Պատմե՛ք, ցո՛ւյց տվեք, մի՛ լռեք

Անուշ Գասպարյան, ԾԻԼ համայնք, ԱՄՐՈՑ հիմնադրամ, Երևան, 2 հոկտեմբեր 2024

Ո՞րն է փաստավավերագրական ֆիլմերի առավելությունը, ո՞րն է դրանց նշանակությունը, ո՞ւմ համար են նկարահանվում դրանք:

Օրերս ներկա էի մի հայրենանվեր նախաձեռնության բացման արարողությանը: Հյուրերը քիչ էին: Հայկական բարեգործական ընդհանուր միության Երևանի կենտրոնի դահլիճը թեև ամբողջությամբ լցված չէր հանդիսատեսներով, բայց հորդում էր զգացմունքներով, հուշերով ու հույզերով: Ներկա էին PlatformDoc նախաձեռնության աշխատակիցները:

Նշանավորելով 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 3-ը ընկած ժամանակահատվածում արցախյան դեպքերը` PlatformDoc-ը կազմակերպել է Արցախի մասին պատմող վավերագրական ֆիլմերի անվճար ցուցադրություն Երևանում և մարզերում: Նախագծի թիրախը պատանիներն ու երիտասարդներն են, դպրոցականներն ու ուսանողները: Ընտրված ֆիլմերը պատմում են ոչ միայն վերջին տարիների դեպքերի մասին, այլև Արցախյան առաջին պատերազմի, դրա հետևանքների մասին: Նախագծի ղեկավար, կինոարտադրիչ Արևիկ Ավանեսյանի խոսքերով սա շատ զգայուն թեմա է և քչերն են համարձակվում բարձրաձայն խոսել այս հարցերի մասին: Բայց, իմ համոզմամբ, պե՛տք է խոսել, ա՛նպայման բարձրաձայնել:

Այո՛, ես համաձայն եմ, պե՛տք է խոսենք, շատ կարևոր է, որ չլռենք, քննարկենք, վերլուծենք, բայց նաև գործենք, քայլեր մշակենք, նախագծեր իրականացնենք, անենք մեր ուժերի սահմանում ամեն բան: Հատկապես կարևոր է ականատեսի, այդ ամենը վերապրած մարդու խոսքը: Իսկ վավերագրական ֆիլմերը շատ հարմար հարթակ են խոսքի պահպանման ու տարածման համար:

Ի՞նչ է PlatformDoc-ը: Այն ստեղծվել է հայկական վավերագրական ֆիլմերի տարածման և հանրայնացման համար: Յուրաքանչյուր ֆիլմի մասին մանրամասն տեղեկություն կարելի է գտնել PlatformDoc-ի ֆեյսբուքյան էջում  և պաշտոնական կայքէջում:

Անտեղյակ մարդուն կարճ տեսանյութով էլ պարզ է դառնում, թե իրականում ինչպիսի մեծ պահանջարկ ունի այս ժանրը աշխարհում, ինչո՞ւ մրցանակներ են տրվում այս ֆիլմերի հեղինակներին, ի՜նչ հնարավորություններ են բացվում նրանց առջև: Ծրագիրը նպատակ ունի նաև տարածելու վավերագրական ֆիլմերը մեր միջավայրում, հատկապես մեր մասին պատմողները:

Ներկա էի ծրագրի բացմանը, որը կայացավ հենց սեպտեմբերի 19-ին: Խոսեցին նախագծի աջակիցները: Ներկա էին նաև ֆիլմերի ստեղծագործական խմբերի անդամներ: Դիտեցինք երկու կարճ ֆիլմեր` «Արմատ» և «Մայրենիք»:

Առաջինը բարդ էկոհամակարգ հանդիսացող անտառի միջոցով բարձրացնում էր համակարգի միասնության խնդիրը: Հարց է ծագում՝ ի՞նչ կլինի, եթե հարյուրամյակներ անտառում աճած, հողի մեջ ամրացած ծառը որոշեն տեղափոխել: Տարիներ շարունակ այդ հողում լինելով` ծառը արմատներով ամուր կառչում է հողին, սակայն արմատները շատ փխրուն են, և շատ երկար ժամանակ է հարկավոր, որ նոր հողում շարունակեն աճել նույն կերպ, եթե, իհարկե, ի վերջո հարմարվեն: Անտառի վրա էլ դա ունի բացասական ազդեցություն. թուլանում է ամբողջ համակարգը: Իսկ հիմա պատկերացրեք, որ մի անտառում 120000 ծառ կա, ու ամբողջն արմատախիլ են անում: Արցախից 120000 հոգի արմատախիլ է եղել, շատերի դեպքում արդեն երևում են դառնալի հետևանքները, մյուսների մասին դեռ կլսենք: Սա հոռետեսություն չէ, սա այն է, ինչ կատարվում է բնության մեջ, ինչը գրեթե անզոր ենք փոխել, եթե մարդիկ չվերադառնան իրենց հողին, իրենց տուն ու տեղին…

Երկրորդ ֆիլմը` «Մայրենիքը», շատ կհավանեն կանանց իրավունքների պաշտպանության շարժման գաղափարակիցները, բայց ես սա կորակեի նախ արցախցու, ապա արցախցի կնոջ պատմություն: Ֆիլմը պատմում է պատերազմի հետևանքով ընտանիքի բեռն իրենց ուսերին առած կանանց մասին, ովքեր իրենց երեխաների, քույրերի, եղբայրների, սիրելիների ապրուստը հոգալու համար սկսել են զբաղվել ականազերծմամբ: Ինչո՞վ է այս պատմությունը հատկանշական. նրանով, որ մինչ ֆիլմում ներկայացված կանանց խումբը, ականազերծման աշխատանքներով զբաղվում էին միայն տղամարդիկ, որևէ մեկի մտքով չէր անցնում, որ կանայք ևս կարող են: Ֆիլմի հերոսուհիների խոսքերը լսելով, չես էլ կասկածում, որ կանայք ևս կկարողանան հաջողությամբ ականազերծել տարածքները: Այստեղ գերակա դեր ունի ոչ թե մարմնական, այլ ոգու ուժը: Ամեն մեկը չէ, որ կանցնի նման վտանգավոր աշխատանքի, սակայն երբ կա խթան, երբ կա սեր ազգի հանդեպ և ցանկություն օգտակար լինելու այդ ազգին, այո՛, շատ մեծ ուժ է արթնանում քո մեջ: HALO Trust կազմակերպության կանանց խումբը հենց այդպես էլ նշում է. նրանք չեն ուզում որ իրենց խղճան: Նրանք պարզապես ուզում են որ արդյունավետ օգտագործվեն իրենց կարողությունները:

Դիտել եմ ընդամենը երկու ֆիլմ, որոնք խոսում են նույն դեպքի տարբեր հետևանքների մասին: Թեև ամեն ֆիլմ ունի իր ուրույն պատմությունը, բայց որքան էլ դրանք իրարից տարբերվեն, միևնույնն է, նման են, մարդիկ, միևնույնն է, հասկանում են իրար, կիսում ընդհանուր վիշտը: Դիտողը եզրակացնում է, որ ամեն մեկը կարող է իր պատմությունը ներկայացնել, և ո՛ր ֆիլմն էլ նայենք, կհասկանանք, թե ինչ ծանրածանր ուղիով են անցել մեկ տարի առաջ տեղահան-արմատախիլ եղած արցախցիները:

Ես ինքս ողջունում եմ այս նախաձեռնությունը, որ հնարավորություն է տալիս մեզ՝ երիտասարդներիս, դիտել այս ֆիլմերը, մտածել այս հարցերի շուրջ, հասկանալ, թե ինչ է կատարվում մեր շուրջը: Արդեն ժամանակն է, որ մենք էլ մասնակցենք որոշումների կայացմանը, իսկ մեր այդ իրավունքի ապահովումն ու պահպանումը հենց մե՛նք պետք է պահանջենք: Եվ ես շատ ուրախ եմ, որ այս ողբերգությունն էլ է դարձել արվեստածին․ մեր արցախցի արվեստագետները գտել են իրենց ցավի ճիչն ու մորմոքը արտահայտելու հրաշալի եղանակ՝ իրականության պատկերները համայն աշխարհին մատուցելով և իրենց լինելիության մասին վկայելով:

*****

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

Ո՞վ է Հայը…

Երվանդ Խոսրովյան, Եվրոպայի հայերի համագումար, 26 հոկտեմբեր 2010 Վերջին օրերին նորից այն հին նվագն է նվագվում, թե ով…
Read More