«Հիշողության սլաքներ»

Նառա Դանիելյան, Երևան, 23 յուլիս 2025

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում բացված «Հիշողության սլաքներ» ժամանակավոր ցուցադրության ժամկետը մոտենում է իր ավարտին։ Բացառիկ ցուցադրությունում առաջին անգամ ներկայացված են ազգային մշակույթի մեծերի՝ գրականության, երաժշտության, գեղանկարչության, թատրոնի և կինոյի երևելիների անձնական ժամացույցները, որոնցից յուրաքանչյուրի սլաքները կանգ են առել հավերժական ժամանակի մի ակնթարթում։

Ցուցադրված վեց տասնյակից ավելի արժեքավոր ժամացույցներից միայն մեկի՝ երգահան, խմբավար, ՀՀ օրհներգի երաժշտության հեղինակ Բարսեղ Կանաչյանի ժամացույցի սլաքներն են բաբախում առ այսօր՝ կամրջելով անցյալ ու գալիք հիշողությունները։

Նախարարը, տեղակալը և թանգարանի տնօրենը ցուցադրության բացմանը

«Այս ժամացույցների սլաքները կանգ են առել յուրաքանչյուրը մի ակնթարթում։ Նրանցից միայն մեկի՝ Բարսեղ Կանաչյանի ժամացույցի սլաքները հուշում են, որ յուրաքանչյուր վայրկյան ձևավորվում է ևս մեկ նոր հիշողություն»,– ցուցադրության բացման օրվա իր ելույթում ասաց թանգարանի տնօրեն տիկին Սյուզաննա Խոջամիրյանը։

Ժամանակավոր ցուցադրության ծիրում ներկայացված են Միքայել Նալբանդյանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Ակսել Բակունցի, Վահրամ Փափազյանի, Բարսեղ Կանաչյանի, Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի, Սիլվա Կապուտիկյանի և հայոց ազգային արվեստի ու մշակույթի այլ մեծանուն գործիչների անձնական ժամացույցները՝ հիշողության սլաքներով։ Կյանքի վայրկյաններն արժևորող սարքերը՝ ժամացույցները, առանձին դեպքերում նաև մեր մեծերի ապրած կյանքի, սոցիալական վիճակի և կենսակերպի խոսուն վկաներն են։

Առանձնահատուկ և բացառիկ են մեր պետության օրհներգի խոսքերի հեղինակի՝ Միքայել Նալբանդյանի գրպանի ժամացույցները․ դրանք արծաթով էմալապատված են ու գեղազարդված, իսկ ոսկյա ժամացույցը եռաշերտ է՝ թանկարժեք ռուբինի քարերով պատված։

Նիկողայոս Տիգրանյանի ժամացույցը

Ցուցապակիներից մեկի վրա երգահան Նիկողայոս Տիգրանյանի բրայլյան թվագրումով ժամացույցի վերարտադրությունն է։ Այցելուն կարող է շոշափել ու զգալ՝ ինչպե՞ս է 9 տարեկանում կուրացած Տիգրանյանը ժամն իմացել։ Իսկ ահա բանաստեղծ, ազգային գաղափարախոս Ռափայել Պատկանյանի սեղանի փարոսաձև ժամացույցը ընդգրկված է թանգարանի մշտական ցուցադրությունում՝ լինելով պարզ, սակայն գեղեցիկ։  Ժամացույցների հարուստ հավաքածու է ունեցել «Ամենայն հայոց բանաստեղծուհի» Սիլվա Կապուտիկյանը՝ մեծ մասը նվեր ստացած իր գրականության սփյուռքահայ սիրահարներից։ Ոսկյա կախազարդով ժամացույցից բացի, ցուցադրության ընթացքում ԳԱԹ-ում հանգրվանել է նաև բանաստեղծուհու ձեռքի նուրբ և թանկարժեք ժամացույցը։

Բոլոր ժամացույցները թվագրվում են 19-20-րդ դարերով, որոշները ֆրանսիական, գերմանական, իտալական, շվեյցարական հայտնի ապրանքանիշերի արտադրություն են։

Միքայել Նալբանդյանի ժամացույցները

Ցուցադրությունը իրականացվել է 2001 թվականին Երևանում հիմնադրված՝ տղամարդկանց և կանանց բարձրորակ ժամացույցների արտադրության AWI International ընկերության։ Ցուցահանդեսին մասնակից գործընկերներն են Մարտիրոս Սարյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Ավետիք Իսահակյանի, Արամ Խաչատրյանի երևանյան տուն-թանգարանները, Հովհաննես Թումանյանի թանգարանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը։

Բարսեղ Կանաչյանի ժամացույցը

Եզակի ցուցադրությունը, որի շրջանակում ներկայացված են հայ մեծերի՝ հիշողություններ կամրջող ժամացույցները, գործելու է 1438 ժամ 120 րոպե՝ մինչև հուլիսի 30-ը։

Ցուցադրության բացմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և մարմնամարզի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, մշակույթի գործիչներ, մշակութասերներ։

Արժե բաց չթողնել առիթը և մի պահ վերադառնալ հին ժամանակներ, որտեղ մեր մեծերն են իրենց կենդանի ներկայությամբ։

Ժամանակը կանգ է առնում այնտեղ, որտեղ սկսվում է հիշողությունը…

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like