Հավատարիմ մնանք մեր արմատներին

Տատյանա Դարբինյան, ԾԻԼ համայնք, ԱՄՐՈՑ հիմնադրամ, Երևան, 27 հուլիս 2024

Մի դարաշրջանում, որտեղ համաշխարհայնացումը (գլոբալիզացիա) հաճախ սպառնում է քայքայել ազգերի մշակութային ինքնությունը, հեքիաթասաց Աստրիդ Կամալյանը ամուր է կանգնած: Օգտագործելով իր գրական կարողությունը, նա պաշտպանում և առաջ է մղում իր ազգի մշակութային ժառանգությունը: Արժեքներ ստեղծելու և աշխատանքի միջոցով լույս սփռելու նրա հանձնառությունը վկայում է իր արմատներին անմնացորդ նվիրվածության մասին:

Զբաղվելով գրական գործունեությամբ, Աստրիդ Կալամլյանի նպատակն է Հայաստանը դնել Արևմուտքի մտքի քարտեզում:

– Իմ նպատակն է, որ մեզ ճանաչեն, ճանաչեն ոչ միայն մեր պատմությունը, թե ինչ է եղել մեզ հետ, այլ ճանաչեն մեր էությունը՝ ով ենք մենք,– ասում է Կամալյանը:

Աստրիդը ծնվել է Հայաստանում: Նրա ձևավորման տարիներն անցել են Արցախի գեղատեսիլ բնապատկերների և հարուստ մշակութային ժառանգության միջավայրում: Այս վաղ շրջանն էլ խորապես ձևավորել է նրա գնահատանքը հայկական ավանդույթների և պատմության հանդեպ, որոնք վառ արտացոլված են նրա «ԲԱԲՈ» ստեղծագործության մեջ:

Աստրիդն այսօր բնակվում է Հայրենիքից հեռու՝ Չիկագոյում, բայց միշտ սրտով մոտ է մնում իր բնօրրանին: Չնայած հեռավորությանը, նա ամուր կապ է պահպանում Հայաստանի հետ՝ իր երեխաների հետ հաճախ այցելելով Հայրենիք:

– Իմ համոզումով, մարդն իր հողը պիտի ճանաչի, ֆիզիկապես և հոգեպես իր հողի վրա պիտի լինի: Ես երեխաներիս հետ հաճախ ճամփորդում եմ դեպի Հայաստան: Հայաստանից հեռու՝ չեմ կարող լիարժեք հայ մնալ, դա անհնար է:

Վերադառնալով երեխաների մասին զրույցին, ասում է․– Երեխաները շատ դժվար թե սիրեն մի բան, որը միայն տեսական է, շատ դժվար է սիրել մի բան, որին չի կարելի դիպչել, շոշափել, տեսնել անմիջականորեն…

Այո՛, մեր հայկական հողի հետ ֆիզիկական կապը մեր ինքնությունը հասկանալու և դաստիարակելու էական մասն է: Հազարամյակների պատմության մեջ թաթախված Հայաստանի հողը խտացնում է մեր նախնիների պայքարի, հաղթանակների և ավանդույթների էությունը: Քայլելով այս հողի վրա, զգալով նրա հինավուրց քարերը մեր ոտքերի տակ, մենք հիշում ենք մեր արմատներն ու սերունդների միջով փոխանցված ազգային ոգին: Բարձր ու խրոխտ կանգնած հայոց լեռները ավելին են, քան պարզապես աշխարհագրական վայրեր. դրանք ուժի և հավերժի խորհրդանիշներ են: Մեր լեռները ականատես են եղել ժամանակի ընթացքին և մեր ազգի տոկունությանը: Եվ ի՞նչը կարող է մեր ինքնության մասին ավելի լավ պատմել եթե ոչ մեր աժդահա լեռները:

