Մարգարիտա Կրտիկաշյան, ԵՊՀ, Արևելագիտության ֆակուլտետ, Երևան, 23 յուլիս 2025
Հայաստանի պատմության մեջ հազվադեպ են եղել այնպիսի պահեր, երբ մեր ազգի գոյությունը կասկածի տակ դրվի այսչափ բացահայտ և սուր վտանգներով։ Սակայն այսօր մեր առջև դրված խնդիրը միայն անհատական կամ կուսակցական ընտրություն չէ, այլ ազգի բուն գոյության հարց։ Չկա ավելի կարևոր նպատակ, քան ապահովել հայ ժողովրդի հետագա անվտանգ գոյությունը, քանի որ առանց պետության՝ ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և ժողովրդավարության հիմքերի, չեն կարող զարգանալ, բարգավաճել կամ պահպանվել մեր մշակույթն ու ինքնությունը։
Այս պահին մենք կանգնած ենք մի պատմական խաչմերուկում, որտեղ անհրաժեշտ է ոչ միայն տեսնել իրականությունը, այլ նաև համախմբել ուժերը՝ սառը գլուխներով, առանց հիասթափության կամ վախի, և կառուցել գոյության ռազմավարություն՝ համաթուրքականության (պանթուրքիզմ), ներքին դավաճանության և աշխարհաքաղաքական ճնշումների դեմ։
Համաթուրքականությունը ծնվել է 19-րդ դարի վերջին՝ որպես թյուրքախոս հանրույթներին միավորող գաղափարախոսություն, որը նպատակ ուներ շրջափակել Ռուսաստանի կայսրությունը։ Թեև սկզբում սա միայն գաղափար էր, 21-րդ դարում այն վերածվել է ծավալապաշտական գործնական ծրագրի։ Այսօր Թուրքիան և նրա դաշնակից Ադրբեջանը շահագրգռված են ոչ միայն Հայաստանի պետականության քայքայմամբ, այլև Ռուսաստանի հարավային և Իրանի հյուսիսային շրջանների թյուրքախոս բնակչության միավորումով ու նրանց վերահսկողությամբ։ Հայաստանը մնացել է վերջին խոչընդոտը այս ծրագրի իրականացման ճանապարհին։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ մանևրները, որոնք կոչվում են «տարածաշրջանային տնտեսական համագործակցություն», իրականում նպատակ ունեն կտրել Հայաստանը՝ դարձնելով մեր երկիրը ճանապարհային միջանցք թյուրքական աշխարհին։
Իրանի համար սա սուր սպառնալիք է։ Թյուրքախոսության տարածումը Իրանի հյուսիսում, ինչպես նաև թուրքական տնտեսական ու մշակութային ազդեցությունը կարող են սրվել՝ հրահրելով անջատողական տրամադրություններ։ Սա կհանգեցնի Իրանի ներսում ճգնաժամի և տարածաշրջանային անվտանգության լրջագույն խափանման։
Ռուսաստանի համար Հայաստանը համարվում է կենսական «բուֆերային գոտի», և Հայաստանի անկումը կհանգեցնի Ռուսաստանի հարավկովկասյան քաղաքականության ձախողմանը՝ ազդելով նաև Կրեմլի միջազգային վարկի վրա։
Այս առումով՝ Հայաստանը փաստորեն ծառայում է ոչ միայն սեփական, այլև տարածաշրջանի, Ռուսաստանի ու Իրանի անվտանգության ապահովմանը։
Միջազգային իրավունքի տեսանկյունից ուշագրավ են Բոլիվիայի և Չիլիի հարաբերությունները, որոնք սկսվեցին 19-րդ դարի վերջերին։ Բոլիվիան, կորցնելով ելքը դեպի Խաղաղական օվկիանոս, բազմիցս պահանջել է միջանցք ո՛չ թե ռազմական ուժի, այլ իրավական ճանապարհով։ Սակայն 2018 թվականին Հաագայի Միջազգային դատարանը մերժեց Բոլիվիայի պահանջը՝ հստակեցնելով, որ ըստ միջազգային իրավունքի՝ Չիլին պարտավոր չէ Բոլիվիային միջանցք տրամադրել։
