Վահրամ Աղաջանյան, Երևան, 26 սեպտեմբեր 2024
Մի քիչ թանաք թափեք, պարոնայք, մի քիչ թանաք թափեք:
Այլապես ազգովի դարձյալ արյուն ենք թափելու…
Ինչպես հայտնի է, Արցախյան հակամարտության «կարգավորմանն» ուղղված բանակցային ողջ գործընթացում մեզ բոլորիս քաջ ծանոթ ուժերը հայությանը պարտադրեցին ցինիկ, պարզունակ եւ ընդգծված հակահայկական «լուծման» այսպես կոչված փուլա-փաթեթային մոդել-թակարդը, որի էությունը հետեւյալն է. հայ ժողովուրդը իր պատմական տարածքները Ադրբեջանին պետք է հանձնի միանգամի՞ց (փաթեթային տարբերակ), թե՞ մի քիչ ուշ, աստիճանաբար (փուլային տարբերակ): Այսինքն՝ հայ ժողովուրդը ամեն դեպքում պետք է իր հազարամյա հողերը հանձնի արհեստականորեն ստեղծված մի պետության, որն աշխարհի քարտեզի վրա գոյություն ունի ընդամենը 100 տարուց մի քիչ ավելի:
Որևէ խնդրի, որևէ հակամարտության կարգավորումը պետք է սկսվի դրանց առաջացման պատճառների բացահայտումից՝ ճիշտ այնպես, ինչպես յուրաքանչյուր հիվանդության բուժումը սկսվում է ճշգրիտ ախտորոշումից: Արցախյան հակամարտությունն ունի ծագման միայն մեկ պատճառ. դա հարևան պետության կուսակցական մարմնի որոշումն է՝ Արցախը հարևան մեկ այլ պետության կազմում ընդգրկելու մասին: Պաշտոնապես ճանաչված այլ պատճառ պարզապես գոյություն չունի:
Ուստի ԱՄՆ-ի և Ռուսաստանի իշխանությունները, որոնք կարծես թե հանդես են գալիս միջնորդական առաքելությամբ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում, պետք է իրավական գնահատական տան Արցախը հարևան Ադրբեջանին բռնակցելու բոլշևիկյան մարմնի՝ Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության Կովկասյան բյուրոյի որոշմանը, որովհետև դա է ԼՂ հակամարտության առաջացման միակ պատճառը: Ֆրանսիան իր ազնիվ խոսքն արդեն ասել է՝ ըստ էության ճանաչելով Արցախի անկախությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկու երկրները՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, պարտավոր են պատասխանել հետևյալ հարցին․ «Կարո՞ղ է արդյոք երրորդ պետության կուսակցական մարմինը մի պետության մասը մյուսին բռնակցելու որոշում կայացնել, եթե անգամ սեփական երկրում տարածքային նման խնդիրներ լուծելու լիազորություն չունի: Օրինակ, կարո՞ղ է, ասենք, Մեծ Բրիտանիայի կուսակցական ինչ-որ մարմին՝ Ֆրանսիայի մի մասը Գերմանիային միացնելու որոշում կայացնել, ընդ որում՝ առանց Ֆրանսիայի համաձայնության: Չէ՞ որ հենց այդպես Արցախը խցկեցին Ադրբեջանի կազմ»:
Բայց որպեսզի Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի իշխանությունները իրավական գնահատական տան կոմունիստական կուսակցության՝ Արցախի հարցով ծայրից ծայր անօրինական այս որոշմանը, նրանց ինչ-որ մեկը պետք է դիմի պաշտոնական հարցումով: Սակայն ոչ ոք նրանց այս հարցադրմամբ չի դիմում (!): Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների արտաքին գործերի նախարարությունները ՈՉ ՄԻ ԱՆԳԱՄ (!) չեն համարձակվել ՆՈՒՅՆԻՍԿ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ (!) հայկական կողմի անթերի այս պահանջը:
36 տարի տևող հակամարտության ընթացքում հայկական կողմը պաշտոնապես այդպես էլ չդիմեց աշխարհին՝ Արցախի հարցով Ստալինի անօրինական որոշումը դատապարտելու կոչով: Պատկերավոր ասած՝ գլուխը բուժելու փոխարեն ազգովի ոտքն ենք բուժում: Ու դեռ զարմանում ենք, թե ինչո՞ւ աշխարհը մեզ չի հասկանում ու չի աջակցում…
Տողերիս հեղինակին, ինչպես և, համոզված եմ, աշխարհի բոլոր հայերին, հետաքրքրում է հետևյալ հարցը. ինչի՞ համար են հայ հարկատուները երկու արտգործնախարարություն պահում–կերակրում: Ինչի՞ համար ենք մենք միլիոնավոր բյուջետային դոլարներ վճարում ՀՀ և ԼՂՀ ԱԳՆ-ներին, ո՞ւմ են նրանք ծառայում և ո՞ւմ շահերն են պաշտպանում: Ինչո՞ւ նրանք մինչ օրս չեն օգտագործում հայկական կողմի հզորագույն փաստարկները, որոնց դեմ չի կարող առարկել հոգեպես առողջ որևէ մեկը: Մենք գործ ունենք սովորական տգիտության հե՞տ, թե՞ սա ինչ-որ այլ երևույթ է: Ինչո՞ւ նրանք Ռուսաստանի և ԱՄՆ-ի իշխանություններից չեն պահանջում իրավական գնահատական տալ Արցախի հարցով Ստալինի և բոլշևիկների ռասիստական որոշմանը: Կցանկանայինք տեսնել արևմտյան և ռուս այն դիվանագետներին ու քաղաքական գործիչներին, ովքեր կհամարձակվեն հրապարակավ պաշտպանել կոմունիստների անօրինական որոշումը:
Արցախի վերաբերյալ բոլշևիկների և Ստալինի անօրինական այդ վճիռը հայկական կողմի ամենաուժեղ փաստարկն է և Ադրբեջանի ու բոլոր հակահայկական ուժերի դիրքորոշման ամենախոցելի տեղը: Այդ փաստարկը պետք է դառնա հայկական դիվանագիտության «Հայր մերը», այն պետք է անընդհատ հնչի միջազգային դիվանագիտական բոլոր հանդիպումներում, գիտաժողովներում, մամուլի ասուլիսներում: Որովհետև, կրկնենք, նրան հակադրելու բառիս բուն իմաստով բան չկա: Ընդգծենք նորից. որևէ մեկը չի համարձակվի հրապարակավ հանդես գալ հօգուտ կոմունիստների և Ստալինի անօրինությունների:
Բայց մեր ԱԳՆ-ները, մոռանալով Արցախի հարցում հայ ժողովրդի անթերի ու հզոր այս փաստարկի մասին, «չգիտես ինչու» մտան ակնհայտորեն օտարերկրյա հատուկ ծառայությունների ընդերքում մշակված՝ ԼՂ հակամարտության կարգավորման փուլա-փաթեթային կատարելապես ապուշ, արհեստական բանավեճի, եթե կուզեք՝ թակարդի մեջ: Պատկերացնո՞ւմ եք, թե ադրբեջանական կողմը ինչ համառությամբ կպահանջեր միջնորդների պատասխանը, եթե այդ փաստարկները համապատասխանեին իր շահերին: Իսկ մենք լռում ու լռում ենք՝ առաջացնելով ողջ հայ ժողովրդի տարակուսանքն ու զայրույթը:
Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, թե ինչու միջնորդներին նման կոչով հանդես չեն եկել Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը և ՀՀ ու ԼՂՀ նախկին այլ ղեկավարներ: Հայազգի շատ դիտորդների խորին համոզմամբ, այդ մարդիկ սպասարկում էին բացառապես օտարի շահերը և ներդրվել են հայկական միջավայր հենց նման հարցեր չբարձրացնելու և հայ ժողովրդի արդար պահանջատիրությունն ամեն կերպ ականահարելու համար: Բայց Արցախի հարցում Սերժ Սարգսյանի և հայկական երկու հանրապետությունների մյուս ղեկավարների այս, մեղմ ասած, անհասկանալի դիրքորոշումը շարունակվում է նաև 2018-ի ոչ այն է հեղափոխությունից, ոչ այն է «տեղափոխությունից» հետո, այն էլ ավելի վատ, ավելի խայտառակ ձևով:
Ելնելով դրանից, կոչ ենք անում ՀՀ, Արցախի և Սփյուռքի ազգային ուղղվածություն ունեցող բոլոր քաղաքական ուժերին, գործիչներին, փորձագետներին, հայկական լրատվամիջոցներին՝ դիմել ԱՄՆ-ի և Ռուսաստանի իշխանություններին՝ առաջարկելով նրանց իրավական գնահատական տալ Արցախը հարևան Ադրբեջանի կազմ մտցնելու կոմունիստական կուսակցության որոշմանը: Խոսքն առաջին հերթին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հայերի մասին է, ովքեր պարտավոր են վերջապես արթնանալ լեթարգիական խոր քնից և իրենց երկրների իշխանություններից պահանջել պաշտոնական դիրքորոշում արտահայտել Արցախի հարցում Ստալինի անօրինական որոշման վերաբերյալ: Մենք բոլորս իրավունք ունենք իմանալ, թե այս աղաղակող անօրինականության մասին ինչ են մտածում այն մարդիկ, ովքեր վճռական դեր են խաղում մեր ճակատագրում:
ԱՄՆ-ի և Ռուսաստանի սիրելի հայեր, թանկագին հայրենակիցներ, ձեր այս քայլին սպասում է ողջ հայ հասարակությունը թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Սփյուռքում: Արթնացե՜ք վերջապես:
Դիմում ենք նաև ձեզ, ՀՀ և ԼՂՀ ԱԳՆ աշխատակիցներ․ ձեզանից պահանջվում է պատրաստել ընդամենը կես էջանոց գրություն և այն ուղարկել Ռուսաստանի ԱԳՆ և ԱՄՆ Պետդեպարտամենտ՝ առաջարկելով ձեր ռուս և ամերիկացի գործընկերներին հետևել Ֆրանսիայի օրինակին ու պաշտոնական գնահատական տալ Արցախի վերաբերյալ Ստալինի և կոմունիստական կուսակցության անօրինական որոշմանը:
Մի քիչ թանաք թափեք, պարոնայք, մի քիչ թանաք թափեք: Այլապես ձեր անգործության պատճառով ազգովի դարձյալ արյուն ենք թափելու: Վաղուց արդեն հասունացել է պահը, որ արցունքներից վերջապես անցնենք արդյունքների…
*****