Հայաստան–Սփյուռք․ մեծ մտադրություն

Վահրամ Այվազյան, Երեւան, 30 Սեպտեմբեր 2020

Սեպտեմբերի 27–ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած նախահարձակումը, Պաշտպանության բանակի փայլուն ռազմագործողությունները և աշխարհաքաղաքական և մերձավորարևելյան տարածաշրջանի ռազմաքաղաքական վերաձևումները ինձ ստիպում են ևս մեկ անգամ անդրադառնալ դեռ սեպտեմբերի 21–ին՝ Հայաստանի անկախության օրը, իմ կողմից հրապարակված Հայաստանի զարգաման տեսլականի 12 կետերին:

Սեպտեմբերյան մարտերը Արցախում, Հայաստանի արևմտյան հարևան Թուրքիայի ուղիղ և հարձակողական ներգրավվածությունը Պաշտպանության բանակի դեմ մարտերում և միջազգային հանրության լղոզված, բայց սպասելի անդեմ կոչերը խաղաղության հաստատման վերաբերյալ ևս մեկ անգամ հայ ժողովրդին եկան ապացուցելու, որ վերջինս պարտավոր է ինքնակազմակերպվել և չեզոքացնել բոլոր սպառնալիքները՝ հույսը դնելով միմիայն հայոց ռազմական ուժի և թերևս այս օրերին արհամարհվող, բայց ոչ պակաս կարևոր հզոր տնտեսական զարգացման վրա։

Թեպետ հպարտորեն կարող ենք արձանագրել, որ Սփյուռքը իր տոկուն մասնակցությունն է ունեցել և ունենում է արցախյան գոյամարտերում և բանակաշինության մեջ, բայց վերոնշյալ երկրորդ հարթակի՝ Հայաստանի տնտեսության զարգացման գործում Սփյուռքի ներուժի նույնիսկ աննշան տոկոսը չի օգտագործվում, ինչը ես, որպես Հայաստանում ծնված և գործունեություն ծավալած, բայց Սփյուռքում էլ մի քանի տարի ապրած հայորդի, համարում եմ ամենամեծ հայկական ձախողումը Հայաստանի անկախացումից ի վեր։

Անկասկած, Արցախի դեմ սանձազերծված թուրք–ադրբեջանական այս պատերազմը մենք ավարտելու ենք հաղթանակով, ինչը բարձրացնելու է Հայաստանի՝ որպես լուրջ ռազմաքաղաքական դերակատարի կշիռը Մերձավոր Արևելքում։ Ռազմի դաշտում տղերքի փայլուն հաղթանակը արձանագրելու համար մեզ անհրաժեշտ է ո՛չ միայն դիվանագիտական  և քաղաքական ճիշտ որոշումների փաթեթ, այլև տնտեսական «բլիցկրիգ»՝ կայծակնային զարգացում և Սփյուռքից եկող ներդրումների հեղեղ, որպեսզի ի լուր աշխարհի ավետենք Հայոց նոր վերածննդի մասին։ Շեշտեմ, որ բանակաշինությանն ուղղված այս մեծ մտադրությունը՝ տնտեսական «բլիցկրիգ»ը, այսօրվա ժամանակի հրամայականն է և չունի այլընտրանք, քանզի այս պատմական պահը բաց թողնելու իրավունք մենք՝ ցեղասպանություն վերապրած ժողովուրդը, չունենք։

Խոսքից գործի անցնելու համար, ըստ իս, անհրաժեշտ է՝

1․Հայաստան–Սփյուռք կապերը բարձրացնել համակարգային մակարդակի, այն է՝ նախկին Սփյուռքի նախարարության, այսօրվա Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Սփյուռքի բոլոր ազդեցիկ կազմակերպություների գործունեության ուսումնասիրություն անել, տալ գնահատական և ձևավորել միասնական և որոշումների կայացման մեջ մասնակցություն ունեցող քաղաքատնտեսական մարմին, որի միջոցով էլ Սփյուռքը իր ուղղակի մասնակցությունը կունենա ո՛չ միայն Հայաստանում քաղաքական օրակարգի ձևավորմանը, այլև տնտեսական կայծակնային  զարգացման (բլիցկրիգի) դժվարին, բայց պտղաբեր աշխատանքին։

2․Սփյուռքի ներդրումային հորդառատ անձրևով Հայաստանի՝ երաշտից կծկված անջրդի տնտեսությունը ոռոգելու և վերակենդանացնելու համար բոլոր սփյուռքահայ ներդրողներին առաջիկա հինգ տարիներին ազատել հարկերից, տրամադրել տարածք և աջակցություն Հայաստանում և Արցախում տնտեսական տարատեսակ գործունեության համար։ Ներդրումային այդ հեղեղը կնպաստի հայ քաղաքացու տնտեսական հարստացմանը, ինչը Հայաստանը կդարձնի է՛լ ավելի գրավիչ նոր ու է՛լ ավելի լայնատարած ներդրումների համար։

3․Հենց այդ ներդրումների լույսի ներքո էլ միջնաժամկետ հաշվարկում իրականացնել բնակարաշինական համալիր ծրագիր Հայաստանում և Արցախում՝ Սփյուռքից կազմակերպված  ներգաղթ իրագործելու և հստակ արձանագրելու մեկ, միացյալ Հայաստանի այնքան երանելի, բայց և իրական գաղափարը։ 

Հենց այս 3 ընդհանուր դրույթների վրա էլ հիմնված է  «Հայաստան–Սփյուռք․ մեծ մտադրություն» տնտեսական բլիցկրիգի գաղափարս, որով Հայաստանը կվերածվի հզոր տնտեսություն ու լուրջ առաջարկներ ներկայացնող մի պետության, ում հետ այլևս որևէ երկիր չի խոսի ուժի սպառնալիքի լեզվով։

Ռազմական «բլիցկրիգ»ը պսակվում է հաջողությամբ, ուստի ժամանակն է գերլարել աշխարհասփյուռ հայության ներուժը՝ տնտեսական «բլիցկրիգ» սկսելու համար։

Վահրամ Այվազյանը միջազգայնագետ է և ցեղասպանագետ, ԱՄՆ նախկին փոխնախագահ և Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Ալ Գորի թիմակիցն է Քլայմիթ Ռիալիթի (Climate Reality) ծրագրում ու նորարարական (startup) գաղափարների հեղինակ է։  Վահրամը աշխարհի շուրջ երեք տասնյակ երկրներում հանդես է եկել դասախոսություններով Հայոց ցեղասպանության, միջազգային հարաբերությունների ու բնապահպանական խնդիրների վերաբերյալ, բազմաթիվ գիտական և վերլուծական հոդվածների հեղինակ է։ 

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

Ամանորեան Մտորումներ

Արամ Սեփեթճեան, Պէյրութ, Յունուար 2014 Համայն աշխարհ կ’եռեւեփի ճգնաժամային ծանրածանր կենսական եւ լրջագոյն իւրայատուկ խնդիրներու հետեւանքներով:   “…Եւ յերկիր…
Read More