Այս վճիռը նախադեպ է բոլոր պետությունների համար և հստակ ուղերձ, որ տարածքային խնդիրները լուծվում են բացառապես երկկողմ համաձայնություններով և ոչ թե պարտադրանքով։

Այսօր Թուրքիայի նեցուկն ունեցող Ադրբեջանը առաջ է քաշում համանման պահանջ՝ փորձելով Հայաստանի Հանրապետությանը պարտադրել միջանցք նրա տարածքով (այն էլ՝ ՀՀ-ի կողմից ամբողջովին անվերահսկելի)։ Միջազգային հանրությունը պետք է հիշի Բոլիվիայի փորձը և դատապարտի այս ապօրինի պահանջները։
Հայաստանի ներքին քաղաքական կյանքում վերջին տարիներին նկատվում է սրընթաց քայքայում, որի հստակ դրսևորումներից է պետական կառավարման համակարգի թուլացումը, բանակի անկումը և ազգային դիմադրողականության կորուստը։ Նիկոլ Փաշինյանի վարչակարգը, չնայած հրապարակավ խոսում է անկախության և ինքնիշխանության մասին, իր գործելաոճով միտում ունի դավաճանության և ազգային շահերի դեմ գործելու։
Պատերազմի հետևանքների ծանր բեռը, կորուստները և ներքին հակասությունները վերածվել են պատրվակի՝ ընդդիմադիր ուժերի հետապնդման և պետական ապակառուցողական քայլերի համար։ ՀՅԴ անդամների տներում իրականացվում են խուզարկություններ, ձերբակալվում են հայրենասեր քաղաքական գործիչներ, իսկ այն օրերին, երբ խուզարկություններն իրականացվում են, վարչապետը հանդիպում է Ալիևի հետ՝ Աբու Դաբիում, մի վայրում, որը կարծես դարձել է դիվանագիտական կուլիսային պայմանավորվածությունների նոր կիզակետ։
2025 թվականի հուլիսին, մինչ Աբու Դաբիում կայացած հանդիպումը, Հայաստանի վարչապետը մասնակցեց Ստամբուլում անցկացված միջոցառմանը, որտեղ հայտարարեց, թե «միջանցքի գաղափարը խնդիր չէ»։ Այս ելույթը հնչեց ոչ միայն թուրքական, այլև արևմտյան լսարանի ներկայությամբ՝ խաղաղության պատրանքի ներքո ներկայացվող զիջումի տրամաբանությամբ։ Այնուհետև, տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև այս տարվա առաջին ուղիղ հանդիպումը Աբու Դաբիում, առանց ակնհայտ միջնորդների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ Եվրամիության։ Հանդիպման վայրի ընտրությունը պատահական չէր. վերջին տարիներին Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) խորացրել է հարաբերությունները թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ՝ խոշոր ներդրումներ կատարելով այդ երկրների էներգետիկ և ենթակառուցվածքային ոլորտներում։
2024-ի դեկտեմբերին ԱՄԷ-ն և Ադրբեջանը ստորագրեցին համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագիր, ընդլայնեցին համագործակցությունը վերականգնվող էներգիայի ոլորտում և մեկնարկեցին համատեղ լոգիստիկ նախաձեռնություններ։ Թուրքիան, ԱՄԷ-ն և Իսրայելը գործուն ներգրավվածություն են ցուցաբերում տարածաշրջանում։ Թեև դժվար է խոսել հստակ ձևավորված դաշինքի մասին, սակայն այս զարգացումները վկայում են Հարավային Կովկասում նոր տիպի համախմբման ձևավորման մասին՝ տնտեսական, քաղաքական և ռազմավարական բաղադրիչներով։
