Տատյանա Դարբինյան, ԾԻԼ համայնք, ԱՄՐՈՑ հիմնադրամ, Երեւան, 24 դեկտեմբեր 2024
Լույսը մեզ ուղեկցել է դարերով՝ որպես հույսի, վերածննդի և միասնության խորհրդանիշ։ Թվում է, թե մթության մեջ այն միշտ եղել է մեր ուղեկիցը՝ առաջնորդելով դեպի նոր սկիզբը։ Այսօր, երբ նշում ենք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, հարցն այն է՝ ինչպե՞ս ենք մենք հասկանում լույսի խորհուրդը հայ ազգի կյանքում՝ մեր անցյալում, ներկայում և ապագայում։
Հայկական մշակույթում լույսը միշտ եղել է հոգևոր ու գեղարվեստական արժեքների արտացոլում: Այն ոչ միայն սրբազան է, այլև մեր արվեստի, մշակույթի և տոնական ավանդույթների անբաժանելի մասը։
Սուրբ Ծննդյան գիշերը, երբ եկեղեցիներում մոմեր են վառվում, դա պարզապես կրակ չէ, այլ նաև լույս է՝ հավատքի նշան, որը միավորում է համայնքին և կապում անցյալն ու ներկան։ Մոմի լույսը արտահայտում է հոգևոր մաքրություն, հույս, հաղթանակ խավարի հանդեպ, հարության ավետիս։ Հայկական ընտանիքներում Սուրբ Ծննդյան տոնական սեղանը հաճախ զարդարվում է վառվող մոմերով, որոնք խորհրդանշում են ջերմություն և միասնություն։ Այս ավանդույթը մեր մշակույթում վերածվել է խորին հավատքի և հարգանքի նշանի՝ հիշեցնելով մեզ, որ լույսն առկա է նույնիսկ ամենամութ պահերին։ Սուրբ Ծննդյան մոմի լույսը և հայկական մշակույթում լույսի գաղափարը մեզ հաղորդում են, որ յուրաքանչյուր մոմ, յուրաքանչյուր ճառագայթ կրում է ոչ միայն անցյալի պատմությունները, այլև ներկայի ու ապագայի հույսերը: Այդ լույսն է, որ կապում է մեզ մեր արմատներին և տալիս ուժ՝ առաջ շարժվելու։
Լույսը եղել է մեր ուղեկիցը կյանքի տարբեր ոլորտներում՝ արվեստից մինչև ճարտարապետություն։ Այն առանձնահատուկ տեղ է ունեցել միջնադարյան հայ արվեստում, հատկապես մանրանկարչության ու եկեղեցական ճարտարապետության մեջ։
Նկատած կլինեք, որ հայկական ձեռագրերում լույսը հաճախ արտահայտվում է ոսկեգույնի ու պայծառ գույների միջոցով։ Այդ մանրանկարները ցույց են տալիս ոչ միայն լուսավորության ֆիզիկական դրսևորումները, այլև այն փրկարար հոգևոր լույսը, որը տարածվում է մարդկանց վրա, հաղորդելով դրական լիցքեր և ներդաշնակության զգացում։
Հայկական եկեղեցիների կառուցվածքում ևս լույսն ունի յուրահատուկ դեր: Կենտրոնական գմբեթների նեղ պատուհաններից ներթափանցող լույսն արթնացնում է խորհրդավորության, վեհացման և վերացման զգացում, հիշեցնելով հավատացյալին լույսի, որպես աստվածային շնորհի, կարևորությունը։ Հայ ժողովրդի վերածննդի պատմությունը վկայում է, որ լույսը միշտ ուղեկցել է մեզ։ Այն մեր մշակույթի ու պատմության բաղադրիչներից է։ Վառվող ամեն մոմ ոչ միայն անցյալի պատմություն է պատմում, այլ նաև ներկայի ու ապագայի հնարավորություն։ Եվ երբ մենք սկսում ենք հավատալ այդ լույսին մեր մեջ, մեզնից յուրաքանչյուրը դառնում է նոր սկզբի կրող, նորոգված մարդ արարած։ Մեծ խորհուրդ կա այն փաստում, որ մեր Փրկչին նույնացնում ենք Լույսի և լուսատու և պայծառ Արեգակի հետ։ Ւսկ մեր հայ առաքելական եկեղեցիների խորանները միշտ ուղղուած են դեպի արևելք, դեպի Լույսն ու Կյանքը, ինչը վկայում է հայոց մինչքրիստոնեական հավատքում լույսի առանցքային կարևորության մասին։

