Կոմիտասյան մեղեդիների հմայքը

Տատյանա Դարբինյան, Երեւան, ԾԻԼ համայնք, ԱՄՐՈՑ հիմնադրամ, 29 նոյեմբեր 2024

Սա մի երաժշտություն է, որը մեզ հիշեցնում է՝ ով ենք մենք և որտեղից ենք գալիս։

Այո՛, խոսքը մեծագույն Վարպետի՝ Կոմիտաս Վարդապետի երաժշտության մասին է։ Անժխտելի փաստ է, որ Կոմիտասի մեղեդիները հայկական ինքնության սրտի բաբախյունն են։ Հենց այդ մեղեդիներն էլ նոյեմբերի 21-ին ինձ բերեցին Չարենցավան համայնքի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի համերգասրահ․․․ Հանդես էր գալու համայնքի սիրված «Կամերտոն» կամերային երգչախումբը «Կոմիտաս-155» ծրագրով։

Խմբավար, մանկավարժ, երաժշտության ուսուցիչ Դավիթ Սարգսյանի գեղարվեստական ղեկավարությամբ «Կամերտոնը» նոյեմբերի 9-21-ը աննախադեպ համերգային շրջագայություն է իրականացրել Կոտայքի մարզի մի շարք քաղաքներում՝ հարգանքի տուրք մատուցելով մեծն Վարդապետին՝ նրա ծննդյան 155-ամյակի առթիվ։ Համերգները բաղկացած էին երկու մասից՝ հայ հոգևոր երաժշտություն, հայ և արևմտաեվրոպացի երաժշտահանների (կոմպոզիտորների) ստեղծագործություններ։ Երգչախմբի խմբավար, երգեհոնահար, մանկավարժ Նունե Սահակյանը իմ հարցերին, թե ինչպե՞ս կատարվեց համերգային ծրագրի ընտրությունը և ինչո՞ւ որոշեցին հենց ա՛յդ ստեղծագործությունները ներառել, պատասխանեց․

– Մեր երգչախմբի առանձնահատկություններից մեկն այն է, որ մենք չունենք ժանրային սափմանափակումներ։ Համերգային ծրագիրը բավականին հակասական էր, ինչը խոսում է հենց այդ առանձնահատկության մասին։ Մենք արժևորում ենք թե՛ հոգևորը, թե՛ աշխարհիկը, թե՛ ժամանակակից խմբերգային արվեստը։ Հոգևոր բաժնում մենք հանդիսատեսին ներկայացրինք շարականներ, որոնք շատ հաճախ հնչում են պատարագների ընթացքում և մարդկային հոգու խորքերը ներթափանցում։ Կատարեցինք նաև շատ հազվադեպ հնչող ստեղծագործություններ։ Նպատակն էր հանդիսատեսին ծանոթացնել հայ հոգևոր երաժշտության թաքնված գոհարներին։ Աշխարհիկ բաժնում ներկայացրինք ժողովրդական մեղեդիներ, որոնք բազմաբովանդակ էին և միմյանցից շատ տարբեր։ Անցումային հետաքրքիր կապով, հանդիսատեսին տեղափոխեցինք արևմտաեվրոպական ժամանակակից խմբերգային արվեստ, որը իր ներդաշնակ լեզվով և երաժշտական մտածողությամբ կտրուկ տարբերվում էր նախորդ երկու բաժիններից։ Մեծ սեր ունենալով նաև դեպի ջազ երաժշտությունը, վերջում հանդես եկանք նաև ջազային հատուկ կատարումով, ինչը հանդիսատեսը միշտ մեծ սիրով ու ոգևորությամբ է ընդունում։

Շատ կարևոր է կատարող-հանդիսատես կապը։ Մեր հանդեսատեսի գլխավոր ուսուցիչը հենց մենք ինքներս ենք։

«Մեր լսարանի գլխավոր ուսուցիչը մենք ենք» խորը դիտարկումն է, որն ընդգծում է ստեղծագործողների պատասխանատվությունը՝ ոգեշնչելու, կրթելու և կապվելու իրենց ունկնդիրների, ընթերցողների կամ դիտողների հետ: Որպես երգերի բառերի ու երաժշտության հեղինակ, կատարող կամ արվեստագետ, կարևոր է առաջնորդվել, հանդիսատեսի ըմբռնմամբ՝ մեր հաղորդած պատմությունների, մեր առաջացրած հույզերի և մեր բացահայտած ճշմարտությունների միջոցով: Հանդիսատեսը մեզ նայում ու լսում է ոչ միայն զվարճանքի, այլև հեռանկարի, արտացոլման և իմաստի համար:

Այս միտքը հատկապես արդիական է Կոմիտասի և նրա մնայուն ժառանգության ծիրում։ Իր երաժշտության միջոցով Կոմիտասը դարձավ եւ մնում է սերունդների ուսուցիչը՝ ձևավորելով իր հանդիսատեսի մշակութային և զգացմունքային ըմբռնումը: Նրա ստեղծագործությունները սոսկ հնչյուններ չեն, այլ դասեր ինքնության և հոգևորության մասին: Ամեն անգամ, երբ մենք արվեստ ենք ներկայացնում, լինի դա համերգի, գրավոր ստեղծագործության կամ թատրոնի միջոցով, մենք զորություն ունենք ուսուցանելու, միտք առաջացնելու և հետք թողնելու: Այս առումով մենք, որպես ստեղծագործողներ, կրում ենք թե՛ արվեստագետի և թե՛ մանկավարժի երկակի դերը՝ ձևավորելով մեզ լսողների աշխարհայացքն ու գեղագիտական ճաշակը։

– Ի՞նչն եք համարում Կոմիտասի երաժշտության հիմնական պատգամը, ինչպե՞ս է այն հնչում մեր ժամանակներում։

– Ուսումնասիրելով տարբեր ազգերի երաժշտական մշակույթներ, վստահ կարող եմ ասել, որ մենք ունենք երաժշտական հարուստ և հզոր ժառանգություն, ինչը վճռորոշ դեր ունի մեր ազգային գոյության և ինքնության հարցում։ Լինելով ազգային դպրոցի հիմնադիրներից մեկը՝ Կոմիտասի դերը անգնահատելի եղավ մեր երաժշտության ձևավորման և տարածման մեջ։ Կոմիտասի երաժշտության հիմնական յուրահատկությունը մեր երաժշտության անաղարտության պահպանումն է։

Հայաստանյան երաժշտական շուկան զինված է մասնագիտական (պրոֆեսիոնալ) և յուրօրինակ համույթներով, ովքեր առաջնային ու կարևոր նպատակ են համարում Կոմիտասի երաժշտության արժևորումն ու տարածումը։ Երաժշտական մեկնաբանությունները իրականում միմյանցից չափազանց տարբեր են, սակայն միևնույն ժամանակ հենց դա է Վարդապետի երաժշտությունն ու միտքը ամբողջացնում։

– Երգչախմբի հետ աշխատելիս ի՞նչ մոտեցումներ եք կիրառում, որպեսզի երաժիշտները կարողանան ճիշտ զգալ Կոմիտասի երաժշտության խորությունը։

– Շատ եմ կարևորում երգչախմբի պատկերացումն ու մոտեցումը յուրաքանչյուր երաժշտահանի ստեղծագործական ոճին ու երաժշտական լեզվին, հատկապես եթե դա վերաբերում է Կոմիտասին, քանի որ դա բավականին երկարատև գործընթաց է։

Յուրաքանչյուր ստեղծագործություն յուրահատուկ մոտեցում է պահանջում։ Նախ և առաջ սկսում ենք գաղափարից, որովհետև ամեն ինչ հենց ա՛յդ կետից է սկսում։ Յուրաքանչյուր երգիչ պետք է ճիշտ պատկերացնի ստեղծագործության իրական գաղափարն ու նրա խորությունը։

Գաղափարն ու երաժշտությունը միմյանց հետ ամուր կապված են ներքին և արտաքին թելերով, և դա է մեր արվեստի հիմնական հմտությունը։

Նաև կարևոր եմ համարում երգիչների կրթվածությունը։ Դա շատ մեծ ազդեցություն է ունենում երգչախմբի որակի վրա։

Ի վերջո կարող եմ ասել, որ մենք ընտրյալներ ենք թե՛ Աստուծո և թե՛ բնության կողմից, որովհետև մեզ տրվել է երաժշտի բարձր ու պարտավորեցնող կոչումը։

***

«Այն ինչը երբեք չենք կարող խոսքով փոխանցել, օգնության է հասնում արվեստի լեզուն»։

Արվեստի լեզուն այս միջոցառմանը պարզ էր, սրտառուչ և խորաթափանց՝ առանց ջանքերի արձագանգելով յուրաքանչյուր հանդիսատեսի հոգում: Երբ ներկաները հեռանում էին համերգասրահից, նրանց գոհունակության արտահայտությունները վկայում էին Կոմիտասի երաժշտության՝ մարդկանց իրար զոդելու և նրանց հոգիները հուզելու հզոր ուժի մասին: Այս տրամադրությունն ընդգծեց Չարենցավանի համայնքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սաթենիկ Բալաբեկյանը.

– Այս անգամ ևս երգացանկը շատ հետաքրքիր էր ընտրված․ երգչախումբը կատարում էր իսկապես եթերային իր ստեղծագործությունները և հանդիսատեսը միայն ու միայն բավականություն էր ստանում՝ կարծես թե հայտնվելով այլ մոլորակում։

***

«Կամերտոն»-ի նման նվիրված երգչախմբերի շնորհիվ կոմիտասյան մշակումով հոգեպարար մեղեդիները շարունակում են հնչել՝ արձագանգելով մեր հոգում և վերահաստատելով իրենց տեղը մեր հավաքական հիշողության մեջ: Մինչ մենք առաջ ենք տանում այս մաքուր, հոգևոր ստեղծագործությունները, մենք հարգում ենք ոչ միայն Կոմիտասի ժառանգությունը, այլև հայկական մշակույթի հավիտենական ոգին, որը երգում ու թևածում է մեզ հետ, ուր էլ որ կյանքը տանի հային:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like