Մեր ժամանակների սուրբը` Իգնատիոս արք. Մալոյան

Վարդան Թաշճյան, Բեյրութ, 27 օգոստոս 2025

2025 թվականի հոկտեմբերի 19-ին Հայ կաթողիկե եկեղեցին, աշխարհի կաթողիկե հավատացյալները և հայ ազգը ականատես կլինեն հոգևոր և պատմական մեծության մի իրադարձության՝ հայ կաթողիկե արքեպիսկոպոս, երանելի Իգնատիոս Մալոյանի սրբադասմանը։

Մալոյանի սրբության ճանապարհն սկսվել է Հայոց ցեղասպանության ժամանակ նրա նահատակության՝ Հռոմեական կաթողիկե եկեղեցու պաշտոնական ճանաչմամբ։ Մեծ եղեռնի ամենամռայլ օրերին՝ 1915 թ. հունիսին, օսմանյան իշխանությունները նրան ձերբակալել, տանջել և մահապատժի են ենթարկել։ Նա մերժել է իսլամն ընդունել՝ նախընտրելով նահատակությամբ հաստատել իր հավատարմությունը Քրիստոսին և Նրա բանավոր հոտին։

Չնայած Վատիկանը հրապարակայնորեն չի հրապարակել 2025 թվականի սրբադասմանը հանգեցրած գործընթացի բոլոր մանրամասները, հայ կաթողիկե կենտրոններից ստացված հաղորդագրությունները վկայում են Զմմառի Հայ կաթողիկե պատրիարքական միաբանութեան և Հայ կաթողիկե պատրիարքության ղեկավարած կայուն և նպատակասլաց արշավի մասին: Հռոմ են ներկայացվել բազմաթիվ դիմում-նամակներ, որոնցում ընդգծվում է Մալոյանի նահատակությունը և հավատացյալների շրջանում նրա աճող հեղինակությունը։

2024 թվականի վերջին Վատիկանի Սրբերի գործերի ժողովն ավարտեց իր ուսումնասիրությունը, և Ֆրանցիսկոս պապը հաստատեց սրբադասումը՝ առանց լրացուցիչ հրաշքի անհրաժեշտության՝ ինչը թույլատրվում է նահատակության դեպքերում։ Որոշումը արտացոլում է ոչ միայն Մալոյանի անհատական սրբությունը, այլև Վատիկանի՝ Հայոց ցեղասպանության և անթիվ հայ քրիստոնյաների հոգևոր զոհաբերության շարունակական ճանաչումը։

Սուրբ Աթոռը պաշտոնական որոշումը հրապարակել է այս տարվա սկզբին՝ սրբադասման օրը սահմանելով հոկտեմբերի 19-ը։ Այդ օրն ընդմիշտ կնշվի Կաթողիկե եկեղեցու Պատարագի օրացույցում։

Իգնատիոս արք. Մալոյանի առաջիկա սրբադասումը ոչ միայն հայկական կամ համակաթողիկեական, այլև համաշխարհային քրիստոնեական նշանակություն ունեցող իրադարձություն է։ Մալոյանը դառնում է քրիստոնեական նահատակության համընդհանուր խորհրդանիշ։

Հայերի համար Մալոյանի սրբադասումը իրենց նահատակների հոգևոր ժառանգության և իրենց քրիստոնեական ինքնության կառչածության վերահաստատում է։ Կաթողիկեների համար՝ դա ամրապնդում է Եկեղեցու միասնությունը մշակույթներում և մայրցամաքներում։ Աշխարհին սա հիշեցում է, որ հավատքն ու խիղճը կարող են հաղթել նույնիսկ մահվան։

Լևոն ԺԴ պապի հանդիսապետությամբ սրբադասման արարողությունը տեղի կունենա Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում։ Կմասնակցեն պատվիրակություններ Լիբանանից, Հայաստանից և հայկական սփյուռքից, ինչպես նաև արևելյան կաթողիկե և ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչներ։

Սրբադասումից հետո Իգնատիոս Մալոյանը կներառվի համընդհանուր եկեղեցական օրացույցում, իսկ Հայ կաթողիկե եկեղեցին ամեն տարի կնշի նրա տոնը հունիսի 11-ին՝ նրա նահատակության օրը։ Հատուկ պատարագներ կմատուցվեն նաև Զմմառում, Մարդինում (Թուրքիա) և սփյուռքի գաղութներում։

Մկրտության անունով Շուքրալլահ Մալոյան, Իգնատիոս արք. Մալոյանը ծնվել է 1869 թ. ապրիլի 15-ին՝ Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտի նահանգի Մարդին քաղաքում, Հայկական Միջագետքի հարթավայրում գտնվող պատմական քաղաք՝ հարուստ իր կրոնական և մշակութային բազմազանությամբ: Այդ ժամանակ Մարդինում ապրում էր մեծ և կենսունակ հայ կաթողիկե համայնք՝ քրիստոնեական այլ խմբերի՝ ասորի կաթողիկեների, քաղդեացիների և ավետարանականների կողքին:

Շուքրալլահի դաստիարակությունը խորապես հոգևոր էր: Ծնվելով բարեպաշտ ընտանիքում, նրա վաղ կյանքը ձևավորվել է ընտանեկան սրբության, քրիստոնեական արժեքներին և հայկական ինքնությանը համապատասխան: Մանկուց ցուցաբերել է բացառիկ բարեպաշտություն և խորը կապվածություն եկեղեցուն: Դպրոց գնալուց առաջ նա հաճախ մասնակցել է պատարագներին՝ ներշնչվելով պատարագի ծեսերով ու ոգով:

Նրա հայրը՝ Մելքոնը, մահացել է նախքան որդու քահանայությունը: Մայրը՝ Ֆարիդան (Թերեզիան), հետագայում կկիսի նրա նահատակությունը՝ մահանալով որդու վախճանումից կարճ ժամանակ անց: Ցեղասպանության ժամանակ Իգնատիոսի քույրերն ու եղբայրները արժանացան նույն ճակատագրին, ինչ շատ հայեր. ոմանք նահատակվեցին, մյուսները անհետ կորան: Այս ողբերգությունները, ի վերջո, կենտրոնական դեր խաղացին Մալոյանի հավատքի ճանապարհորդության և նրա վկայության հոգևոր ուժի մեջ։

1883 թվականին 14 տարեկան Շուքրալլահն ուղարկվեց Զմմառի (Քեսրուանի գավառ, Լիբանան) հայ կաթողիկե պատրիարքական դպրեվանք: Երկար ժամանակ Զմմառը աստվածաբանության, հոգևոր դաստիարակության և մշակութային դիմադրողականության փարոս էր եղել: Այնտեղ երիտասարդ Շուքրալլահն ստացել է բազմակողմանի կրթություն՝ ուսումնասիրելով փիլիսոփայություն, աստվածաբանություն, լեզուներ և, ամենակարևորը, ընկղմվել աղոթքի, պարզության և կարգապահության կյանքի մեջ։

Հիվանդության պատճառով նա ստիպված էր վերադառնալ Մարդին 1888-ին։ Ապաքինվելուց հետո 1891-ին շարունակում է ուսումը Զմմառում: 1896-ին ձեռնադրվում է քահանա՝ ստանալով Իգնատիոս անունը՝ ի պատիվ վաղ եկեղեցու նահատակ հայրերից սուրբ Իգնատիոս Անտիոքացու։ Ընտրված անունն էլ նախանշեց Մալոյանի սեփական ճակատագիրը։

Հայր Իգնատիոս Մալոյանն ամբողջությամբ նվիրվեց Աստծո և Հայ կաթողիկե եկեղեցու ծառայության: Քահանայական առաքելությունը նրան տարավ Մերձավոր Արևելքով մեկ. 1898-1904 թթ. ծառայել է Ալեքսանդրիայում և Կահիրեում՝ հոգալով Եգիպտոսում աճող հայկական գաղութի կարիքները: Ավելի ուշ վարել է Կոստանդնուպոլսում Հայ կաթողիկե եկեղեցու արխիվների և դիվանի ղեկավարի պաշտոնը։

Բոլոր պաշտոններում Մալոյանը հայտնի դարձավ իր հովվական խնամքով, խոնարհությամբ և իր հոտի հանդեպ սիրով։ Նա նաև գովաբանվեց քարոզչության մեջ իր ճարտասանության, հոգևոր առաջնորդության և աշխատանքային բարոյականության համար։ Նրա ղեկավարներն ու լծակիցները նրա մեջ նկատեցին խորը վավերականության, աղոթքի և գործի մարդուն։

1910-ին Մալոյանը նշանակվեց Մարդինի ծեր եպիսկոպոս Հովսեփ Գուլյանի օգնական։ 1911 թ. հոկտեմբերի 22-ին Մալոյանը Պողոս-Պետրոս ԺԳ Թերզյան կաթողիկոս-պատրիարքի ձեռամբ Հռոմում օծվեց Մարդինի արքեպիսկոպոս։ Նա վերադարձավ Մարդին 1912 թ. վերջին՝ առաջնորդելու իր համայնքը հետզհետե վտանգավոր դարձող ժամանակաշրջանում։

Մարդինի հայ կաթողիկե թեմն ուներ ավելի քան 22.000 հավատացյալ։ Մալոյան արքեպիսկոպոսը անմիջապես սկսեց ամրապնդել թեմի կրթական և հոգևոր կյանքը։ Նա անձամբ այցելում էր ծայրամասային գյուղեր, հոգում ծխական դպրոցները, բարձրացնում կրոնական ուսուցման չափանիշները և խրախուսում Սուրբ Պատարագի և Սուրբ Վարդարանի տոնակատարությունը՝ խորհուրդ տալով թե՛ հոգևորականներին, թե՛ աշխարհականներին խորացնել իրենց նվիրումը Եկեղեցուն։