Հետաքրքիր փաստ․ խորհրդային ժամանակաշրջանում կրթության նախարարությունը կոչվել է «Լուսավորության նախարարություն», ինչը ևս մեկ անգամ ընդգծում է լույսի գաղափարի խորքային արմատները մեր ազգային մտածելակերպում։ «Լուսավորություն» բառն ինքնին ոչ միայն կրթության, այլև գիտելիքի, մշակույթի ու հոգևոր զարգացման հոմանիշ էր։ Այս անվանումն արտահայտում էր այն հավատը, որ լուսավորությունը՝ գիտելիքը և կրթությունը, կարող են մարդուն դարձնել ազատ և կարող՝ հաղթահարելու կյանքի մութ կողմերը։
Հայկական իրականության մեջ լույսը երբեք չի սահմանափակվել միայն իր ֆիզիկական կամ բովանդակային նշանակությամբ։ Այն դարձել է գաղափարախոսություն՝ մարդուն և հասարակությանը զարգացնելու, վերափոխելու և հույսի նոր ճառագայթներ բերելու համար։ Խորհրդային դարաշրջանի «Լուսավորության նախարարությունը» շարունակում էր այդ գաղափարը՝ չնայած այդ շրջանի հակասական իրադարձություններին։ Այն կրում էր կրթությունը մատչելի դարձնելու, գիտելիքը տարածելու և ժողովրդի զարգացման հիմքերը դնելու առաքելությունը։
Այս անվանումն ընդգրկում էր նաև խորհրդանշական մի մեծ ուղերձ՝ թե՛ անհատին, թե՛ հասարակությանը հանելու տգիտության խավարից և առաջնորդելու դեպի գիտելիքի ու ինքնաճանաչման փրկարար տարածք։ Կրթությունը հենց այդ լույսն էր, որը պետք է վերածվեր ազգային և անձնական վերածննդի միջոցի՝ նոր սերունդներին տալով ինքնազարգացման ու ինքնուրույնության հնարավորություններ։
Մեր պատմության ընթացքում լույսի գաղափարը դարձել է վերածննդի, հույսի և փոփոխության հիմնական խորհրդանիշը։ Սուրբ Ծննդյան մոմի լույսից մինչև կրթության լույս՝ այն ուղեկցել է մեզ դարեր շարունակ՝ հիշեցնելով, որ ամեն մութ գիշերից հետո գալիս է լուսավոր առավոտ։ Այսօր, մեր մշակույթում և առօրյայում, լույսը շարունակում է իր կարևոր առաքելությունը՝ միավորելով անցյալը և ապագան, միաժամանակ հույս ներշնչելով բոլոր նրանց, ովքեր ձգտում են լուսավորել իրենց կյանքն ու շրջապատը։
Երբ մոտենում ենք տարվա ավարտին, արժե հիշել, որ յուրաքանչյուր նոր սկիզբ լույսի մի նոր ճառագայթ է, որը մենք կարող ենք բերել մեր կյանք և մեր միջավայր։ Թող այս Նոր տարին լինի լույսի, հույսի և բարության տարի բոլորիս համար։ Թող մեր կյանքում բազում մոմեր վառվեն՝ ոչ միայն տոնական առիթներով, այլև մեր սրտերում՝ որպես սիրո, միասնության և խաղաղության աղբյուր։
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ։ Թող լույսը միշտ ուղեկցի ձեզ և ձեր սիրելիներին։