Ի վերջո, ի՞նչ ես ուզում

Վահրամ Աղաջանյան, Փոխան խմբագրականի, Ստեփանակերտ, 18 ապրիլ 2023

Ավելի քան 100-ամյա արցախյան հակամարտության ընթացքում հարեւան Ադրբեջանը չի ունեցել եւ մինչ օրս չունի որեւէ օրինական փաստաթուղթ, որը կհաստատեր հայկական հինավուրց մարզի՝ Արցախի նկատմամբ իր  նկրտումները։ Միակ «փաստաթուղթը» Արցախի մասին Ռուսաստանի կոմկուսի Կովկասյան Բյուրոյի՝ կուսակցական մարմնի որոշումն է, մարմին, որն իրավունք չունի տարածքային հարցեր լուծելու նույնիսկ սեփական երկրում։

Այժմ, եթե Նիկոլ Փաշինյանը հանկարծ ստորագրի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման փաստաթուղթը և դրանով իսկ փաստացի ճանաչի Արցախի նկատմամբ Ադրբեջանի իրավունքը, նման փաստաթուղթ առաջին անգամ կհայտնվի պատմության մեջ (*)։ Փաշինյանը ոչ միայն օրինականություն կհաղորդի Արցախի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի նախահարձակման, այլև հայերի ապագա սերունդներին կզրկի մեր պատմական տարածքի նկատմամբ սեփականության իրավունքից։ Դա կլինի հայոց ազգային շահերի մեծագույն դավաճանությունը։ Դավաճանություն, որի նմանը երբեք չի եղել հայ ժողովրդի պատմության մեջ։

Իրավիճակի ողբերգակատակերգականն այն է, որ Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կամ ՀՀ ղեկավարությունից որեւէ մեկի ստորագրելիք որեւէ փաստաթուղթ սկզբից մինչեւ վերջ կլինի ապօրինի։ Պարզաբանենք մեր միտքը։

Այս ծիրում կա իրավիճակի զարգացման երեք տարբերակ.

  1. Եթե Փաշինյանը Արցախը համարում է առանձին պետություն, ապա նա իրավունք չունի որևէ փաստաթուղթ ստորագրելու այլ պետության անունից։
  2. Եթե ՀՀ վարչապետը Արցախը համարում է Ադրբեջանի մաս, ապա նա իրավունք չունի ոչ միայն Արցախի անունից որևէ փաստաթուղթ ստորագրելու, այլև ընդհանրապես մասնակցելու բանակցություններին։ Տվյալ դեպքում Ադրբեջանը պետք է բանակցի միայն Արցախի հետ, առանց Հայաստանի Հանրապետության, քանի որ Արցախի հարցը դիտարկվելու է որպես ներպետական խնդիր։
  3. Իսկ եթե Փաշինյանը Արցախը համարում է ՀՀ-ի մաս, ինչի մասին նա հայտարարել էր Ստեփանակերտի հանրահավաքում, ապա Ադրբեջանին հանձնելով Արցախի ինչ-որ տարածքներ, նա դրանով իսկ պետական դավաճանության արարք է կատարում, ինչը կրկին ապօրինի է դարձնում նրա որոշումը։

Չափազանց դժվար է հասնել նպատակին, երբ չգիտես, թե ո՛րն է նպատակդ։ Անհնար է ճանապարհ անցնել, եթե չգիտես, թե ո՛ւր ես գնում։ Անիմաստ է ինչ-որ փաստաթղթեր ստորագրել՝ իմանալով, որ դրանք անպայման կվիճարկվեն եւ կվերանայվեն։

Փաշինյա՛ն, ի վերջո, ի՞նչ ես ուզում։

Քո խոսքերով՝ Արցախը մեկ Հայաստանի Հանրապետության մի մասն է, մեկ՝ առանձին պետություն, մեկ՝ Ադրբեջանի մաս։ Կողմնորոշվի՛ր վերջապես։ Իսկ եթե չես կարողանում կողմնորոշվել, ապա օգնության համար դիմիր Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի այն ընկերներին, ովքեր քեզ իշխանության բերեցին՝ մինչև վերջ չբացատրելով, թե ինչպես պետք է վաճառել Հայրենիքը, որ թե՛ գայլերը կուշտ լինեն, թե՛ բոլորին քաջ հայտնի ոչխարները՝ ողջ մնան…

ԳԵՂԱՐԴ-ի խմբագրութեան ծանօթագրութիւնը.-Հաստատումը կը վերաբերի յետխորհրդային շրջանի նորագոյն պատմութեան:

 

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like