Չնայած եկեղեցական բարձրաստիճան պաշտոնյայի իր դերին, Մալոյանը մնաց զարմանալիորեն համեստ։ Իր օծումից առաջ գրած ինքնակենսագրականում նա նշել է. «Ես երբեք հիշարժան բան չեմ արել իմ կյանքում… Ես չեմ կարողացել քավել իմ մեղքերը։ Սա իմ աղքատ և տխուր կենսագրությունն է»։

Նրա ինքնամփոփ տոնը հերքում էր այն խորը ազդեցությունը, որը նա թողել էր շրջապատի մարդկանց վրա։ Նա իսկական հովիվ էր, ով բնութագրվում էր համեստությամբ, ճգնավորությամբ և պարտականությանը նվիրվածությամբ։ Նա երբեք իրեն մեծ կամ արժանի չէր համարում։ Հենց այս խոնարհությունն էր, որ նրան բարձրացրեց Եկեղեցու և իր ժողովրդի աչքում։

Երիտթուրքական վարչակարգի 1913 թ. իշխանության վերստին գալու և առաջին համաշխարհային պատերազմի բռնկման հետ Օսմանյան կայսրության հայերի վիճակը արագորեն վատթարացավ։ Մարդինը, չնայած պետությանը հավատարմությանը, ներգրավվեց քրիստոնյա բնակչությանը վերացնելու համակարգված ծրագրում։

1915 թ. ապրիլի 30-ին օսմանյան իշխանությունները ներխուժեցին Մարդինի հայ կաթողիկե եկեղեցի և առգրավեցին բոլոր գրություններն ու արխիվները: Մայիսի 1-ին Մալոյան արքեպիսկոպոսը հավաքեց իր հոգևորականությանը և հոգևոր վկայություն տվեց քաջության, միասնության և հավատքի մասին: Գիտակցելով, որ հալածանքներն անխուսափելի են, նա խնդրեց իր քահանաներին մնալ անսասան:

Հունիսի 3-ին Մալոյանը ձերբակալվեց համայնքի մի քանի առաջնորդների հետ միասին: Հաջորդ օրերին նա ենթարկվեց խիստ հարցաքննությունների և բազմիցս ստացավ իսլամն ընդունելու առաջարկություն: Նա հրաժարվեց՝ անսասան վճռականությամբ:

Հունիսի 11-ին, իր համայնքի ավելի քան 400 անդամների հետ, նա շղթայված արտաքսվեց այն մահվան երթով, որը հետագայում հայտնի դարձավ որպես «Մալոյանի քարավան»: Ճանապարհին նա Սուրբ հաղորդություն մատուցեց հավատացյալներին՝ աղոթելով և մխիթարելով նրանց, երբ նրանք բախվում էին տանջանքների և մահվան:

Ի վերջո, Մալոյանին մյուսներից բաժանելով, նրան առաջ նորից դրեցին երկընտրանք՝ կրոնափոխություն կամ տանջամահություն: Նրա պատասխանը պարզ էր. «Ես երբեք չեմ ուրանա կամ դավաճանի Հիսուս Քրիստոսին, իմ Փրկչին… Ես ինձ կհամարեմ այն բախտավորներից մեկը, ովքեր կհանդիպեն Աստծուն Նրա ամենաբարձր երկնքում»։

Մի քանի ակնթարթ անց կրակեցին նրա պարանոցին։ Վերջին խոսքերն էին. «Տե՜ր, ողորմի՜ր ինձ։ Ես իմ հոգին հանձնում եմ Քո ձեռքը»։

Դա 1915 թ. հունիսի 11-ն էր, Հիսուսի Սուրբ Սրտի տոնին օրը։

Մալոյանին ամենաշատը բնորոշող առաքինությունը Քրիստոսին, Եկեղեցուն, իր ժողովրդին և իր հայկական ինքնությանը նրա հավատարմությունն էր, որը երբեք չի տատանվել։ Նրա պատմությունը մարմնացումն է Քրիստոսի խոսքերի. «Հավատարիմ եղիր մինչև մահ, և Ես կտամ քեզ կյանքի պսակը» (Հայտնություն 2։10)։

Իգնատիոս Մալոյանի սրբադասումը հոկտեմբերի 19-ին՝ հաստատում է, որ սրբադասումը փառքի, հրաշքների կամ դրամայի մասին չէ։ Դա վերաբերում է առաքինությանը, որն ապրվում է առօրյա կյանքում, ձևավորվում աղոթքով և մատուցվում Աստծուն։

 

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like