Մոռացության իշխանությունն ու Էդգար Ալան Պոյի «Դոկտոր Սմոլի և պրոֆեսոր Պեռոյի համակարգը» պատմվածքը

Վահե Արսեն, Երևան, 30 Մայիս 2021

Երբ 1845 թ. նոյեմբերին ամերիկացի գրող Էդգար Ալան Պոն գրում էր «Դոկտոր Սմոլի և պրոֆեսոր Պեռոյի համակարգը» պատմվածքը, նա դժվար թե գուշակեր, չնայած իր բացառիկ բնատուր երևակայությանը, որ 2021թ. իր պատմական հայրենիքում ապրող հայ ժողովուրդը հայտնվելու է մի համընդհանուր, սակայն սահմաններ չճանաչող հոգեբուժարանում, որտեղ հիվանդներն ու բժիշկները տեղերով փոխվել են: Մեր հնամյա հայրենիքում, որտեղ մարդիկ այսօր գոյատևում են՝ միայն սնվելով ատելությամբ ու վրեժով, որտեղ բոլորը մեղավոր են (հատկապես անցյալի ստվերները)՝ բացի թագավորից ու նրա մերձավորներից:

Բայց դուք մի՛ զարմացեք, սա Նիկոլի Հայաստանն է, որտեղ «ազատ ու երջանիկ պիտի ապրեին մեր երեխաները», սակայն շատերը հերոսաբար ընկան անհավասար պատերազմում, շատերը բուժվում են հիվանդանոցներում, իսկ մի մասն էլ հոգեկան խանգարման եզրին է երկրում կատարվող հետպատերազմյան գործընթացներից: Գործընթացներ, որոնք ճիշտ նկարագրված են Էդգար Ալան Պոյի պատմվածքում, գործընթացներ, երբ հոգեխանգարումը գերակշռում է բանականությանը, իսկ հոգեխանգարվածները գերակշռում են մտոք առողջներին և, ամենակարևորը, հայտնվել են նավի տախտակամածին, ձեռք գցել ղեկն ու երկիրը հետամուտ կերպով դարձնում են բանականության հիվանդանոց ու սկսում բուժել բանականությամբ ու առողջ մտքով տառապողներին` «ով խելագար չէ, նա հիվանդ է» կարգախոսով:

Գիտակցությունից կատարելապես զրկված ծանր հոգեկան  հիվանդները ոգուց զրկված գոյություններ են, իզուր չէ, որ հոգեկան ծանր հիվանդությունն ու խոր ապատիան համարվում են հոգու մահ: Օրգանիզմն ապրում է, կատարում իր կենսաբանական բոլոր գործառույթները, սակայն հոգին արդեն չկա, այլ վայրում է, այլ չափման մեջ, պատճառի ու հետևանքի երկրային տրամաբանական կապից զուրկ:

Ըստ իս՝ Հայաստան–Արցախն այսօր լավագույնս կարելի է համեմատել հենց ծանր հոգեկան հիվանդի հետ, սակայն մի տարբերությամբ, որ մեր հայրենակիցներին տիրող հոգեկան հիվանդությունը սուր վարակիչ է և փոխանցվում է հնարավոր և անհնար բոլոր ձևերով և եղանակներով: Ծնվում է «հայի» նոր տեսակ, որի համար Արցախից պրծնելը բարօրության գրավական է, էժան լոլիկն ավելի կարևոր է, քան ազգային արժանապատվությունը, մեր հերոս նահատակները թվաքանակ են` «առավել-նվազ հիսուն», Սյունյաց լեռները` «մի բարձունք ավել կամ պակաս», Շուշին էլ` «բուն ադրբեջանական քաղաք»:

Սա է Նիկոլի Հայաստանի նոր հայը, կամ կարելի է ասել հակահայը: Հայ, որ ո՛չ արմատ ունի, ո՛չ ավանդույթ, ո՛չ պատմություն, ո՛չ հոգի, ո՛չ բանակ, ո՛չ նպատակ ու ազգային մղում, հայ, որ չի տիրապետելու իր լեզվին, հայ, որը զուրկ է լինելու հայկականությունից, ու եթե Գերագույն գլխավոր հրամանատարը հրամայի՝ նա, իսպառ մոռանալով իր նախնիների դերզորյան ոդիսական-գողգոթան, հարյուր տարի անց պատրաստ է լինելու թուրքի հետ սերտ բարեկամություն անելու՝…