Այս իրողությունների ֆոնին Հայաստանը կանգնած է դիվանագիտական մի նոր փուլի առջև, որտեղ ինքնիշխանության և հավասարակշռության պահպանումը հնարավոր է միայն Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների ռազմավարական վերաիմաստավորման ու խորացման պայմաններում։ Այս պետությունները, որոնք դեռևս շահագրգռված են տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանմամբ, կարող են դառնալ այն հենասյուները, որոնց միջոցով Հայաստանը կզսպի արտաքին ճնշումները և կվերականգնի իր տարածաշրջանային դերակատարությունը։ Առանց այդ ուղեգծի՝ Հայաստանը կարող է շարունակաբար ենթարկվել նոր փաստի առաջ կանգնեցվելու փորձերի, որոնք վտանգում են նրա թե՛ տարածքային ամբողջականությունը և թե՛ ազգային ինքնությունը։
Այլ մեծ խնդրի առաջ է կանգնած Հայ Առաքելական Եկեղեցին։ Դարեր շարունակ նա եղել է մեր ժողովրդի ինքնության ու գոյության կարևոր սյունը, բայց այսօր հայտնվել է ճնշումների տակ։
Վերջին ամիսներին Տավուշի և Շիրակի թեմերի առաջնորդ Բագրատ Գալստանյան ու Միքայել Աջապահյան արքեպիսկոպոսները անօրինական կերպով կալանավորվել են և գտնվում են ԱԱԾ մեկուսարանում: Այս աննախադեպ փաստը վկայում է պետության կողմից հոգևոր կառույցների դեմ իրականացվող պարբերական ճնշումների մասին։
Պատմական զուգահեռները հիշեցնում են, որ ցեղասպանության տարիներին ասկյարները ուժ էին կիրառում ոչնչացնելու հայկական հոգևոր և մշակութային կենտրոնները՝ համոզված լինելով, որ հավատն ու հոգևորությունը ազգի պահպանման հիմնասյուներից են։
Այսօր կրկնվում է նույն սցենարը՝ նոր ժամանակների նոր մարտավարությամբ, բայց այս անգամ հայի ձեռքով։
Հայկական սփյուռքն ունի առանցքային նշանակություն Հայաստանի ապագայի համար։ Սփյուռքն այսօր ունի ֆինանսական, քաղաքական, մշակութային հսկայական կարողականություն, որը, սակայն, արդյունավետ չի կիրառվում՝ ներքին փտածության և քաղաքական շահերի պատճառով։
Հազվադեպ են լինում համահայկական միասնություն և համակարգված ջանքեր, որոնք կարող են ազդել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա։
Սփյուռքը պետք է դուրս գա կարճատես քաղաքական շահարկումների տարածքից և միավորվի ազգային ինքնության, պետականության և անվտանգության օրակարգի շուրջ։
Հայաստանի պատմությունը բազմիցս ապացուցել է, որ հայ ժողովուրդը ոչ միայն գոյատևել է, այլ նաև վերածնվել է ամենաբարդ պահերին։ Սակայն այդ վերածնունդը չի կարող լինել պատահական կամ կախված արտաքին ուժերից։ Այն պայմանավորված է մեր հավաքական կամքից, ինքնագիտակից ընտրություններից և ռազմավարական մտածողությունից։
Այսօր մենք ընտրության առաջ ենք՝ կա՛մ մնալու ենք ականատեսները, թե ինչպես պատմական հայրենիքը վերածվում է դաշինքների ու շահերի տարափի զոհի, կամ կդառնանք ազգային դիմադրության շարժման առանցքային մասը՝ վերականգնելով մեր երկրի պատիվն ու անկախությունը։
Միայն համախմբված և պատրաստ՝ կարող ենք ապացուցել, որ Հայաստանը ոչ միայն ներկա է աշխարհաքաղաքական խաչմերուկում, այլև կարող է դառնալ տարածաշրջանի խաղաղության և կայունության երաշխավորը։
Մենք ունենք պատմական պարտավորություն՝ պահպանել մեր երկրի հողը, մշակույթը, հավատն ու լեզուն՝ դրանք հաջորդ սերունդներին ժառանգելու համար։ Եվ այդ պարտավորությունն իրականացնելու համար պետք է կարողանանք հաղթահարել վախի ու հիասթափության սահմանը և համախմբվել գոյության ուղու շուրջ՝ անկախ քաղաքական հակադրություններից։
Հայաստանին այսօր ամեն ժամանակից ավելի անհրաժեշտ է միասնություն, որն ամրագրվի ոչ թե թղթով, այլ գործնական քայլերով, առանց խաբեության ու խոչընդոտների։
Համաձայնեք, թե չէ, բայց մեզ մնում է միայն այս ճանապարհը իբրև գոյության ռազմավարություն, այլ ոչ թե պարտվողականության քաղաքականությունը, որտեղ կորցնում ենք ոչ միայն հողը, այլ նաև մեր հոգին ու ինքնությունը։
Մարգարիտա Կրտիկաշյան, Էլ. փոստ`[email protected]
1 comment
13 օր առաջ պարսկերեն նամակ ուղարկել եմ Իրանի արտաքին գործերի նախարարության և Երևանում Իրանի դեսպանին: Իրանական պաշտոնյաների հայտարարություններից Սյունիքի մասին դրական արձագանք լսեցինք։ Սա մեր ազգային շահերի համար դրական քայլ է և չափազանց գնահատելի։
Թուրքերը մոտ 200 տարի է Իրանի Ատրպատականի, Թավրիզի, Ուրմիյի (իմ ծննդավայրը), Սալմաստի, Խոյի, Մաքուլի և այլ Իրանական Ադրբեջանի շրջանների վրա աչք ունեն։ Սյունիքի չարագուշակ ծրագրերը ինչպես մեր ինքնիշխանության, ազգային շահերին հակասում են, նույնպես հակասում են Իրանի ազգային և ռազմավարական շահերին։
Իրանի հոգևոր առաջանորդ այաթոլա Խամենեիի միջազգային հարցերով գլխավոր խորհրդական, նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթի ասեց «Զանգեզուրի միջանցքի» նախագծին աջակցում են « պանթուրքիստական շարժումները» և դա հակասում է Իրանի ազգային շահերին։
Վելայաթիի համոզմամբ՝ «Զանգեզուրի միջանցք» անվան տակ իրականում թաքնված է լայն աշխարհաքաղաքական ծրագիր Իրանի դեմ: Նրանց «իրական նպատակն է թուլացնել «դիմադրության առանցքը», խզել Իրանի կապը Կովկասի հետ և հարավում Իրանի ու Ռուսաստանի դեմ իրականացնել ցամաքային բլոկադա»:
Խոսելով Ադրբեջանի և Թուրքիայի առաջ քաշած «Զանգեզուրի միջանցք» նախագծի աշխարհաքաղաքական նպատակների մասին, Վելայաթին ընդգծում է՝ Թեհրանը ի սկզբանե հստակ ու վճռական կերպով ընդդիմացել է այս քայլերին և նույնիսկ «սահմանին ուժեր է տեղակայել և իրականացնում է կանխարգելիչ զորավարժություններ՝ ցույց տալու համար, որ Իրանի համար ազգային անվտանգությունը կարմիր գիծ է»:
Վելայաթիի խոսքով՝ «պասիվ արձագանքի» փոխարեն «ակտիվ կանխարգելման» քաղաքականությունը Իրանի կողմից որդեգրված խելացի ռազմավարություն է:
Թեհրանը «Զանգեզուրի միջանցքի» թեման գրեթե ամենօրյա ռեժիմով շարունակում է պահել իր օրակարգում, Իրանի արտգործնախարարի խոսնակ Իսմայիլ Բաղային ընդգծել է, որ ուշադիր հետևում են զարգացումներին:
Խոսելով «տրանսպորտային երթուղիների ընդլայնման» մասին, Բաղային ասել է, որ «այն ոչ մի կերպ չպետք է հակասի երկրների ազգային ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև չպետք է հանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության կամ ճանաչված սահմանների որևէ փոփոխության»: