Տատյանա Դարբինյան, Ծիլ համայնք, ԱՄՐՈՑ հիմնադրամ, Երևան, 28 մարտ 2025
Կան պահեր, որոնք բառերով չեն նկարագրվում. դրանք պարզապես ապրում են, շարունակվում, դառնում ավանդույթ։
Սուրճի սեղանը հենց այդ պահերից է. նա չի սահմանափակվում ժամանակով կամ վայրով, չի ճանաչում կարգավիճակ, մասնագիտություն, տարիք։ Դա մի տարածք է, որտեղ կանայք գալիս են իրար հասկանալու, չասվածն ասելու, հասարակությունում իրենց տեղը գտնելու կամ արժևորելու, կամ պարզապես՝ խոսելու և միմյանց լսելու։
Հայ կնոջ համար սուրճի բաժակի շուրջ հավաքվելը ծես է, որտեղ ամեն ինչից խոսվում է, իսկ ամենակարևորը՝ իրար հասկանալու լեզուն է ի հայտ գալիս։ Այդ գեղեցիկ ու անկեղծ ծեսը միավորում է բոլոր կանանց՝ անկախ նրանից՝ նրանք խմո՞ւմ են սուրճ, թե՞ ոչ։ Կանայք, պարզապես լինելով կողք-կողքի, դառնում են այդ սեղանի անբաժան մասնիկը, մի շղթա, որի օղակները միմյանց ճանաչելու կարիք չունեն. նրանք արդեն կապված են սեղանի շուրջ նստելու փաստովն իսկ։
Երբ հայ կանայք հավաքվում են, խոսում են իրենց առօրյայի մասին, ծիծաղում, հիշում զավեշտալի դեպքեր, բայց մի բան միշտ լսելի է դառնում նույնիսկ լռության մեջ. նրանք հոգնած են։ Գրեթե բոլո՛րը։ Ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես։ Ամեն առավոտ նրանք արթնանում են մտածելով ու մտահոգվելով նախ իրենց երեխաների մասին, հետո՝ տան, ամուսնու, աշխատանքի… Իսկ իրե՞նք։ Շատ դեպքերում չկա «իրենք»-ը։
Սակայն սուրճի սեղանի շուրջ, նրանք կարող են շնչել, կիսվել, հասկանալ, որ իրենք մենակ չեն։ Այստեղ չեն փորձում լինել կատարյալ մայրեր, կատարյալ կանայք, կատարյալ տնային տնտեսուհիներ. պարզապես նրանք են՝ իրենց հոգնածությամբ, սիրով, հոգսերով ու ժպիտներով։
Խորհուրդ իմ կողմից՝ «Ինքդ քո հանդեպ ևս հոգատար եղիր։ Հոգնածությունը չի նշանակում թուլություն։ Երբեմն կարելի է պարզապես կանգ առնել, նստել, շնչել ու ոչինչ չանել»։
Սուրճի սեղանի շուրջ կանայք բաց խոսում են իրենց աշխատանքային ու ընտանեկան կյանքի բարդություններից, հաճախ փոխանակվում են հմտություններով ու փորձով։ Այն կարող է լինել մի փոքրիկ գաղափար, որը կարող է որոշել աշխատանքայի խնդիր կամ պարզել ընտանեկան հարաբերությունները։ Նրանք կարող են խոսել ամենօրյա փոքր ու մեծ խնդիրների մասին՝ հաշվի առնելով, թե որքան էլ որ տարբեր են իրենց հասարակական դիրքերը, փոխադարձ օգնությունը նրանց կյանքը դարձնում է ավելի ամբողջական։
Մեջբերումներ փոքրիկ հետազոտությունից․
– Սուրճ խմելն իմ օրը փոքրիկ արարողակարգով սկսելու միջոցն է։ Այն ինձ հիշեցնում է, որ պետք է ինձ համար էլ ժամանակ հատկացնեմ։
– Ընկերուհիներիս հետ սուրճի հանդիպումները միակ վայրն են, որտեղ ես լիովին կարող եմ լինել ես։
– Սուրճը խորհրդանիշ է, բայց իրական արժեքն այն է, որ մենք կարող ենք միմյանց լսել ու հասկանալ։
– Սուրճի սեղանը առիթ է ևս մեկ անգամ հանդիպելու։
