«Ղարաբաղյան շարժում-35» և «Արցախի գանձերը»

Նառա Դանիելյան, Երևան, 5 Մարտ 2023

«Ղարաբաղյան շարժում-35». այսպես է խորագրված փետրվարի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում բացված նոր ցուցադրությունը:

35 տարի առաջ այս օրերին թափ առած Արցախյան շարժումը մեր նորագույն պատմության ամենապայծառ իրադարձություններից է: Մի քանի տասնյակ հոգիների նախաձեռնած՝ Արցախը Մայր հայրենիքին վերամիավորելու շարժումը ընդամենը հաշված օրերի ընթացքում վերածվեց համահայկական երեւույթի՝ Արցախում, Խորհրդային Հայաստանում, Խորհրդային Միության այլ վայրերում և արտասահմանում միլիոնավոր հայերի եռանդուն մասնակցությամբ: Անարգ թշնամու բարբարոսական հակազդեցությունը Սումգայիթում և այլ վայրերում հայությանը մղեց ինքնապաշտպանության՝ ապահովելու իր գոյատևումը հազարամյակների իր բնօրրանում: Այս բոլորը պատմության համար պահպանվել են փաստաթղթերի, լուսանկարների, վավերագրական կինոֆիլմերի, մամուլի հրապարակումների, գրքերի և բազմաթիվ այլ միջոցներով:

Արցախյան փառապանծ շարժումի մեկնարկի 35-ամյակին հարկավոր էր ազգային ազատագրական պայքարի այդ փուլը ներկայացնել նոր սերնդին, ինչպես նաև իբրև հպարտառիթ վերհուշ մատուցել Արցախյան շարժումի մասնակից միջին և ավագ սերունդներին:

Հայաստանի պատմության թանգարանի (ՀՊԹ) դիմահայաց կամարաշարի ներքո ներկայացված ցուցադրության կարևորությունն ընդգծելով մերօրյա իրականության մեջ՝ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը միջոցառման բացմանը մասնավորաբար նշեց. «Այն դրվագները, որոնք ներկայացված են, շատ դեպքերում, երբ ծանոթանում ենք, տեսնում ենք, թե որքան ուժեղ ենք եղել՝ հաղթահարելու նմանատիպ փորձություններ, և ես վստահ եմ, որ պատմությունը միշտ ուժ է տալու, որպեսզի շարունակենք առաջ քայլել և շարունակենք հիմնվել այն արժեքների վրա, որի նորօրյա հիմքն այս շարժման սկզբում էր»:

Ցուցադրության են ներկայացված փաստաթղթեր, լուսանկարներ՝ ինչպես թանգարանի ֆոնդերից, այնպես էլ անհատ ուսումնասիրողների արխիվներից: Ցուցադրությունը պատմում է արցախյան շարժման կարևոր դրվագների, պատմական անցքերի, գլխավոր դերակատարների մասին:

Միջոցառման մեկնարկին ներկա էին Արցախյան շարժման առաջամարտիկներ, պետական, քաղաքական գործիչներ, որոնք ևս մեկ անգամ արժևորեցին շարժումն ու նրա գաղափարախոսությունը:

Հայաստանի պատմության թանգարանը, պաստառային ցուցադրությունից զատ, ազդարարեց նաև, Ամերիկայի հայկական թանգարանի հետ համատեղ, «Արցախի գանձերը» առցանց ցուցահանդեսի մեկնարկը: Նախաձեռնությանը իրենց ցուցանմուշներով մասնակցում են 16 հայկական թանգարաններ:

Այս առթիվ ՀՊԹ գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանն իր ելույթում նշեց. «Արցախյան պատերազմի վերջին փուլին Արցախում ունեցանք մշակութային ժառանգության մեծ կորուստ՝ 17 թանգարան և բազմաթիվ մասնավոր հավաքածուներ հայտնվեցին թշնամու վերահսկողության տակ: Նկատի ունենալով այդ կորուստը՝ որոշեցինք առաջին ցուցադրությունը նվիրել Արցախի մշակութային ժառանգության ներկայացմանը, իսկ հաջորդիվ անդրադառնալու ենք հայ մշակույթի տարբեր տարածաշրջաններին առանձին»:

Պարոն Երանյանն ընդգծեց թանգարանների և հայկական ժառանգությունը պահպանող տարբեր հիմնարկների միջև կապի ու փոխգործակցության ցանցի ստեղծման կարևորությունը:

«Արցախի գանձերը» ցուցադրությունը բաղկացած է չորս հիմնական բաժիններից: Առաջին բաժինն ընդգրկում է Քարի դարից մինչև Երկաթի դարը, երկրորդ բաժնում ներկայացվում է հին շրջանից մինչև վաղ միջնադար, միջնադարը երրորդ հատվածում է, իսկ վերջին հատվածում 19-րդ դարից մինչև մեր օրերի ցուցանմուշներն են:

Ներկայացված են հինքարեդարյան և բրոնզեդարյան իրեր, Արցախին բնորոշ եզակի քարակոթողներ, Արցախում ստեղծված միջնադարյան ձեռագրեր, վաղ շրջանի տպագիր գրքեր, գորգեր, տարազներ, գոտիներ, լուսանկարներ, պարբերական հրատարակություններ, զենքեր, խեցեղեն, զարդեր, պաշտամունքի առարկաներ և այլն: Այլ խոսքով, մեկ հարթակում առցանց ձևաչափով միավորելով հայկական թանգարանների հավաքածուները՝ ներկայացվում է Արցախի՝ հազարամյակներից եկող հնագիտական, միջնադարյան ու նորագույն շրջանի հոգևոր և նյութական ժառանգությունը:

«Ղարաբաղյան շարժում-35» ցուցադրությունը հանրության համար բաց կլինի մինչև տարեվերջ, իսկ «Արցախի գանձերը» առցանց ցուցադրությունը կլինի տևական:

Խմբագրական ծանօթագրութիւն.- Ընդունելի չէ 35 տարուան ընթացքին տասը հազարը գերազանցող զոհեր եւ տասնեակ հազարաւոր վիրաւորներ ու հաշմանդամներ տալէ ետք շարունակել գործածել օտար տեղանունները, մասնաւորաբար «Ղարաբաղ»ը, երբ նոյնիսկ այդ տարածքին վրայ գոյառած վարչական միաւորն է փոխած իր անունը եւ վերանուանուած Արցախի Հանրապետութիւն: «Ղարաբաղ» եզրը հայկական միջավայրին մէջ վերստին գործածութեան դնելը պարտուողականութեան թաքնուած քարոզչութիւն է, որը առանց վերապահութեան դատապարտելի կը գտնենք:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like