեկ և շահառուների բազմազան պատկերացումները ընտրված նպատակների առաջնայնության և այդ նպատակներին հասնելու տարբերակների մասին, հետաքրքիր կլիներ մանրամասն հասկանալ, թե ինչ մեթոդներով է ընտրվելու կազմակերպության ղեկավար կազմը, ինչ չափանիշների վրա հիմնված կլինի կազմի անդամների ներկայացվածությունը։ Միգուցե, հիմք կընդունվի տվյալ տարածաշրջանից ներգրաված միջոցների տեսակարար կշիռը կամ անդամների հայտնիությունը և վստահության չափը։ Արդյոք կարիք կլինի՞ կազմակերպել ղեկավար մարմինների ընտրություններ, և ինչ միջոցներ պետք է տրամադրել այս խնդիրների կարգավորմանը։
Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ կազմակերպչաիրավական ձև կարող է ստանալ «Ցանցային պետություն»ը։ Ըստ հոդվածի՝ այն կարող է գործել որպես շահույթ չհետապնդող հիմնադրամ, միևնույն ժամանակ, հնարավոր է շահույթ ստանալու նպատակով ներդրումային գործունեության ծավալումը, օրինակ ինչպես Նորվեգիայի պետական նավթային ֆոնդը։ Հոդվածում նշվում է Համահայկական դրամատուն (բանկ) ստեղծելու գաղափարը։ Այս երկու կազմակերպչաիրավական ձևերը բավականին դժվար կլինեն համատեղել մեկ հարկի տակ։ Հաշվի առնենք միջոցների՝ մեծ մասի նվիրատվության տեսքով գոյանալու տարբերակը։ Այս դեպքում ընդունենք շահույթ չհետապնդող ֆոնդի կամ հիմնադրամի տարբերակը, ապա պետք է փորձենք հասկանալ, թե ինչով է այս ֆոնդը տարբերվելու մնացած այլ ֆոնդերից, որ ներկայումս գոյույթյուն ունեն և ծրագրեր են իրականացնում մշակութային, ընկերային (սոցիալական), ենթակառուցվածքների, լոբբինիգի և այլ՝ տասնյակ ոլորտներում, ընդ որում, դրանցից շատերը մասնագիտացված են։ Միջոցների հավաքագրումը ավանդների կամ այլ ֆինանսկան գործիքների տեսքով առաջ է բերում պարտավորություններ ներդրողների նկատմամբ։ Մյուս կողմից, պարտավորթությունները կատարելու կամ միջոցները ավելացնելու նպատակով այդ գումարները վտանգի (ռիսկ) ենթարկելն այնքան էլ հեռատես քայլ չի թվում, հատկապես, որ կազմակերպության վերջնական նպատակը այդ միջոցներով հայության դեմ ծառացած խնդիրների լուծմանը նպաստելն է։ Այս խնդիրները կարծես թե լուծվում են կառույցը որպես վիրտուալ պետություն դիտարկելու դեպքում։ Սակայն այս դեպքում առաջ են գալիս մի շարք այլ հարցեր։
Օրինակ, կամավորակա՞ն, թե՞ վճարովի հիմունքներով են աշխատելու մարդիկ կամակերպությունում։ Ենթադրենք, կամավորական, ապա հնարավոր կլինի՞ արդյոք կամավորներից պահանջել բարձր արդյունքներ՝ հաշվի առնելով, որ դրանք ենթադրում են լուրջ ժամանակային, մտավոր, ֆիզիկական և այլ ներդրումներ։ Հակառակ դեպքում, եթե աշխատանքը այս կամ այլ ձևով վարձատրվելու է, մենք կարող ենք բախվել էական ծախսերի հետ, որոնք, ժամանակի ընթացքում աճելով, կարող են կլանել վերջնական նպատակների իրականացման համար միջոցների մի զգալի մասը։ Հիշենք նաև, որ այս բոլոր գործառույթները զուգահեռ իրականացվելու են ՀՀ պետական մարմինների կողմից։ Փաստորեն, փոխանակ այս գործառույթները իրականացնող մարմինները արդյունավետելու (օպտիմալացնելու) փորձեր կատարելը, մենք ստեղծում ենք նմաատիպ կառույցներ, որոնք վստահ չենք, թե ավելի արդյունավետ կաշխատեն, և ինչպե՞ս բարելավել ներկայիս մեխանիզմները, կամ ինչքանով է նպատակահարմար այդ գործառույթների արդյունավետ կարգավորումը մենք դեռ չգիտենք, այլապես կունենայինք պետական կառավարման այլ պատկեր։ Վերը նշվածից գալիս ենք հետևյալ եզրահանգմանը․
Ցանցային պետության ստեղծումը ՀՀ գոյության պայմաններում բարձրացնում է մի շարք խորքային խնդիրներ և հակասություններ։
Տնտեսագիտության մեջ լայն տարածում ունի աղբյուրների (ռեսուրս) սակավության և այլնըտրանքային ծախսերի հասկացությունները։ Կարճ ասած, ամեն տեսակի գործունեություն ծավալելու համար հարկավոր են աղբյուրներ, որոնք միշտ սահմանափակ են, և վերջնական նպատակին հասնելու համար բոլոր այլընտրանքներից պետք է ընտրել այն, որը հնարավորինս արդյունավետ կլինի այդ նպատակներին հասնելու համար։
