«Կարող էի երազներով վեր թռչել»

«Գեղարդ» միշտ ալ ջատագով եղած եւ քաջալերած է երիտասարդ ուժերը որ մտնեն քաղաքական, ազգային-հասարակական եւ գրական-լրագրական ասպարէզ։ Այդ իսկ նպատակով ստորեւ կը ներկայացնենք պատանի լրագրողի մը «Երկու խօսքը» երիտասարդութեան սեմին գտնուող խոստմնալից բանաստեղծուհի Սոնա Սողոմոնեանին մասին։

«Պատանի ստեղծագործողներ», Հայաստանի Հանրապետություն, 10 Հունիս 2022

Բարի օր։ Ձեզ ենք ներկայացնում  <<Պատանի ստեղծագործողներ>> շարքի երրորդ հոդվածը, որտեղ կներկայացնենք Սյունիքի սրտում՝ Կապանում բնակվող 22-ամյա Սոնա Սողոմոնյանի մասին։ Մասնագիտությամբ լրագրող, հոգով ու սրտով՝  բանաստեղծ Սոնան  վաղուց է ստեղծագործում, և նշում է, որ իր մտերիմներն է համարում գրիչն ու թուղթը։ Դրանք առանց որևէ հարցեր տալու, պատրաստ են միշտ <<լսել>> ու հասկանալ։  Բնույթով ռոմանտիկ մարդ է, դրա համար էլ կարծում է, որ իր մոտ ամենալավը ստացվում են սիրային անհասցե բանաստեղծությունները։

Անբացատրելի շատ է սիրում իր բանաստեղծությունները։ Ասում է, որ ամեն ստեղծագործություն գրելիս իր համար մի հորինված, գոյություն չունեցող կերպար է ստեղծում, նրա մասին գրում, նրան սիրում կամ մեղադրում։

Ինչքան էլ տարօրինակ թվա, չի սիրում, երբ իր բանաստեղծությունները ասմունքում են։ Բացատրում է, որ միայն նա գիտի, թե ամեն տողը գրելիս ինչ է զգացել , յուրաքանչյուր բառի մեջ ամենատարբեր զգացմունքներ է դրել, իսկ որոշ մարդիկ ասմունքում են դրանք առանց ապրումակցելու։

Հարցին, թե ո՞ր գրողի հետ կցանկանար առանձնազրույց ունենալ, նա պատասխանեց․

-Համո Սահյան: Կհարցնեի, թե ինչպես է հաջողվում նրան մարդկանց սրտին դիպչել, ինչպես է կարողանում սովորական բառերով տակնուվրա անել մարդկանց մտքերը։

Պատմում է, որ ժամանակին միտք ուներ գիրք գրելու, ոգևորված և հիացած էր իր գրածով, սակայն հետո հասկացավ, որ արձակը իրենը չէ։ Սակայն ոչինչ չբացառեց, ասելով, որ եթե մի օր գիրք գրի, ապա այն կլինի բաց մանուշակագույն, իսկ վերնագիրը՝ <<Լուսե կորուստս>>։

Երիտասարդ բանաստեղծը նշում է, որ Հայաստանը իր տունն է, իսկ Կապանը այն բնօրանն է, որտեղ միշտ վերադառնում է՝ որևե խենթ քաղաք կամ երկիր այցելելուց հետո։ Երբեք չի ցանկանա ստեղծագործել այլ լեզվով, քանի որ կարծում է, որ ավելի գեղեցիկ ու կատարյալ լեզու, ինչպիսին հայերենն է, չկա պարզապես։

Մարտիրոս Սարյանի այս խոսքին, թե ստեղծագործելը մի զարմանահրաշ բան է, չբացատրվող բան, ոնց որ մտնես մի ձոր և… քեզ կորցնես, անէանաս, հանձնվես քո աշխարհին…., Սոնան ասաց, որ միանշանակ համաձայն է։

Հարցին, թե արդյո՞ք նա նմանություններ գտնում է ստեղծագործելու և իր մասնագիտության մեջ, նա այսպես պատասխանեց․

-Լինես նկարիչ, կավագործ թե բանաստեղծ, երբեմն ստեղծագործելը խենթացնում է, երբեմն չես հավատում ինքդ քո ստեղծածի գոյությանը:

Չգիտեմ ինչու, պատահել է, որ գրելիս լացել եմ, դա հավանաբար նրանից է, որ թղթի հետ մինչև մարմնիս վերջին բջիջը եղել եմ անկեղծ։

Հարցին, թե ինչ-որ պահի կդադարի ստեղծագործել, նա պատասխանեց, որ վերջին անգամ չորս ամիս առաջ է գրել։ Երկար դադարներ կլինեն իհարկե, բայց ընդհանրապես չստեղծագործել, չի պատկերացնում, չի լինի։

