Տատյանա Դարբինյան, Ծիլ համայնք, ԱՄՐՈՑ հիմնադրամ, Երևան, 20 փետրվար 2025
Գրքի բացակայությունը մթության տարածումն է։ Իսկ մենք այսօր այդ խավարն ենք ավելացնում, թե՞ լույսը։ Փետրվարի 19-ը՝ մեծանուն հայ բանաստեղծ Հավհաննես Թումանյանի ծննդյան օրը նշվում է, որպես գիրք նվիրելու օր, ինչը մեզ առիթ է տալիս խորհելու՝ ի՞նչ է այսօր ընթերցանությունը մեզ համար։ Պատուհան դեպի աշխարհ, հայելի, որում տեսնում ենք ինքներս մեզ, թե՞ բանալի, որով բացում ենք մեր հարցերի դռները։ Բայց արդյո՞ք մենք դեռ օգտագործում ենք այդ բանալին։ Երբևէ մտածե՞լ եք, թե վերջին անգամ երբ եք որևէ հարցի պատասխան փնտրել ոչ թե համացանցում, այլ գրքում։
Իմ կարծիքով ամենաարժեքավոր հատկությունը, որ գիրքը կարող էր ունենալ, բանալի լինելն է՝ մեր մտքի, մեր հարցերի, մեր ինքնաճանաչման դուռը բացելու համար։ Անցյալում գրքերը հենց այդ դերը ունեին՝ մարդիկ կարդում էին, որ գտնեն պատասխաններ։ Նրանք ուսումնասիրում էին, խորանում, վերլուծում։ Սակայն այսօր գիրքը որպես բանալի ավելի քիչ է օգտագործվում։ Մեր հարցերի պատասխանները մենք փնտրում ենք արագ, խնայելով ժամանակը՝ օգտագործելով որոնողական համակարգեր, սոցիալական ցանցեր, տեսանյութեր։ Մենք մոռանում ենք, թե վերջին անգամ երբ ենք որևէ հարցի պատասխանը փնտրել գրքում։ Գուցե հենց սա է պատճառը, որ Դեյլ Քարնեգին իր տարիների ամենապահանջված գրողներից է եղել. նրա գրքերում ընթերցողները կարող էին գտնել իրենց հուզող հարցերի պարզ պատասխաններ՝ օրինակ՝ «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա»։ Բայց ես անձամբ երբեք չեմ սիրել այս ժանրը։

Վերջերս փոքրիկ հարցում անցկացրի 17-25 տարեկանների շրջանում՝ պարզելու, թե իրենց համար ընթերցանությունը պատուհան է, հայելի, թե՞ բանալի։ Ճնշող մեծամասնությունը պատասխանեց՝ բանալի։ Բայց ես կարծում եմ, որ սա ավելի շատ սովորության արդյունք է, քան իրական պատկեր։ Մենք մեծացել ենք այն համոզմամբ, որ եթե կարդանք, ապա մեր առջև զանազան դռներ կբացվեն։ Սակայն արդյո՞ք մեզ սովորեցրել են սիրել կարդալը, վերլուծելը և գիտելիքը որպես բանալի օգտագործելը։
Շատերի համար ընթերցանությունը դառնում է պարզապես նպատակ՝ առանց խորանալու նրա իրական արժեքի մեջ։ Գիրքն այլևս հաճախ չեն բացում հարցերի պատասխաններ գտնելու համար, այլ կարդում են, որովհետև դա համարվում է լավ սովորություն կամ նորաձևություն։ Բայց առանց վերլուծելու, առանց այն գործի դնելու, գիրքը միայն կարդացած էջերի շարք է մնում, ոչ թե բանալի, որից օգտվում ենք կյանքի տարբեր դռները բացելու համար։
Այսօր գիրք կարդալը հաճախ ներկայացվում է որպես նորաձև երևույթ։ Մեզ ասում են, որ պետք է կարդալ, որովհետև դա գեղեցիկ է, ոճային է, մտավորական մարդու կերպարի մի մասն է։ Սակայն ես կարծում եմ, որ գիրք կարդալը չպետք է լինի նորաձևություն, այլ մշտաձևություն։
Գիրքը չպետք է լինի աքսեսուար, որը պարզապես լավ տեսք է հաղորդում սեղանին կամ ձեռքերում։ Այն պետք է դառնա մտքի սնունդ, որը փոխում է մեր աշխարհայացքը, մեր խոսքը, մեր մտածողությունը։ Բայց արդյո՞ք այսօր մենք կարդում ենք հասկանալու, թե պարզապես կարդացած լինելու համար։ Արդյո՞ք խորանում ենք գրքի էջերի մեջ, թե պարզապես անցնում ենք վրայով՝ մի քանի մեջբերում պահելով մտքում՝ դրանք օգտագործելու համար ուրիշների վրա տպավորություն գործելու նպատակով։

Ես վստահ եմ, որ իմ ընթերցողների շրջանում անկասկած կհայտնվեն մարդիկ, ովքեր իսկապես կարդում են և հասկանում են գրքի իրական արժեքը։ Նրանք, ում համար ընթերցանությունը ոչ թե ժամանակակից միտում է, այլ մտածողության, ինքնաճանաչման և աշխարհը բացահայտելու միջոց։ Բայց այս հոդվածի իրական հարցն այն է, արդյո՞ք մենք ինքներս մեզ խաբում ենք, երբ ասում ենք, որ գիրքը բանալի է, եթե այն իրականում չենք օգտագործում դռներ բացելու համար։
Եթե կարդալը պետք է դառնա մշտաձևություն, ապա ինչպե՞ս ընտրել գրքերը, որոնք իսկապես կփոխեն մեր մտածողությունը, ոչ թե պարզապես կհարստացնեն մեր գրապահարանը։ Ինչպե՞ս գտնել այն գրքերը, որոնք կմղեն ոչ միայն կարդալու, այլ նաև գործելու, փոփոխվելու, ուրիշների հետ կիսվելու։
Գրքերի աշխարհը լայն է, բայց ո՞րն է այն գիրքը, որը դուք խորհուրդ կտաք կարդալ՝ ոչ թե ցուցադրելու, այլ իսկապես վերապրելու, վերաիմաստավորելու համար։ Գուցե մեկնաբանություններում կիսվեք այդ գրքերով։ Ում համար է ընթերցանությունը պարզապես հաճելի զբաղմունք, իսկ ում համար՝ կյանք փոխող բանալի։