«Հոգու տիեզերք ազգային պարը»

Անուշ Գասպարյան, ԾԻԼ համայնք, ԱՄՐՈՑ հիմնադրամ, Երևան, 2 սեպտեմբեր 2024

Ամսեամիս աճում է այն մարդկանց թիվը, ովքեր միանում են հայ ազգային շուրջպարին: «Կարնո Քոչարի ես էլ գիտեմ», «Ինձ Իշխանաց պարը կսովորեցնե՞ս», «Իմ սիրածը Ֆնջանն է» և նմանատիպ այլ արտահայտություններ լսում ենք շատերից ու տարբեր միջավայրերում. մեկը սովորել է մասնագիտացված պարախմբում, ինչ-որ մեկը ուղղակի շարքի մեջ կրկնել է շարժումները: Բայց ամեն պարագայում այդ մարդիկ դարձել են գաղափարակից:

Կարևոր է հասկանալ, որ ազգային պարը սովորական պարերից տարբերվում է նրանով, որ ոչ միայն մարմինը շարժվում է երաժշտությանը համապատասխան, այլև ամեն շարժում ունի իր նշանակությունը: Ուս-ուսի լինելը, ծնկածալերը և զսպանակները, որոնք մարմնի վեր խոյացող շարժումներն են ապահովում, շուրջպարը կամ ուղիղ գծով պարելը, պարերի դեպի աջ և ձախ ընթացքները, ոտքով գետնին հարվածելը, ձեռքերի և գլխի շարժումները… Այս ամենն ունեն ազգի էությունը բնութագրող և արտահայտող խոր նշանակություն:

Մեր պարաքայլերին դեռ 20-րդ դարի սկզբին Կոմիտասն անդրադարձել է «Հայ գեղջուկ պարը» աշխատության մեջ, սակայն պարերի մինչև մեր օրեր փոխանցման գործում դժվար է գերագնահատել Սրբուհի Լիսիցյանի և Գագիկ Գինոսյանի ներդրումը: 1940 թվականին արվեստաբան, ազգագրագետ Սրբուհի Լիսիցյանը մշակեց պարերի գրառման մի համակարգ, որը կոչեց կինետոգրաֆիա (կարելի է թարգմանել՝ շարժագրություն): Այս համակարգի միջոցով հնարավոր դարձավ պարերի շարժումները ճշգրիտ գրառել և դրանց սկզբնական տարբերակները փոխանցել սերնդեսերունդ: Սրբուհի Լիսիցյանը ահռելի քանակությամբ պարեր է իմացել՝ ավելի քան 2000, սակայն այս համակարգով հասցրել է ամբողջապես գրառել միայն 2-ը: Հետագայում՝ արդեն մեր օրերում, Գագիկ Գինոսյանը և իր խումբը ուսումնասիրել են այս համակարգը, այն վերանվանել Կաքավագիր (գրաբարում կաքավել նշանակում է պարել) և շարունակել Լիսիցյանի գործը:

Գինոսյանը բանահավաքությամբ է զբաղվել ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև իր ծննդավայր Ջավախքում, Արցախում և անգամ ներկայիս Թուրքիայի տարածքում, որտեղ դեռ ապրում են ծպտյալ հայեր:

Կարևոր է այն, որ կա նաև ուսումնական գործընթաց. ազգային պարեր ուսումնասիրող երիտասարդները հնարավորություն ունեն ծանոթանալու Կաքավագրին: Թեև նրանց քանակը դեռ այնքան էլ մեծ չէ, սակայն հուսադրող է, որ նրանք կա՛ն, որ նրանք շարունակում են գործել այդ ոլորտում և հետագայում նրանք էլ կլինեն գիտելիքներ փոխանցողներ: ՀՀ հանրակրթական դպրոցներում ևս ուսումնասիրում են հայկական ազգային երգն ու պարը. ուսումնական ծրագիրն էլի պարոն Գինոսյանն է մշակել, կրթական ծրագրում այդ առարկայի ընդգրկումն էլ հենց Գինոսյանի համառ ու հետևողական աշխատանքի շնորհիվ է իրականացվել:

Հասկանալի է, որ տեղեկության բանավոր փոխանցումը այնքան հուսալի չէ, որքան գրավորը, ուստի Գինոսյանն ուներ համահավաք աշխատություն ստեղծելու ծրագիր, որը սակայն չհասցրեց իրագործել այս տարվա փետրվարին կյանքից անժամանակ հեռանալու պատճառով: Իր թողած հսկայական ժառանգությունը, սակայն, անտեր չի մնացել. Գինոսյանի աշակերտների բանակը շարունակում է պահպանել և տարածել այս մշակույթը՝ այսօր արդեն ավելի մեծ պատասխանատվությամբ: Տարիներ առաջ «Կարին» պարային համույթը սկսեց ամենամսյա բաց դասերի ավանդույթը, երբ ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը բոլոր ցանկացողները հավաքվում էին Կասկադում (տարվա ցուրտ ամիսներին՝ «Նարեկացի» արվեստի կենտրոնում), ծանոթանում ազգային պարին, մասնակցում պարուսուցմանը: Ես էլ մի քանի անգամ ներկա եմ եղել այդ միջոցառմանը և կվկայեմ՝ այդ ոգին, միասնությունը, սերն ու ուժը շատ քիչ տեղերում կարելի է զգալ: Այս ամիսը ևս բացառություն չէր՝ օգոստոսի 30-ին հավաքվել էինք Ազատության հրապարակում:

Ես մեծ հույս ունեմ, որ այս ավանդույթը դեռ շատ տարիներ է շարունակվելու, որ ազգային պարն ավելի մեծ տարածում է գտնելու, որ ավելանալու է մարդկանց թիվը, ովքեր ոչ միայն կրկնում են պարաքայլերը, այլև հստակ տիրապետում են պարերի խորհրդին ու նշանակությանը, օգտվում են պարերից ու դրանց շնորհիվ ճանաչում իրենց ազգն ու հենց իրենք իրենց: Գագիկ Գինոսյանն ասում էր. «Ինքնաճանաչման ավելի հզոր գործիք, քան մշակույթն է, գոյություն չունի», իսկ Րաֆֆին ասել է. «Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարտապես սիրել այն»: Ուստի այս մշակույթի տարածումը ոչ միայն Հայաստանի ներկայիս սահմաններում, այլև սփյուռքում, այսինքն՝ բոլոր հայերի շրջանում, մեզ կդարձնի անհաղթ մի ուժ, մի բռունցք:

Մեր ավագները գտել են, բացահայտել մեր մշակութային գանձը, նվիրել մեզ, և մեր պարտքն է խնամքով, հոգատարությամբ վերաբերվել այդ հարստությանը, պահպանել, զարգացնել, տարածել ու փոխանցել:

Եվ ինչպես ասում էր Գինոսյանը՝ Հիրո՜ւր խետ

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like