Իսկ այժմ վայելեք նրա մի քանի ստեղծագործություններ։

************

Ես կարող էի իմ երազներով
Դեպի վեր թռչել
Կամ էլ քնքշանքի ու քո բարության
Օվկիանում թրջվել ,

Ես ուզում էի քո ամենամեծ
Սրտում բնակվել
Կամ էլ ինձ այդքան տաք ու մտերիմ
Քո գրկում փակվել,

Դու կարող էիր իմ սիրո մասին
Պոեմ հորինել,
Իսկ քո մատների նուրբ հպումը
Ինձ ներշնչանք լիներ,

Բայց բախտը մեզ վիճակեց,
Որ մենք զատվենք իրարից,
Այդպես Աստված էր մեկ էլ
Բաժանել հուրը ջրից։

*****

Բարմեն
Ողջույն բարմեն,էլի ես եմ,
Եկել եմ մի քիչ խմեմ,
Բայց ինչո՞ւ է բարդ դատարկ,
Մարդ չկա, որ բարևեմ,
Լավ, ինչ որ է, տեղավորվեմ
Բաժակները ինձ մոտ բեր,
Առավոտից այս պահին եմ սպասում,
Այն էլ անհամբեր:
Դե՛, մոտ արի, նստիր կողքիս,
Շշերը իրար զարկենք,
Այսօր բոլորին մոռանանք,
Մեզ մտածելուց զրկենք,
Մինչ ուշ գիշեր մենք խմենք
Շռայլելով կենացներ,
Խմենք անծանոթի համար,
Էլ ում մտքով նա կանցներ:
Դառն ու աղի, ասված-չասված
Խոսքերի համա՞ր խմենք,
Թե՞ լքված երկրիս կենացը,
Չէ, դա արդեն խմել ենք,
Դու խմիր պանդուխտի համար,
Իսկ ես սահման պահողի,
Դու խաղաղ մանկան համար,
Ես էլ` նրա ծնողի:
Խմիր, խմիր ինչքան ուզես,
Շիշը պիտի դատարկենք,
Միայն այդպես կհամոզվես,
Որ մենք ներսից դատարկ ենք,
Խմած գինիդ արյան նման
Երակներով կհոսի,
Նա քեզ պես լուռ չի մնա,
Քո փոխարեն կխոսի
Եվ կպատմի, որ այսօր
Մենակ էիր, երբ եկա,
Մոտեցա ու հարցրի.
-Բարմեն, խմելու ի՞նչ կա:

*****

Բախտը ցանկացավ ես քեզ հանդիպեմ,
Որ ապրեմ քո մեջ ու լցվեմ քեզնով,
Որ մեր սրտերը հասնեն տիեզերք,
Սիրո կաթիլը դարձնեն մի մեծ ծով,

Հանդիպել եմ քեզ, որ ձեռքդ բռնեմ,
Շղթայեմ ես այն, որ հետս մնաս,
Մանկան նման պարզ, միամիտ լինես
Ու թեև հոգնես, բայց և չգնաս,

Քեզ հանդիպել եմ մութ խավարի մեջ,
Երբ լուսինն արդեն էլ չէր երևում,
Պարտքը կատարած լուռ մայր էր մտել,
Եվ երբ լուսինն էր իշխում վերևում,

Հանդիպել ենք մենք, որ ուժեղ լինենք
Եվ միշտ միասին մեկս մյուսով,
Մեծ զգացմունք ունենք, որ չի պակասի,
Թեկուզ աշխարհում լինի սիրո սով:

*****

Այսօր քո գլխին ևս մի ճերմակ
Մազ ավելացավ,
Քառասուներեք տարին աննկատ,
Զգույշ, անաղմուկ եկավ ու անցավ,

Եվ քանի-քանի սև մազեր պիտի
Ճերմակեն անդարձ,
Նրանք հուշում են այն տարիները,
Որոնց անցել են, չունեն վերադարձ:

Ու ամեն մի քո ճերմակ մազի հետ
Իմ մանկությունից հուշ է պակասում,
Բայց երբեք-երբեք ես չեմ մոռանա
Ոնց էիր մեր մեջ դու սեր ակոսում,

Ոնց էիր նստում ու մեզ բացատրում,
Հասկացնում վատը, լավը խրատում,
Սիրում ես ճիշտը, իսկ սուտը` ատում:

Իմ երջանիկ կյանքում պետք չէ ինձ արծաթ,
Կամ էլ պաճուճված ոսկե արահետ,
Քանի որ դրանք չեմ փոխի նույնիսկ
Քո սև ու սպիտակ գեթ մի մազի հետ:

Նախորդ երկու գրությունները

Տիեզերքի պես անսահման լեռներ

նոր սերնդի ներակայացուցչի կարծիքը գործառնությունների (բիզնես) մասին

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like