Վահե Արսեն, Երևան, 25 Հոկտեմբեր 2021
Դաժան ու շարունակական պարտությունից հետո շատերս ենք ինքներս մեզ հարց տվել` ինչո՞ւ պարտվեցինք: Սակայն շատ քչերն են մտորել այն մասին, թե ինչու Ադրբեջանը հաղթեց: Ո՞րն էր հաղթանակի գրավականը: Առաջինը, կարծում եմ, ատելությունն է, զգացում, որն ամենաուժեղ ազդեցությունն ունի մարդու հոգեկանի վրա: Ադրբեջանը երեսուն տարի ատելություն էր քարոզում: Մենք բարձրաձայնում էինք այդ մասին, նաև տարբեր ատյաններում, բայց շարունակում էինք մեզ համարել մարդասեր ու քաղաքակիրթ և լուրջ չէինք վերաբերվում մեր մարդասիրության և թշնամու հայատյացության հետևանքներին: Իսկ առանց ատելության չեն հաղթում: Նույնիսկ բնությունը թույլերին չի սիրում և իր անտես բնազդով մերժում է նրանց, սանրում բոլոր ռազմադաշտերից ու նետում կյանքի թափոնների աղբարկղը՝ հետագա վերամշակման համար: Ի դեպ, ատելության բանաձևը հոյակապ աշխատեց Հայաստանում տեղի ունեցած 2018 թ. հեղափոխության և 2021–ի ԱԺ ընտրությունների ժամանակ: Հաղթեց ոչ թե ստեղծագործ–կառուցողական միտքն ու բանականությունը, այլ ատելությունը նախկինների հանդեպ: Ուղղակի, ի տարբերություն ադրբեջանցիների, մենք ոչ թե դրսի թշնամիներին հաղթեցինք, այլ պատերազմի ելանք ինքներս մեր դեմ, մեր անցյալի դեմ: Անցյալ, որը բազմաթիվ անարդարությունների ու այլասերումների հետ մեկտեղ, այնումենայնիվ, հաղթանակ էր, ժամանակի խաղաղ Արցախն ու մեր հզոր բանակը վկա:
Ադրբեջանը ատելությունը դարձրեց գործողությունների շարժիչ և ընդհանրացնելով (գեներացնելով) այն՝ հասավ իր նպատակին` համախմբելով հանրությանը՝ դրա գիտակցությանը հաղորդելով մեն մի նպատակ` ոչնչացնել թշնամուն և նրանից խլել զբաղեցրած տարածքները:
Վերոգրյալն իրագործելու համար Ադրբեջանին անհրաժեշտ էին նաև մեծ գումարներ և ռազմավարական դաշնակից: Ուզում եմ շեշտել` իսկական ռազմավարական դաշնակից, ոչ թե իր հարյուրամյա դաշնակցին դարերով ռազմավարորեն ծախող ու «գցող» դաշնակից: Առաջինն ապահովեց նավթը, երկրորդը՝ իր անդավաճան բարեկամ Թուրքիան, որն Ադրբեջանի համար ավելին է, քան դաշնակիցը. սրանք նույն մսից ու արյունից են: Դեռ ավելին՝ երկուսն էլ հայերին բնաջնջելու և հայերի ռազմավարական դաշնակցին առնելու մեծ, շատ մեծ փորձ ունեն, նաև քաղաքական խաղերի մեծ վարպետներ են. ճիշտ պահին ճիշտ տեղում են, իսկ անհարմար պահին հեշտությամբ փոխում են ճամբարը: Պատմություն բոլորս ենք անցել:
Դե, հիմա տեսեք, թե վերոգրյալի ֆոնին որքան խղճուկ են երևում խաղաղության նախապատերազմյան և, առավել ևս, հետպատերազմյան հայ քարոզիչները. գյումրեցու ասած՝ իսկը «Սատանի մայլեն քյանդրբազ խաղացողներ»: 18–րդ դարի փիլիսոփայական շրջանակներում լայն տարածում էր գտել Շեֆստբերիի և Մանդևիլի հայտնի բանավեճը մարդու բնության մասին: Առավել հիշարժան է Մանդևիլի «Ասք մեղուների մասին» երգիծափիլիսոփայական առակը, որը պատմում է մեղուների մի փեթակի մասին, որտեղ բոլորը որոշում են ապրել ազնիվ և առաքինի, որոշում են ապրել համեստ ու հասարակ: Սրա հետևանքով ձևավորվում է կատարյալ խաղաղ ու ներդաշնակ (հարմոնիկ) հասարակություն, դանդաղ վերանում են բոլոր տեսակի չարագործություններն ու անբարոյականությունները, հետո՝ դատարանները, բանտերը, ոստիկանությունը, վերջապես` բանակը: Եվ արդյունքում օրերից մի օր հարևան փեթակը հարձակվում է այս կատարյալ առաքինի, սակայն անպաշտպան փեթակի վրա և բոլորին կոտորում: Որովհետև ինչքան ուզում ես, առաքինի ու մարդասեր եղիր, միևնույնն է, բնության օրենքները փոխել հնարավոր չէ, և իշամեղուն միշտ էլ փորձելու է մեղվից խլել մեղրը: Էլ չեմ ասում, որ անգամ մեղուն է մեղվից փորձելու ունեցածը խլել: Ու թշնամու հետ բարեկամություն չես կարող անել, այլ միայն թշնամություն. սա էլ բնության հակամարտ ուժերի օրենքն է:
Թշնամու մեջ ամենակարևորը գիտե՞ք՝ որն է. հիմա չեմ խոսի շարժառիթից, կենսական խթանից ու այլ հոգեբանական ոչ պակաս կարևոր, սակայն այլ թեմայի առնչվող նրբություններից։ Եվ ուրեմն, ո՞րն է ամենակարևորը թշնամու մեջ, ո՞րն է էականը, որոշիչը, ճակատագրականն ու տիեզերականը. դա այն է, որ թշնամին ԹՇՆԱՄԻ Է, այո՛, ԹՇՆԱՄԻ է, և վե՛րջ։ Դուք գոռում էիք՝ «Սա Հայաստա՛ն է և վերջ», էդ ո՞ւմ համար էիք գոռում, ո՞վ էր էս խոսքի հասցեատերը, ինչո՞ւ՝ «Սա Հայաստա՛ն է», ինչո՞ւ՝ «և վերջ»: Այս խոսքը իր հողը հերկող գյուղացուն էր վերաբերո՞ւմ, աշխատանքից ուշացող ապահովագրական գործակալի՞ն, չնչին գրոշներ վաստակող ուսուցչուհուն, որ դպրոցում թաքուն–անթաքույց մասնավոր դասեր է պարապում սոված չմնալու համար, սահմանին կանգնած զինվորի՞ն են ուղղված խոսքերն այս… Դե, իհա՛րկե ոչ։ Բոլորն էլ գիտեն, որ սա Հայաստանն է, գիտեն, որ սա իրենց երկիրն է, իրենց պապերինն ու ապուպապերինը։ Հանրահայտ խոսքը, որ շատերը բերանի ծամոն են սարքել, վերաբերում է հենց թշնամուն, այո՛, մեր իրական, շոշափելի, ամենօրյա, բազմադարյա թշնամուն, որին ոչ թե հարևան պետության հետ որևէ տեսակի հարևանությունն է հետաքրքիր, այլ միայն տարածքը, բայց ամենակարևորը՝ առանց հայերի։ Եվ ուրեմն՝ «Սա Հայաստա՛ն է և վերջ»–ն ուղղված է թուրքին, կովկասյան թաթարներին՝ մերօրյա ադրբեջանցիներին, որոնք, ի տարբերություն մեզ, այսօր շատ ավելի լավ են հասկանում հողի արժեքը, առանձնակի լավ են հասկանում, որովհետև չեն ունեցել, բայց եկել են ու գրավել, չեն ստեղծել, բայց խլել են ստեղծողից ու բանեցրել։ Իսկ մենք ասես հոգնել ենք մեր սարերից, հոգնել ենք արարելուց, ստեղծելուց, մեր շարականները երգելուց, մեր հողը հերկելուց, մեր լեռներին նայելուց, հատկապես թե վրան ձյուն կա, ու մեր գերագույն գլխավոր հրամանատարն ու պատգամավորը, ձայն ձայնի տալով, կրկնում են՝ «Էդ սարը մեզ պե՞տք է, ամբողջ տարին գլխին ձյուն է», «Մի բարձունք է, էլի, վայնասուն եք դրել»: Բայց, ախր, հայրենիքը հենց սարն է, քարն է, հողն է, ձյունն է, թե հայրենի սարիդ գլխին է իջել, ու ոչ թե խելքիդ է ձյունն իջել… Ի դեպ, Մասիսի գլխին էլ կլոր տարին ձյուն է, բայց եթե որևէ թուրք Թուրքիայում հայտարարի, որ էդ սարն իրենց պետք չի, և ձյունածածկ այդ անպիտան տարածքը պետք է զիջել հայերին, նա դժվար մի քանի րոպեից ավելի ապրի այդ երկրի վրա…