Հակահայը ոգուց զրկված հայն է, որ կարող է լինել ցանկացած ազգության կամ ազգություն ընդհանրապես չունենալ: Նա ընդամենը բնակիչն է մոլորակի, մեր մոլորակի մոլորված ու մոլորյալ բնակիչը, որ նման է անվայրէջք թռչունի, արմատահան արված նռնենու, որի պտուղներին դարեդար էր սպասել հայը… իսկ ո՞վ է այդ հայը, հայ կոչվածը, ինչո՞վ է տարբերվում մյուս ազգերից, ինչո՞ւ պետք է պետություն ունենա, լեռնաշխարհ, փոքրիկ մի լիճ, որին ծով է կոչում, զբոսնելու հեռաստաններ, գոյության նպատակ, ապրելու նպատակ, մեռնելու նպատակ, որով պետք է իմաստավորի իր ապրածն ու հատկապես չապրածը, եթե է՛լ չի ուզում տարբերվել այլ ազգերից, այլ ունի մեկ նպատակ` լինել, ինչպես բոլորը: Եվ ինչո՞ւ մեզ հանգիստ չեն թողնում, ինչո՞ւ են փորձում ոտքի կանգնելուն պես նորից թավալգլոր անել, ինչո՞ւ են մեր շահերը միայն մեր շահերին  համընկնում, ինչո՞ւ չենք կարողանում ռազմական դաշնակից ընտրել, այնպիսինը, որ կգնահատի մեր ստեղծած մշակույթն ու մեր քայքայված ու հյուծված, սակայն դեռ ապրող ու ստեղծագործող գողտրիկ հայ-աշխարհը կպաշտպանի մեզ զորացնելուն զուգահեռ և երբեք ու երբեք չի դարձնի առևտրի ու սակարկման առարկա: Կների նաև մեր մեծ ու փոքր սխալները, մեր կամակորություններն ու սայթաքումները: Սակայն ինչո՞ւ պիտի ների: Միգուցե խնդիրը մենք ենք, մենք, որ դավաճանել ենք մեր ինքնությանը, որ հեշտությամբ հասել ենք խելագարության եզրին, և ինքներս չենք գնահատում մեր ունեցած իրական արժեքն ու արժանիքները, այլ փնտրում ենք միայն այն, ինչի պահանջարկը կա մերօրյա աշխարհում, և ինչը միայն փողով կարող ես գնել, առնել-ծախել կամ փոխանակել… Միգուցե հենց մենք եք Նարեկացու խոսքերով ասած` դարձել անձնապաշտ և ուխտը լքել և հոգով մեռել… Եվ արդյո՞ք հոգեզուրկ խելագարված ամբոխները կարող են պետություն պահել և պետականություն տևացնել, և, առհասարակ, նրանք արժանի՞ են պետություն ունենալու: Արդյո՞ք ամենի մեջ անցյալն ու նախկիններին մեղադրողներն իրենք ունեն ապագա և կարող են մի ամբողջ ժողովրդի համար այդ ապագան կառուցել: Եվ ի՞նչ են նրանք հասկանում ապագա ասելով, ի՞նչ է հասկանում ապագա ասելով «ապագա» բառն ասողն ու լսողը, ապրողն ու գոյատևող–չապրողը։ Ապագան ո՞րն է. փո՞ղը, հարմարավետ կյա՞նքը, օտար բանակի մշտական ներկայությո՞ւնը, բութ գոյությո՞ւնը, գլխիկոր թափառո՞ւմը դեռ չվաճառված հողերում, շնչե՞լը, թե՞ անհոգ ապրուստը, բայց միայն մոռացության մեջ, անանցյալ, անհարց, անպատասխան, շնչավոր գոյություն մոռացության մեջ… սա է մերօրյա իշխանության առաջարկվող ապագան, բայց արդյո՞ք սա ապագա է։ Եվ արդյո՞ք ունենք ընտրություն ընտրությունների նախաշեմին: Եթե այո, ապա դեռ ուշ չէ: Դեռ ուշ չէ հիշելու համար անցյալը, հիշելու համար անցյալից ներկա բերող ճանապարհը՝ տեսնելու համար, որ մոռացությունը ճանապարհ չէ, իսկ ներկա իշխանությունը մեզ հենց մոռացություն է առաջարկում, աննախադեպ, բացառիկ, նմանը չունեցող, եզակի ու չքնա՜ղ մի մոռացություն (հիշեցի Գրիգորի Գորինի «Մոռանալ Հերոստրատին» պիեսը Վլադիմիր Մսրյանի բացառիկ կատարմամբ). մոռանալ Շուշին, մոռանալ կրոնը, մոռանալ հերոսին, մոռանալ ցեղասպանությունը, որը ցավալի է շատ, բայց մերն է, ու դրանից փախչել ու թաքնվել պետք չէ, մոռանալ լեզուն, ոսկեղենիկ մայրենին, որը մեր իսկական ոսկին է, որ չի հալվում, մոռանալ, մոռանալ, մոռանալ…

Իսկ մինչ այդ Նոր Հայաստանի Նոր հայերը, որ մոտ հինգ ամիս առաջ Եռաբլուր տանող ճանապարհին ուռռա՜ գոռալով ու ցնծալով հետևում էին իրենց սրտի վարչապետին, այսօր նորից դասի էին նստել վերջինիս «հեղափոխական» դպրոցում, սովորում էին ԱՊԱԳԱՅԻ, է՛լ ավելի Նոր Հայաստանի ամենանոր երկաթյա օրենքը` «Մենք պետք է հպարտանանք մեր պարտությամբ»:

 

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like