Վահե Արսեն, Երևան, 10 Հուլիս 2021
Գրական կերպարների բազմազանության մեջ ո՞ւմ հետ կարելի է լավագույնս նույնացնել հայ ընտրողների մեծամասնությանը` Համլետի՞, Ֆերդինանդ Բարդամուի՞, Ռասկոլնիկովի՞, մադամ Բովարիի՞, Անտուան Ռոկանտենի՞, Ռոբինզոնի՞, Քլարիսա Դելովեի՞, Մերսոյի՞, թե՞ Ժան Վալժանի: Իհարկե, վերոգրյալ կերպարներից յուրաքանչյուրի հատկանիշներից ինչ-որ հատիկ կա բոլորիս մեջ, սակայն որպես ներկա հայ ընտրողի հավաքական կերպար, իմ պատկերացմամբ, լավագույնս ներկայանում է Սերվանտեսի Սանչո Պանսան: Այո, այո, հենց Սանչոն, որը բացի ռամկական խավի վառ ներկայացուցիչ լինելուց, ունի մեկ այլ կարևոր առանձնահատկություն. նա Դոն Կիխոտի կերպարի հակապատկերն է: Եվ ի՞նչ է երազում գործնական և երկրային Սանչոն, ինչո՞վ է նրան գայթակղում Դոն Կիխոտը, որ վերջինս համաձայնում է գործնական մարդու համար բացարձակ անհեթեթություն թվացող ճամփորդության երկրորդ մասնակիցը դառնալ: Դոն Կիխոտը խոստանում է Սանչոյին կարգել որևէ կղզու կառավարիչ, և որքան էլ այդ հեռանկարը մշուշոտ է ու անհեթեթ, այնուամենայնիվ, Սանչոն դրան հավատում է: Իսկ ինչո՞ւ, կհարցներ հետաքրքրասեր ու բանիմաց ընթերցողը. որովհետև որքան մեծ է սուտը, այնքան ավելի հեշտ են դրան հավատում, այնքան այն ավելի լսելի է, ավելի գայթակղիչ, ավելի գրգռիչ: Այսպիսով, մեր փորձված ժողովրդին արդեն անհնար էր կերակրել նախընտրական այնպիսի ստերով, որոնք գոնե տեսականորեն հնարավոր էր իրագործել, նրանց պետք էր բացառիկ, աննախադեպ մի սուտ, որը ոչ միայն գործնականում է անհեթեթ, այլև տեսականորեն է անհնար: Խնդրեմ, այդպիսին է «երեք միլիոն վարչապետերի» թեզը, որը Փաշինյանը դեռ մինչև պատերազմում կրած պարտությունն էր խոստացել ժողովրդին: Այն ժողովրդին, որի մի մասը Արցախը համարում էր անօգուտ հավասարակշռության ծանրաբեռ, և որից «ազատվելու» իրողությունը հայի այդ տեսակի (դրանց դժվար է հայ անվանելը) համար էլ ավելի իրատեսական դարձրեց «երեք միլիոն վարչապետերի» խոստման իրագործման հավաստիությունն այն նույն տրամաբանությամբ, ինչ Դոն Կիխոտը խոստացել էր կղզու կառավարչի պաշտոնը Սանչոյին:
Նույն Սանչո Պանսայի նմանությամբ մեր ընտրողների մեծամասնությունը հավատաց, որ ինքը պիտի վարչապետ դառնա, ոչինչ, որ երկիրը փոքրացել է, մասնատվել, բաժանվել սև ու սպիտակի, կարևորը, որ ինքը վարչապետ լինի, ինքը` երեք միլիոնից մեկն ու երեք միլիոնից յուրաքանչյուրի նման «բացառիկ» անհատը: Բայց ընտրության պատճառը միայն հոգեբանական ճնշման հետևանք չէ, այլ նույն սանչոյական տրամաբանության արդյունք, որը գրեթե անսխալական է: Գիտեք, որ հայ ռամիկը որքան էլ հասարակ է, պարզամիտ, կամ Նարեկացու բառով ասած` «հետին» («պարզահոգի» իմաստով), միևնույն է, տեսնում է իր երկրի իրականությունն ու ապրում այդ իրականության մեջ: Հողը մշակում է դժվարությամբ, ջրի ճարն անում է դժվարությամբ, բերքն իրացնում է դժվարությամբ, գյուղի կիսաքանդ ճանապարհին էլ բերքի կեսը փչանում է: Բայց հետո նույն ճանապարհը «մեջքն ուղղում է», ու գյուղացին անցնում է վերջին քսանհինգ տարում կառուցված ՊԱԼԱՏՆԵՐԻ հաղթաշքերթի կողքով, բայց իր բերքի կեսն արդեն կիսաքանդ ճամփին փչացել է, իսկ գործարանատեր-պալատատերն էլ մյուս կեսը գրոշներով ընդունում է ու ձեռքերը հողի հետ կռիվ տալուց կոշտացած մարդուն արհամարհանքով նայելով` տուն ճանապարհում: Իսկ թե վերջինս մի ծուռ բան ասի կամ հարցնի` «Մանումենտիդ պալատն ի՞նչ փողով ես սարքել, որ ինձ չես կարող մարդավայել վճարել», կծեծեն ու հետո կճամփեն: Ու տարիներ շարունակ էս չարագործ շղթայում հայտնված Սանչոյին չես բացատրի, որ էս անարդարությունը կյանքի ու բնության չգրված օրենքն է, կամ այլ տեղերում էլ է նույնը, բայց լավ քողարկված: Ինքն իր աչքին է հավատում, իր մաշկով ու ոսկորով զգում, ամեն օր իր երեխայի աչքերի մեջ նայում: Եվ ի՞նչ զգացում էր ծնվում Սանչոյի ներսում այսքանից հետո։ Միգուցե անտարբերությո՞ւն, կամ հպարտությո՞ւն, կամ զորեղ իշխանավորի կապիտալից ծնվող անվտանգության ու ապահովության մի խառը զգացում. դե, իհարկե, ո’չ։ Սանչո Պանսայի հոգում ծնվում է մարդու հոգեկանին հատուկ ամենաուժեղ, ամենասևեռուն, ամենադժվարը բուժվող ու կառավարվող զգացումը. ատելություն, և միայն ատելություն, որին հաջորդում է այդ ամբողջ պալատական շքեղությունը քանդելու-ավերելու անզուսպ ցանկություն։ Նրա գյուղական մաքուր ու պարզունակ սրտում արդյունավորվում են չարության ու վրեժի ողկույզները, ամենածանր ու կպչուն ողկույզները: Ու նա ուզում է վրեժ լուծել: Նա քսանհինգ տարի սպասել է իր վրեժին, ու հիմա պահը եկել է: Փաշինյանն էլ խոստացել է, որ «վենդետա» է լինելու, Փաշինյանը նաև ասֆալտն է սարքել: Իսկապես սարքել է, գյուղացուն հույս է տվել: Իսկ ովքեր են փորձում էդ հույսից, էդ ասֆալտից Սանչոյին զրկել, դե, իհարկե, նախկինները: Նրանք, ովքեր տարիներ շարունակ Հայաստանում «արարել են» դժոխային փակ շղթան, ընտրությունների կեղծման մրցանիշներրի խփել, հարստացել ու նվաստացրել, «արարել են» սոսկալի անարդարության ու որևէ բան փոխելու անհնարինության զգացումը, ինչի հետևանքն էլ կայուն ու փթթող արտագաղթն էր: Նախկինները նաև չեն կարողացել Սանչո Պանսային համոզել, որ այդ պալատները կառուցել են իրենց հալալ քրտինքով, որովհետև Սանչոյի քրտինքից ավելի հալալ ու արդար իր համար չկա, չեն համոզել, որ բանակում կիսասոված ու ոջլոտած Սանչոյի որդուն չէին կարող արժանապատիվ կեցությամբ ապահովել, որովհետև դրա հնարավորությունը Հայաստանը չուներ, որ լարերից կախված պահածոյատուփերին այլընտրանք չկար, որովհետև Հայաստանն, ի տարբերություն կուսակցական կամ անկուսակցական պաշտոնավորի կամ նրա մերձավորի, աղքատ է, աղքատ է, աղքատ է… Ու տարիներ շարունակ իր երկրում նվաստացած ու իր հայրենիքում հոգեբանորեն հայրենազրկված Սանչոն ո՞ր գործիքին էր տուրք տալու, ո՞ր գործիքն էր նրա սրտովը լինելու` բա՞հը, գերանդի՞ն, գութա՞նը, մանգա՞ղն ու փո՞ցխը: Դե, իհարկե, ո’չ, նրա սրտով էր լինելու մուրճը, բայց ոչ մուրճը արարման, այլ քանդման ու վրեժի դժբախտ ու դժգույն մուրճը: Իսկ Նիկոլ Փաշինյանը միակն էր, որ տարիներ շարունակ արժեզրկված ու բռնաբարված քաղաքական-ռազմավարական նախընտրական ծրագրի փոխարեն Սանչոյին վրեժի մուրճն առաջարկեց, ու վերջինս էլ առանց երկմտելու վերցրեց այն…
Իսկ ի՞նչ է լինելու հետո: Ի՞նչ է Սանչոն անելու գութանի հետ փոխած իր մուրճը: Դեպի ո՞ւր է առաջնորդելու Հայաստանում դեռևս ապրողներին վրեժի մուրճը, դժվար է ասել: Հաստատ է այն, ինչը դարեր առաջ իր անմահ ստեղծագործությունում գրել-վերջացրել է Սերվանտեսը. Սանչոն, ի վերջո, (իհարկե, Սերվանտեսի արդեն երկրորդ գրքում, երրորդ արշավանքի վերջում) դառնում է կղզու կառավարիչ, եթե մոռանանք, որ դուքսն ու դքսուհին նրան ընդամենը ծաղրում էին, իրենց օրվա ու նաև հոգու դատարկությունը լցնում` միամիտ գեղջուկի գլխին չար կատակ խաղալով, նրան սովի մատնում, պատերազմ բեմադրում, նստեցնում փայտե ձիու վրա, բայց Սանչոն այդ ամենը չգիտեր և նվաստացումներից հետո իր կարծիքով ինքնակամ հրաժարվում է պաշտոնից և Դոն Կիխոտի հետ նորեն ճամփա ընկնում: Նաև ասեմ, որ Սանչոն իր դժվար ճանապարհին սիրում էր կրկնել հետևյալ ասույթը` «ինչ կժով խփես քարին, ինչ քարով` կժին, նույնն է»…