– Նախ և առաջ մենք ունենք ինքներս մեզ ճանաչելու շատ մեծ խնդիր: Ի՞նչ եք կարծում՝ որտեղի՞ց պետք է սկսել: Ինչպե՞ս կրթել սեփական պատմությունը լավ իմացող, ապագայում ուժեղ որոշումներ կայացնող սերունդ:

– Պետք է սկսել մշակույթի՛ց: Շատ երկար տարիներ պահանջվեցին որպեսզի ես զարթնեմ և հասկանամ, թե ինչպե՛ս էին մեզ սխալ մշակում բոլոր կողմերից:

Կամալյանը պատմում է, թե ուսանողական տարիներին, դասախոսությունները միշտ սկսում էին «Հայաստանը փոքր և քարքարոտ երկիր է» նախադասությամբ, որով փորձում էին ստորակայության կամ թերարժեքության բարդույթ ներարկել հայրենի ուսանողության մեջ:

– Դու երիտասարդ ուսանող ես, ունես հզոր ներուժ (էներգիա), ամեն օր գնում ես դասի ու քեզ ասում են՝ ո՛չ, դու ոչնչություն ես, դու փոքր ես, այնքան փոքր, որ բան չես կարող փոխել: Այս քարոզչությունը պատահական չէր կարող լինել: Այո՛, մենք փոքրաթիվ ենք, այո՛, մեր խնդիրները շատ են, բայց ինչո՞ւ եք միայն դրանք նշում, ինչո՞ւ չեք ուսումնասիրում այլ երկրների հաջողված օրինակները: Խոսում եք միայն այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության հետ համեմատած, մեր պաշարները շատ սահմանափակ են, և շեշտը չեք դնում այն բանի վրա, թե ի՞նչը մենք կարող ենք զարգացնել, ի՞նչ ուղղությամբ կարող ենք աճել: Այո՛, երկար տարիներ պահանջվեցին որ ես հասկանամ, թե սա նպատակաուղղված գաղափարախոսական ուղեղալվացք է:

Մեր մտածողությունը ազդում է մեր գործողությունների վրա: Մենք պետք է այս կաղապարներից դուրս գանք: Անելիքները շատ են: Այդ առումով, մանկական գրականությունը ամենահեշտ տեղն է հայ նոր սերունդների դաստիարակությունը ճիշտ սկսելու համար, որովհետև մանուկների ուղեղները դեռևս լցված չեն չարամիտների գաղափար-կաղապարներով:

– Որոշ մարդիկ հավատում են, որ եթե մենք ամուր կառչենք մեր արմատներին և մշակույթին, մինչ աշխարհը առաջ է շարժվում, մենք հետ կմնանք: Ի՞նչ կարծիք ունեք այս տեսակետի մասին:

– Մեր արմատները ճանաչելու և զարգանալու տեսակետից՝ ես դրա մեջ որևէ հակասություն չեմ տեսնում: Ընդհակառակը: Իբրև օրինակ դիտարկենք ծառը. եթե նրա արմատները խորն են հայրենի հողում, ինքը հզոր ծառ է, իսկ եթե արմատները խորը չեն, մի քիչ աճե՞ց՝ ծառն ընկնելու է: Այսինքն, արմատները քեզ ուժ են տալիս առաջ գնալու:

Կա մոտեցում, որ մշակույթը պահածոյի նման մի բան է. դու տատիկիցդ ստացել ես, որպես պահածո իրեն պահում ես և հետո որպես պահածո հանձնելու ես քո թոռնիկին: Այս ձև վարվելով՝ մշակույթը – ամեն դեպքում՝ նրա մեծ մասը – ժամանակավրեպ է դառնալու, հասկանո՞ւմ եք: Մշակույթը այն չէ, որ դու տատիկիցդ պահածո չպիտի ստանաս: Դու ստանում ես միրգը, վերցնում նրա սերմը, թաղում ես հողում, ուր ինքը սկզբում ծիլ է դառնում: Եթե սեփականության զգացում չունենաս քո մշակույթի նկատմամբ, դու նրանից վախենալու ես, ինքը քեզ միշտ պահածո է թվալու: Բայց երբ ունենաս քո ազգային մշակույթի սեփականության զգացում, այն քեզ տալիս է նաև հնարավորություն և իրավունք՝ այն վերափոխելու: Դու կարող ես օրինակ վերցնել հայկական տարազը, հայկական երաժշտությունը, հայկական գրականությունը… Սրանք ծիլերն են, որոնցմով ստեղծում ես քոնը: Իսկ եթե չունես այդ ծիլը, դու օտարածին ծիլ ես վերցնելու, որտեղից էլ որ այն լինի: Բայց եթե դու ազգիդ մշակույթին վերաբերվես որպես քո սեփականության և քո այգու, որի մեջ դու կարող ես մշակել ինչպես ցանկանաս, այդ ժամանակ դա քեզ խնդիր չի թվա, ընդհակառակը՝ քեզ կթվա մեծ առավելություն և մեծ հարստություն, պարարտ մի այգի, որի մեջ դու գտնվում ես և որի մեջ դու կարող ես ստեղծել:

Աստրիդ Կամալյանի «ԲԱԲՈ» ստեղծագործությունը՝ գորգ լվանալու օրվա մասին սոսկ հեքիաթ չէ, այլ լույսի անոթ, որը լուսավորում է հայության գալիք սերունդների ուղին: Այն տոգորված է պատկանեկության և ինքնության խոր զգացումով: Իր «ԲԱԲՈ» գրքի միջոցով Կամալյանը հմտորեն նշում է հայ մշակույթի եզակի կողմերը, հույս տածելով, որ դրանք կշարունակեն ծաղկել իր ընթերցողների սրտերում և մտքերում:

Այս լուսավոր պատմությունը ծառայում է որպես անցյալը ներկային կապող կամուրջ՝ մեզ հիշեցնելով մեր մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը:

«Արտացոլո՞ւմ է արդյոք «ԲԱԲՈ»-ն ներկայիս հայ հասարակության ունեցած արժեքները» հարցումին Աստրիդ Քամալյանը պատասխանում է․

– Ինձ թվում է՝ այո՛ ու քանի որ մեզ մոտ դա սկսել է նվազել՝ անընդհատ հիշեցնել է պետք:

«ԲԱԲՈ»-ն իր շուրջն առաջացրել է մշակութային աղմուկ, հիշեցնելով մեզ մեր ով լինելը, այն փոքր և պարզ ավանդույթները որոնք մեզ դարձնում են Հայ: Շատերը լուսանկարներ են ուղարկել Աստրիդին, թե ինչպես են «ԲԱԲՈ»-ն կարդալուց հետո նորից գորգ լվանում, երեխաները ամեն գիշեր խնդրում են նորից կարդալ այն:

Աստրիդի խոսքերով՝ «ԲԱԲՈ»-ն սիրո ծնունդ է:

– Իմ տատիկը՝ իմ բաբոն ում հիման վրա ստեղծվել է գրքի կերպարը, իսկապես իմ իմացած ամենաբարի, ամենագեղեցիկ և ամենալուսավոր մարդն է: Նրա լույսն ու ջերմությունը գրքի միջոցով կգնան բոլոր տները և կլուսավորեն ու կջերմացնեն մեծ ու փոքր ընթերցողներին:

Եզրափակելով, «ԲԱԲՈ»-ն ավելին է, քան պարզապես հեքիաթ: Աստրիդի տատիկից ոգեշնչված կերպարի միջոցով հեքիաթն ամփոփում է բարության, գեղեցկության և լուսավորության էությունները, որոնք եկել են անցյալի սերունդներից և փոխանցվում են նոր սերունդներին:

Ճիշտ այնպես, ինչպես նրա լույսն ու ջերմությունը տարածվում են, թող այս հոդվածը նույն ջերմությունը փոխանցի իմ ընթերցողներին՝ լուսավորելով մեզ բոլորիս:

*****

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like