Նառա Դանիելյան, Երևան, 27 յունուար 2025
Չնչին ինչպես Արարատին նետած քար՝
Դավերը սև մարդուկների այդ անկար—
Օ՜, չըհասած քղանցքներին անգամ քո՝
Վայր են թափվում համայնացած քո կամքով –
Եվ առհավետ կորչում անզոր ու անկար,
Ինչպես անհաս Արարատին նետած քար․․․
Եղիշե Չարենց
Եղիշե Չարենցի տուն-թանգարանում պահվող հավաքածուն համալրվել է մեծարժեք նմուշներով։
Մեծ բանաստեղծի տուն-թանգարանը պետական աջակցությամբ վերջերս ձեռք է բերել արժեքավոր նմուշներ՝ երկու բնագիր ձեռագրեր և 1932 թվականին Հայաստանի պետական հրատարակչության (Պետհրատ) լույս ընծայած երկերի ժողովածուի այն օրինակը, որը Չարենցը մակագրել է 1930-1936 թթ․ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Աղասի Խանջյանին։
Եղիշե Չարենցը (Եղիշե Աբգարի Սողոմոնյան) ծնվել է 1897 թվականի մարտի 13-ին, Կարսում։ Ծնողները Կարս են գաղթել Պարսկահայքի Մակու քաղաքից։ Չարենցը կանոնավոր կրթություն չի ստացել․․․ Նրա բանաստեղծայան տաղանդը հայտնաբերել ու քաջալերել է գրականագետ, գրաքննադատ, Հայաստանի Հանրապետության լուսավորության և արվեստների նախարար Նիկոլ Աղբալյանը։
1920-30-ականներին հայաստանյան գրական հրապարակի տիրական դեմքն էր Չարենց, փոթորկահույզ մի բանաստեղծ, ով իրենով լցրեց այդ տարիները իբրև գրականության իսկական ծուռ․․․ չխնայելով ոչ ոքի, նույնիսկ ինքն իրեն։ Չարենցյան տեսակը չէր կարող հանդուրժել բռնատիրության հաստատումը, իսկ բռնատերերը չէին կարող գոյակցել Չարենցյան տեսակի հետ։ Եվ բնական է, որ հայ մտավորականության ստալինյան ջարդերի զոհերից մեկն էլ նա դարձավ․․․

Տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանի խոսքով․ «Համալրումներ միշտ լինում են, բայց սովորաբար նվիրատվության եղանակով։ Տասը տարուց ավելի պետական աջակցություն չէր եղել։ Նախորդ տարի Չարենց ընտանիքից ձեռքբերեցինք երեք կարևոր նմուշներ, որոնցից մեկը Ակսել Բակունցին նվիրված ստեղծագործություն է, մյուսը Ամատունուն (Ամատունի Սիմոնի Ամատունի/Վարդապետյան, 1936-1937 թթ․՝ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար)»։ Եվս մեկ բարձրարժեք նմուշ թանգարանին է նվիրել բանաստեղծի թոռնուհին՝ Գոհար Չարենցը։ Դա Չարենցի մահվան վկայականն է, որը կորած էր երկու տասնամյակից ավելի։ Փաստաթուղթը նրա ընտանիքին էր տրվել 1957 թվականին, երբ ավարտվել էր ստալինյան բռնաճնշումների ժամանակաշրջանը։ Մահվան վկայականը պահվում էր դստեր՝ անցյալ տարվա հունիսի 29-ին մահացած Անահիտ Չարենցի մասնավոր հավաքածուում։ Չարենցի մահվան 87-րդ տարելիցի կապակցությամբ ընտանիքը այն նվիրեց թանգարանին։
Թանգարանում լիահույս են, որ ամեն մի նոր ձեռքբերված մասունք առիթ է նորից ու նորից վերադառնալու Չարենցին, նրա հզոր գրականության մեջ փնտրելու և գտնելու մեր կենսունակության արմատները, հավատարիմ ու անսայթաք հետևելու Չարենցի պատգամներին։
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հիմնադրվել է 1964 թվականին, բայց դռները բացել է 11 տարի անց՝ 1975 թվականին։ Ներկայումս Երևանի գլխավոր՝ Մաշտոցի անունով կոչվող պողոտայում Չարենցի բնակարանը կես դարուց ավելի շարունակում է մնալ աշխարհասփյուռ հայության ամենից հաճախ այցելվող վայրերից մեկը։
Հոբելյանական տարում բազմաթիվ են նախատեսված ծրագրերը, որոնցից մեկն արդեն իրողություն է դարձել խորհրդանշական ձևով․ Չարենցի ընտանիքի նախաձեռնած՝ աշխարհի 35 լեզուներով թարգմանված և Մարտիրոս Սարյանի ստեղծագործություններով նկարազարդված «Ես իմ անուշ Հայաստանի» հավերժական գեղօնը ուղարկվել է տիեզերք Ղազախստանի տիեզերակայանից։ Չարենցյան մասունքը այլընտրանքային ժամանակավոր ցուցադրությամբ ևս շարունակում է իր Հարդագողի ճանապարհը։
Անգնահատելի է Չարենցի՝ մեզ ավանդած գրավոր ժառանգությունը։ Բուռն ու վայրիվերումներով լի էր բանաստեղծի թե՛ գրական և թե՛ անձնական ուղին․․․
«․․․ «Ես իմ անուշ»-ը բոլոր մասշտաբներից դուրս պաննո է՝ հասցված ժողովրդական էպոսի աստիճանի։ Մեր ազգի կենսագրության և վարքի կենդանի արտացոլքն է, մեր տառապանքների և փայփայած իդեալների, մեր անկումների ու վերելքների, մեր դրամատիկ ճակատագրի և անմեռ մնալու ձգտման գեղարվեստական խտացումն է ու բյուրեղացումը։ Այդպիսի մի երկ աշխարհ բերելու համար պետք է ամենաքիչը կիսաստված լինել»,– գրել է Չարենցի դիմանկարը վրձնած Վարպետը՝ Մարտիրոս Սարյանը։