Հայ կինը միշտ եղել է ուժի և նրբության համադրություն։ Նա կարող է միաժամանակ լինել խոհարար ու արվեստագետ, հոգատար մայր ու համարձակ առաջնորդ, լուռ պահապան ու բոցավառ մարտիկ։ Նրա ուժն արտահայտվում է թե՛ իր գործերում, թե՛ իր լռության մեջ, իսկ նրա պարզությունը՝ ամենօրյա փոքրիկ քայլերում՝ մի բաժակ սուրճի շուրջ ընկերուհուն լսելիս, երեխայի համար հեքիաթ պատմելիս, կերակուր պատրաստելիս կամ տան ջերմությունը պահպանելիս։
Մեր տատիկները գիտեին սպասելու, դիմանալու, արարելու և պահպանելու արվեստը։ Նրանց համար սուրճի պահը սև ըմպելիքը վայելելը չէր միայն․ դա միայնության ու հավաքականության սահմանագիծն էր, որտեղ կարելի էր դուրս թողնել հոգսերը, կիսվել պատմություններով ու շարունակել առաջ շարժվել։
Մայրերը՝ նույն ավանդույթների կրողն ու շարունակողը, փոքրիկ պահերի մեջ գտնում են կյանքի մեծ իմաստները։ Նրանք են, որ սովորեցնում են սուրճը մատուցել սիրով, զրույցը կառուցել հարգանքով, ընկերությունն ամրապնդել վստահությամբ։
Մենք՝ այսօրվա հայ կանայք, շարունակում ենք այս ամենը, բայց արդեն նոր կշռույթով, նոր պահանջներով ու նոր երազներով։ Մենք կարող ենք զբաղեցնել բարձր պաշտոններ, ղեկավարել ընկերություններ, ստեղծել ու փոխել աշխարհը, բայց երբեք չենք մոռանում, որ ամեն ինչի հիմքում անկեղծ կապն է՝ ինքներս մեզ հետ, մեր արմատների, ընտանիքի, ընկերուհիների հետ։ Եվ այդ կապը հաճախ սկսվում է հենց սուրճի բաժակի շուրջ, երբ մի պահ կարող ենք պարզապես մենք մեզ լինել, խոսել, լռել ու հասկանալ միմյանց՝ առանց ավելորդ խոսքերի։
Այս հոդվածը մի պարզ, անկեղծ ուղերձ է՝ ուղղված բոլոր կանանց, ովքեր երբևէ նստել են սուրճի սեղանի շուրջ ու իրենց զգացել միայնակ՝ խորասուզված սեփական մտքերի մեջ։ Այս տողերը նրանց մասին են, ովքեր նստել են, նստում են սուրճի սեղանի շուրջ, կամ ովքեր կդառնան այդ սեղանի մասնիկը ։
Այս գրության համար իմ կատարած հարցախույզի մասնակից կանայք իրենց սրտի խոսքն են ուղղում իրենց սուրճը միայնակ խմող սեռակիցներին.
«Երբեմն լռության մեջ խմած սուրճն ավելի շատ բան է ասում, քան որևէ խոսք։ Հիշիր՝ դու մենակ չես»։
«Սուրճը լցրո՛ւ քո սիրելի բաժակի մեջ, բա՛ց պատուհանը, ու զգա՛, որ աշխարհում մեկը հաստատ մտածում է քո մասին»։
«Մենակ խմած սուրճն էլ կարող է ջերմ լինել, երբ հասկանում ես, որ քո ամենամեծ ընկերը հենց դո՛ւ ես»։
Սուրճի սեղանի շուրջ հնչող խոսքերն ու լռությունը բոլորիս կապում են միմյանց հետ՝ անկախ մեր տարիքից, զբաղվածությունից կամ առօրյայի տարբերություններից։ Եվ եթե այս պահին միայնակ ես, հիշիր՝ դու մենակ չես, քո զգացածը հասկացող մարդիկ կան։ Ուստի, սիրով պատրաստիր քո սուրճը ու հաճույքով ըմպիր։
Բարի վայելում։
1 comment
Հիանալի է: Մի ՄԷԾ բացթօղում կա: Կարօղ էս ինձ ասէլ, էս ամէն ինչի մէջ ինչու է բացակայում ՀԻՍՈԻՍԸ, իմ աշխարհիկ հայուհի?