ՅԱՆՈՒՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ

Կարօ Վարդանեան, 1 Օգոստոս 2020

Քիչ առաջ աչքովս ընկաւ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարզանքի նախարար Արայիկ Յարութիւնեանի գրառումը Զօրավար Անդրանիկի եւ ՀՅ Դաշնակցութեան միջեւ եղած սուր հակասութիւնների ու Անդրանիկի շուրջ մշտապէս հիւսուած դաւադրութիւնների մասին: Երեւի թէ չարձագանգէի, եթէ այդ գրառման տակ չտեսնէի դաշնակամերձ շրջանակների բարձրացրած հիստերիան: Ու, ինչպէս միշտ, լայնօրէն շրջանառուեց հանրութեանը քաջ յայտնի կասկածելի հեռագիրը, որի գոյութիւնը տարիներ շարունակ հերքում են ու հերքում: Բայց ինչո՞ւ են կարծում, որ Ա. Յարութիւնեանը հենց այս հեռագիրը նկատի ունի: Ես չգիտեմ, Ջոն Կիրակոսեանն ու Գէորգ Ղարիբջանեանը ինչո՞ւ պիտի հնարէին նման հեռագիր, երբ նմանատիպ փաստաթղթերով ու վաւերագրերով լեցուն են մեր արխիւներն ու պատմագրութիւնը:

Ստորեւ հարկ եմ համարում ներկայացնել գրեթէ նոյնաբովանդակ, բայց առաւել պերճախօս մի փաստաթուղթ՝ որոշ մեկնաբանութիւններով:

Գրութեան հեղինակը Արշակ Ջամալեանն է՝ ՀՅԴ ղեկավար գործիչներից մէկը, որը 1918-ին ՀՀ դիւանագիտական ներկայացուցիչն էր Թիֆլիսում: Այսինքն՝ դեսպանը: Ջամալեանն այս նամակը գրել է 1918-ի Սեպտեմբերին, որտեղ նկարագրում է Օգոստոսի 31-ին Խալիլ փաշայի այցելութիւնը Երեւան եւ նրա բանակցութիւնները ՀՀ ղեկավարների հետ: Խալիլը, որի խղճին ծանրացած է հարիւր-հազարաւոր հայերի արիւնը, Թուրքիայի ռազմական նախարար Էնվերի մօրեղբօր որդին էր, նրա աջ ձեռքը: Խալիլը Երեւան էր եկել իր վաղեմի բարեկամ Արամ Մանուկեանի հետ քննարկելու Թուրքիայի համար արդէն 30 տարի մղձաւանջ դարձած Անդրանիկի խնդիրը: Այն Անդրանիկի, ով Յունիսից իր ընդամէնը չորս հազարանոց զօրամասով ու երեսուն հազար գաղթականներով ինքնակամ ամրացել էր Սիւնիքում եւ օրհասական մարտեր էր մղում ՀՀ-ի սահմաններից դուրս թողնուած Սիւնիքը պահելու համար:

Խալիլը մոլեգնած է. արդէն երկրորդ անգամն է, որ Անդրանիկը փշրում է թուրքական երազանքը՝ Սիւնիքի վրայով անցնել Բաքու, այնտեղից էլ Միջին Ասիա՝ վերջապէս ստեղծելու համար Մեծ Թուրքիան: Առաջինը 1915-ի Ապրիլին էր, երբ Անդրանիկը Դիլմանի ճակատամարտում ջախջախեց Խալիլի զօրաբանակը, որի կազմում, ի դէպ, կռւում էին նաեւ Գալիպոլիի (Gallipoli) անպարտելի համարուող գնդերը: Էնվերը ծրագրել էր Դիլմանում յաղթելու պարագայում սրընթաց հասնել Բաքու եւ Միջին Ասիա: Չյաջողեց: Անդրանիկը չթողեց: Հիմա կարծես թէ ամէն ինչ կարգին է. հռչակուել է Հայաստանի Հանրապետութիւն՝ 10.000 քառ. կիլոմետր տարածքով, որի կազմում չեն Սիւնիքը, Նախիջեւանը եւ Ղարաբաղը: Կարծես թէ Մեծ Թուրքիա ստեղծելու ճանապարհը բաց է: Բայց Սիւնիքում թուրքը նորից բախւում է իր հոգեառին՝ Անդրանիկին, ում Հայաստանի վարիչները օրէնքից դուրս են յայտարարել՝ իրենց չենթարկուելու եւ Սիւնիքը պաշտպանելու համար:

Իր ընկեր Խալիլին Արամը Երեւանի կայարանում դիմաւորում է գրկախառնութեամբ ու համբոյրով: Սովահար երկրում նոյնիսկ կարողացել էր ճարել սիրունատես մանկամարդ հայուհիներ, որպէսզի ընդունելութիւնը հնարաւորինս ճոխ լինի:

Խնդրում եմ ուշադիր կարդացէք Ջամալեանի նամակը: Ինչի՞ մասին է խօսուել Խալիլի հետ Արամի բնակարանում: Մեր ղեկավարներն ամէն կերպ արդարացել են, որ Անդրանիկը օրէնքից դուրս է յայտարարուած եւ առաջին իսկ հնարաւորութեան դէպքում նրան պիտի բռնեն ու կանգնեցնեն ռազմական դատարանի առաջ: Խալիլն այնքան է ոգեւորւում այդ հաւաստիացումներից, որ առաջարկում է ստեղծել հայերից, ազերիներից ու թուրքերից կազմուած մի միասնական զօրամաս, եւ միասին գնալ Սիւնիք՝ Անդրանիկին ջախջախելու:

Կասէք, որ զարհուրելի է: Եթէ կը գտնուեն մարդիկ, որ կ՚ասեն, թէ այս գրութիւնն էլ է կեղծ, պատրաստ եմ բերելու բազմաթիւ այլ փաստեր. օրինակ, թէ 1917-ին, երբ ռուսական բանակը թողեց Արեւմտեան Հայաստանն ու գնաց իր յեղափոխութեան հետեւից, Անդրանիկն ինչպէ՛ս էր կաշուից դուրս գալիս դիվիզիա (զօրամաս-Խմբ.) ստեղծելու եւ ռուսների լքած բնագծերը զբաղեցնելու համար, եւ թէ ինչպէս այդ փրկարար ծրագիրը վիժեցրին Աւետիս Ահարոնեանը, Ռուբէն Տէր-Մինասեանը եւ… Արամ Մանուկեանը:

Մեր նոր պատմութիւնը լեցուն է զարհուրանքով ու կեղծիքով: Եթէ երբեւէ այն մաքրուի ու խմբագրուի՝ կեղծիքների միջից իր վիթխարի հասակով վեր է յառնելու մեր ազատարարը՝ Զօրավար Անդրանիկը: Եւ առարկայական չափորոշիչների մէջ էլ ընդգծուած է լինելու մեր ազատագրական պայքարի ողնաշարը՝ Զօրավար Անդրանիկը:

1 comment
  1. Այս յօդուածին կարելի է կցել Վահան Թոթովենցի յուշերը Անդրանիկի նուիրուած երբ ինք կուգայ Ամերիկայէն կամաւորներու հետ միանալու ազատագրական պայքարի թուրքերուն դէմ և Անդրանիկ ինչպիսի դաւաճանութեանց կը հանդիպի Հայաստանի պետական այրերէն մնալով առանձինն իր հաւատարիմ զինվորներուն հետ ի դիմաց այդ արիւնարբու թուրքական բանակին: կը թելադրեմ Գեղարդի խմբագրութեան որ հրատարակեն այդ յոշերը իրենց կայքէջին մէջ որպէս վաեւրագրական արխիւ: Յոշերը տպուած են Թոթովենցի երկերու երրորդ հատորին մէջ: Իմ կարծիքով շատ կարևոր արխիւ է և մեր ժողովուրդը պետք է տեղեակ ըլլայ Անդրանիկին հանդէպ եղած անիրաւութեան:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like