Տորոնտո, 1 Մարտ 2020
Հայ ժողովուրդը դարերով ձգտել է ունենալ իր պետականությունը, որպես իր իրավունքների եւ պաշտպանության երաշխավոր։ Արցախյան գոյամարտը հաղթած եւ պետականության կառուցման ուղին բռնած ժողովուրդի երազանքով ու հույսով լի վաղվա օրը 2008թ-ի մարտի 1-ին անսպասելի ձևով վերածվեց հուսալքության եւ պետություն-քաղաքացի հարաբերությունների խզման։ Ընտրակեղծիքների, ապօրինությունների եւ կոռուպցիայի դեմ խաղաղ ցույցի դուրս եկած քաղաքացիներին գնդակահարելը հանգեցրեց քայքայիչ արտագաղթի աճին. միաժամանակ զնտանները լցվեցին բռնատիրության ընդդիմացող բազմահարյուր քաղաքացիներով:
«Կանադայի Քայլը» հայկական կազմակերպությունը մեր հայրենակիցիների հետ միասին, ովքեր ապրում են Կանադայի տարբեր նահանգներում, հիշում եւ խստիվ դատապարտում է 2008թ-ի մարտի 1-ի ոճրագործությունը: Որպես պետությունն առողջացնելու եւ ոտքի կանգնեցնելու գլխավոր քաղաքական ճանապարհ՝ «Կանադայի Քայլը» անհրաժեշտություն է համարում շարունակել պատասխանատվության կանչել իրադարձության բոլոր գլխավոր պատասխանատուներին։
Մենք մեր զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մեր երախտագիտության խոսքն ենք ուղղում բոլոր նրանց, ովքեր ողբերգությանը հաջորդած տարիներին մնացին անկոտրում, եւ վառ պահելով ազատ քաղաքացու իրենց երազը՝ 2018-ի գարնանը կարողացան դեմ կանգնել բռնապետությանը եւ տապալել այն։
Հիշեցնենք ներկա եւ ապագա ղեկավարներին հետևյալը. Հայ ժողովուրդի ուժեղ պետություն կառուցելու անսասան կամքը հարատեւորեն ու խիզախութեամբ պիտի դիմագրաւի ու չեզոքացնի պետականության հիմքերի խաթարման առաջնորդող բոլոր այն փորձերը, որոնք քաղաքական անջրպետ կառաջացնեն իշխանության եւ ժողովուրդին միջև:
Հավե՜րժ հարգանք “Մարտի Մեկ”ի զոհերի հիշատակին:
Բաց նամակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին
Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին
Մեծարգո ՀՀ վարչապետ,
Մեծարգո պետական այրեր,
Թավշյա հեղափոխությունը տեղի ունցավ ուղիղ ժողովրդավարության միջոցով, որին անմասն չէր Սփյուռքի ամբողջ հայությունը։ Մենք ողջունում ենք հանրաքվեի միջոցով Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծելու իշխանության քայլը, որը վերջապես հնարավորություն կտա ազատվել նախորդ իշխանության կամակատարներից եւ համարում ենք, որ հանրաքվեն ժողովրդի կամքը արտահայտող լավագույն ձևերից մեկն է։
ՀՀ քաղաքացիներից ձևավորված նոր Սփյուռքն արդյունքն է վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ՀՀ-ում իշխող նախկին վարչակարգերի իրականացրած ապազգային եւ հայրենաթափությանը միտված քաղաքականության: Պարտադրաբար արտագաղթած քաղաքացիներից խլվել է արտերկրում գտնվելու ժամանակ իրացնել ընտրական իրավունքը, մասնակցել ընտրական գործարկություններին, եւ մասնավորապես այս հանրաքվեին, ինչպես նաեւ քաղաքական կյանքի ապագա բոլոր ընտրություններին։
ժամանակային եւ տնտեսական խնդիրների պատճառով հատկապես հեռավոր երկրների ՀՀ քաղաքացիների համար, չնայած հաճախակի ՀՀ այցելելու փաստին, բավական դժվար խնդիր է մասնակցել յուրաքանչյուր ընտրական գործարկության՝ միայն այդ օրերին Հայաստան այցելելու միջոցով։ Ուզում ենք հիշեցնել, որ ժամանակին ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեցել են օտար երկրների իրենց բնակության վայրերում գործող դեսպանատներում ու հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններում կատարել իրենց քաղաքացիական պարտքը եւ քվեարկել, սակայն այս իրավունքը խլվել է մեզանից:
Հրամայական պահանջ ենք համարում անհապաղ վերականգնել բոլոր նրանց իրավունքները, ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն, հնարավորություն տալ նրանց ներգրավվել իրենց ընտրական իրավունքների իրացմանը, այդ իրավունքների վերականգմանը եւ հայրենիքի միասնական կառավարմանը ուղղված աշխատանքներին: ժամանակակից զարգացած աշխարհում երկրից դուրս գտնվելը ՀՀ քաղաքացիների համար չպետք է խոչընդոտ հանդիսանա իրացնելու իրենց ընտրական իրավունքը միայն Հայաստան այցելելու միջոցով: Ի դեպ, եթե ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները կարող են քվեարկել՝ գտնվելով արտասահմանում եւ պարտադիր չէ նրանց Հայաստանում ներկա լինելը, ապա մենք՝ Սփյուքի ՀՀ քաղաքացիներս, նույնպես պետք է օգտվենք այդ իրավունքից։
Ուստի առաջարկում ենք հրատապ կարգով փոփոխություն մտցնել համապատասխան օրենքում, որտեղ հստակ կձևակերպվեն այն պայմանները, որոնք թույլ կտան արտերկրում բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց մասնակցել իրենց հայրենիքի ապագայի կերտմանը ընտրական իրավունքի իրացման միջոցով, այն կազմակերպելով ՀՀ դեսպանատների եւ հյուպատոսական ներկայացուցիչների տարածքում։ Զրկված լինելով ընտրական իրավունքն իրացնելու հնարավորությունից, ուզում ենք փաստել, որ մենք տեր պետք է լինենք մեր իրավունքներին, ինչպես նաև մեր պարտականություններին։ Ցանկացած ՀՀ քաղաքացի ունի ե՛ւ նույն իրավունքը ե՛ւ նույն պարտականությունը։ Նոր Հայաստանում չպետք է լինեն միայն իրավունքներ կամ միայն պարտականություններ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ գտնվելու վայրից պետք է միաժամանակ լիարժեք իրացնի ե՛ւ իր իրավունքները ե՛ւ պարտականությունները։
Խնդրում ենք մեզ վերադարձնել մեր ընտրական իրավունքներն իրացնելու հնարավորությունը՝ ՀՀ դեսպանատների եւ հյուպատոսական ներկայացուցիչների միջոցով։
«Կանադայի Քայլը» հայկական միություն
Կանադայում բնակվող ՀՀ քաղաքացիներ