Ցանցային պետությունը նույնպես առաջ է բերում այսպիսի նպատակների ընդարձակ ցուցակ, որի կատարմամբ կգրանցենք հաղթանակներ մեր աշխարհաքաղաքական մրցակիցների դեմ քաղաքակրթական պայքարում։ Առաջին հայացքից, այս մակարդակի նպատակները պետք է լուծվեն պետական մակարդակով։ Ավելի որոշակի լայն գործառույթներ և հնարավորություններ ունեցող պետության, որ ներգրավված է հասարակական գործունեության համարյա բոլոր ասպարեզներում։ Նմանատիպ պետությունները գործում են վարչահրամայական համակարգերի մեխանիզմով, այսինքն կատարում են մանրամասն ծրագրավորում և փորձում են շրջապատող աշխարհը համապատասխանեցնել իրենց պատկերացումների հիման վրա մշակված մոդելներին։ Տեսականորեն կարելի է համարել, որ այս մոտեցումը կարող է լավ միջոց լինել հոդվածում նշված նպատակներին հասնելու համար։ Առաջին հայացքից այն թողնում է գիտականորեն լավ հիմնավորված մեխանիզմի տպավորություն։ Միևնույն ժամանակ, մենք պետք է հաշվի առնենք համաշխարհային համարյա մեկդարյա փորձը նմանատիպ համակարգերի արդյունավետության մասին, իսկ այդ փորձը հուշում է, որ պետության պես բարդ բյուրոկրատիկ (դիվանակալական) համակարգը ամեն անգամ ապացուցում է իր անարդյունավետությունը բազային հասարակական բարիքներից դուրս խնդիրների լուծման համար։ Այս հարցում լավ օրինակ կարող է ծառայել նախկին Սովետական Միությունը, որ օժտված լինելով նախանձելի աղբյուրներով, արտադրում էր ապրանքներ, որոնք ոչ մեկի պետք չէին և էապես զիջում էին մրցակից ապրանքներին և ծառայություններին արտադրված ազատ շուկայական տնտեսություն ունեցող զարգացած երկրներում։ Այսօր, մենք նույն իրավիճակը կարող ենք նկատել երկներում որտեղ պետական մասնակցությունը տնտեսության ճյուղերում էական է։ Պետության կողմից կառավարվող խոշոր հիմնարկությունները ՌԴ-ում, Բելառուսում, Վենեսուելայում, նույնիսկ որոշ զարգացած արևմտաևրոպական երկրներում, գրանցում են ցածր արդյունավետություն, իրենց ճնշող մեծամասնության մեջ շահութաբեր չեն և կատարում են հսկայական չհիմնավորված ծախսեր, քանի որ չեն գտնվում շուկայական մրցակցության մեջ և չունեն սնանկանալու և կազմալուծվելու վտանգ։
Այսպիսով կարող ենք ամփոփել, որ ցանցային պետության առջև դրված նպատակներից առնվազն մի էական մասը պետք չէ լուծվի պետության կամ այլ բյուրոկրատիկ կառույցի կողմից, այլ պետք է լուծվի բաց շուկայական պայմաններում, որտեղ պետությունը միայն կատարում է խաղի կանոնները ձևակերպողի և թելադրողի դերը։
Անդրադառնալով այն խնդիրներին, որոնք պետք է կամ հնարավոր է լուծել միայն պետության լծակների միջոցով, առաջանում է պարադոքսալ (հարակարծական) իրավիճակ․ ՀՀ-ն արդեն գոյություն ունի և լավ թե վատ զբաղվում է այդ խնդիրներով։ Նմանատիպ ևս մեկ ցանցային պետության ստեղծումը, իմ կարծիքով, նշանակում է որ մենք հույսներս կորցրել ենք ՀՀ-ն կարգի բերելու և հայության նպատակներին ծառայեցնելու մտքից։ Նմանատիպ երկու կառույցների գոյությունը կառաջացնի պարտավորությունների ե պատասխանատվության էական խառնաշփոթ և վերը նշված աղբյուրների կրկնակի վատնում։ Այլապես այս կառույցներից մեկը պետք է ուղղակի խորհրդանշական (սիմվոլիկ) բնույթ կրի։
Միաժամանակ, կարծում եմ, որ պատշաճ պայմաններում որոշ գաղափարներ բավականին կենսունակ են, և կարող են իրենց ուրույն տեղը գտնել կիրառելիության առումով։
1 comment
Քանի որ Պրն. Մկրտիչ Ուռումյանը նման մտքեր ունի, ինչպես ես, որոշեցի այստեղ տեղադրել իմ գրառումները, որոնք նախապես պատրաստել էի Պրն. Վահրամ Այվազյանի համար.
Շատ հետաքրքիր նախագիծ է իսկապես, թեև անհրաժեշտ են որոշ պատասխաններ: Թերեւս ծանոթ եք «HYE ID» -ին, որը գովազդվում է «Նոյյան Տապան» -ում և «ԻԳՈՐԾ» նախագծում diaspora.gov.am կայքում: Ինչո՞վ են յուրաքանչյուրը տարբերվում սույն առաջարկից:
Չնայած առաջարկը դրական հույս կը ներշնջէ, ես ունեմ որոշ հարցեր և մտահոգություններ:
1. Ո՞վ է վերահսկելու այս պլատֆորմի տվյալների բազան, և ես նկատի չունեմ միայն տեխնիկական թիմը, այլ քաղաքական դերակատարները: Ենթադրում եմ, որ դա կլինի Հայաստանի կառավարությունը:
2. Նաև ենթադրում եմ, որ պլատֆորմը կգրանցվի և կունենա օրինական ժառանգորդներ` դրա շարունակականությունն ապահովելու համար: Սահմանադրությու՞ն / կանոններ և յուրաքանչյուր շրջանից հայտնի ներկայացուցիչներ:
3. Ինչպե՞ս կարող եք երաշխավորել, որ օգտվողներն անկեղծ են:
4. Որքանո՞վ է դա անվտանգ հակերների և արտաքին քաղաքական միջամտությունների դեմ: