Ալբերտ Յավուրյանի արժեքավոր արխիվը՝ ԳԱԹ-ում

Նառա Դանիելյան, Երեւան, 25 նոյեմբեր 2024

 

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հավաքածուներում է պահվում անվանի կինոնկարահանող (կինոօպերատոր), Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ, Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Ալբերտ Յավուրյանի հարուստ արխիվը։ Այնտեղ հավաքված են արժեքավոր նմուշներ, անձնական իրեր, նամակներ, մամուլի հրապարակումներ, լուսանկարներ, սցենարներ, որոնք ամբողջացնում են հայ կինոյի լավագույն նկարահանողներից մեկի՝ Ալբերտ Յավուրյանի ֆոնդը։ Արխիվը ԳԱԹ-ին է փոխանցել Ալբերտ Յավուրյանի դուստրը՝ Շուշանիկ Յավուրյանը։

«Մեր թանգարանի բարեկամն էր Ալբերտ Յավուրյանը։ Մենք հաճախ հանդիպում էինք, զրույցներ ունենում հայ կինոյի շուրջ։ Նույնիսկ իր ձեռամբ գրված նյութեր է մեր բաժնին նվիրել»,– նշում է Գրականությաև և արվեստի թանգարանի կինոարվեստի բաժնի վարիչ Արփինե Ասլանյանը:

Արխիվում շատ են նյութերը, որոնք հիշեցնում են ազզային կինոյի երկու մեծ բեմադրիչների՝ Սերգեյ Փարաջանովի և Ֆրունզե Դովլաթյանի հետ Յավուրյանի ստեղծագործական սերտ համագործակցության մասին։ Յավուրյանը նկարահանողն էր Փարաջանովի «Աշուղ Ղարիբ» ֆիլմի, որը նրան բերեց հեղինակավոր «Նիկա» կինոմրցանակը։ Փարաջանովը իր վերջին՝ «Խոստովանություն» ֆիլմի նկարահանումը ևս վստահել էր Ալբերտ Յավուրյանին: Սակայն այդ գործը, ցավոք, մնաց անավարտ։ Իսկ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմով Յավուրյան-Դովլաթյան կինոզույգը որակապես նոր փուլ սկսեց հայ կինոյում։

«Բարև, ես եմ» ֆիլմի ծնունդը նախանշեց Հայֆիլմի վերածնունդը և հաստատեց երկու տաղանդավոր արվեստագետների՝ Ֆրունզե Դովլաթյանի ու Ալբերտ Յավուրյանի տեղը հայ կինոյում»,– ընդգծում է տիկին Ասլանյանը։

Ալբերտ Յավուրյանը որպես բեմադրող նկարահանող հանդես է եկել տասնյակ խաղարկային և վավերագրական ֆիլմերում՝ «Երևանյան օրերի խրոնիկա», «Երկունք», «Յոթ երգ Հայաստանի մասին», «Երջանկության մեխանիկան», «Մենավոր ընկուզենի» և այլն։ Լինելով իսկական արհեստավարժ և օժտված լինելով բազմաթիվ շնորհներով՝ Յավուրյանը երբեք չէր դավաճանում իր հիմնական մասնագիտությանը։

Արխիվային նյութերի բազմազանության մեջ հայտնության նման է Ալբերտ Յավուրյան գեղանկարիչը։ Ամբողջ կյանքի ընթացքում նա հեղինակել է կոլլաժներ, ճեպանկարներ, շարժեր և գեղանկարներ։ Այդ նկարները ամենուրեք են՝ նոթատետրում, գրքերի կազմերին, գրառումների դարձերեսներին․․․ Այդ նկարներն այսօր բացահայտում են միանգամայն նոր՝ մեզ անհայտ Յավուրյանին։

Յավուրյանը մեծ հետաքրքրություն ու սեր ուներ հնաոճ, հատկապես մետաղական իրերի հանդեպ։ Նրա համար հատկապես սիրելի էր հավաքածուն իր հին բանալիների, որոնք նա ամրացնում էր ․․․ տան պատերին՝ իբրեւ յուրօրինակ զարդ։

Կյանքի վերջին տասնամյակում Ալբերտ Յավուրյանը զբաղվում էր մանկավարժական գործունեությամբ՝ դասախոսում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Եղել է ՀՊՄՀ-ի մշակույթի բաժանմունքի «Կինոյի և հեռուստատեսության» բաժնի վարիչը։

Իր ժամանակին բարձր է գնահատվել Յավուրյան արվեստագետի վաստակը․ ի շարս այլ պարգևների, նա արժանացել է ՀՀ նախագահի «Մովսես Խորենացի» մեդալին և Թեքեյան մշակութային միության «Արարատ» ադամանդակուռ շքանշանին։

Ինքնատիպ մտածողությամբ օժտված Ալբերտ Յավուրյան արվեստագետի շնորհիվ տասնամյակներ շարունակ հայ ժողովուրդը երջանկոււթյուն է ունեցել հաղորդակցվելու իսկական, ճշմարիտ արվեստի հետ։ Նա իր ստեղծագործական համառ աշխատանքով վերացրել է կինոդարան (կինոէկրան)-հանդիսատես անջրպետը՝ հասկանալի ու մտերիմ դարձնելով կինոխցիկի ոսպնյակում հայտնված հերոսներին։ Յավուրյանը իրական կյանքը, մարդն ու մարդկայինը միշտ պահում էր ուշադրության առանցքում։

Հայ կինոյի պատմության մեջ Ալբերտ Յավուրյանն ունի իր ուրույն, անգնահատելի տեղը․ նրա նկարահանած ֆիլմերը միշտ կմնան մեր կինոյի Ոսկե ֆոնդում։

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like